Ժամանակին ազատվել տակդիրներից

Երեխաներ կան, որոնք ազատվում են տակդիրներից արդեն ինն ամսական հասակում, սակայն դա չափանիշ չէ բոլոր երեխաների համար: Հատկապես դա չի կարող դառնալ պատճառ երեխային պատժելու, ամոթանքի ենթարկելու կամ ավելորդ անհանգստանալու: Նորմալ ժամանակահատվածը տակդիրներից ազատվելու և կառավարելու այդ գործողությունները համարվում է 18 ամիսը: Այս տարիքում միայն երեխան կարողանում է լիարժեք կառավարել իր զուգարանային հարցերը, այն էլ ցերեկը: Երբ երեխան սովորում է օգտվել գիշերանոթից և չոր մնալ ցերեկվա ժամերին, արդեն կարելի է սկսել նրան սովորեցնել քնել առանց տակդիրի: Գիշերը չոր մնալու համար նախնական շրջանում պետք է խուսափել քնելուց առաջ շատ հեղուկ օգտագործելուց: 1-2 տարեկան հասակում երեխաներն արդեն հասկանում են մեծահասակների բացատրությւոնները և իրենք էլ փորձում են կառավարել իրենց գործողությունները: Բնական է, որ սկզբնական շրջանում երբեմն երեխան տակը կթրջի: Դա ևս օգնում է, երեխան անհանգստանում է, արթնանում, լաց լինում, և աստիճանաբար սկսում է կառավարել իրեն:

Այստեղ անչափ կարևոր է մայրիկի և երեխային խնամող մեծահասակների պատրաստակամությունը: Սա ալարելու տեղ չէ: Պետք է նրբորեն զգալ այն պահը, երբ երեխան նշան է անում, որ ուզում է անել: Դա զգում է յուրաքանչյուր դիտողունակ մայրիկ: Ամեն անգամ, երբ մենք նկատում ենք և երեխային գիշերանոթին նստեցնում կամ անգամ պահում, որ նա անի, մենք օգնում ենք երեխային ֆիքսել և նկատել այդ պահերը, ձևավորել կամային կարգավորման համակարգ:

Նախքան տակդիրներից ազատվելը պետք է իմանալ, ինչով կարող են դրանք վնասել, կամ ինչ հետևանքներ կարող է ունենալ երկար ժամանակ տակդիրներից օգտվելը: Տակդիրը երեխային զրկում է թրջված, կամ տակը կեղտոտած լինելու տհաճ զգացումներից: Երեխան սովորում է դրան: Տակդիրից ազատելը օգնում է երեխային, սեփական անհարմարավետությունից դրդված, սովորել օգտվել գիշերանոթից: Այդ անհարմարավետությունը զգալը, դրանից նեղվելը խոսում է երեխայի զարգացման նորմալ և բնականոն ընթացքի մասին: Երեխաները ունեն բնական ցանկություն նմանվելու մեծահասակներին, նրանք անգամ ուզում են օգտվել զուգարանակոնքից, ինչպես մեծահասկաները: Այդ պատճառով գիշերանոթը պետք է պահել զուգարանում: Երեխաները այդպիսով հասկանում են, որ մեծահասկաները ևս այդպես են վարվում, ցանկանում են նմանվել նրանց: Այնպես որ, եթե ճիշտ ենք հետևում երեխայի զարգացման բնականոն ընթացքին, խնդիրներ և դժվարություններ չենք ունենա: Իսկ այն դեպքերը, երբ երեխան իրեն անհարմարավետ չի զգում, թաց կամ կեղտոտ լինելիս, խոսում է երեխայի զարգացման և հոգեբանական որոշակի խնդիրների առկայության մասին:

Այնուամենայնիվ, երեխային ժամանակին տակդիրներից հետ վարժեցնելու համար անհրաժեշտ է.

  1. Հետևել երեխայի միզելու ցանկությանը, ժամերին:
  2. Ժամանակին գիշերանոթին նստեցնել, կամ ավելի վաղ շրջանում պահել զուգարանակոնքին կամ որևէ ամանի մեջ:
  3. Այդ անգամների միջև ընկած ժամանակահատվածում հանել տակդիրը:
  4. Խրախուսել բոլոր անգամները, երբ երեխան տակդիրի մեջ չի անի, կանի գիշերանոթին:
  5. Խրախուսել մեծահասակին հատուկ նրա վարքի բոլոր դրսևորումները:
  6. Թույլ տալ երեխային դատարկել գիշերանոթը և բաց թողնել զուգարանակոնքի ջուրը: Դա նրանց ուրախացնում է:
  7. Գիշերանոթը պահել զուգարանում: Դա նրանց օգնում է հասկանալ, որ մեծահասակները ևս այդպես են վարվում (Երբեմն այս տարիքի երեխաները ցանկանում են տեսնել մեծահասակներին զուգարանում: Ծայրահեղ խիստ արգելել պետք չէ, այս տարիքում դա միայն ճանաչողական նշանակություն ունի, մեծանալով նրանք կմոռանան այդ մասին:):
  8. Համբերատար լինել, չպատժել տակը թրջելու համար: Նման դեպքեր կարող են պատահել ընդհուպ մինչև յոթ տարեկան հասակը: Խոսքը հազվադեպ դեպքերի մասին է:
  9. Հետևողական լինել տակդիրը հանելու հարցում: Չի կարելի մի շրջան տակդիր չհագցնել, իսկ ինչ-որ ժամանակ (երեխայի հիվանդանալու կամ մեկ այլ պատճառով) նորից սովորեցնել տակդիրին:
  10. Հիշել, որ մեկ տարեկան հասկանում երեխան արդեն ունակ է զգալու և կառավարելու իր միզելու և կեղտոտելու գործողությունները, երկու տարեկան հասակում երեխան արդեն պետք է ազատված լինի տակդիրից: 

Կարդացեք նաև

Խնդիրներ

Ագրեսիվ երեխաներ

Ագրեսիան որպես կանոն անսպասելի չի առաջանում: Կարող է առաջանալ տարբեր միջանձնային փոխհարաբերությունների, հրահրման հետևանքով: Ընդ որում խոսքային և ոչ խոսքային դրդիչների հետևանքով կարող է առաջանալ ֆիզիկական ագրեսիա:

27.12.2017
Խնդիրներ

Հիպերակտիվության համախտանիշ

Հիպերակտիվությունը երեխաների մոտ արտահայտվում է տարիքային զարգացմանն անհամապատասխան անուշադրությամբ, ցրվելու հակումով, իմպուլսիվությամբ և գերշարժունությամբ:

27.12.2017
Խնդիրներ

Տագնապային և վախեր ունեցող երեխաներ

Տագնապ բառը ավելի վաղ է ծագել ցույց տալու համար անորոշ լարվածության և անհանգստության զգացում: Դրանից հետո ծագեց նաև տագնապայնություն բառը, որը բնորոշում է անձնային որակ, մարդ որը առավել հակված է տագնապի:

27.12.2017