Սովորում ենք հաղթահարել սթերսը

Սթրեսն օրգանիզմի պատասխան ռեակցիան է արտաքին ազդակներին, որի ժամանակ մարդը լարվածություն է զգում: Այդպիսի իրավիճակները շատ տարբեր են լինում: Համապատասխանաբար առանձնացնում են սթրեսի մի քանի տեսակ, որոնցից առավել հաճախ հանդիպողներն են`

  • Հուզական սթրես, որը կապված է պարբերաբար կրկնվող ապրումների հետ:

  • Ինտելեկտուալ սթրես, որը կապված է կարճ կամ խիստ սահմանափակ ժամանակահատվածում երկար և բարդ նյութը մտապահելու, հասկանալու հետ:

Սթրեսը կարող է պայմանավորված լինել տարաբնույթ իրադարձություններով, բայց օրգանիզմի պատասխանը դրան սկզբունքորեն նույնն է լինում: Պատահական չէ ընտրված սթրեսի մյուս անվանումը` «ընդհանուր հարմարման ախտանիշ», այսինքն` օրգանիզմի ադապտացիոն ռեակցիների ընդհանրությունն այնպիսի բարդ իրավիճակին, որում հայտնվում է: Այս ռեակցիայի էությունն այն է, որ օրգանիզմն իրեն նախապատրաստում է որոշակի ֆիզիկական լարվածության` պայքարի կամ փախուստի:

Ժամանակակից հասարակության մեջ ապրող մարդը, սակայն, առաջացած դժվարություններին այլևս ֆիզիկական ուժով և փախուստով հակազդելու հնարավորություն չունի: Այդ հակազդումը կարող է  արտաքնապես նույնիսկ չարտահայտվել, մարդը կարող է այն այսպես ասած՝ ներս գցել, ինչը կարող է հանգեցնել մի շարք լուրջ հիվանդությունների: Միգուցե հիմա դա չեք զգում, բայց շատ մեծահասակներ, տարեցներ բառի բուն իմաստով դա իրենց մաշկի վրա են զգում: Հենց լարվածություն են զգում, մեկ գլուխն է սկսում ցավել, մեկ` սիրտը: Սթրեսները կարող են նաև հարուցել մի շարք այլ հիավանդություններ ևս, օրինակ` ստամոքսի կամ  աղիների խոց, բրոնխիալ ասթմա և նույնիսկ բոլորի համար սովորական մրսածություն: Վաղուց արդեն ապացուցված է այն փաստը, որ մրսածություն կարող է առաջանալ ոչ միան մրսելուց, այլև հուզական ծանրաբեռնվածությունից:

Իր զարգացման ընթացքում յուրաքանչյուր սթրես անցնում է  երեք փուլով`

1. Տագնապայնության փուլ: Սա օրգանիզմում բոլոր ուժերի համախմբման փուլն է: Փոքրիկ սթրեսներն այս փուլում նույնիսկ շատ օգտակար են, քանի որ հանգեցնում են աշխատունակության բարձրացմանը:

2. Դիմադրության փուլ: Սա օրգանիզմի ռեսուրսների հավասարակշռման փուլն է: Արտաքինից ամեն ինչ լավ է, մարդը կարողանում է լուծել առաջացած խնդիրները, բայց եթե այս փուլը շատ երկար է տևում  և չի ուղեկցվում հանգստով, նշանակում է՝ օրգանիզմն աշխատում է գերլարումով: Վաղ թե ուշ մեր ուժերը սպառվում են, և մենք սկսելու ենք հյուծվել:

3. Հյուծման փուլ (դիսթրես): Մարդը թուլություն է զգում, կոտրտվածություն, իջնում է աշխատունակությունը, կտրուկ բարձրանում է հիվանդանալու հավանականությունը: Որոշ ժամանակ կամքի ուժով հնարավոր է շարունակել աշխատել, բայց ոչ շատ երկար, անպայման պետք է հանգստանալ, այլապես առողջությունը կարող է շատ լուրջ վնասվել:

Ավելի մեծ սթրեսի մեզ ենթարկում են այն իրավիճակները, որոնք անակնկալ են լինում և չեն ենթարկվում մեր վերահսկողությանն ու կամքին: Երբ հնարավոր է  լինում կանխատեսել իրադարձությունները, սթրեսն ավելի քիչ է լինում։ Ընդհանրապես, իրավիճակը սթրես կառաջացնի, թե ոչ, կախված է ոչ այնքան իրավիճակից կամ դրա անսպասելությունից, որքան այդ իրավիճակի ընկալումից:  Օրինակ` ենթադրենք դու իմացել ես, որ ուսումնական տարվա ավարտին պետք է շատ բարդ քննություն հանձնել, ինչպե՞ս կընդունես այդ փաստը:

1.Սպառնալիք-իրադարձություն, որը կարող է վնասել քեզ կամ անհանգստություն պատճառել: Քննությունը հնարավոր է չհանձնել, արդյունքում չես կարող բուհ ընդունվել, և կարող ես խայտառակվել բոլոր ծանոթներիդ աչքում:

2.Կանչ-իրադարձություն, որից կարող ես օգուտ քաղել մեծ ջանքեր ներդնելու շնորհիվ: Ի՞նչ ես կարծում, ինչպիսի օգուտ կարելի է քաղել քննությունից: Օրինակ` քննությունների ժամանակ հիանալի կերպով մարզվում է սթրեսակայունությունը, իսկ ժամանակակից կյանքում դա շատ կարևոր է:

Ինչպե՞ս են կապված սթրեսի մակարդակն ու գործունեության իրականացաման արդյունավետությունը: Եթե գործունեությունը հեշտ է և ծանոթ, սովորական սթրեսը բարձրացնում է աշխատունակությունը, իսկ եթե գործունեությունը քեզ համար բարդ է, ոչ այնքան ծանոթ և ինտելեկտուալ ծանրաբեռնվածություն է ենթադրում, ապա  դրանով ավելի լավ է զբաղվել հանգիստ միջավայրում` բացառելով այլ սթրեսորների առկայությունը:

Ինչպե՞ս զարգացնել սթրեսակայունությունը: Առաջին հերթին՝ այն մարզելով: Այսինքն` նպտակաուղղված գնացեք այն ուղղություններով, որոնք սթրես են առաջացնում և սովորեք ղեկավարել այն: Հիշո՞ւմ եք, մենք ասում էինք, որ սթրեսը սկզբունքորեն օրգանիզմի նույն ռեակցիան է անկախ այն բանից, թե ինչ անբարենպաստ պայմաններ են ազդել օրգանիզմի վրա: Ահա այսպես էլ սթրեսակայունությունը քո օրգանիզմի ընդհանուր հատկությունն է, այլ ոչ թե այն իրավիճակի, որը լարվածություն է առաջացնում: Մարզում ես այդ հմտությունը մի իրավիճակի համար, և այն մեխանիկորեն օգտագործվում է նաև այլ դեպքերում: Օրինակ` մարդիկ, ովքեր զբաղվում են պրոֆեսիոնալ սպորտով և սովոր են ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածություններին, ավելի հեշտ են հաղթահարում քննական  շրջանի լարվածությունը: Սովորում ես հաղթահարել սթրեսն ինչ-որ մի իրավիճակում` միաժամանակ բարձրանում է այլ իրավիճակներում սթրեսակայունությունը, նույնիսկ եթե այդ իրավիճակներն իրար ընդհնարապես նման չեն:

Սթրեսակայունության զարգացման համար միակ  և ամենակարևոր խորհուդը հետևյալն է` լիարժեք քուն առ: Բավական շատ երիտասարդներ գրեթե միշտ հոգնած են, սթրեսների նկատմամբ անկայուն միայն մի պատճառով. նրանք պահանջվածից շատ քիչ են քնում: Իսկ որքա՞ն է անհրաժեսշտ քնել, և ինչպե՞ս պետք է այդ ժամաքանակը բաշխել օրվա մեջ: Հիշիր քո կյանքից մի փուլ, երբ կարելի էր քնել, երբ ցանկանայիր և որքան ցանկանայիր: Որքա՞ն ժամանակ էիր քնում: Հենց դա էլ քո քնի չափի ֆիզիոլոգիական պահանջն է: Երիտասարդների համար միջին տևողությունը 8-9 ժամն է, և այդ ժամանակահատվածն առանց սեփական առողջությանը վնասելու պակասեցնելը գրեթե անհնար է:

Շատերը կարծում են, որ այն մարդը, ով առավոտյան վաղ է արթնանաում` ավելի դաստիարակված է, աշխատասեր, հաջողակ, քան երկար քնել սիրողը: Իրականում այն, թե ինչ տեսակի է մարդն իր ռեժիմով` բու, թե արտույտ, պայմանավորված է իր օրգանիզմի առանձնահատկություններով, ինչ-որ չափով նաև սովորություններով:

Ինչպե՞ս նվազեցնել սթրեսների ազդեցությունը

Հստակեցրու գործունեության քեզ համար ամենաարդյունավետ տեմպը: Որոշ մարդկանաց բավականին շատ ժամանակ է անհրաժեշտ գործը սկսելու համար: Փոխարենը նրանք դրանից հետո կարող են շատ արագ և արդյունավետ աշխատել, իսկ որոշները պատրաստ են միանգամից սկսել աշխատանքը և սկզբնական շրջանում շատ արդյունավետ իրականացնել այն, փոխարենը նրանք չեն կարողանում երկար ժամանակ զբաղվել միևնուն գործով:

Ուշադիր եղիր և որոշիր, թե որ խմբին ես պատկանում: Եթե  պատկանում ես առաջին խմբին, ապա ընտրիր այնպիսի աշխատանք, որը երկար ժամանակ կպահանջի, որը կսկսես և կհասցնես ավարտին: Իսկ եթե մյուս խմբին ես պատկանում, ապա գտիր այնպիսի աշխատանք, որը կատարելու համար շատ կարճ ժամանակ կպահանջվի և չի լինի միօրինակ:

Որոշիր աշխատանքիդ առաջնահերթությունը:  Սկզբում արա ամենակարևորներն ու առաջնայինները, հետո՝ մյուսները: Հաճախ սթրեսը կապված է այն բանի հետ, որ մարդը միաժամանակ երկու կամ մի քանի աշխատանք է կատարում: Արդյունքում նա չի կարողանում կատարել դրանցից և ոչ մեկը: Ավելի լավ է սկսել մեկը, հասցնել ավարտին և հետո անցնել մյուսին, քան միանգամից մի քանի գործ սկսել և արդյունքում ոչինչ էլ չանել:

 

Կարդացեք նաև

Սթրես

Ի՞նչ փուլերով է ընթանում սթրեսը

Մարդու կյանքում սթրեսային իրավիճակները կարող են միանգամայն տարբեր լինել` սթրես աշխատավայրում, հարազատի կորուստ, ֆինանսական դժվարություններ, առողջական խնդիրներ և այլն:

20.12.2016
Սթրես

Տագնապ. սուր տագնապային խանգարում

Սուր տագնապային խանգարումն առաջ է գալիս, երբ մարդը բախվում է չափազանց տրավմատիկ սթրեսորի: Այն բնորոշվում է հետևյալ ախտանշաններից ամենաքիչը երեքի առկայությամբ.

20.12.2016
Սթրես

Դեպրեսիա՝ դարի հիվանդություն

Մեր օրերում ավելի ու ավելի հաճախ ենք լսում «դեպրեսիա» բառը: Ամեն քայլափոխի կլսենք «ես դեպրեսիայի մեջ եմ» արտահայտությունը: Դեպրեսիա բառը շատ անգամ ուղղակի նույնականացվում է վատ տրամադրության հետ:

20.12.2016