Մանկավարժի հուզական ճկունությունը

Մանկավարժի մասնագիտական գործունեության հաջողությունն ուղղակիորեն կապված է նրա հուզական կայունության հետ: Հուզական կայունության բարձրացմանը նպաստում է հուզական մշակույթի բարձր մակարդակը: Այն իրենից առաջին հերթին ներկայացնում է հուզական ճկունություն, որն ուրիշի հուզական ապրումներն ու զգացմունքները հասկանալու, սեփականը համապատասխան ձևով արտահայտելու կարողությունն է: Այսպիսով, խոսքը էքսպրեսիայի (արտահայտչականության) և էմպաթիայի (ապրումակցման) մասին է:

Հուզականորեն պասիվ (երբեմն դա կարող է լինել մասնագիտական սպառման հետևանք) մանկավարժի խոսքը, դիմախաղը և շարժուձևը հուզական չէ: Հաճախ ակամայից դա երեխաներին դրդում է անցանկալի վարքագծի:

Էքսպրեսիվությունը` արտահայտչականությունը, իրական զգացմունքներն ու հույզերը կենդանացնելու կարողությունն է: Այն նպաստում է մարդու յուրօրինակությանը, ինքնատիպությանը, միջավայրի կողմից իրական ընկալմանը, ստեղծագործականությանը, նախաձեռնողականությանը, հեշտությամբ հուզական շփում ստեղծելու կարողությանը, իրավիճակում փոփոխությունների հեշտ ընկալմանն ու համապատասխան մանկավարժական մարտավարություն մշակելուն: Սա չափազանց կարևոր հատկություն է երեխաների հետ շփման և համագործակցության ընթացքում, քանի որ մանկավարժական գործընթացը հանդիսանում է իրական շփման և հաղորդակցման գործընթաց: Որքան հուզականորեն հագեցած է այս շփումը, այնքան շատ բան են ստանում դրանից երկու կողմերն էլ:

Էմպաթիան` ապրումակցումը, հուզական ճկունության մյուս բաղադրիչն է: Այն իր մեջ ներառում է ուրիշի հուզական վիճակը հասկանալու և արտացոլելու կարողությունը, ակտիվ և օգնող վարքը: Մանկավարժը, ով էմպաթիայի կարողություն ունի, երբեք իրեն մանկավարժական անտակտություն թույլ չի տա: Երեխայի հանդեպ էմպաթիկ վերաբերմունքը, դրա էքսպրեսիվ դրսևորումները բարձրացնում են երեխայի ինքնագնահատականը, նվազեցնում են նրանց վարքի կոնֆլիկտայնությունը: Մանկավարժի հուզական ճկունությունը նվազեցնում է մանկավարժական փոխգործունեության ընթացքում առկա սթրեսները:

Ապացուցված է, որ բռնության և կոպտության դրսևորումները, որոնք հաճախ նաև դրսևորվում են մանկավարժական աշխատանքում, ուղղակիորեն կապված են տվյալ անձի էմպաթիայի կարողության ցածր մակարդակի հետ: Մանկավարժական տակտի խախտումներն ակնհայտ բացասական ազդեցություն են ունենում երեխաների անձի ձևավորման և զարգացման վրա:

Ի վերջո այս երկու հատկություններն օգնում են մանկավարժի անձի հոգեբանական հիգիենայի պահպանմանը: Որքան ավելի ճկուն և հուզական է մանկավարժը, այնքան ավելի գնահատված է նա աշակերտների կողմից, հետևաբար այնքան ավելի հագեցած է նրա օրը դրական հույզերով և լիցքերով:

Կարդացեք նաև

Էթիկա

Բժշկական էթիկայի կանոնակարգ

Բժիշկը պարտավոր է մշտապես ներկայացնել իր մասնագիտական անկախ տեսակետը և պահպանել մասնագիտական վարվելակերպի բարձրագույն նորմերը:

25.12.2017
Էթիկա

Հոգեբան-խորհրդատուի անձը

Խորհրդատվության ժամանակ կարևոր է ոչ թե խորհրդատուի իրական անձը, այլ նրա կերպարի ընկալումն այցելուի կողմից: Խորհրդատուի՝ այցելուի հանդեպ վերաբերմունքի մեջ օգնելու ցանկությունն ու պատրաստակամու¬թյունը չափազանց կարևոր նշանակություն ունեն:

25.12.2017