Դեպրեսիա՝ դարի հիվանդություն

Մեր օրերում ավելի ու ավելի հաճախ ենք լսում «դեպրեսիա» բառը: Ամեն քայլափոխի կլսենք «ես դեպրեսիայի մեջ եմ» արտահայտությունը: Դեպրեսիա բառը շատ անգամ ուղղակի նույնականացվում է  վատ տրամադրության հետ: Եթե մի օր առավել ալարկոտ են լինում, չեն ուզում շփվել մարդկանց հետ, միանգամից համարում են, որ իրենց մոտ դեպրեսիա է: Իրականում այդպես չէ: Այն, ինչ նշվեց վերևում, ընդամենը դեպրեսիայի մի մասն է կազմում:

Իրականում դեպրեսիան համարվում է  հիվանդություն և  ենթադրում լուրջ բուժում: Այն անդրադառնում է մարդու ամբողջ օրգանիզմին՝ և՛ հոգեբանական ոլորտին, և՛ ֆիզիոլոգիական: Հոգեբանական դրսևորումների մեջ կարող ենք նշել ճնշված տրամադրությունը, անընդհատ տխրությունը, հուսահատությունը, ձանձրույթը, տագնապը, ներքին լարվածությունը, գրգռվածությունը, մեղքի զգացումը, ինքնամեղադրումը, ինքնագնահատականի անկումը, հաճույք ստանալու անկարողությունը և այլն: Ֆիզիոլոգիական դրսևորումների մեջ կարող ենք նշել քնի խանգարումը (անքնությունը կամ քնկոտությունը), ախորժակի փոփոխությունը, աղիների աշխատանքի խանգարումը (փորկապություններ), սեքսուալ ակտիվության  նվազումը, թուլությունը, շուտ հոգնելը, մարմնի տարբեր մասերում ցավերը:

Դեպրեսիայով տառապող մարդիկ սովորաբար չեն ուզում սոցիալական շփումներ ունենալ, մեկուսանում են, հրաժարվում են հաճույքներից, հիմնականում բացասական հույզեր և մտքեր են ունենում: Առավել սուր դեպքերում մարդիկ դիմում են ալկոհոլի կամ թմրանյութերի «օգնությանը»: Իսկ շատ սուր դեպքերը կարող են հանգեցնել անգամ ինքնասպանության:

Մարդիկ շատ դժվար են դեպրեսիան ախտորոշում իրենց մոտ: Նրանք հակված են դա մեկնաբանել որպես վատ բնավորություն, տխրություն, ալարկոտություն և այլն: Գուցե վերը թվարկածից շատ բաներ գտաք ձեր բնավորության մեջ: Դա նորմալ է, բոլոր մարդիկ էլ երբեմն չեն ուզում շփվել մարդկանց հետ, տխրում են, հուսահատվում են, լարվում են և այլն: Դրանք նորմալ մարդկային ապրումներ են, սակայն եթե դրանցից շատերը միաժամանակ են հանդես գալիս և բավականաչափ երկար ժամանակահատվածում, գուցե անհրաժեշտություն կա մասնագետի դիմելու՝  հասկանալու համար՝ արդյո՞ք դա դեպրեսիա է, թե՞ ոչ:

Մասնագետները դեպրեսիան համարում են դարի հիվանդություն: Այն շատ տարածված է և միտում ունի է՛լ ավելի տարածվելու: Ինֆորմացիոն խառնաշփոթին մարդիկ հաճախ ուղղակի չեն դիմանում: Այն բուժվող հիվանդություն է և ճիշտ ու գրագետ մոտեցումը կօգնի հաղթահարել այն:

Մ. Փահլևանյան

Կարդացեք նաև

Սթրես

Ի՞նչ փուլերով է ընթանում սթրեսը

Մարդու կյանքում սթրեսային իրավիճակները կարող են միանգամայն տարբեր լինել` սթրես աշխատավայրում, հարազատի կորուստ, ֆինանսական դժվարություններ, առողջական խնդիրներ և այլն:

20.12.2016
Սթրես

Տագնապ. սուր տագնապային խանգարում

Սուր տագնապային խանգարումն առաջ է գալիս, երբ մարդը բախվում է չափազանց տրավմատիկ սթրեսորի: Այն բնորոշվում է հետևյալ ախտանշաններից ամենաքիչը երեքի առկայությամբ.

20.12.2016
Սթրես

Մեկուսացման 3 տեսակ

Մեկուսացումը պետք է տարանջատել մենակությունից։ Մենակությունը պայմանավորված է սոցիալական, աշխարհագրական կամ մշակութային գործոններով, այնինչ մեկուսացումը շատ ավելի խորքային բնույթ ունի։

20.12.2016