Դեռահասների ծնողներին (Մաս 1)

Դեռահասության տարիքը ծնողների համար, կարելի է ասել, ամենադժվար շրջանն է երեխայի դաստիարակության, ծնողական ներքին անհանգստության ու վախերի իմաստով:

Այս շրջանում նրանք չեն հասկանում, թե ինչ է կատարվում իրենց հետ: Փոքրիկ մի բանից նեղվում են, արտասվում, զայրանում, կոպտում ծնողներին, չեն ուզում երբեմն շփվել ընկերների հետ կամ չափից ավելի երկար են զրուցում հեռախոսով, սիրահարվում են, հուսահատվում, երբեմն վտանգավոր քայլերի դիմում… Երբ փորձում են գտնել իրենց հարցերի պատասխանները, երբեմն էլ խճճվում են տարատեսակ տեղեկատվության մեջ, որով այսօր լի է մեր միջավայրը (համացանց, ամսագրեր, գրականություն, հեռուստատեսություն, ռադիո և այլն):

Սեփական երեխաներին բոլորից շատ սիրելով` միևնույն ժամանակ ծնողները կարող են չհասկանալ ու անտեսել նրանց, խիստ կամ կոպիտ լինել: Դա կարծես բոլորին, և´ երեխաներին, և´ ծնողներին, հատուկ բան է: Երբեմն այդ կոնֆլիկտներն առաջանում են նրանից, որ որոշ հարցեր մեծահասակի համար այդքան էլ հեշտ չէ քննարկել դեռահասի հետ, ոչ էլ՝ դեռահասին՝ մեծահասակի հետ:

1. Դեռահասներին ազատություն է պետք: Որքան էլ որ ձեզ վտանգավոր է թվում այս միտքը, միևնույն է, նրանք կարիք ունեն մի փոքր ավելի ինքնուրույն լինելու, քան նախկինում: Եթե չեք ուզում, որ ձեր երեխան հեշտությամբ ընկնի ազդեցությունների տակ, սովորեցրեք նրան ինքնուրույն մտածել և որոշումներ կայացնել: Հիշե´ք, գերխնամված, չափազանց ենթարկվող երեխաներն առավել հակված են լինում ենթարկվելու ուրիշներին, դժվարանում են իրենց տեսակետները հայտնել և պնդել, չեն հավատում սեփական ուժերին և առավել ենթարկվող են լինում նաև ուրիշներին: Հետևաբար բացի լուռ ենթարկվելուց, սովորեցրեք ձեր երեխաներին նաև պայքարել և պնդել սեփական տեսակետը, հակառակում համոզել ձեզ և ուրիշներին:

2. Դեռահասներն աջակցության կարիք ունեն: Երեխային երբեք այնքան անհրաժեշտ չէ ծնողների հարգանքն ու վստահությունն իր անձի նկատմամբ, որքան այս տարիքում: Նրանք ուզում են զգալ, որ իրենց թիկունքում ուժեղ և սիրող ծնողներ են:

3. Դեռահասներն իսկապես խորը ապրումներ են ունենում այնպիսի իրավիճակներից ու դեպքերից, որոնք մեծահասակներին մանրուք են թվում: Նույնիսկ այդ դեպքերում, երբ դեպքն իսկապես մանր բան է, նրանք հասկացված լինելու կարիք ունեն: Պետք չէ ասել, որ դա մանրուք է:

4. Դեռահասներն, այնուամենայնիվ, հետաքրքրվելու են սեռական հարաբերություններով և սեռին վերաբերող հարցերով, և սա բնական է: Հակառակ երևույթը` անտարբերությունը, ավելի պիտի անհանգստացնի մեզ` մեծահասակներիս:

5. Սեքսի և սեռի մասին խոսելը, պատշաճ տեղեկատվություն տրամադրելն օգնում է դեռահասին ավելի հանգիստ վերաբերվել դրան, տարբերել ճիշտն ու սխալը, զգուշանալ վտանգներից: Դա չի խթանում երեխաների ավելորդ հետաքրքրությունը, հակառակը` պատասխաններ է տալիս նրանց ներսում ծագած բնական և օրինաչափ հարցերին:

6. Ինչպես և ձեզ, նրանց ևս դժվար է «ներողություն» ասել: Բայց նրանք միշտ զղջում են իրենց արարքների համար, մեղքի ծանր զգացում են ունենում, հաճախ հասկանում են ավելին, քան թվում է: Փորձե՛ք լինել ներողամիտ:

7. Եթե դեռահասն ասում է, որ դուք իրեն չեք սիրում կամ նա այլևս չի ուզում ապրել, ամենայն հավանականությամբ նա այդ պահին այդպես է զգում: Ուղղակի դեռահասներն արագ փոփոխվող տրամադրություն ունեն և հաջորդ պահին կարող են այլ կերպ մտածել: Այնուամենայնիվ, չի կարելի անտեսել դեռահասների նման հայտարարությունները. այս տարիքն ամենառիսկայինն է ինքնասպանության և նման վտանգավոր դրսևորումների առումով: Պետք է հիշել, որ ինքնասպանության որոշում դեռահասները կարող են կայացնել և՛ անմիջապես որևէ դեպքի ազդեցության տակ, և՛ երկարատև ապրումների ու հաջորդական դեպքերի արդյունքում: Ցանկացած դեպքում ծնողները կարող են նկատել այդ նախանշանները, երեխայի նկատմամբ ուշադիր և նրբանկատ լինելով: Նման քայլի դիմում են ցածր ինքնագնահատականի, դպրոցում կամ տանը ճնշումների ենթարկվելու, բռնության, ծաղրի, հալածանքի, արտաքին տեսքի անհամապատասխանության (սոցիալական, մշակութային, ֆիզիկական) հետևանքով: Ցանկացած դեպքում, դեռահասի վարքագծում ակնհայտ բացա­սական փոփոխություններ նկատելիս, պետք է դիմել մասնա­գետների օգնությանը: Բայց նման խնդիրներից խուսափելու լավագույն միջոցը երեխայի հետ մտերմություն ու ընկերական հարաբերություններ պահպանելն է: Այս դեպքում, դեռահասն անգամ վատ արարքը չի թաքցնում ծնողից՝ նրան թույլ տալով որոշակի վերահսկողություն պահպանել:

Կարդացեք նաև

Աղջիկների սեռական հասունացումը

Դեռահասությունն անցումային շրջան է, երբ երեխայի մարմինն աստիճանաբար ձեռք է բերում չափահասությանը բնորոշ ձևեր:

Օգս 25 2023

Այս հակասական դեռահասները

Դեռահասության շրջանում փոխվում են սիրո և ընկերության մասին պատկերացումները:

Օգս 07 2023

Տղաների սեռական հասունացումը

Դեռահասությունն անցումային շրջան է, երբ երեխայի մարմինն աստիճանաբար ձեռք է բերում չափահասությանը բնորոշ ձևեր:

Հլս 04 2023