Նախապատրաստե՞լ դպրոցին

Երեխային դպրոցին նախապատրաստել ասելով՝ շատ ծնողներ ու նույնիսկ մանկավարժներ հասկանում են նրան գիտելիքներով (գրելու, կարդալու, թվաբանական հմտություններով) զինելը: Սակայն, դպրոցին
նախապատրաստել ասելով՝ առաջին հերթին հասկանում ենք.
 
Ինքնուրույնություն
 Երեխան դպրոց հաճախելուց առաջ արդեն պիտի լիարժեք տիրապետի ինքնուրույն հագնելու-հանվելու, իր անկողինը՝ թեկուզև անփույթ, հավաքելու, ուտելու, իր պայուսակը դասավորելու, զուգարանից կոկիկ
օգտվելու, իրեն հուզող հարցերը տալու, խնդրանք արտաբերելու և այլ նմանատիպ տարրական հմտությունների։ Առաջին թվացող հատկություններն ամենաշատն են ճնշվում մեր ընտանիքներում,
որտեղ երեխային ամեն քայլափոխի կա՛մ ծառայում են, կա՛մ թելադրում։ Ինքնուրույնության պակասը ամենաշատն է խանգարելու երեխային ուսուցման գործընթացում։
 
Ուշադրությունը կենտրոնացնելու կարողություն
 Ծնողների մեծ մասը գիտի, որ փոքրիկ երեխաները դժվարանում են իրենց ուշադրությունը երկար ժամանակով կենտրոնացնել միևնույն գործի
կամ դասի վրա: Սա անհանգստության առիթ չէ, և ոչ մի դեպքում պետք չէ երեխայի մեջ ինչ-որ շեղումներ փնտրել: Նմանատիպ խնդիրներն այս տարիքի երեխաների համար միանգամայն բնական են: Բազմաթիվ ծնողներ բողոքում են, որ երեխան դժվարանում է իր տեղում նստել երկար ժամանակ։ Պատճառը կարող է լինել երեխայի ֆիզիկական կամ մտավոր խիստ ծանրաբեռնվածությունը: Հնարավոր է, որ նա բավարար չի քնում կամ հանգստանում, կամ օրվա ընթացքում սթրեսային իրավիճակներում է հայտնվում: Այս խնդիրներն անպայման պիտի ծնողների ուշադրության կենտրոնում լինեն: Երեխայի վարքի ցանկացած տևական և կայուն փոփոխություն պիտի ուշադրության արժանանա: Պետք է անպայման պարզել
երեխայի դժվարությունների պատճառները:
 
Խոսքի զարգացում
 Ծնողները կարող են նպաստել երեխայի խոսքի զարգացմանը` բառերը ճիշտ արտասանելով, երեխայի սխալ արտասանություններն ուղղելով:
Դպրոց գնալուց առաջ երեխան պիտի տիրապետի բանավոր խոսքին՝ ճիշտ արտասանի իրեն ծանոթ բառերը, ազատ և անկաշկանդ խոսի, ըստ անհրաժեշտության բարձր կամ ցածր՝ սեփական մտքերն արտահայտել կարողանա, հեքիաթների ու պատմությունների մասին հարցերին պատասխանի, հարցեր տա, եթե ինչ-որ բան պարզ չէ իրեն, անգիր հիշի կարճ բանաստեղծություններ և այլն։
 
Լսելու կարողություն
 Լսել կարողանալը շատ կարևոր հմտություն է, որը պիտի օգնի նրան գիտելիքներ ձեռք բերել, որպես անձ ձևավորվել բազմազան իրավիճակներում ողջ կյանքի ընթացքում: Երեխային լսել սովորեցնելու մի քանի միջոց
կա, սակայն դրանցից ամենակիրառականը մեկն է: Նախադպրոցական տարիքի երեխայի համար պետք է ոչ փոքր տեքստերով շատ հեքիաթներ կամ զանազան պատմություններ կարդալ: Խոսքի զարգացումը, գրագիտությունն անմիջականորեն կախված են երեխային շրջապատող միջավայրի գրագետ խոսքի հագեցածությունից: Երեխայի միջավայրը գրագետ խոսքով առավել հագեցած դարձնել կարող են ձայնասկավառակները, ծնողների ճիշտ ու հարուստ բառապաշարը:

 

Կարդացեք նաև

Զարգացում

Նորածնության ճգնաժամ

Նորածնության շրջանը կարծես միջանկյալ տեղ է զբաղեցնում երեխայի զարգացման ներարգանդային և հետագա շրջանների միջև: Հոգեբաններն այս շրջանն անվանում են նորածնության ճգնաժամ:

24.12.2017
Զարգացում

1 տարեկանի ճգնաժամ

Մանկիկությունից վաղ մանկության անցնելու շրջանում երեխան ճգնաժամ է ապրում: Մեկ տարեկանին մոտ երեխայի զարգացման սոցիալական իրավիճակը լիովին փոխվում է. խախտվում է մեծահասակի հետ միաձուլումը և առաջանում են երկու հոգի՝ երեխա և մեծահասակ:

24.12.2017
Զարգացում

3 տարեկանի ճգնաժամ

3 տարեկանը վաղ մանկության և նախադպրոցական տարիքի սահմանն է, երեխայի կյանքի դժվարագույն պահերից մեկը: Սա նախկին սոցիալական հարաբերությունների փլուզման, դրանց վերանայման շրջան է, սեփական «ես»-ի տարբերակման ճգնաժամն է:

24.12.2017