3 տարեկանի ճգնաժամի առանձնահատկությունները

Երեք տարեկանում երեխայի կյանքում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունենում։ Առհասարակ բոլոր տարիքային ճգնաժամերը, որոնք կոչվում են նաև «անցումային» փուլեր, կապված են որակական փոփոխությունների հետ։ Այսինքն, այս տարիքում ծնվում են նոր որակներ ու կարողություններ, որոնք չկային մինչ այդ։ Այդ նոր որակները բոլոր ճգնաժամային տարիքներում, այստեղ ևս առնչվում են և՛ երեխայի ֆիզիոլոգիական, և՛ հուզական ու ինտելեկտուալ ոլորտներին։

Առաջին հերթին սեփական «ես»-ի տարբերակման ճգնաժամ ն է: Այս տարիքում երեխան սկսում է իրեն առանձնացնել շրջապատող իրականությունից, երբ ասում է՝ ես ինքս, արդեն իսկ իրեն զգում է ակտիվ, շրջապատի վրա ազդող սուբյեկտ։

Հաջորդ նոր որակը, որը երեք տարեկանը ձեռք է բերում այս շրջանում՝ կամքն է, դրա գիտակցումը։

Երեխան կամքի աղբյուր է զգում իրեն և սկսում է այս նոր որակն օգտագործել այն հաճախականությամբ, որով մենք սիրում ենք զմայլվել մեզանով հայելու մեջ, երբ նոր զգեստ ենք հագած լինում։
Եթե ծնողները չեն կարողանում հմտորեն կառավարել երեխայի մոտ ձևավորվող նոր որակներն ու դրանց ծայրահեղ դրսևորումները, երեխան դառնում է դժվար կառավարվող։

Այս տարիքին բնորոշ է նեգատիվիզմը, երբ երեխան բացասական է արձագանքում ամեն ինչին՝ հենց այնպես, պարզապես հակառակվելու համար։ Դե, պատկերացրեք, որ դուք շատ փոքրիկ եք, այնքան փոքրիկ, որ ոչ մի կերպ չեք կարողանում ազդել ձեզ շրջապատող իրավիճակի վրա։ Մեկ էլ դուք հայտնաբերում եք մի միջոց, որով կարելի է բարկացնել, հունից հանել, ուրախացնել, մի խոսքով՝ ազդել իրավիճակի վրա։ Եթե պատկերացրիք, ապա կհասկանաք երեք տարեկան երեխային։ Գրեթե բոլոր ծնողների գնահատմամբ, սա շատ բացասական փոփոխություն է երեխայի զարգացման ընթացքում, սակայն սա վկայում է այն մասին, որ երեխան կարողանում է գործել իր ցանկություններին հակառակ, բոլորին հակառակ, նշանակում է՝ ձեռք է բերում իր գործելու սեփական մոտիվներն ու անկախանում է շրջապատողներից. սա պարզապես հրաշալի է։

Այս իրավիճակը կառավարելու համար ծնողներից համբերատարություն է պահանջվում։

Այս տարիքում երեխան նաև դառնում է քմահաճ, պնդում է իր ցանկությունները միայն այն պատճառով, որ ինքն արդեն դրա մասին հայտարարել է, և պահանջում է իր ցանկությունների լուռ կատարում՝ նույնիսկ այն դեպքում, երբ այդ ցանկությունն արդեն կորցրել է իր արդիականությունը։ Այստեղ ծնողներից մի քիչ հաստատակամություն է պահանջվում պնդելու իրենց կամքը և չկատարելու, եթե դա անհնարին է։

Հաջորդ նշանը կամակորությունն է: Այս որակն այնքան առանցքային տեղ է զբաղեցնում ճգնաժամի մեջ, որ այս տարիքը նաև անվանում են կամակորության ճգնաժամ: Ի տարբերություն նեգատիվիզմի, որն ուղղված է մեծահասակների դեմ, կամակորությունն անդեմ է և ուղղված է ուղղակի երեխայի համար նախատեսված դաստիարակության բոլոր նորմերին, կյանքի ձևին:

Ճգնաժամը բնութագրող չորրորդ հատկությունն  է: Դրսևորվում է երեխայի ինքնուրույնությամբ: Սա նախկինում չկար, իսկ հիմա երեխան ցանկանում է ամեն ինչ ինքնուրույն անել: Այստեղ երեխային պետք է տալ սահմանափակ ընտրության հնարավորություն և այդ սահմաններում ընտրելու ազատություն։ Եթե երեխան պահանջում է հագնել այս կամ այն վերնաշապիկը, նրան պետք է առաջարկել երեք վերնաշապիկ, որպեսզի դրանցից ընտրի մեկը։ Բնականաբար, առաջարկելիս պետք է ընտրել այն երեքը, որոնք ընդունելի են այդ օրվա համար։

Նման երևույթներից ոչ միայն չպետք է անհանգստանալ, այլև պետք է ուրախանալ, քանի որ դրանց առկայությունը վկայում է երեխայի բնականոն զարգացման և անձի ձևավորման մասին:

Կարդացեք նաև

Զարգացում

Նորածնության ճգնաժամ

Նորածնության շրջանը կարծես միջանկյալ տեղ է զբաղեցնում երեխայի զարգացման ներարգանդային և հետագա շրջանների միջև: Հոգեբաններն այս շրջանն անվանում են նորածնության ճգնաժամ:

24.12.2017
Զարգացում

1 տարեկանի ճգնաժամ

Մանկիկությունից վաղ մանկության անցնելու շրջանում երեխան ճգնաժամ է ապրում: Մեկ տարեկանին մոտ երեխայի զարգացման սոցիալական իրավիճակը լիովին փոխվում է. խախտվում է մեծահասակի հետ միաձուլումը և առաջանում են երկու հոգի՝ երեխա և մեծահասակ:

24.12.2017
Զարգացում

3 տարեկանի ճգնաժամ

3 տարեկանը վաղ մանկության և նախադպրոցական տարիքի սահմանն է, երեխայի կյանքի դժվարագույն պահերից մեկը: Սա նախկին սոցիալական հարաբերությունների փլուզման, դրանց վերանայման շրջան է, սեփական «ես»-ի տարբերակման ճգնաժամն է:

24.12.2017