Մերժված երեխաներ

Յուրաքանչյուր մանկական կոլեկտիվում կան մոդայիկ, ընդունված երեխաներ և ոչ այնքան։ Կան ուրախ, շփվող, ակտիվ երեխաներ և լռակյաց, միայնակ երեխաներ։ Երեխաներից ոմանց բավարարում է դասարանում նման երկրորդական դերում լինելը, իսկ ոմանք տառապում և ցավոտ ապրումներ են ունենում դասարանում նման կարգավիճակում հայտնվելու համար։ Նրանք չեն կարողանում կամ չգիտեն ինչպես որևէ բան փոխել ստեղծված իրավիճակում։ Որոշ երեխաներ շատ ջանքեր են թափում դասարանում լիդերի դերում հայտնվելու համար, բայց չեն կարողանում իրենց հավակնություններին համապատասխան վարք դրսևորել և արդյուքնում լիդերի փոխարեն ծաղր ու ծանակի են ենթարկվում, մերժվում խմբի կողմից։ Այս երևույթը, ցավոք, հաճախ հանդիպողներից է, գրեթե յուրաքանչյուր դասարանում կան նման երեխաներ։ Պետք է նաև փաստել, որ նման իրավիճակները միաժամանակ դժվար լուծելի են։

Գործող անձինք

Յուրաքանչյուր դրամա ենթադրում է դերերի հստակ բաժանում։ Հալածանքի իրավիճակում միշտ կան պարագլուխներ, նրանց զոհերը, և իհարկե հետապնդողներ՝ երեխաների հիմնական մասը, որոնք պարագլուխների գլխավորությամբ իրականացնում են հալածանքը։ Երբեմն դասարանում լինում են չեզոք դիտորդներ։ Մեր կարծիքով նրանք ոչնչով չեն տարբերվում հետապնդողներից, որովհետև իրենց լռությամբ նրանք խրախուսում են հալածանքը և ոչ մի կերպ չեն դիմադրում իրավիճակին։ Հաճախ երեխաներն իրենց ներսում քննադատում են իրենց համադասարանցիների ագրեսիվ պահվածքը, բայց որևէ բան չեն ձեռնարկում՝ վախենալով դառնալ հաջորդ զոհը։ Երբեմն երեխաները իրենց հոգու խորքում ուրախ են լինում, որ դասարանում ինչ-որ զոհ կա, որովհետև պարագլուխները տվյալ դեպքում միշտ զբաղված են լինում կոնկրետ մեկին հալածելով և հանգիստ են թողնում մնացածին։
Լինում է նաև, որ դասարանում հայտնվում են զոհի պաշտպաններ։ Երբեմն պաշտպանի ի հայտ գալը կարող է հիմնովին փոխել իրավիճակը, հատկապես եթե պաշտպանները մի քանիսն են, կամ նրանց կարծիքի հետ հաշվի են նստում դասարանում։ Այս դեպքերում հետապնդողների մեծ մասը թողնում է իրենց զոհին և կոնֆլիկտն իր լուծումը ստանում է հենց սկզբում։ Բայց լինում են դեպքեր, երբ հենց պաշտպաններն են դառնում հալածանքի առարկա։

Դիտարկենք հիմնական գործող անձանց հոգեբանական առանձնահատկությունները։

Պարագլուխներ

Սովորաբար դասարանում մեկ կամ երկու երեխա դառնում է հալածանքի նախաձեռնողը։ Նրանց ինչ-որ պատճառով դուր չի գալիս այս կամ այն համադասարանցին, և նրանք սկսում են ծաղրել, խաղերում չընդգրկել, ցուցադրական կերպով խուսափել նրանցից։ Գործընթացը կարող է շատ շուտ սկսել, նույնիսկ առաջին կիսամյակից կարող են հստակ երևալ զոհն ու հետապնդող պարագլուխները։ Դիտողունակ մանկավարժներին դժվար չի լինի հասկանալ՝ ովքեր են այս դերերում։ Տղաները կարող են լինել և տղաների և աղջիկների հալածող, իսկ աղջիկները սովորաբար հարձակվում են աղջիկների վրա, իսկ տղայի հալածանքի պարագայում նրանք կամ կիսում են մեծամասնության կարծիքը կամ կարող են նույնիսկ ակտիվորեն պաշտպանել նրան։ Ավելի հաճախ ինչ-որ մեկին հետապնդելու և հալածելու հիմնական պատճառը լինում է ինքնահաստատվելը, առանձնանանալը մյուսներից։ Ավելի հազվադեպ է պատահում, որ հալածանքի պատճառը վրեժը լինի ինչ-որ արարքի համար։ 

Ընդունված է համարել, որ նեղացնողի դերում հայտնվում են չհաստատված և կյանքի կողմից հալածված, անինքնավստահ երեխաները։  Ա․ Ադլերի համաձայն՝ «հաճախ անլիարժեքության բարդույթը թաքնվում է գերագնահատման բարդույթի տակ, որը փոխհատուցող դեր է կատարում տվյալ դեպքում։ Այս դեպքերում մարդու մեջ մեծամտություն, ինքնասիրահարվածություն, ինքնագոհություն է լինում»։ Բայց երբեմն դիտարկվում է նաև, որ շատ բարենպաստ ընտանիքներում ծնված երեխաները ևս դառնում են պարագլուխներ։ Դա գալիս է նրանից, որ երեխաները այնքան վստահ են իրենց ուժերի ու լիարժեքության վրա, որ իրենց լիարժեք իրավասու են համարում իրենց դուր չեկած երեխային դուրս մղել կոլեկտիվից։ Դա երբեմն գալիս է նաև ընտանիքի վերաբերմուքնից, ծնողների այն տեսակետից, որ իրենց ոչ այնքան հարմար երեխային պետք է հեռացնել դասարանից ու զերծ պահել իրենց երեխային նման շփումներից։ Հաճախ այս ծնողները ոչ մի կերպ չեն ընդունում, որ իրենց երեխան ընդունակ է հալածանքի նախաձեռնող լինել։ Նման ծնողները բացատրում են, որ իրենց երեխան շատ բարեկիրթ է շփման մեջ, պատրաստակամ է օգնելու և սատարելու թույլերին, իրենց երեխայի նմանատիպ վարքը պատճառաբանելով իբրև տվյալ երեխայի հարձակումներից բխող պաշտպանական արձագանք։

Այսպիսով հալածանքի նախաձեռնողներ կարող են դառնալ՝

  • Ակտիվ, շփվող, դասարանի լիդերի հավակնող երեխաները

  • Ագրեսիվ, ինքնահաստատման համար թույլ, անպաշտպան զոհ գտած երեխաները

  • Ամեն կերպ ուշադրության կենտրոնում գտնվելու ցանկություն ունեցող երեխաները

  • Երեխաներ, որոնք սովոր են իրենց ավելի բարձր դասել շրջապատից, բոլորին բաժանել «մերոնք» և «ուրիշներ» խմբերի (նման շովինիզմն ու սնոբիզմը հանդիսանում է ընտանեկան դաստիարակության արդյունք)

  • Եսակենտրոն, շրջապատին կարեկցելու անկարող, ուրիշների տեղը իրեն դնելու անընդունակ երեխաները

  • Մաքսիմալիստները, կոմպրոմիսի գնալու անընդունակ երեխաները (հատկապես դեռահասության շրջանում)

     

Հետապնդողներ

Ինչպես արդեն ասացինք, պարագլուխներ դառնում են դասարանում մի քանի հոգի, մնացածները դառնում են նրանց հետևողներ ու զոհին հետապնդողներ։ Նրանք հաճույքով ծիծաղում են զոհի անհաջողությունների վրա, թաքցնում են նրա իրերը զուգարանում, անմիջապես որսում են վիրավորական մականունները նրա հասցեին, նրան հրելու առիթը բաց չեն թողնում։ Ինչո՞ւ իրենց մտերիմների հանդեպ բարի ու արձագանքող երեխաները հալածող և չար են դառնում իրենց հանդեպ որևէ բացասական քայլ չարած երեխայի նկատմամբ։
Առաջին հերթին՝ երեխաների մեծ մասը ենթարկվում է այսպես կոչված «հոտային զգացմանը»՝ «բոլորը գնացին, ես էլ գնացի, բոլորը հրեցին, ես էլ հրեցի»։ Երեխան չի մտածում տեղի ունեցողի վերաբերյալ, նա ուղղակի մասնակցում է համընդհանուր «ուրախությանը»։ Նրա մտքով անգամ չի անցնում, թե ինչ է զգում այդ պահին հալածվող երեխան, որքան է նրա համար ցավոտ, վախենալու ու վիրավորական այդ իրավիճակը։
Երկրորդ հերթին՝ ոմանք անում են նման բաներ դասարանի լիդերի բարեհաճությանը արժանանալու համար։
Երրորդ հերթին՝ ինչ-որ մեկը կարող է մասնակցել հալածանքին ձանձրույթից, զբաղմունքի ու զվարճանալու համար, նրանք նույն ներգրավվածությամբ կարող են գնդակով խաղալ։
Չորրորդ հերթին՝ երեխաների մի մասն էլ իրենց այդպես են պահում՝ վախենալով հայտնվել զոհի դերում, կամ ուղղակի չեն համարձակվում դեմ գնալ պարագլուխներին ու մեծամասնությանը։
Եվ վերջապես, հետապնդողների մի ինչ-որ տոկոս էլ նման ձևով փորձում է ինքնահաստատվել, ռևանժ վերցնել իր ինչ-ինչ անհաջողությունների համար։ Նրանք այնքան էրերգիա չունեն, որպեսզի պարագլուխներ դառնան, բայց նրանք հեշտությամբ որսում են ուրիշների նախաձեռնությունը։ Ավելի հաճախ սրանք այն երեխաներն են, որոնց այնքան էլ չեն սիրում բակում, դաժանաբար պատժում են տանը, նեղացնում են մեծերը, նրանք հաջողակ չեն ուսման մեջ և համադասարանցիների հատուկ լավ վերաբերմունքին էլ չեն արժանանում։

Կարելի է դուրս բերել հետապնդողների մի շարք հոգեբանական բնութագրեր՝

  • Ոչ ինքնուրույնություն, հեշտությամբ ազդեցության տակ ընկնող, ոչ նախաձեռնող

  • Կոմֆորմիստներ, միշտ ձգտում են հետևել կանոններին, գոյություն ունեցող ստանդարտներին

  • Հակված չեն իրենց վրա պատասխանատվություն վերցնել տեղի ունեցողի համար

  • Հաճախ ենթակա են մեծահասակների կողմից խիստ վերահսկողության, նրանց ծնողները շատ պահանջկոտ են, հակված են ֆիզիկական պատիժներ ենթարկել

  • Եսակենտրոն են, ընդունակ չեն իրենց ուրիշի տեղը դնել, չեն մտածում արարքների հետևանքների մասին, ավելի հաճախ ասում են․ «ես չէի մտածում, որ նման բան կարող էր լինել»

  • Անինքնավստահ են, շատ են գնահատում դասարանի լիդերների հետ ունեցած իրենց հարաբերություններն ու ընկերությունը, սոցիմետրիկ հարցումների ժամանակ շատ քիչ են ընտրվում դասարանցիների կողմից, գրեթե երբեք երկկողմանի ընտրություններ չեն պատահում իրենց դեպքում

  • Վախկոտ են ու չարացած

Զոհեր

Զոհի մեջ իրականում միշտ մի բան կա, որ կարող է վանել իրեն շրջապատող երեխաներին, հրահրել հարձակումներ նրանց կողմից։ Նրանք այնպիսին չեն, ինչպես բոլորը։ Ավելի հաճախ ծաղրի ու հալածանքի են ենթարկվում ակնհայտ խնդիրներ ունեցող երեխաները։ Հարձակումների ու հալածանքների պատճառ կարող է դառնալ այն երեխան, որը՝

  • Անսովոր արտաքին ունի (աչքի ընկնող սպիներ, շլություն, կակազություն, կաղություն)

  • Էնունեզով՝ գիշերամիզությամբ կամ էնկոպրեզով՝ անկղապահությամբ է տառապում

  • Լուռ ու թույլ երեխան, որը չի կարողանում իրեն պաշտպանել

  • Թափթփված է

  • Հաճախակի բաց է թողնում դասերը

  • Դասերից հետ է մնում

  • Չափից դուրս խնամվում է ծնողների կողմից

  • Շփման խնդիրներ ունի

Մի շարք հետազոտությունների ու դիտարկումների արդյունքում կարելի է դուրս բերել զոհի մի շարք հոգեբանական բնաթագրումներ՝

  • Մերժվող երեխաները կարող են ունենալ ինչպես ցածր ինքնագնահատական ու հավակնությունների մակարդակ, այնպես է չափից բարձր ինքնագնահատական ու հավակնություններ։ Իրենց համապատասխան կերպով չեն գնահատում, հավանաբար բարձր են գնահատում այն չափանիշներով, որտեղ իր համադասարանցիները հավանաբար ավելի հաջողակ են, քան ինքը։ Միևնույն ժամանակ մտածում են, որ իրենց շրջապատը ըստ արժանվույն չի գնահատում։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ համապատասխան ինքնագնահատական ունեցող երեխաներին սովորաբար համադասարանցիներն ավելի պատրաստակամորեն են ընդունում, քան նրանց, ում ինքնագնահատականը ցածր է կամ շատ բարձր։

  • Հիմնականում այն երեխաները չեն սիրում դպրոցը ու չեն ցանկանում դպրոց գնալ, որոնց նեղացնում են ու չեն սիրում համադասարանցիները։

  • Իրենց հնարած պատմությունների ու հեքիաթների մեջ հերոսը հիմնականում կանգնած է մի խումբ երեխաների առաջ, փորձում է պաշտպանվել նրանցից։ Այդ հերոսը հիմնականում տխուր է, նեղացած ու միայնակ։ Նույնիսկ այն նկարները, որտեղ երեխաները միասին խաղում են և որևէ ագրեսիայի դրսևորում չկա, զոհ-երեխաները նկարագրում և ընկալում են որպես կռվի, վեճի տեսարան։

  • Այս երեխաները սովորաբար ոչ մի պատասխանատվություն չեն զգում իրողությունների հանդեպ, ոչ մի կերպ պատճառները չեն տեսնում իրենց մեջ։ Նրանք բարձր մակարդակի պաշտպանական ագրեսիա են ունենում՝ ուղղված արտաքին աշխարհին և ոչ  մի կերպ չեն փորձում ելք գտնել ստեղծված իրավիճակից։

Կարդացեք նաև

Խնդիրներ

Ագրեսիվ երեխաներ

Ագրեսիան որպես կանոն անսպասելի չի առաջանում: Կարող է առաջանալ տարբեր միջանձնային փոխհարաբերությունների, հրահրման հետևանքով: Ընդ որում խոսքային և ոչ խոսքային դրդիչների հետևանքով կարող է առաջանալ ֆիզիկական ագրեսիա:

27.12.2017
Խնդիրներ

Հիպերակտիվության համախտանիշ

Հիպերակտիվությունը երեխաների մոտ արտահայտվում է տարիքային զարգացմանն անհամապատասխան անուշադրությամբ, ցրվելու հակումով, իմպուլսիվությամբ և գերշարժունությամբ:

27.12.2017
Խնդիրներ

Տագնապային և վախեր ունեցող երեխաներ

Տագնապ բառը ավելի վաղ է ծագել ցույց տալու համար անորոշ լարվածության և անհանգստության զգացում: Դրանից հետո ծագեց նաև տագնապայնություն բառը, որը բնորոշում է անձնային որակ, մարդ որը առավել հակված է տագնապի:

27.12.2017