Ինչպես կիրառել հեքիաթները

Հեքիաթներ բոլորս ենք լսել և սիրում: Դրանք երեխաների հետ շփման, նրանց ներաշխարհին հաղորդակից դառնալու ամենանախընտրելի միջոցներից են և անասելի հաճույք են պատճառում նրանց:

Եթե որոշել եք երեխային հեքիաթ պատմել, բարձրաձայն կարդացեք այն, իսկ եթե ձեր երեխան 12 և ավելի տարեկան է և բացի այդ սկսում է կասկածանքով նայել այն ամենին, ինչը ժամանակակից և երիտասարդական չէ, ապա ձեր խնդիրը բարդ է: Այս դեպքում պատմությունը պետք է անգիր իմանալ և բնական կերպով ներառել այն առօրյա ընտանեկան զրույցների մեջ: Իբրև թե հենց այնպես դուք առակ, անեկդոտ կամ ծիծաղելի դեպք եք պատմում՝ ցույց չտալով, որ դրա վերաբերյալ երեխայի արձագանքը ձեզ հետաքրքրում է: Այս պարագայում գրքերում ներկայացված պատմությունները փոփոխման կարիք են ունենում: Անհրաժեշտ է գործածել այնպիսի բառեր և արտահայտություններ, որոնք հատուկ են ձեր երեխային:

Անդրադառնանք ավելի փոքր տարիքի երեխաներին: Երեխայի համար հեքիաթ կարդալիս պետք է ուշադրություն դարձնել այն բանին, թե նա ինչպես է լսում: Եթե անհանգիստ պահվածք ունեցող երեխան քար լռությամբ լսում է, ապա դա խոսում է երեխայի համար տվյալ հեքիաթի թեմայի արդիականության մասին: Եթե հանգիստ երեխան սկսում է անհանգիստ պտտվել, ապա կամ թեման բացարձակապես նշանակալի չէ նրա համար, կամ էլ հեքիաթն իր կառուցվածքով դժվար է ընկալվում: Հնարավոր է նաև երրորդ տարբերակը՝ թեման այնքան «ցավոտ» է, որ նրա մասին հիշեցումը վանում է: Այստեղ երեխայի ցրվածության տակ հեշտությամբ կարելի է նկատել բարձր ներքին լարվածություն, որը կապված է այդ թեմային վերաբերող ցանկացած զրույցի հետ:

Կարդալու ընթացքում կարելի է խնդրել երեխային իր կարծիքը հայտնել հեքիաթի ընթացքի մասին: Միգուցե նա ինչ-որ բան ավելացնի (օրինակ՝ էլ ինչից վիրավորվեց արջուկը), կամ ինչ-որ բան փոխի: Անկախ կարդալու ընթացքում երեխայի ակտիվությունից՝ վերջացնելուց հետո պետք է քննարկել հեքիաթը: Հարցրեք այն ամենի մասին, ինչ կգա ձեր մտքին, կիսվեք երեխայի հետ ձեր մտքերով և զգացմունքներով: Անկախ ամեն ինչից՝ պետք է հետևել երկու կանոնի:

Առաջինը՝ երեխան պետք է հնարավորություն ունենա ասելու այն ամենը, ինչի մասին մտածում է: Դա նշանակում է, որ դուք չպետք է գնահատական տաք նրա ասած և ոչ մի բառին: Դուք ընդհանրապես չպետք է գործածեք «ճիշտ», «սխալ» արտահայտությունները, կարող եք ասել՝ «ինձ թվում է», «նրա փոխարեն ես …» և այլն: Երեխան հստակ պետք է իմանա, որ իր ասած ոչ մի բառ չի ենթարկվի քննադատության:

Երկրորդը՝ երեխային քննարկման մղելով, կարծիք հայտնելով՝ անհրաժեշտ է հնարավորության դեպքում զրույցի ղեկը տալ նրան: Հենց նա ուզում է ինչ-որ բան ասել, ավարտեք ձեր խոսքն ու նրան լսեք: Շատ ավելի լավ կլինի, որ նա ձեզ հարցեր տա, իսկ դուք դրանց անկեղծորեն պատասխանեք: Միևնույն ժամանակ կարիք չկա երկարաձգելու քննարկումը: Եթե երեխան հոգնել է, դադարեցրեք քննարկումը և շարունակեք որոշ ժամանակ անց:

Քննարկումից հետո լավ կլինի խնդրել երեխային նկարել այդ հեքիաթը: Դուք ևս մասնակցեք դրան՝ նկարելով ձեր նկարը: Նկարչությունը շատ ամրապնդող միջոց է, այն հանգստացնում և թուլացնում է ՝ դուրս բերելով խնդրային թեմայից առաջացած լարվածությունը:

Նկարչությունից հետո (պարտադիր չէ նույն օրը) քննարկեք նկարը: Բանն այն է, որ երեխան իր համար ավելի նշանակալի բովանդակություն կընտրի պատկերելու համար, նշանակում է՝ նկարի բովանդակությունը կարող է ձեզ շատ բան ասել երեխայի ապրումների մասին: Ձեր բոլոր ենթադրությունները կարող եք հստակեցնել՝ երեխայի հետ նկարը քննարկելով, նրան հարցնելով, թե ինչ է նկարել՝ ուշադրություն դարձնելով բոլոր մանրուքներին: Միգուցե ձեզ զարմացնի այն, որ երեխայի նկարը ստույգ չէ արտացոլում հեքիաթը: Դա նորմալ է, նա այդպես ընդգծում է իր համար նշանակալի պահերը և շտկումներ է անում հեքիաթի մեջ, նաև արտահայտում է իր վերաբերմունքը հեքիաթի բովանդակության նկատմամբ:

Հեքիաթի հետ աշխատանքի վերջին փուլը կերպարների համեմատումն է: Դա ծնողների համար նույնքան դժվար է, որքան արդյունավետ է երեխաների համար: Դա հեքիաթի կամ նրա առանձին մասերի բեմադրումն է: Այստեղ ամենևին էլ անհրաժեշտ չէ դերասանական վարպետություն, միայն անհրաժեշտ է ինքնավստահություն, կաշկանդվածության բացակայություն և երեխային օգնելու ցանկություն: Պարտադիր չէ, որ բեմադրության և հեքիաթի տեքստը կատարելապես համապատասխանեն: Եթե հեքիաթում կարևորը վիրավորանքն է, ապա անհրաժեշտ է, որ վիրավորանքը ներկայացնող տեսարանը լինի շատ հստակ, վառ ու չկորի ընդհանուր բովանդակության մեջ: Շատ լավ կլինի, եթե երեխան ինքը բեմադրի: Այդ պարագայում կարող եք վստահ լինել, որ ոչ մի կարևոր բան բաց չի թողնվի, ձեր խնդիրը կլինի միայն խաղալը և զվարճանալը:

Որոշ երեխաների համար «մայրիկի հետ թատրոնը» (հենց այսպես կարելի է անվանել բոլոր գործողությունները) կարող է այնքան անսովոր լինել, որ երեխան պարզապես ակտիվություն չցուցաբերի, համենայն դեպս սկզբնական շրջանում: Այս դեպքում վստահեք ձեր զգացմունքներին: Փորձեք «տեղաշարժել, ակտիվացնել» երեխային, բայց չափի մեջ: Եթե դուք փորձեք փափուկ և ոչ կպչուն ձևով խաղալ նրա հետ, ապա վաղ թե ուշ նա, հարմարվելով և ապահովություն զգալով, կպատասխանի ձեզ:

Եվ այսպես, ի՞նչ է լինում արդյունքում: Դուք մեծ ջանքեր եք ներդնում, սակայն երեխան չի դառնում այնպիսին, ինչպիսին դուք եք ցանկանում: Շատ ճիշտ է: Երեխան կդառնա այնպիսին, ինչպիսին պետք է դառնա՝ կախված իր անկրկնելի բնավորությունից ու առանձնահատկություններից: Համոզված եղեք, որ երեխան չի շեղվի կյանքի դժվար ճանապարհից: Ինչո՞ւ: Քանի որ հենց դուք եք նրան տալիս այն աջակցությունը, որը նրան անհրաժեշտ է և որը ձեզնից բացի ոչ ոք չի կարող տալ:

Կարդացեք նաև

Զարգացում

Նորածնության ճգնաժամ

Նորածնության շրջանը կարծես միջանկյալ տեղ է զբաղեցնում երեխայի զարգացման ներարգանդային և հետագա շրջանների միջև: Հոգեբաններն այս շրջանն անվանում են նորածնության ճգնաժամ:

24.12.2017
Զարգացում

1 տարեկանի ճգնաժամ

Մանկիկությունից վաղ մանկության անցնելու շրջանում երեխան ճգնաժամ է ապրում: Մեկ տարեկանին մոտ երեխայի զարգացման սոցիալական իրավիճակը լիովին փոխվում է. խախտվում է մեծահասակի հետ միաձուլումը և առաջանում են երկու հոգի՝ երեխա և մեծահասակ:

24.12.2017
Զարգացում

3 տարեկանի ճգնաժամ

3 տարեկանը վաղ մանկության և նախադպրոցական տարիքի սահմանն է, երեխայի կյանքի դժվարագույն պահերից մեկը: Սա նախկին սոցիալական հարաբերությունների փլուզման, դրանց վերանայման շրջան է, սեփական «ես»-ի տարբերակման ճգնաժամն է:

24.12.2017