Կախվածություն հեռախոսից

Առաջին քայլը գիտակցելն է, որ մենք չափից շատ ենք մեր հեռախոսների մեջ։ Արթնանալուց անմիջապես հետո, քնելուց անմիջապես առաջ, օրը սկսում ու ավարտում ենք ստուգելով մեր հեռախոսները (տարբեր հավելվածներ)։ Օրվա մեջ քանի՞ անգամ ենք ձեռքը մեկնում դեպի հեռախոսը՝ միացնում, անջատում, ստուգում։ Շատերը կարծում են՝ մի քանի հարյուր անգամ, բայց ըստ 2016թ․ Չիկագոյում արված հետազոտության՝ մարդիկ ձեռք են տալիս իրենց հեռախոսին օրվա մեջ 2600 անգամ, հեռախոսամոլները՝ 6000 անգամ։ Վստահ ենք, որ չէիք էլ կարող ենթադրել, որ խոսքը նման թվերի մասին է։ Մենք ինքներս մեզ հետ մնալու ու մեր փորձը վերլուծելու ժամանակ չունենք։ Մենք քիչ ենք վայելում միմյանց ներկայությունը, օրինակ՝ շատ մայրեր անդադար տեղադրում են իրենց բալիկների նկարները, բայց երբեմն կարելի է պարզապես հետևել՝ ինչպես է մեծանում բալիկը, նայել դեմքի միմիկաներին, ուսումնասիրել, անդադար հեռախոսի մեջ լինելու փոխարեն, կամ առանց անդադար մտածելու՝ նկարեմ փոքրիկիս, տեղադրեմ սոցիալական ցանցերում ու հետևեմ լայքերին ու մեկնաբանություններին, ֆիզիկապես ներկա, բայց իրականում շատ հաճախ բացակա լինելով փոքրիկի կյանքից։ Այնինչ կարելի է առանց որևէ մեկին որևէ բան ապացուցելու ու ցույց տալու ուղղակի վայելել մայրությունը։ Կամ սնունդի հետ կապված․ մենք ուտում են մեխանիկորեն, ստուգելով մեր ֆեյսբուքյան լրահոսը, կամ դեգերելով ինստագրամի պատկերների մեջ, մենք չենք կենտրոնանում համի վրա, դրա համար շատ շատերը չեն հասկանում, որ կշտացան ու շարունակում են ուտել։ 
Հոգեբանները խորհուրդ են տալիս սահմանել հեռախոսից օգտվելու դիսցիպլինա։ Օրվա մեջ մի քանի անգամ ստուգել օրինակ էլեկտրոնային փոստը, երեկոյան որոշակի ժամից հետո անջատել բոլոր սարքավորումները ու ուղղակի վայելել օրվա ավարտը ընտանիքի անդամների կամ ընկերների հետ, կամ պարզապես գիրք կարդալ։ Նույնը կարելի է անել նաև հանգստյան օրերին։ Շատ հաճախ ամենալավ ու փայլուն մտքերը գալիս են ձանձրույթի պահին, երբ միտքն ազատ է, խցանված չէ տարատեսակ տեղեկատվությամբ ու կարող է ուղղակի մտածել, մտորել կամ ուշադիր լինել շրջապատող աշխարհի նկատմամբ։ Մեզանից յուրաքանչյուրը շատ մանրամասնորեն ուսումնասիրում է սոցցանցերում տեղադրված ընկերների նկարները՝ ով ինչ հագուստ էր հագել, որտեղ է նկարվել, ինչ պայուսակ կամ ակնոց է կրել, մի բան, որը մեզ ոչինչ չի տալիս, բայց զբաղեցնում է մեր միտքն ու մեզ դարձնում պակաս արդյունավետ, մենք ավելի շատ սպառում են պատկերներ, մտքեր, քան մտածում կամ պարզապես վերլուծում մեր հետ կատարվածը։ Ժամանակակից մարդը ուշադրությունը կենտրոնացնելու խնդիր ունի։ Մենք երկար տեքստեր դժվարությամբ ենք կարդում, որովհետև մեր աչքը սովորել է կարճլիկ գրառումներին։ Կամ դժվար է կենտրոնանալ որևէ գործի վրա առանց պարբերաբար ֆեյսբուքը կամ այլ սոցցանցը ստուգելու։ Շատ հոգեբաններ խորհուրդ են տալիս հեռախոսը դնել մահճակալից շատ հեռու, հեռախոսի զարթուցիչը փոխարինել սովորական զարթուցիչով, արթնանալ ու պարզապես մտածել օրվա անելիքների մասին, հանգիստ նախաճաշել, կենտրոնանալ ուտելիքի համի վրա ու շարունակել օրն այդպես։ Փորձեք ու կտեսնեք՝ ինչպես է փոխվում ձեր կյանքի որակը։ 
Պետք է հիշել ու մտքում պահել, որ տարբեր հավելվածներ ունեն իրենց մարտավարությունն ու հոգեբանների խումբը, խորհրդակցում են վարքային հոգեբանների հետ, ուսումնասիրում մարդու առանձնահատկությունները, որպեսզի հնարավորինս հմտորեն թակարդեն ու ստիպեն մարդկանց շատ ժամանակ անցկացնել վիրտուալ տարածքում։ Ուշադի՛ր եղեք ու թույլ մի տվեք կառավարել ձեր կյանքն ու ժամանակը։

Կարդացեք նաև

Ներդաշնակություն

Ինչպիսին է հասուն մարդը ըստ Աբրահամ Մասլոուի

Ըստ ամերիկացի հոգեբան Աբրահամ Մասլոուի՝ բնակչության միայն 1%-ն է հասուն։ Այդ մեկ տոկոսը կազմող անհատները հոգեբանորեն առողջ և մարդկային էությունն առավելագույն չափով արտահայտող մարդիկ են:

25.12.2017
Ներդաշնակություն

15 քայլ դեպի ինքնավստահություն

Դուք պասիվ օբյեկտ չեք, որի վրա թափվում են անհաջողությունները, դուք ձեր ծնողների հույսերի մարմնավորումն եք, Աստծո նմանությամբ ստեղծված անկրկնելի անհատականություն, ով ինքն է կառավարում իրադարձությունները:

25.12.2017
Ներդաշնակություն

Ինչպես կառավարել ժամանակը

Ժամանակի կառավարման շնորհիվ մենք կարողանում ենք նվազեցնել մեր կյանքում առկա սթրեսը՝ նույնիսկ հասցնելով այն նվազագույնի: Ժամանակն առավել արդյունավետ օգտագործելու համար մասնագետները մի շարք խորհուրդներ են տալիս...

25.12.2017