Ի՞նչ փուլերով է ընթանում սթրեսը

Մարդու կյանքում սթրեսային իրավիճակները կարող են միանգամայն տարբեր լինել` սթրես աշխատավայրում, հարազատի կորուստ, ֆինանսական դժվարություններ, առողջական խնդիրներ և այլն: Այդ տարբեր իրավիճակներին մեր օրգանիզմը և հոգեկան ներաշխարհն արձագանքում են մի շարք օրինաչափ ձևերով: Յուրաքանչյուր սթրեսային արձագանք ընթանում է երեք փուլով: Որոշ դեպքերում սթրեսային արձագանքը չի հասնում երրորդ փուլին, եթե մարդը կարողանում է հաղթահարել սթրեսը նախքան այդ փուլին հասնելը:

I. Նյարդային լարվածության փուլ: Ստեղծվում է վերոնշյալ իրավիճակների հետևանքով: Սովորաբար նման իրավիճակներում մարդու առաջին արձագանքը լինում է հուզական ընկճվածությունը, սեփական անձով անբավարարվածության զգացումը, անելանելիության զգացումը, տագնապը, անհանգստությունը, քնի խանգարումները, դեպրեսիան և այլն: Այսինքն այն բոլոր վարքային և հուզական դրսևորումները, որոնք մենք ունենում ենք, երբ հայտնվում ենք մեզ համար անցանկալի, չսպասված, տհաճ կամ անհարմար իրավիճակում:

II. Դիմադրության փուլ: Մարդն այս կամ այն կերպ փորձում է ինքն իրեն պաշտպանել բացասական ազդեցություններից, փոխել իրավիճակը, լուծել կոնֆլիկտը, գումար հայթայթել խնդրի լուծման համար և այլն: Այս շրջանում մարդը կարող է ոչ համապատասխան հուզական արձագանքներ տալ, կարող է լինել դյուրագրգիռ, զայրանալ ամեն մանրուքից, մի բանից շատ զայրանալ, մյուսի հանդեպ առհասարակ անտարբեր մնալ, կարող է որոշ ժամանակ ապակողմնորոշված լինել, մասնագիտական ոլորտում ավելի անուշադիր դառնալ կամ կոնկրետ գործերն անել լավ, մյուսները` շատ թերի կատարել:

III. Սպառման փուլ: Այս փուլին բնորոշ է հոգեկան պաշարների սպառումը, հուզական տոնուսի նվազումը: Այս փուլին մարդիկ հասնում են այն դեպքերում, երբ նախորդ փուլում դրսևորած դիմադրությունն անարդյունավետ է եղել: Այս շրջանում մարդիկ կարող են մեկուսանալ, հոգնածություն զգալ, առհասարակ խուսափել շփումներից, ֆիզիկական ու հոգեմարմնական խանգարումներ ունենալ: 

Կարդացեք նաև

Եթե դուք հարազատ կամ մտերիմ մեկին եք կորցրել

Մասնագետները խորհուրդ են տալիս հետևել մի շարք կանոնների վիշտը և կորուստը ապրելու, դրանից առողջ դուրս գալու և հրաժեշտ տալու համար:

Հկտ 31 2023

Բռնի տեղահանված անձանց իրավիճակի և հոգեվիճակի մասին

Այս օրերին մեր հասարակությունը փորձում է դիմակայել ծանրագույն սթրեսային իրավիճակների՝ պատերազմական լարվածություն, կորուստներ, ծանր ֆիզիկական վնասվածքներ ստացած հայրենակիցներ, բռնի տեղահանում:

Հկտ 21 2023

Ինքնօգնության կանոններ ճգնաժամային փուլում

Արագընթաց հուզական այրումից և հյուծվելուց խուսափելու համար հետևեք մի քանի կանոնների:

Հկտ 17 2023