Հիպերակտիվությունը երեխաների մոտ արտահայտվում է տարիքային զարգացմանն անհամապատասխան անուշադրությամբ, ցրվելու հակումով, իմպուլսիվությամբ և գերշարժունությամբ:
Հետազոտողների մեծ մասը նկատել են դրսևորումների երեք բաղկացուցիչ մաս.
- ուշադրության դեֆիցիտ,
- իմպուլսիվություն,
- բարձր շարժողական ակտիվություն:
Կան նաև ուրիշ դասակարգումներ, որոնք իրենց մեջ ունեն նաև այլ որակներ.
- գերակտիվություն,
- ցրվածություն և թափթփվածություն,
- իմպուլսիվություն,
- բարձր գրգռվողականություն:
Մասնագետները կարծում են, որ գերակտիվությունը դրսևորվում է նաև ընկալման շեղումների մեջ: Դա հանգեցնում է նրան, որ երեխաները դժվարություններ են ունենում ուսման մեջ և շրջապատի կողմից սիրո ընդունման մեջ, որովհետև հաճախ սխալ են ընկալում առարկաները, տառերը, բառերը և այլն, իսկ հարաբերություններում դժվարություններ են ունենում, որովհետև սխալ են ընկալում ծնողների և շրջապատողների սիրո դրսևորումները:
Տարիքի հետ զուգընթաց, մինչև դեռահասություն գերակտիվությունը, հիպերակտիվությունը, որպես կանոն անցնում են, բայց իմպուլսիվությունն ու ցրվածությունը մնում են:
Հիպերակտիվության հիմքում որպես կանոն ընկած է գլխուղեղի մինիմալ դիսֆունկցիան:
Չնայած այն հանգամանքին, որ հիպերակտիվության դժվարություններով զբաղվում են շատ մասնագետներ` հոգեբանները, մանկավարժները, հատուկ մանկավարժները, հոգեբույժները, այնուամենայնիվ ծնողների և մանկավարժների շրջանում դեռևս պահպանվում է այն տեսակետը, որ հիպերակտիվությունը վարքային խնդիր է: Շատ հաճախ նույնիսկ այս խնդիրը համարում են ուղղակի դաստիարակության բացթողում, ինչպես նաև ամեն քայլափոխին երեխաներին կոչում են հիպերակտիվ՝ ուղղակի մի քիչ ավելի շարժուն լինելու պատճառով: Այս մոտեցումը արդարացված չէ:
Հիպերակտիվությունը համարվում է բժշկական խնդիր և այդ ախտորոշումը կարող է դնել միայն մասնագետ-բժիշկը:
Հիպերակտիվության պատճառը հիմնականում հղիության կամ ծննդաբերության պաթոլոգիաներն են, կյանքի առաջին տարիների ինֆեկցիաներն ու ինտոքսիկացիաները, ժառանգական նախատրամադրվածությունը:
Անուշ Ալեքսանյան
«Ինչ պետք է իմանան անցանկալի վարքի մասին մանկավարժները»