Մանկավարժորեն բարձիթողի երեխաներ

 

 

 

Մանկավարժական բարձիթողություն կարող է առաջանալ այն դեպքում, եթե սոցիալ-մանկավարժական անբարենպաստ պայմաններն առաջացել են տարիքային զարգացման այն փուլում, երբ երեխայի ուղեղի իմացական և ինտելեկտուալ հիմնական որակներն արդեն քիչ թե շատ ձևավորված են:

Այսպիսի դպրոցականների շրջանում երբեմն հանդիպում են բարձր առաջադիմությամբ աչքի ընկնող երեխաներ: Այդ առումով հետաքրքրական են դպրոցականների խմբի՝ Գ.Պ. Անտոնովայի կողմից անցկացված երկարատև հետազոտությունների արդյունքները: Նրա տվյալների համաձայն՝ 6-րդ և 7-րդ դասարաններում ցածր գնահատականներ ստացած աշակերտների շրջանում եղել են մարդիկ, ովքեր գերազանց են սովորել ցածր դասարաններում, և հոգեբանական փորձերի արդյունքում նրանց մոտ հայտնաբերվել է ինտելեկտուալ զարգացման բարձր մակարդակ: Այս երեխաների զարգացման խորացված վերլուծությունը ցույց է տվել, որ առաջադիմության կտրուկ վատացման հանգեցրած սկզբնապատճառը եղել է նրանց պոտենցիալ հնարավորությունների և նրանց առջև դրված պահանջների անհամապատասխանությունը: Նրանց ներկայացված պահանջները չափազանց հեշտ են եղել և ըստ այդմ՝ չեն խթանել դպրոցականների հոգեկան գործունեությունը:

Լինելով ավելի զարգացած, քան մյուսները՝ այս երեխաները տարրական դասարաններում առանց դժվարության հաղթահարել են ուսումնական առաջադրանքները. նրանց գովել են, ուրիշների համար որպես օրինակ են բերել, ինչը բարձր ինքնագնահատականի հիմք է դարձել: Ուսուցման գործընթացի չափազանց հեշտ լինելու արդյունքում աշակերտները չեն սովորել հաղթահարել դժվարությունները, նրանց մոտ չի ձևավորվել կայուն ինտելեկտուալ աշխատունակություն, պարզ հանձնարարությունները չեն խթանել նրանց իմացական մոտիվացիան: Միջին դասարաններ փոխադրվելուն զուգընթաց ուսումնական նյութի բարդության աստիճանը բարձրացել է, և դպրոցականներն արդեն չեն կարողացել նախկինի պես քիչ ջանքեր ներդնելով՝ ստանալ սովորական դարձած բարձր գնահատականները: Դա բացասական վերաբերմունք է առաջացրել ուսուցիչների նկատմամբ, ովքեր, ըստ երեխաների, սկսել են վատ վերաբերվել իրենց: Առաջադիմությունը վերականգնելու համար ավելի մեծ ջանքեր գործադրելու փոխարեն նրանք սկսել են ավելի քիչ աշխատել: Բարձր ինքնագնահատականը պահպանվել է, սակայն այն արդեն չափազանցված է համարվել` համապատասխան չլինելով երեխաների գիտելիքներին և դասարանում նրանց դիրքին: Նրանց նկատմամբ պահանջների և գիտելիքների միջև հակասություններն էլ ավելի են աճել, աճել է նաև դպրոցի և ուսուցման հանդեպ զզվանքը, խորացել է այս աշակերտների մանկավարժական բարձիթողությունը:

Դպրոցականների պոտենցիալ հնարավորությունների և նրանց զարգացման մակարդակի միջև եղած խիստ հակասությունները, որոնք նկարագրված են այստեղ, բավականին հազվադեպ են հանդիպում:

Ավելի հաճախ այսպիսի աշակերտներն իրենց համար ուսուցման հեշտ պայմաններում ուղղակի իրենց հնարավորություններից ցածր են զարգանում, ձեռք են բերում գիտելիքների ավելի քիչ պաշար, քան կարող էին ունենալ ուսուցման իրենց համապատասխանող պայմաններում: Ցածր առաջադիմությունը դիտվում է որպես հարաբերականորեն վատ առաջընթաց, քանի որ այդպիսով երեխան չի կարողանում լիովին դրսևորել իր մեծ ներուժը:

 

 Անուշ Ալեքսանյան
«Ինչ պետք է իմանան անցանկալի վարքի մասին մանկավարժները»

 

Կարդացեք նաև

Խնդիրներ

Ագրեսիվ երեխաներ

Ագրեսիան որպես կանոն անսպասելի չի առաջանում: Կարող է առաջանալ տարբեր միջանձնային փոխհարաբերությունների, հրահրման հետևանքով: Ընդ որում խոսքային և ոչ խոսքային դրդիչների հետևանքով կարող է առաջանալ ֆիզիկական ագրեսիա:

27.12.2017
Խնդիրներ

Հիպերակտիվության համախտանիշ

Հիպերակտիվությունը երեխաների մոտ արտահայտվում է տարիքային զարգացմանն անհամապատասխան անուշադրությամբ, ցրվելու հակումով, իմպուլսիվությամբ և գերշարժունությամբ:

27.12.2017
Խնդիրներ

Տագնապային և վախեր ունեցող երեխաներ

Տագնապ բառը ավելի վաղ է ծագել ցույց տալու համար անորոշ լարվածության և անհանգստության զգացում: Դրանից հետո ծագեց նաև տագնապայնություն բառը, որը բնորոշում է անձնային որակ, մարդ որը առավել հակված է տագնապի:

27.12.2017