8. Եթե դեռահասը, ձեր կարծիքով, ընտրել է անհամապատասխան ընկերներ, ապա փորձեք հարգել նրա ընտրությունը. ավելի հաճախ երեխաները հասուն տարիքում նմանվում են իրենց ծնողներին: Տարբեր մարդկանց հետ ընկերություն անելով՝ դեռահասը մարզում է մարդկանց ճանաչելու իր կարողությունը, իրենից տարբեր մարդկանց հետ շփվելու և անհրաժեշտության դեպքում՝ նրանցից զգուշանալու հմտություններ է ձևավորում: Նա հասունանալու և փորձ ձեռք բերելու հնարավորություն չի ունենա, եթե շփվի միայն իրեն նման հասակակիցների հետ: Իսկ եթե կարծում եք, որ խնդիրն իսկապես լուրջ է, ապա հիշե´ք. արգելքները չեն օգնելու: Այլ ելքեր փնտրեք, խորհրդակցեք մասնագետների հետ, դիմեք փորձառու ծնողներին և այլն:
9. Եթե դեռահասը փակվում է սենյակում կամ բաղնիքում, մի՛ ծաղրեք նրան, մի՛ վախեցրեք, թե հայրիկին կասեք: Հիշե՛ք ձեր մանկությունը: Դեռահասն իրավունք ունի ճանաչելու իր մարմինը: Դա բնական է:
10. Եթե դեռահասի սենյակը կամ իրերը թափթփված են, շատ մի տխրեք, գրեթե բոլոր դեռահասների ծնողներին է զայրացնում այս խնդիրը: Փոքր ինչ սպասեք. մեծ մասամբ դեռահասության տարիքից հետո, նրանք առավել ուշադիր և կոկիկ են դառնում: Ախր այս ժամանակահատվածում դեռահասներն այնքա՜ն մտահոգություններ ունեն, որ հերթը դրան չի հասնում: Եթե հորդորն ու դիտողությունները չեն օգնում, թույլ տվեք նրան ունենալ իր փոքրիկ, թեկուզև թափթփված անկյունը: Մի´ փչացրեք ձեր հարաբերություններն այդ պատճառով:
11. Եթե դեռահասը սիրահարվել է և պնդում է, որ ամբողջ կյանքում սիրելու է իր ընտրյալին, հարգե՛ք նրա զգացմունքները: Իրականում սիրահարվածությունը, որ տարիքում էլ լինի, մի տեսակ անհասկանալի ու ծիծաղելի է թվում չսիրահարված կամ դրա մասին վաղուց մոռացած մարդուն: Տպավորություն մի ստեղծեք, թե դուք սիրել չգիտեք, չէ՞ որ դա այդպես չէ: Արդյունքում կարող է խաթարվի ձեր և երեխայի միջև հարաբերություններն ու վստահության մթնոլորտը:
12. Հարգե՛ք դեռահասի գաղտնիքները, մի՛ խոսեք դրանց մասին հարևանների, անգամ տան անդամների հետ:
13. Հարգե՛ք դեռահասի ընտրությունը երաժշտության, հագուստի կամ այլ հարցի վերաբերյալ: Դեռահասներին էլ մեծահասակների հետաքրքրություններն են խորթ: Դուք չեք զարմանում չէ՞, որ ձեր ամուսինը ֆուտբոլ կամ մեքենաներ է սիրում, կամ նա չի զարմանում, որ դուք հետաքրքրվում եք հագուստով և խոհանոցով: Նույն կերպ դուք պիտի ընդունեք, որ դեռահասն ունի ձեզ համար խորթ հետաքրքրություններ:
14. Դեռահասին խիստ մտահոգում է իր արտաքին տեսքը: Մի՛ կատակեք նրա արտաքինի մասին. հետագա կյանքում երկար ստիպված կլինեք քաղելու ձեր ցանածի պտուղները: Այս տարիքում արվող աննրբանկատ դիտողությունները հիշվում են ամբողջ կյանքում և հետք են թողնում ինքնագնահատականի վրա: Իսկ ցածր ինքնագնահատականով անվստահ մարդիկ ավելի հաճախ են անհաջողություններ ունենում:
15. Եթե ուզում եք, որ ձեր երեխան կյանքում հաղթող լինի, մի ստիպեք նրան ամեն անգամ պարտվել հայրական տանը՝ նա այդ դերը կստանձնի ամբողջ կյանքի համար:
Անկեղծ լինենք. երեխաներն էլ մեկ-մեկ չափն անցնում են, և դիմանալը դժվար է լինում: Դեռահասներն էլ, ցավոք սրտի, ծնողների մասին են նույն կարծիքի, թե նրանք չափից դուրս խիստ են, չափից դուրս բծախնդիր և պահանջկոտ:
Եվ այսպես, ամեն բան փոխադարձ է այս հարաբերություններում. վիճելով, չհանդուրժելով և միմյանցից նեղանալով հանդերձ, և´ դեռահասը, և´ ծնողները անչափ սիրում են միմյանց: