Տագնապային և վախեր ունեցող երեխաներ

Տագնապ բառը ավելի վաղ է ծագել ցույց տալու համար անորոշ լարվածության և անհանգստության զգացում: Դրանից հետո ծագեց նաև տագնապայնություն  բառը, որը բնորոշում է անձնային որակ, մարդ, որը առավել հակված է տագնապի:

Տագնապի ֆիզիոլոգիական նշաններն են.

  • արագ սրտխփոցը,
  • մակերեսային շնչառությունը,
  • բերանի չորությունը,
  • կոկորդում կծիկի զգացողությունը,
  • ոտքերում թուլությունը:

Բացի ֆիզիոլոգիական նշաններից կան նաև այնպիսի վարքային ցուցիչներ, որոնք խոսում են երեխայի մոտ տագնապի առկայության մասին.

  • երեխան եղունգներն է կրծում,
  • ճոճվում է աթոռի վրա,
  • թմբկահարում է մատներով սեղանին,
  • մազերի հետ է խաղում,
  • ձեռքերի մեջ պտտում է տարբեր իրեր:

Տագնապի վիճակը ոչ միշտ կարելի է գնահատել որպես բացասական երևույթ: Երբեմն տագնապի զգացումն է ստիպում մարդուն մոբիլիզացնել ուժերը:

Առանձին, սակայն հաճախակի կրկնվող տագնապի զգացումները կարող են վերաճել կայուն վիճակի` անձնային որակի` տագնապայնության:

Տագնապայնության առաջացման վրա ազդող սոցիալական գործոնների մեջ մասնագետները նշում են` ծնողների դժգոհությունը սեփական կյանքից, սեփական աշխատավարձից, անբավարարվածությունը կյանքի պայմաններից և այլն:

Ավելի հաճախ տագնապայնություն է զարգանում երեխայի մոտ, եթե նա ներքին կոնֆլիկտի, կամ առհասարակ կոնֆլիկտի իրավիճակում է լինում: Տագնապայնությունը խթանվում է.

  1. երեխայի հանդեպ բացասական պահանջներով, որոնք կարող են ստորացուցիչ լինել, կամ նրան կախյալ վիճակի մեջ դնել,
  2. անհամապատասխան, ավելի հաճախ չափից մեծ պահանջներով,
  3. հակասական պահանջներով, որոնք երեխայի առաջ դրվում են դպրոցի կամ ծնողների կողմից:

 Տագնապային երեխայի բացահայտման չափանիշները՝

  1. երեխան անընդհատ անհանգստության մեջ է,
  2. ինչ-որ բանի վրա կենտրոնանալու դժվարություն է ունենում, հաճախ անհնարին է լինում,
  3. մկանային լարվածություն ունի, օրինակ՝ պարանոցի կամ դեմքի հատվածում,
  4. դյուրագրգիռ է,
  5. քնի խանգարումներ ունի,

 Եթե վերը նշված չափանիշներից որևէ մեկը տևական ժամանակահատվածում նկատվում է երեխայի վարքում, կարելի է ասել, որ երեխան տագնապային է:

 Ինչ է վախը

Պետք է հստակ տարբերել տագնապն ու վախը: Տագնապը այն զգացումն է, որի կազմության մեջ մտնում են շատ զգացմունքներ, որոնցից մեկը նաև վախն է: Տագնապի զգացման մեջ հիմնական տեղը պատկանում է վախին, սակայն այն կարող է պարունակել նաև տխրություն, մեղքի զգացում, ամոթ և այլն:

Եթե երեխայի վարքում վախերը շատ են, ապա կարելի է ասել, որ նա տագնապային անձ է, կամ տագնապային երեխա է:

Վախը մարդու կյանքին, բարօրությանը սպառնալիքի հուզական արձագանքն է: Ուղեկցվում է նյարդային համակարգի լարվածությամբ: Տագնապը այդ սպառնալիքի ակնկալիքն է, և սպասման վիճակ է իրենից ենթադրում:

Վախերը լինում են.

  • Իրավիճակային - երբ վախը կախված է լինում իրավիճակից,  և իրավիճակի փոխվելու հետ մեկտեղ վերանում է նաև վախը:
  • Անձնային - երբ այս վախերը չեն անցնում, հաճախ սրանց ասում են գենետիկական վախեր: Նման մարդիկ նախատրամադրված են վախերի:
  • Իրական - կոնկրետ կյանքի բնական իրողություններից վախերն են: Սրանք ևս իրավիճակային են, և անցնում են իրողության հետ միասին:
  • Երևակայական - հնարովի, երևակայական երևույթներից վախերն են:
  • Քրոնիկ - երբ վախը անընդհատ կա:
  • Սուր - իրավիճակային վախերն են կրկին:
  • Ներշնչված - սա մտերիմ մեծահասակների կողմից ներշնչված վախերն են, երբ անընդհատ ինչ-որ բաներ են զգուշացնում երեխային: Դաստիարակության ընթացքում մեծահասակների վարքը տեսնելով ևս կարող են ներշնչվել:
  • Նևրոտիկ վախեր - տարիքի հետ այս վախերը չեն անցնում, երկարատև են, ժամանակի ընթացքում դառնում են անձնային:
  • Տարիքային - սրանք նորմալ են համարվում և տարիքի հետ անցնում են:
  • Համր - սրանք այն վախերն են, որոնց մասին երեխան չի խոսում, ծնողներն էլ չեն նկատում:

Տարիքային վախեր

0-1 տարեկան - եթե վտանգ է սպառնում երեխայի հուզական և ֆիզիկական ապահովությանը, անհանգստություն, վախ մորից բաժանվելուց, օտարներից:

1-3 տարեկան - վախենում են, եթե վտանգ է սպառնում իր մտերիմ մեծահասակին, նոր երեխայի ծնունդից, ծակելուց, անսպասելի  ձայներից են վախենում:

3-5 տարեկան - վախերի եռյակի տարիքն է` մենակության-մթության-փակ տարածության վախ:

5-7 տարեկան - մահվան վախը դառնում է առաջնային, նոր սկսում են հասկանալ, որ դա անդառնալի պրոցես է: Վախենում են, որ իր վրա կհարձակվեն, կենդանիներից, երազներից:

7-11 տարեկան - սկսում են գերակշռել սոցիալական վախերը, որ իրենց մասին չեն մտածի այնպես ինչպես պետք է, դպրոցական ֆոբիան, բնական աղետներից վախերը, անտեսանելի և անհայտ ուժերից վախերը, հոգիներից: 

11-16 տարեկան - ֆիզիկական փոփոխություններից վախերն են առաջանում, բնական աղետներից, աղջիկների մոտ ավելի շատ են լինում քան տղաների:

Տարիքային վախերը սովորաբար տանելի են, հակառակ դեպքում դրանք վերածվում են նևրոտիկ կամ այլ վախերի:

Վախերի հաղթահարմանն ուղղված միջոցները բազմազան են: Սակայն նախքան վախերը հաղթահարելը դրանք պետք է բացահայտել, ճանաչել, դուրս բերել:

Երեխաների վախերը արտահայտվում են հիմնականում.

  • նկարներում,
  • պատմություններում,
  • ասում են դրանց մասին,
  • խաղի մեջ,
  • վարքում:

 

Անուշ Ալեքսանյան
«Ինչ պետք է իմանան անցանկալի վարքի մասին մանկավարժները»

Կարդացեք նաև

Խնդիրներ

Ագրեսիվ երեխաներ

Ագրեսիան որպես կանոն անսպասելի չի առաջանում: Կարող է առաջանալ տարբեր միջանձնային փոխհարաբերությունների, հրահրման հետևանքով: Ընդ որում խոսքային և ոչ խոսքային դրդիչների հետևանքով կարող է առաջանալ ֆիզիկական ագրեսիա:

27.12.2017
Խնդիրներ

Հիպերակտիվության համախտանիշ

Հիպերակտիվությունը երեխաների մոտ արտահայտվում է տարիքային զարգացմանն անհամապատասխան անուշադրությամբ, ցրվելու հակումով, իմպուլսիվությամբ և գերշարժունությամբ:

27.12.2017
Խնդիրներ

Մանկավարժորեն բարձիթողի երեխաներ

Մանկավարժական բարձիթողություն կարող է առաջանալ այն դեպքում, եթե սոցիալ-մանկավարժական անբարենպաստ պայմաններն առաջացել են տարիքային զարգացման այն փուլում, երբ երեխայի ուղեղի իմացական և ինտելեկտուալ հիմնական որակներն արդեն քիչ թե շատ ձևավորված են:

27.12.2017