Տագնապի աշխարհ

Մենք լսում և ասում ենք այս արտահայտությունները եթե ոչ ամեն օր, ապա շատ հաճախ․

«Այնքան անհամբեր եմ, որ չեմ կարողանում քնել»,

«Չարժե այդքան շատ անհանգստանալ»,

«Ինչքան անհանգիստ մարդ է»,

«Մեր անհանգիստ ժամանակները»։

Շատ հետազոտողներ մեր դարն անվանում են «տագնապի դար», դրա մեջ կա որոշակի ճշմարտություն: Տագնապի մեջ, սակայն, կա նաև ինչ-որ տարօրինակ ձգողականություն, որից հոգին սառչում է: Այդպես է լինում, երբ հանկարծ հայտնվում ես արագընթաց գնացքի մոտ և զգում, թե ինչպես է սկսում կլանել քեզ այդ կատաղի շարժումը: Հետևաբար այդ պատճառով է, որ մենք այդքան շատ ենք սիրում մարտաֆիլմերը, դետեկտիվները, հին ու բարի արկածային սիրավեպերը կամ սարսափելի հեքիաթները, քանի որ դրանք անվտանգ զրույցի են բռնվում մեր տագնապի հետ: Ո՞վ գիտե...

Բայց ինչի՞ մասին ենք մենք հատկապես խոսում: Ի՞նչ է տագնապը: «Տագնապն այն  է, երբ ես անհանգիստ եմ», - ասաց մի փոքրիկ տղա: Եվ, իսկապես, կողքից դիտելով՝ տագնապային վիճակն ընկալվում է նախ և առաջ որպես անհանգստություն: Ծանր դեպքերում տագնապը ստիպում է մարդուն փնտրել «հինգերորդ անկյուն». նա չի կարող մնալ նույն տեղում, դեմքն աղավաղված է վախով կամ սարսափով: Այդ վիճակներին հաճախ ականատես են լինում հոգեբույժները տարաբնույթ փսիխոզների դեպքում: Կլինիկայի պատերից դուրս դա, օրինակ, երեխա կորցրած մոր վիճակն է: Հենց անհանգիստ վարքով ենք մենք ճանաչում տագնապը. մարդն անընդմեջ կանգնում ու նստում է կամ քայլում զրույցի ժամանակ, ինչ-որ բան է պտտեցնում ձեռքերում, ոլորում է հագուստի կոճակները, ուղղում է հագուստը, նրա ձայնը դողում է կամ խոսելիս երկմտում է, ինչ-որ բան է իջեցնում, բարձրացնում, մի տեղից մյուսը դնում, դառնում է իրեն ոչ հատուկ շատախոս, հարյուր անգամ ներողություն է խնդրում աննկատելի մանրուքների համար…

Մարմինն ունի նաև տագնապի այլ լեզու, որը հաճախ լսելի է միայն տվյալ մարդուն կամ շրջապատից քչերին: Սրտխփոց, շնչարգելություն, ամաչկոտություն, ձեռքերի կամ ծնկների դող, քրտնարտադրություն, քնի խանգարում` քնելու անկարողություն, գիշերային արթնացումներ, գլխացավ: Բավականին հաճախ տագնապի արտահայտում կարող է լինել մկանային լարվածությունը, որը մեկ ցավոտ է, մեկ` ոչ զգալի, սակայն ստիպում է ուսերն առաջ գցել, գլուխը` մի փոքր խոնարհել: Այս նշանները բոլորովին էլ պարտադիր չէ, որ միանգամից արտահայտվեն, սակայն պրակտիկորեն ընկալվում են որպես ինչ-որ տհաճ, անհարմար վիճակի մի մաս, ինչն ամբողջությամբ պարուրում է մարդուն: Հաճախ դրանք դժվար է առանձնացնել կամ հատ առ հատ նշել:

Վերջապես, տագնապը փոխում է ընկալումը և մտածողությունը: Այն դրանք կենտրոնացնում է վտանգի վրա` քողարկելով կամ ստվերելով մնացած ազդակները:

Սակայն անգամ այս ամենի դեպքում մարդը կարող է ինքն իրեն հաշիվ չտալ իր տագնապայնության համար և ենթադրել, որ ինքը լրիվ հանգիստ է: Սեփական տագնապայնության գիտակցումը մարդուն ոչ միշտ է հեշտությամբ տրվում, իսկ եթե անգամ տրվում է, ապա հաճախ կապվում է ոչ իրական պատճառների, այլ այս կամ այն արտաքին պայմանների հետ: Սակայն փորձված տագնապը դառնում է «օրինական և հասկանալի» ապրում, իսկ դրա մարմնական արտահայտություններն ընկալվում են որպես ֆիզիկական հիվանդություններ, որոնք փուլ առ փուլ բուժվում են և հաճախ անհաջող:

Տագնապն ու վախը խիստ նման են միմյանց: Դրանք տարբերելը դժվար է: Վախն այն ժամանակ, երբ մութ փողոցում ձեզ է մոտենում ագրեսիվ երիտասարդների մի խումբ, բոլոր դեպքերում տարբերվում է տագնապի այն անհարմար և շփոթեցնող զգացումից, որը դուք կարող եք ունենալ նոր պայմաններում անծանոթ մարդկանց շրջապատում: Հետազոտողները հաճախ նշում են, որ վախը սուր կամ ժամանակավոր վիճակ է, մինչդեռ տագնապը խրոնիկական է կամ շատ երկարատև է: Ուրիշներն ասում են, որ վախը միշտ իր ճիշտ հասցեն ունի՝ վախ բարձրությունից, միջատներից, մահից կամ գնացքով երթևեկելուց, իսկ տագնապը վախն է առանց հասցեատերերի: Երրորդներն ուշադրություն են դարձնում այն բանին, որ վախը կապված է «ի՞նչ» հարցի հետ, իսկ տագնապը՝ «ինչի՞ համար, ու՞մ համար»: Չորրորդները կարծում են, որ վախն առաջանում է իրական իրադարձություններից, իսկ տագնապը պահվում է երևակայության մեջ: Տագնապը թարմացվում է ապրած վախի փորձով, իսկ վախը՝ միշտ այստեղ և հիմա է, այն ինձ շղթայում է ներկայում: Տագնապը միշտ անցյալի պրոյեկցիան է ապագայում, որը թափանցում է իմ մեջ հիմա և դուրս է մղում ներկայից: Այդ իմաստով տագնապը նման է մշտական վախին: Վախի հայացքը գամված է աչքի առաջ գտնվող ինչ-որ բանի վրա, տագնապի հայացքն ուղղված է դեպի ներս, ինչ-որ տեղ, որտեղ ապագան երևում է որպես անցյալի շարունակություն կամ կրկնություն:

Տագնապն ինքն իրենով ոչ լավն է, ոչ վատը: Նրա առաջնայի դերը պաշտպանելն է: Տագնապ զգալու ունակությունն ապագան կանխատեսելու ունակության և անվտանգության մտապատրանքների գերության մեջ չհայտնվելու վկայությունն է, սեփական կյանքն այլ մարդկանց և աշխարհի հետ խոր կապերով ապրելու ունակությունը, այլ ոչ թե միայն այն շահագործելու և հիշողությունից որպես ավելորդ մի բան դուրս նետելու ունակությունը:

Այն ամենը, ինչ այստեղ ասված է, միայն ակնարկներ են, որոնք դրդում են առավել պարզ տեսնել սեփական տագնապը, ընկալել դա սեփական կյանքի կոնտեքստում, որովհետև սեփական վախը որպես փաստ չճանաչելով և որպես կյանքի մի մաս չընդունելով՝ մենք ուղղակի չենք կարող հաղթահարել դրանք: Իսկ երբ դրանք սկսում են խանգարել, մենք չեզոքացնում ենք դրանք դեղերով և մեզ կանգնեցնում անօգնական մնալու վտանգի առաջ:

 

ВИКТОР  КАГАН – Понимая себя взгляд психотерапевта

Կարդացեք նաև

Սթրես

Ի՞նչ փուլերով է ընթանում սթրեսը

Մարդու կյանքում սթրեսային իրավիճակները կարող են միանգամայն տարբեր լինել` սթրես աշխատավայրում, հարազատի կորուստ, ֆինանսական դժվարություններ, առողջական խնդիրներ և այլն:

20.12.2016
Սթրես

Տագնապ. սուր տագնապային խանգարում

Սուր տագնապային խանգարումն առաջ է գալիս, երբ մարդը բախվում է չափազանց տրավմատիկ սթրեսորի: Այն բնորոշվում է հետևյալ ախտանշաններից ամենաքիչը երեքի առկայությամբ.

20.12.2016
Սթրես

Դեպրեսիա՝ դարի հիվանդություն

Մեր օրերում ավելի ու ավելի հաճախ ենք լսում «դեպրեսիա» բառը: Ամեն քայլափոխի կլսենք «ես դեպրեսիայի մեջ եմ» արտահայտությունը: Դեպրեսիա բառը շատ անգամ ուղղակի նույնականացվում է վատ տրամադրության հետ:

20.12.2016