Միջանձնային տարածություն

Շփման կարևոր գործոններից է համարվում միջանձնային տարածությունը․ այն, թե զրուցակիցներն ինչքան մոտ են գտնվում միմյանց: Երբեմն մեր վերաբերմունքը մենք արտահայտում ենք տարածքային կատեգորիաներով, ինչպես օրինակ՝ «հեռու մնալ» նրանից, ով մեզ դուր չի գալիս կամ ումից վախենում ենք, կամ «մոտենալ» նրան, ով հետաքրքրում է մեզ: Սովորաբար, որքան զրուցակիցները հետքրքրված են միմյանցով, այնքան իրար ավելի մոտ են նստում կամ կանգնում: Սակայն գոյություն ունի զրուցակիցների միջև թույլատրելի հեռավորության որոշակի սահման, որը կախված է փոխազդեցության տեսակից և սահմանվում է հետևյալ ձևով.

● Ինտիմ հեռավորությունը (մինչև 0,5 մետր) համապատասխանում է մտերմիկ հարաբերություններին: Կարող է հանդիպել սպորտի այն տեսակներում, որտեղ մարզիկների մարմինները դիպչում են:

● Միջանձնային հեռավորությունը (0,5-1,2 մետր) լավ է ընկերական զրույցի համար՝ իրար դիպչելով կամ չդիպչելով:

● Սոցիալական հեռավորությունը (1,2-3,7 մետր) ոչ ձևական և գործնական հարաբերությունների համար է, իսկ վերին սահմանը ավելի շատ համապատասխանում է ձևական հարաբերություններին:

● Հասարակական հեռավորության (3,7 մետր և ավելի) վրա կոպիտ չի համարվում մի քանի խոսք փոխանակելը կամ շփումից զերծ մնալը:

Սովորաբար մարդիկ իրենց հարմար են զգում և բարենպաստ տպավորություն են թողնում, երբ կանգնում կամ նստում են այն հեռավորության վրա, որը համապատասխանում է փոխազդեցության առկա տեսակին: Ինչպես չափազանց մոտիկ, այնպես էլ չափազանց հեռու դիրքը բացասաբար է ազդում շփման վրա:

Բացի այդ, որքան մարդիկ իրար մոտ են գտնվում, այնքան ավելի քիչ են նայում իրար՝ կարծես որպես փոխադարձ հարգանքի նշան: Եվ հակառակը, հեռու դիրքի վրա գտնվելով՝ նրանք ավելի շատ են նայում իրար և խոսակցության մեջ ուշադրության պահպանման համար օգտվում են ժեստերից:

Այս կանոնները նշանակալիորեն տատանվում են՝ կախված տարիքից, սեռից և մշակութային մակարդակից: Օրինակ՝ երեխաներն ու ծերունիները զրուցակցին մոտ են կանգնում, իսկ դեռահասները, երիտասարդները և միջին տարիքի մարդիկ նախընտրում են ավելի հեռու դիրքը: Սովորաբար կանայք զրուցակցին ավելի մոտ են կանգնում կամ նստում, քան տղամարդիկ: Անձնային հատկությունները նույնպես որոշում են զրուցակիցների միջև տարածքը՝ սեփական արժանապատվության զգացումով հավասարակշռված մարդը զրուցակցին ավելի շատ է մոտենում, իսկ անհանգիստ, նյարդային մարդիկ զրուցակցից հեռու են մնում: Սոցիալական կարգավիճակը նույնպես ազդում է մարդկանց միջև հեռավորության վրա: Մենք սովորաբար մեծ հեռավորության վրա ենք գտնվում նրանցից, ում դիրքը ավելի բարձր է, քան մերը, մինչդեռ հավասար կարգավիճակով մարդիկ շփվում են համեմատաբար մոտ տարածության վրա:

Ավանդույթը նույնպես կարևոր գործոն է: Լատինական Ամերիկայի և Միջերկրածովյան երկրների բնակիչները հակված են զրուցակցին ավելի շատ մոտենալ, քան Հյուսիսային Եվրոպայի երկրների բնակիչները:

Զրուցակիցների միջև հեռավորության վրա կարող է ազդել սեղանը: Սեղանը սովորաբար ասոցացվում է բարձր դիրքի և իշխանության հետ, այդ պատճառով էլ, երբ ունկնդիրը նստում է սեղանի կողքը, հարաբերությունները ստանում են դերային շփման տեսք: Այդ պատճառով որոշ ադմինիստրատորներ և ղեկավարներ նախընտրում են անձնական զրույցները անցկացնել՝ նստելով ոչ թե իրենց սեղանի կողքը, այլ զրուցակցի կողքին՝ իրար կողք կողքի դրված աթոռների վրա:

Կարդացեք նաև

Հարաբերություն

Ֆիզիկական բռնության շրջափուլերը

Ճիշտ է այսօր մարդկությանը հայտնի են բռնության մի շարք տեսակներ և դրանց միջոցների ամոթալի բազմազանություն, բայց այստեղ մենք կանդրադառնանք բռնության ամենատարածված և հայտնի տեսակին՝ ֆիզիկական բռնությանը:

20.12.2016
Հարաբերություն

Սոցիոֆոբիա

Սոցիոֆոբիան հաճախ սկսվում է դեռահասության տարիքում և իրենից ներկայացնում է վառ արտահայտված, կայուն վախ` պայմանավորված մեկ կամ մի քանի սոցիալական իրավիճակներով, երբ անհատը բախվում է անծանոթ մարդկանց գնահատականներին:

20.12.2016
Հարաբերություն

Ինչպես համակրանք առաջացնել սեփական անձի նկատմամբ

Ճիշտ է այսօր մարդկությանը հայտնի են բռնության մի շարք տեսակներ և դրանց միջոցների ամոթալի բազմազանություն, բայց այստեղ մենք կանդրադառնանք բռնության ամենատարածված և հայտնի տեսակին՝ ֆիզիկական բռնությանը:

20.12.2016