Գիտելի՞ք, թե զարգացում

Մի քանի սկզբունք, որ գուցե օգնեն ծնողներին իրենց երեխաների զարգացմամբ զբաղվելիս:
 
1. Գիտելիքը պիտի երեխայի տարիքին համապատասխան լինի: Ո՞ր գիտելիքը կարող է համապատասխանել երեխայի տարիքին։ Երեխայի տարիքին համապատասխանում են իրեն շրջապատող իրականության և իրեն հասանելի նյութերի ու հարաբերությունների մասին գիտելիքները։ Այն ամենը, ինչի հետ երեխան չի առնչվում իր կյանքում, կենցաղում և առօրյայում, չի կարող զարգացնող լինել:
 
2. Գիտելիքը դեռ զարգացում չէ: Գիտելիքով հարուստ երեխաները հա­ճախ սոցիալապես տհաս են, հուզականորեն անկայուն և զուրկ ինքնուրույնությունից: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ երեխան մի բանի հաշվին մեկ այլ բան է ձեռք բերում: Այսինքն, երբ երեխային, զրկելով խաղից ու ինքնաբուխ լինելու հնարավորությունից, պարտադրում ենք գիտելիքներ սերտել և տեղեկություններ կուտակել, կորցնում ենք նրա անձնային զարգացման և ինքնուրույնության ձևավորման հնարավորությունը:
 
3. Գիտելիքը պիտի «կենդանի» լինի: Այսինքն, երեխան պիտի կարողանա շոշափել, զգալ, համտեսել, լսել ու տեսնել այդ գիտելիքը: Այսինքն, երեխան պիտի առնչվի դրան: Ծաղկի, մրգի, բանջարեղենի, ավազի, հողի, ջրի, մետաղի ու փայտի, հեղուկ և պինդ մարմինների, շոգի ու ցրտի, բույսերի ու կենդանիների, եղանակի, բարու ու չարի, սպորտի, մարմնի, ընտանիքի, սեռերի մասին գիտելիքները կարող են յուրացնել փոքր տարիքի երեխաները: Բայց վստահ եմ, որ շատ ծնողներ դրանց մասին շատ չեն խոսում երեխաների հետ, իսկ ահա լրացուցիչ լիքը բան են սովորեցնում՝ տարբեր լեզուներով հաշվել, ճանաչել գույները և այլն:
 
4. Նախադպրոցական տարիքի երեխային պետք է մանկապարտեզում սովորեցնեն ուղղորդված և հստակ ծրագրով, որը մշակել և պատրաստել են մասնագետները: Տանը պետք չէ ուղղորդված ուսուցանել երեխային: Դա ճնշում է նրա ինքնուրույնությունը: Մանկապարտեզում նույնպես չպետք է դա մատուցվի հրամայական երանգներով. սա էլ մի առանձին թեմա է:
 
5. Եթե ձեր երեխան դեռ չի կարողանում ինքնուրույն ուտել, հագնվելհանվել, սանրվել, հագնել կոշիկները, օգտվել զուգարանից, շփվել հասակակիցների հետ, լսել և ենթարկվել կանոններին, խաղալ կանոններով խաղեր, ապա նրան այլ բաներ, «անկենդան» գիտելիքներ տալ պետք չէ: Այն, ինչը երեխան չի օգտագործելու ու չի տեսնելու, պետք չէ սովորեցնել նրան: Փողոցում վարքի կանոններ սովորեցրեք, խանութից օգտվել սովորեցրեք, մրգային աղցան պատրաստել սովորեցրեք, իսկ աշխարհագրություն և ֆիզիկա կսովորի դպրոցում, երբ արդեն կմտածի ճամփորդելու ու աշխարհի չորս ծայրերի մասին:
 
6. Նախադպրոցական տարիքում երեխայի մտածողությունն ԱԿՆԱՌՈՒ ԳՈՐԾՆԱԿԱՆ և ԱԿՆԱՌՈՒ ՊԱՏԿԵՐԱՎՈՐ Է: Զարգացում մի ակնկալեք, եթե ձեր երեխային սովորեցնում եք մի բան, որը հասկանալու համար նրան պետք է վերացական մտածողություն, իսկ վերացական մտածողությամբ նա կօժտվի շատ ավելի ուշ՝ միջին դպրոցական տարիքում: Իհարկե, այս տարիքում երեխաները հավատում են հրաշքների ու հեքիաթների, բայց դրանց մասին ևս ակնառու պատկերավոր պատկերացումներ են ձևավորվում, ինչի հետևանքով էլ հավատում են, որ գայլը կգա կտանի իրենց, իսկ ահա անտառում էլ կախարդներ են ապրում:

Կարդացեք նաև

Զարգացում

Նորածնության ճգնաժամ

Նորածնության շրջանը կարծես միջանկյալ տեղ է զբաղեցնում երեխայի զարգացման ներարգանդային և հետագա շրջանների միջև: Հոգեբաններն այս շրջանն անվանում են նորածնության ճգնաժամ:

24.12.2017
Զարգացում

1 տարեկանի ճգնաժամ

Մանկիկությունից վաղ մանկության անցնելու շրջանում երեխան ճգնաժամ է ապրում: Մեկ տարեկանին մոտ երեխայի զարգացման սոցիալական իրավիճակը լիովին փոխվում է. խախտվում է մեծահասակի հետ միաձուլումը և առաջանում են երկու հոգի՝ երեխա և մեծահասակ:

24.12.2017
Զարգացում

3 տարեկանի ճգնաժամ

3 տարեկանը վաղ մանկության և նախադպրոցական տարիքի սահմանն է, երեխայի կյանքի դժվարագույն պահերից մեկը: Սա նախկին սոցիալական հարաբերությունների փլուզման, դրանց վերանայման շրջան է, սեփական «ես»-ի տարբերակման ճգնաժամն է:

24.12.2017