Ո՞վ է իսկական ընկերը․ դեռահասություն

Եթե վաղ տարիքում ընկերների ընտրությունը կատարվում է պատահական կամ հանգամանքների բերումով (հարևան, համադասարանցի, ազգական և այլն), ապա դեռահասության տարիքում ընկերությունը ստանում է ավելի խորը և լուրջ բնույթ։ Դեռահասության տարիքում ընկերները չեն ներում դավաճանությունը, սուտը, գաղտնիք չպահելը։ Այս տարիքում ընկերությունն արդեն դառնում է ավելի կայուն և ավելի շատ հիմնվում է տվյալ դառահասների բարոյական կոդեքսի, փոխադարձ պարտականությունների և վստահության վրա։

Ընկերության մասին դեռահասների հետ խոսելը ոչ թե ընկերության մասին տեսությունը վերլուծելն է, այլ օգնելը, որ տարբերեն իրական ընկերությունը այլ հարաբերություններից։

  • Իրական ընկերը երբեք չի մոռանում ընկերոջ մասին, անգամ եթե շատ զբաղված է ու չի հասցնում հաճախակի զանգահարել կամ այցելել։ Իսկական ընկերը պահպանում է կապն ու տեղեկությունների փոխանակումը։

  • Իրական ընկերը կարող է լսել։ Նրան չեն ձանձրացնում ընկերոջ զրույցներն ու դժվարությունները։ Նա պատրաստ է կիսել դրանք։ Ընկերը այն մարդն է, ով անտարբեր չէ քո խնդիրների նկատմամբ, ու ում անհանգստացնում են քո դժվարությունները։

  • Ընկերները կարողանում են ներել։ Ընկերները նրանք չեն, ովքեր չեն նեղացնում ու վիրավորում։ Ընկերները կարողանում են այդ բոլորը ներել ու մոռանալ։ Ընկերները գնահատում են քո կարծիքը ու քննարկում այն։

  • Ընկերությունը գնահատող և խորը, վստահելի հարաբերություններ նախընտրող դեռահասները սովորաբար շփվում և մտերմություն են անում սահմանափակ թվով հասակակիցների՝ 2-3 հոգում հետ։ Ավելի հաճապ նրանք նախընտրում են շփվել այդ ընկերների հետ, ոչ թե մեծ հավաքույթների ու խմբային հանդիպումների ժամանակ, այլ առանձին։

Երբեմն դեռահասները ստեղծում են շատ մեծ շրջապատ ու ընկերական կապեր։ Նրանք կարող են թվալ մարդամոտ ու շատ ընկերասեր, սակայն իրականում ճիշտ հակառակը կարող է լինել։ Մեծ շրջապատում դժվար է ամուր ու խորը ընկերական հարաբերություններ ստեղծել և այդ կապերը մնում են մակերեսային, ժամանցային շփումների մակարդակում։  Ընկերներին հաճախակի չեն փոխում, իրական ընկերությունը դիմանում է ժամանակի փորձությանը և կարող է մի ողջ կյանք տևել։ Լավագույն ընկերները սովորաբար նման են լինում նախասիրություններով, հետաքրքրություններով, արժեհամակարգով։ Դա օգնում է իրար հասկանալուն։

Երբեմն դեռահասության տարիքում դժվար է լինում տարբերել իրական ընկերությունը մակերեսային հարաբերություններից։ Այդ պատճառով պետք է զգուշանալ այն հասակակցից, ով՝

  • Պահանջում է չափից դուրս զոհաբերություն

  • Հաճախակի պահանջում է գումար

  • Խնդրում է հանուն ընկերության անթույլատրելի գործողությունների մասնակցել

  • Հորդորում է կատարել ձեզ համար անհասկանալի քայլեր

  • Խնդրում է ձեզ համար անծանոթ իրեր փոխանակել ինչ-որ մեկին։

Ցանկալի է դիմել մեծահասակների օգնությանը, հատկապես մտերիմ ու վստահելի մեծահասակի, հոգեբանի, երբ ձեր ընկերը կամ հասակակիցը՝

  • Չարաշահում է ալկոհոլը

  • Թմրամիջոցներ է օգտագործում

  • Ապրում է անկանոն սեռական կյանքով

  • Ունի վատ հարաբերություններ հասակակիցների ու մեծահասակների հետ

  • Հաճախակի խոսում է ինքնասպանության մասին

  • Կասկածելի հարաբերություններ ունի իրենից տարիքով մեծ մարդկանց, ոչ դպրոցականների հետ

Եթե ընկերդ ավելի հաճախ է քեզանից աջակցություն և նվիրում պահանջում, փոխարենը ոչինչ չտալով, ապա ամենայն հավանականությամբ նա նույն զգացմունքները չի տածում քո հանդեպ, ինչ դու՝ իր։ Եթե ընկերոջ հետ շփվելիս ավելի ու ավելի անվստահ եք դառնում, ապա ամենայն հավանականությամբ նրա հետ ընկերություն անել պետք չէ։ 

 

Կարդացեք նաև

Դեռահասներ

Դեռահասների ծնողներին (Մաս 1)

Դեռահասության տարիքը ծնողների համար, կարելի է ասել, ամենադժվար շրջանն է երեխայի դաստիարակության, ծնողական ներքին անհանգստության ու վախերի իմաստով: Այս շրջանում նրանք չեն հասկանում, թե ինչ է կատարվում իրենց հետ:

21.09.2017
Դեռահասներ

Դեռահասություն. հոգեբանական փոփոխություններ (Մաս 1)

Այս տարիքում հոգեբանական փոփոխությունները մեծապես կախված են ֆիզիկական փոփոխություններից: Դեռահասները շատ անկայուն հուզական վիճակում են գտնվում, արագ փոփոխվող տրամադրությունը խնդիրներ է առաջացնում և´ ինքնազգացողության, և´ ակտիվության, և´ հարաբերությունների ոլորտում:

21.09.2017
Դեռահասներ

Դեռահասություն. հոգեբանական փոփոխություններ (Մաս 2)

Դեռահասության տարիքում բոլոր երեխաներն են վիճում ծնողների հետ, բայց հետագայում դառնում են ընկերներ ու հավասարի պես են շփվում միմյանց հետ: Իրականում, բացառությամբ որոշ ծայրահեղ դեպքերի, բոլոր ծնողները սիրում են իրենց՝ անգամ ամենակռվարար, ամենածույլ և ամենակոպիտ դեռահասին:

21.09.2017