Ալարկոտություն. պրակտիկ հոգեբանություն | Անուշ Ալեքսանյան

Ալարկոտությունն աշխատասիրության բացակայությունը չէ. այն ունի իր պատճառները, որոնցից մեկը մոտիվացիայի պակասն է: Այսինքն՝ տվյալ գործողությունն անելու ձգտում, ցանկություն, մոտիվացիա չկա: Մոտիվացիայի այս բացակությունը կարող է շատ տարբեր պատճառներ ունենալ: Օրինակ՝ երբ չկա հավատ, որ տվյալ գործողությունը կարող է արդյունավետ լինել կամ չկա հավատ սեփական անձի և ուժերի մեջ: Այսինքն՝ ալարկոտության հիմքում կարող է լինել ցածր ինքնագնահատականը, քանի որ ինքնավստահ մարդիկ սովորաբար ավելի ակտիվ և աշխատունակ են: Ալարկոտության տակ կարող է թաքնված լինել օրինակ՝ դեպրեսիան, երբ մարդն իր մոտ ուղղակիորեն ցանկությունների բացակայություն է արձանագրում, երբ որևէ բան անելու ցանկություն չկա, չկա ոգևորվածություն որևէ բանով, չկա հետաքրքրվածություն առհասարակ կյանքի հանդեպ: Ալարկոտության պատճառ կարող է լինել հոգնածությունը և սպառվածությունը, ինչն օրգանիզմի բնական ռեակցիան է պահպանելու իր ուժերը և էներգիան սպառումից: Այս պարագայում ալարկոտությունը կարող է անձին տանել ուժերի վերակնագնման:

Կարիք կա վերլուծել և հասկանալ՝ որն է ալարկոտության պատճառը: Պետք է վերլուծել, թե տվյալ գործողությունը մեզ վստահություն ներշնչու՞մ է, արդյո՞ք ցանկալի քայլերը հավատ ներշնչում են կամ այն արդյունքը, որ մեզ խոստանում են, մեզ բավարարու՞մ է, թե՞ ոչ: Երբեմն որոշ գործողություններ մենք սովորույթի ուժով ենք անում, բայց երբեմն ժամանակի ընթացքում մարդկանց նպատակները, ցանկությունները, կյանքի ոճը և հետաքրքրությունները փոխվում են և դրան համապատասխան ցանկություն է առաջանում փոխելու մասնագիտական գործունեության ոլորտը: Երբեմն ալարելը կարող է նշել լինել, որ մեր առջև դրված խնդիրները չունեն զարգացման ներուժ: Ի՞նչն է մեզ համար զարգացման ներուժ պարունակում. մեր հնարավորություններից ավելի բարձր խնդիրները և դժվարությունները: Այսինքն՝ այն ինչ մեզ լարում է և ստիպում է մի քիչ ջանք թափել, մեզ զարգացնում է:

Կա նաև ալարկոտություն՝ որպես անձնային որակ, որը դաստիարակվում է երեխայի մոտ փոքր տարիքից: Հաճախ, երբ մենք մարդու համար շատ հեշտացնում ենք իր խնդիրները, նրա մոտ պակասում է հաջողության զգացումը: Եթե մենք երեխային զրկում ենք ինքնուրույն ձեռքբերումներ ունենալու հնարավորությունից, մենք երեխայի մեջ չենք սերմանում աշխատասիրություն և նպատակասլացություն և նրան դրաձնում ենք ալարկոտ։

Կարդացեք նաև

Հոգեբանական մարաթոն․ առողջ հարաբերություններ սննդի հետ

Եթե կասկածում ես, որ սննդի հետ անառողջ հարաբերություններ, քաշի կարգավորման մշտական խնդիր ունես, ապա քեզ կհետաքրքրի մեր հոգեբանական մարաթոնը՝ նվիրված ՍՎԽ-ին՝ սննդային վարքագծի խանգարումներ։

Օգս 01 2023