Մտածողությունը և սթրեսը

Սթրեսի տեսության հեղինակ Հ. Սելյեն պնդում էր, որ իր կյանքում ապրած սթրեսների մեծ մասը հրահրվում ու ստեղծվում են հենց մարդու կողմից, քանի որ կարևոր է ոչ թե այն, թե ինչ է տեղի ունենում մարդու հետ, այլ այն, թե ինչ կերպ է մարդն ընկալում իրավիճակը և ինչպես է դրան վերաբերվում: Հիմնական հայեցակետը, որի վրա հիմնվում են սթրեսի կառավարմանն ուղղված խորհուրդները, հանգում է այն բանին, որ օրգանիզմում պաթոլոգիկ փոփոխությունների հանգեցնող իրողությունների շղթան պետք է քանդել: Դեռ հնագույն փիլիսոփաները խոսել են այն մասին, որ մարդու արձագանքն իրավիճակին կախված է ոչ թե իրավիճակից, այլ այն մտքերից, որ նա ունի իրավիճակի մասին: Սթրեսային արձագանքը ևս նման բնույթ ունի:

Գոյություն ունեն մտածողության մի շարք սխալներ, որոնք հանգեցնում են մեծ, չարդարացված սթրեսի: Քննարկենք ավելի հաճախ նկատվող սխալներից մի քանիսը:

Սև ու սպիտակ մտածողություն. աշխարհն ընկալվում է սև ու սպիտակ գույներով, առանց երանգների և միջանկյալ գույների: Մարդը մտածում է «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքով, սպասումների և իրականության ամենափոքր անհամապատասխանության դեպքում իրեն համարում է կատարյալ անհաջողակ:

Չափից շատ ընդհանրացումներ. եզակի փաստերի վրա հիմնվելով` մարդը ձևավորում է ընդհանրական (և ոչնչով չհիմնավորված) եզրակացություն: Հաճախ է գործածում «երբեք, ոչ ոք, ոչինչ, բոլորը, ամեն ինչ, միշտ» արտահայտությունները:

Կատաստրոֆիզացիա կամ աղետավորում. սա յուրահատուկ «ճանճը փիղ դարձնել» է: Գիտակցության մեջ բացասական իրողությունը չափազանցվում է ողբերգության աստիճան: Ավելի հաճախ գործածվում են «մղձավանջային, սարսափելի, ահավոր, աղետալի» և նման այլ արտահայտություններ:

Սուբյեկտիվացում . «ճանճը փիղ դարձնելու» այլ տարբերակ է, երբ մարդը տրամադրված է իրողությանը կոնկրետ բացատրություն տալու և համառորեն փորձում է դրան հիմնավորում գտնել: Եթե նման հիմնավորում չի գտնվում, հիմնավորումը ստեղծվում է այն ամենից, ինչ կա «ձեռքի տակ», այդ թվում նաև սեփական հույզերից:

Չափից շատ հոռետեսություն. այս դեպքում փոքրացվում են լավ փաստերը և գերագնահատվում վատերը: Մարդն ուշադրություն է դարձնում կյանքի միայն վատ կողմերի վրա` համառորեն անտեսելով լավ պահերը:

Երազկոտություն ու իրականության մերժում. մարդը լի է գունագեղ, բայց բացարձակ ոչ իրական սպասումներով` իրենից, ուրիշներից, աշխատանքից, մասնագիտությունից, շրջապատող աշխարհից և այլ երևույթներից: Ընդ որում` այդ ընթացքում նա հաճախ չի նկատում իրական խնդիրները կամ համոզում է իրեն, որ խնդիր չկա, չնայած որ այն բացահայտ է:

Չափից շատ պահանջկոտություն. մարդն իրեն, ուրիշներին ու աշխարհին ընդհանուր առմամբ չափազանցված պահանջներ է ներկայացնում, մեծ ջանքեր է ներդնում դրանց իրականացման համար: Հաճախ գործածվում է «պարտավոր եմ կամ են, պետք է» արտահայտությունները:

Գնահատականներ և պիտակներ. մարդը «ստանձնում է» խիստ դատավորի դեր և մտովի դատավճիռներ է կայացնում իր կամ ուրիշների վերաբերյալ: Օրինակ` «ես անհաջողակ եմ» կամ «նա վատ մարդ է» և այլն:

Հեդոնիստական մտածողություն. ուղղված է միայն հաճույք ու բավարարվածության զգացում ունենալուն և տառապանքի ու սահմանափակումների բացարձակ բացառմանը: Հաճախ գործածվում են «ես դրան չեմ դիմանա», «դա ինձ հենց այս պահին է պետք», «դա չափազանց դժվար է» արտահայտությունները:

Կպչուն մտածողություն. մարդն անընդհատ վերադառնում է միևնույն մտքին, այնքան մինչև այն չի ծածկում ամբողջ գիտակցությունը: Ընդ որում` խնդիրը լուծելու համար ամեն հաջորդ քայլն ավելի անարդյունավետ է դառնում:

Մտածողության այսպիսի սխալներ ժամանակ առ ժամանակ անում են բոլորը: Դրանց բացահայտումը սթրեսի կառավարման ամենակարևոր մասն է կազմում: Դա կարելի է անել և' մենակ, և' հոգեբանի օգնությամբ: Իհարկե, երկրորդ դեպքում արդյունքի կարելի է ավելի արագ հասնել, բայց ինքնուրույն աշխատանքի դեպքում ևս կարելի է զգալիորեն բարելավել սթրեսի կառավարման սեփական կարողությունը:

Կարդացեք նաև

Սթրես

Ի՞նչ փուլերով է ընթանում սթրեսը

Մարդու կյանքում սթրեսային իրավիճակները կարող են միանգամայն տարբեր լինել` սթրես աշխատավայրում, հարազատի կորուստ, ֆինանսական դժվարություններ, առողջական խնդիրներ և այլն:

20.12.2016
Սթրես

Տագնապ. սուր տագնապային խանգարում

Սուր տագնապային խանգարումն առաջ է գալիս, երբ մարդը բախվում է չափազանց տրավմատիկ սթրեսորի: Այն բնորոշվում է հետևյալ ախտանշաններից ամենաքիչը երեքի առկայությամբ.

20.12.2016
Սթրես

Դեպրեսիա՝ դարի հիվանդություն

Մեր օրերում ավելի ու ավելի հաճախ ենք լսում «դեպրեսիա» բառը: Ամեն քայլափոխի կլսենք «ես դեպրեսիայի մեջ եմ» արտահայտությունը: Դեպրեսիա բառը շատ անգամ ուղղակի նույնականացվում է վատ տրամադրության հետ:

20.12.2016