Սերը մանրադիտակի տակ

Բոլոր ժամանակներում սիրուն նվիրվել են հիասքանչ երգեր: Հավանաբար այն պատճառով, որ այն, որպես աստվածային պարգև, լուսավորում է մարդուն:

Սերը և´ ուժով, և´ խորությամբ, և´ ձևով տարբեր է լինում: Սակայն յուրաքանչյուր սիրո մեջ միշտ կա անհատականություն: Եվ սիրելու ունակությունը տարբեր մարդկանց մոտ տարբեր է լինում:

Սերը` պահ է, վիճակ ու հոգու թռիչք, զգացմունքների հորդում: Մի փորձեք այն հասկանալ, ուղղակի տրվեք դրա իշխանությանը:

Սերը երազ է, տեսիլք: Հայտնի չէ` որտեղից է առաջանում և հայտնի չէ` ուր է գնում: Մի էլ փորձեք հասկանալ, գնահատեք այն, ինչ կա:

Սիրո առաջին և առավել հայտնի էֆեկտը կուրությունն է, կամ էլ այն, ինչը Ստենդալն անվանել է բյուրեղացման էֆեկտ: Յուրաքանչյուր սիրահարված միշտ կուրացած է իր սիրելիով, չափազանցված է տեսնում նրա առավելությունները և չի նկատում թերությունները: Եվ հոգեբանների հետազոտությունները ցույց են տվել, որ սիրո մեջ տղամարդիկ ավելի կույր են, քան կանայք: Կանայք, չնայած ուժեղ սիրահարվածությանը, իրենց սիրելիին առավել օբյեկտիվ են ընկալում, սակայն, այնուամենայնիվ, առավելությունները բյուրեղացվելու միտում ունեն:

Հոռետեսությունը անհիմն է: Մարդու դրական վերաբերմունքը ժամանակի հետ դառնում է սովորություն, ամեն ինչ տեղի է ունենում բնականորեն: Իհարկե, կյանքին վարդագույն ակնոցով նայելը միամտություն է, իսկ միամտությունից հոռետեսություն մի քայլ է: Վարդագույն ակնոցի բեկորները, բախվելով կյանքի դժվարություններին, ցավոտ վնասում են աչքերը և աշխարհը դարձնում սև:

Իսկ ու՞ր է դա` այդ ոսկե միջինը: Դա օբյեկտիվությունն է, իրատեսությունը, սթափությունը:

Չպետք է մարդուց ավելին պահանջել, պետք է հարգել նրա անհատականությունը և նրա մեջ փնտրել առավելություններ, հենց նրա առավելությունները, քանի որ հենց դրանք են նրան մյուսներից տարբեր դարձնում, և հենց միայն դրա համար կարելի է սիրել: Սիրում են այն, ինչն անկրկնելի է:

Այո, սերը համառ զգացմունք է, այն պատրաստ է խաբվել հանուն իր գոյության, պատրաստ է հավատալ, հուսալ: Սակայն սիրո մեջ էլ սահման կա: Այդ սահմանը հույսի, հավատի, հեռանկարների կորուստն է:

Իզուր են ասում, որ սերը ընտանեկան կյանքում անցնում է: Այո, պատահում է, և բավականին հաճախ: Կարող է` հոգնածությունն է պատճառը: Այո, սիրո ալիքները բնական երևույթներ են, սերը փոխում է իր ուժը, ձևը, և երբեմն թվում է` ահա դադարում ես սիրել: Սակայն` ոչ: Պարզվում է` ուղղակի հոգնել ես: Իսկ որոշ ժամանակ անց հոգիդ կրկին լցվում է ջերմ սիրով:

Սերն անցնում է, եթե այն չեն կարողանում պահել: Եթե սեր հասկացության տակ հասկանում են միայն եռացող հույզեր, ուրեմն այդպիսի սերն, անկասկած, հավերժ չէ: Սակայն այդ ամենը սեր չէ, այլ միայն սիրո սկզբնական ձև:

Սիրած կնոջ կամ տղամարդու համար արտասովոր, անկանխատեսելի լինելու ունակությունը շատ կարևոր է: Դա քո հանդեպ հետաքրքրության անմար աղբյուրն է, իսկ հետաքրքրությունը սիրո պարտադիր պայմանն է: Լինել նոր, լինել խորհրդավոր և անկեղծ: Մեկը մյուսին չի բացառում: Լինել նոր, դա չի նշանակում ինքն իրեն սիրելիին հանձնել մասերով` մինչև վերջ չբացվելով: Անկեղծությունը ենթադրում է լրիվ ինքնաբացահայտում (հազվագյուտ բացառություններով): Կարևորն այն է, որ ինքդ քեզ համար գաղտնիք մնաս, աճես և զարմացնես ինքդ քեզ, և զարմանալով` զարմացնես նաև ուրիշներին: Դառնաս նոր ինքդ քեզ համար, դառնաս նոր սիրո համար, և սերը քեզ չի լքի:

Սերն անցնում է հոգեկան ծուլությունից, հոգնածությունից, սովորականն անսովորի և վերջնականն անվերջի վերածելու անկարողությունից: Սերն անցնում է անփութությունից: Եղեք կոկիկ սիրո նկատմամբ: Մի մոռացեք սիրո հիգիենայի մասին: Ձեր սիրո մասին, բացի ձեր սիրելիից, ոչ ոքի մի պատմեք, մի թունավորեք սերը: Օրինակնեը ցույց են տալիս, որ սերը դրանից քչանում է:

Չպետք է ստիպողաբար պահել սերը, այն պետք է սնել և փայփայել: Բռնությունն անթույլատրելի է: Ազատության սահմանափակումը չի պահում սերը, այլ միայն սպանում է: Մարդը սիրո մեջ պետք է ունենա ազատ ընտրության հնարավորություն: Պարտավորվածությամբ, պատասխանատվության զգացմամբ սեր չի լինում:

Պայքարեք սիրո անմահության համար, և դուք ինքներդ կդառնաք անմահ, քանզի սիրո անմահությունը հոգու անմահություն է: Հավատացեք, դա դժվար է, սակայն` հնարավոր:  

                                                                                                                                                                                        Վիկտոր Կարանդաշև
                                                                                                                                                                                        «Կյանքն առանց մահվան վախի»

Կարդացեք նաև

Հարաբերություն

Ֆիզիկական բռնության շրջափուլերը

Ճիշտ է այսօր մարդկությանը հայտնի են բռնության մի շարք տեսակներ և դրանց միջոցների ամոթալի բազմազանություն, բայց այստեղ մենք կանդրադառնանք բռնության ամենատարածված և հայտնի տեսակին՝ ֆիզիկական բռնությանը:

20.12.2016
Հարաբերություն

Սոցիոֆոբիա

Սոցիոֆոբիան հաճախ սկսվում է դեռահասության տարիքում և իրենից ներկայացնում է վառ արտահայտված, կայուն վախ` պայմանավորված մեկ կամ մի քանի սոցիալական իրավիճակներով, երբ անհատը բախվում է անծանոթ մարդկանց գնահատականներին:

20.12.2016
Հարաբերություն

Ինչպես համակրանք առաջացնել սեփական անձի նկատմամբ

Ճիշտ է այսօր մարդկությանը հայտնի են բռնության մի շարք տեսակներ և դրանց միջոցների ամոթալի բազմազանություն, բայց այստեղ մենք կանդրադառնանք բռնության ամենատարածված և հայտնի տեսակին՝ ֆիզիկական բռնությանը:

20.12.2016