Սոցիոֆոբիա

Սոցիոֆոբիան հաճախ սկսվում է դեռահասության տարիքում և իրենից ներկայացնում է վառ արտահայտված, կայուն վախ` պայմանավորված մեկ կամ մի քանի սոցիալական իրավիճակներով, երբ անհատը բախվում է անծանոթ մարդկանց գնահատականներին: Անձը չափազանց անհանգստանում է, որ իր գործողությունները կվարկաբեկեն իրեն կամ կգցեն շփոթմունքի մեջ: Այսպիսի մարդիկ ամեն ինչ անում են, որպեսզի խուսափեն այդպիսի իրավիճակներից: Վախեցնող իրավիճակը գրեթե միշտ հանգեցնում է տագնապի առաջացման, որը կարող է արտահայտվել խուճապի նոպաներով:

Պետք է նշել, որ մարդը գիտակցում է իր վախի անհիմն կամ չափազանցված լինելը: Սոցիալական ֆոբիաները կարող են լինել առանձին. օրինակ` կապված ուրիշների ներկայությամբ ուտելու, հասարակության առջև ելույթ ունենալու հետ և այլն, կամ դիֆուզ` ներառելով ընտանիքից դուրս բոլոր սոցիալական իրավիճակները: Երեխաների վախը նմանատիպ իրավիճակներում կարող է արտահայտվել լացով, կամակորությամբ, տեղում քարանալով կամ անծանոթ մարդկանց հետ շփումից խուսափելով:

Սոցիոֆոբիա ունեցող դեռահասներն անհանգստանում են ամենաչնչին առիթներով, վախենում են անփույթ երևալուց և ամաչում են ուսուցչին հանձնել տետրը կամ կոճկել վերարկուն բոլորի աչքի առաջ, կամ խանութում վաճառողին որևէ բան ասել: Առավել հաճախ նրանց անհանգստացնում է մարդկանց ներկայությամբ որևէ բան անելու անհրաժեշտությունը: Նրանք վախենում են, որ դաս պատասխանելիս կսկսեն կակազել, որ իրենց հարցը հիմար կհնչի, որ ուրիշների մոտ ճաշելիս կարող են գցել ափսեն կամ թափել հյութը: Հատկապես մեծ է լինում նրանց տագնապը, երբ գտնվում են հեղինակություն վայելող մարդկանց կամ հասակակիցների շրջապատում: Սոցիոֆոբիայով տառապող դեռահասները սովորաբար ավելի հուզական են, ավելի տխուր և ինքնամփոփ, քան մյուս երեխաները: Նրանք հաճախ են հայտնվում տհաճ իրավիճակներում, որոնք հաճախ չեն կարողանում հաղթահարել սոցիալական հաղորդակցության հմտությունների պակասի պատճառով: Այս երեխաները ցանկանում են դուր գալ ուրիշներին, սակայն նրանք այնքան են վախենում անել մի բան, որը կարող է քննադատության արժանանալ, որ իրենց մատնում են միայնության և տանջանքների: Այդ վախը խանգարում է նրանց հարաբերություններ կառուցել, ինչին նրանք շատ են ձգտում: Ծայրահեղ ծանր դեպքերում այդպիսի երեխաների մոտ կարող է գեներալիզացված սոցիոֆոբիա ձևավորվել: Նրանք սկսում են վախենալ գրեթե բոլոր սոցիալական իրավիճակներից. վախենում են հանդիպել կամ խոսել անծանոթ մարդկանց հետ, խուսափում են այլ մարդկանց հետ շփումից, բացի ընտանիքի անդամներից, նրանց համար շատ դժվար է դպրոց հաճախելը, ակտիվ հանգստի մասնակցելը և, ընդհանրապես, սոցիալական հաղորդակցման հմտություններ սովորելը:

Սոցիֆոբիայի հետ կապված տագնապը կարող է այնքան ուժեղ լինել, որ առաջացնի կակազություն, առատ քրտնարտադրություն, ստամոքսի խանգարում, արագ սրտխփոց և այլն: Սոցիոֆոբիայով տառապող դեռահասները հաճախ համոզված են, որ իրենց ֆիզիկական ռեակցիաները շրջապատի մարդկանց թույլ են տալիս եզրակացնել, որ իրենք ադեկվատ չեն, ինչի հետևանքով դառնում են ավելի տագնապային: Արդյունքում արատավոր շրջան է սկսվում. սոցիֆոբիայով տառապող երեխաները կանխազգում են շփման մեջ իրենց անփութությունը, անհարմարությունն ու անհաջողությունը, ինչը տագնապ է առաջացնում, երբ նրանք ընկնում են վախենալի իրադրության մեջ: Դա էլ իր հերթին հանգեցնում է նրանց տագնապի խորացմանը և ֆիզիկական նախանշանների դրսևորման ուժգնացմանը: Արդյունքում, նրանք սկսում են խուսափել սոցիալական շփումներից` չհամարձակվելով զանգել օրինակ դասընկերոջը տնային հանձնարարություններն իմանալու համար կամ ամաչում են ուսուցչին խնդրել, որ բացատրի նյութը, նրանք չեն կարողանում ստիպել իրենց և վերցնել խոսափողը, որպեսզի պատասխանեն հեռախոսազանգին և այլն: Խուսափումը շատ ծայրահեղ դեպքերում կարող է հանգեցնել լիակատար սոցիալական մեկուսացման:

                                                                                                                                                                                                                   Ա. Բարսեղյան

Կարդացեք նաև

Հարաբերություն

Սիրո բաղադրիչները և տարատեսակները

Սիրային հարաբերություններն ավելի հեշտ են կայանում և ավելի կայուն են լինում, երբ երկու մարդ համապատասխանում են միմյանց իրենց հոգեբանական առաձնահատկույթուններով, այլ  ոչ թե այն դեպքում, երբ կտրուկ տարբերվում են:

Հնս 05 2023
Հարաբերություն

Սիրո տասը գաղտնիքները

«Աշխարհում ամենալավ և ամենագեղեցիկ բաները չի կարելի ոչ տեսնել, ոչ էլ լսել…. Դրանք զգում ենք սրտով»․ Հելեն Կելլեր

Մյս 23 2023
Հարաբերություն

Ինչ պետք է իմանա մեզնից յուրաքանչյուրը

«Տեսնել ուրիշի հոգին քո հոգու միջոցով հսկայական բան է, և հենց դրանում է Ապոլոնի` «Ճանաչիր ինքնդ քեզ» պատգամի նշանակությունը»: (Ցիցերոն)

Մյս 25 2021