Դեռահասություն. հոգեբանական փոփոխություններ (Մաս 2)

Դեռահասության տարիքում բոլոր երեխաներն են վիճում ծնողների հետ, բայց հետագայում դառնում են ընկերներ ու հավասարի պես են շփվում միմյանց հետ: Իրականում, բացառությամբ որոշ ծայրահեղ դեպքերի, բոլոր ծնողները սիրում են իրենց՝ անգամ ամենակռվարար, ամենածույլ և ամենակոպիտ դեռահասին: Իրականում նրանց որևէ բան ապացուցելու կարիք չկա: Ծնողներին ամենաշատը զայրացնում է դեռահասի բնավորության հակասականությունը: Նրանց կարելի է հասկանալ: Ախր դեռահասության տարիքում, միևնույն դեռահասը կարող է և՛ չափից դուրս ամաչկոտ լինել, և՛ «կապը կտրած»: Կարող է մի պահ շատ մտահոգվել իր արտաքինի և իր մասին մարդկանց կարծիքի մասին, իսկ հաջորդ պահին իրեն լկտի և հանդուգն պահել` ցուցադրել սեփական թերություններն ու բնավորության վատ գծերը: Դա, իհարկե, կարող է վիրավորական և տհաճ լինել ծնողների համար: Նման կոնֆլիկտներ շատ են լինում նաև դպրոցում: Հաճախ դեռահասների վերաբերմունքում սրվում է արդարության զգացումը, նրանք սկսում են ամեն տեղ անարդարություն զգալ իրենց անձի նկատմամբ: Իհարկե, ուսուցիչներն ու ծնողները կարող են անարդար լինել, դա հնարավոր է, բայց երբեմն էլ այս խնդիրները ծագում են ուղղակի դեռահասի չափազանցված արդարության զգացման պատճառով: Երբ դեռահասն անարդարություն է զգում, նա սկսում է հակառակվել և էլ ավելի սրել իր նկատմամբ անհանդուրժող վերաբերմունքը: Ծնողներն ու ուսուցիչներն սկսում են ավելի խիստ ու պահանջկոտ լինել, և բոլորը միասին ընկնում են արատավոր շրջանի մեջ, որտեղից դժվար է լինում դուրս գալը:

Դեռահասները բավական շատ են քննադատում ծնողներին կամ մեծահասակներին ընդհանրապես, մյուս կողմից էլ` գերագնահա­տում են սեփական հնարավորություններն ու ունակությունները, դժվարությամբ են ընկալում ցանկացած նկատողություն: Իրակա­նում սրա պատճառն այն է, որ դեռահասը սովորում է, թե ինչպես պետք է ապրել և իր վերլուծական ունակություններն ամբողջու­թյամբ կիրառում է իրեն շրջապատող մեծահասակների կյանքի օրինակների վրա: Դա վատ չէ, եթե այս վերլուծությունն արվի լուռ և ոչ մեղադրական, վիրավորական, բարձրագոչ արտահայտու­թյուններով: Ի վերջո մեծահասակներն էլ կարող են խոցելի լինել և վիրավորվել այդ դիտողություններից: Չէ՞ որ ձեզ ևս դուր չեն գալիս քննադատությունն ու մեղադրանքները:

Ամենակարևորն այս տարիքում այն է, որ ամեն բան պտտվում է դեռահասների շուրջ: Դեռահասները հաճախ կարծում են, թե ամբողջ աշխարհում միակն են այսքան «դժբախտ», միակն են, որ հեծանիվ չունեն, միակն են, որ վիճում են ծնողների հետ, միակն են, որ ընկերներ չունեն, միակն են, որ դեմքին պզուկներ ունեն, միակն են, որ այսքան սիրո կարիք ունեն, միակն են, որ մերժում են ստացել, միակն են, որ անպատասխան սիրում են և այլն:

Հենց այս տարիքում է ամենից հաճախ լինում առաջին բուռն սիրահարությունը: Դա և´ շատ հաճելի, և´ միևնույն ժամանակ խոր բացասական ապրումների տեղիք տվող իրողություն է յուրաքանչ­յուր դեռահասի կյանքում: Սիրո զգացումը մեկին դարձնում է ավելի համարձակ և հանդուգն, իսկ մյուսը պարփակվում է իր ապրումների մեջ և ամեն կերպ փորձում թաքցնել դրանք: Իհարկե, հրաշալի է, եթե սերը փոխադարձ է, բայց հավանականությունը, որ դա այդպես կլինի, ամեն  դեպքերում, շատ փոքր է: Այդ է պատճառը, որ գրեթե բոլոր դեռահասները և մարդիկ առհասարակ, իրենց կյանքում գոնե մեկ անգամ անպատասխան սիրել  են:  

Կարդացեք նաև

Դեռահասներ

Դեռահասների ծնողներին (Մաս 1)

Դեռահասության տարիքը ծնողների համար, կարելի է ասել, ամենադժվար շրջանն է երեխայի դաստիարակության, ծնողական ներքին անհանգստության ու վախերի իմաստով: Այս շրջանում նրանք չեն հասկանում, թե ինչ է կատարվում իրենց հետ:

21.09.2017
Դեռահասներ

Դեռահասություն. հոգեբանական փոփոխություններ (Մաս 1)

Այս տարիքում հոգեբանական փոփոխությունները մեծապես կախված են ֆիզիկական փոփոխություններից: Դեռահասները շատ անկայուն հուզական վիճակում են գտնվում, արագ փոփոխվող տրամադրությունը խնդիրներ է առաջացնում և´ ինքնազգացողության, և´ ակտիվության, և´ հարաբերությունների ոլորտում:

21.09.2017
Դեռահասներ

Դեռահասների ծնողներին (Մաս 2)

Ամեն բան փոխադարձ է ծնող-երեխա հարաբերու­թյուններում. վիճելով, չհանդուրժելով և միմյանցից նեղանալով հանդերձ, և´ դեռահասը, և´ ծնողները անչափ սիրում են միմյանց:

21.09.2017