Դեռահասների ծնողներին (Մաս 2)

8. Եթե դեռահասը, ձեր կարծիքով, ընտրել է անհամապատասխան ընկերներ, ապա փորձեք հարգել նրա ընտրությունը. ավելի հաճախ երեխաները հասուն տարիքում նմանվում են իրենց ծնողներին: Տարբեր մարդկանց հետ ընկերություն անելով՝ դեռահասը մարզում է մարդկանց ճանաչելու իր կարողությունը, իրենից տարբեր մարդկանց հետ շփվելու և անհրաժեշտության դեպքում՝ նրանցից զգուշանալու հմտություններ է ձևավորում: Նա հասունանալու և փորձ ձեռք բերելու հնարավորություն չի ունենա, եթե շփվի միայն իրեն նման հասակակիցների հետ: Իսկ եթե կարծում եք, որ խնդիրն իսկապես լուրջ է, ապա հիշե´ք. արգելքները չեն օգնելու: Այլ ելքեր փնտրեք, խորհրդակցեք մասնագետների հետ, դիմեք փորձառու ծնողներին և այլն:

9. Եթե դեռահասը փակվում է սենյակում կամ բաղնիքում, մի՛ ծաղրեք նրան, մի՛ վախեցրեք, թե հայրիկին կասեք: Հիշե՛ք ձեր մանկությունը: Դեռահասն իրավունք ունի ճանաչելու իր մարմինը: Դա բնական է:

10. Եթե դեռահասի սենյակը կամ իրերը թափթփված են, շատ մի տխրեք, գրեթե բոլոր դեռահասների ծնողներին է զայրացնում այս խնդիրը: Փոքր ինչ սպասեք. մեծ մասամբ դեռահասության տարիքից հետո, նրանք առավել ուշադիր և կոկիկ են դառնում: Ախր այս ժամանակահատվածում դեռահասներն այնքա՜ն մտահոգություններ ունեն, որ հերթը դրան չի հասնում: Եթե հորդորն ու դիտողությունները չեն օգնում, թույլ տվեք նրան ունենալ իր փոքրիկ, թեկուզև թափթփված անկյունը: Մի´ փչացրեք ձեր հարաբերություններն այդ պատճառով:

11. Եթե դեռահասը սիրահարվել է և պնդում է, որ ամբողջ կյանքում սիրելու է իր ընտրյալին, հարգե՛ք նրա զգաց­մունքները: Իրականում սիրահարվածությունը, որ տարիքում էլ լինի, մի տեսակ անհասկանալի ու ծիծաղելի է թվում չսիրա­հարված կամ դրա մասին վաղուց մոռացած մարդուն: Տպավո­րություն մի ստեղծեք, թե դուք սիրել չգիտեք, չէ՞ որ դա այդպես չէ: Արդյունքում կարող է խաթարվի ձեր և երեխայի միջև հարաբերություններն ու վստահության մթնոլորտը:

12. Հարգե՛ք դեռահասի գաղտնիքները, մի՛ խոսեք դրանց մասին հարևանների, անգամ տան անդամների հետ:

13. Հարգե՛ք դեռահասի ընտրությունը երաժշտության, հագուստի կամ այլ հարցի վերաբերյալ: Դեռահասներին էլ մեծահասակների հետաքրքրություններն են խորթ: Դուք չեք զարմանում չէ՞, որ ձեր ամուսինը ֆուտբոլ կամ մեքենաներ է սիրում, կամ նա չի զարմանում, որ դուք հետաքրքրվում եք հագուստով և խոհանոցով: Նույն կերպ դուք պիտի ընդունեք, որ դեռահասն ունի ձեզ համար խորթ հետաքրքրություններ:

14. Դեռահասին խիստ մտահոգում է իր արտաքին տեսքը: Մի՛ կատակեք նրա արտաքինի մասին. հետագա կյանքում երկար ստիպված կլինեք քաղելու ձեր ցանածի պտուղները: Այս տարիքում արվող աննրբանկատ դիտողությունները հիշվում են ամբողջ կյանքում և հետք են թողնում ինքնագնահատականի վրա: Իսկ ցածր ինքնագնահատականով անվստահ մարդիկ ավելի հաճախ են անհաջողություններ ունենում:

15. Եթե ուզում եք, որ ձեր երեխան կյանքում հաղթող լինի, մի ստիպեք նրան ամեն անգամ պարտվել հայրական տանը՝ նա այդ դերը կստանձնի ամբողջ կյանքի համար:

Անկեղծ լինենք. երեխաներն էլ մեկ-մեկ չափն անցնում են, և դիմանալը դժվար է լինում: Դեռահասներն էլ, ցավոք սրտի, ծնողների մասին են նույն կարծիքի, թե նրանք չափից դուրս խիստ են, չափից դուրս բծախնդիր և պահանջկոտ:

Եվ այսպես, ամեն բան փոխադարձ է այս հարաբերու­թյուններում. վիճելով, չհանդուրժելով և միմյանցից նեղանալով հանդերձ, և´ դեռահասը, և´ ծնողները անչափ սիրում են միմյանց:

Կարդացեք նաև

Դեռահասներ

Հորինված հարաբերությունները դեռահասության շրջանում

Մյս 23 2023
Դեռահասներ

Դեռահասության տարիքում ինքնասպանության վտանգն ու պատճառները

Արտասահմանյան գրականության մեջ առանձնացնում են դեռահասների ինքնասպանության հետևյալ պատճառները՝

Սպտ 12 2020
Դեռահասներ

Եթե սիրում եք երեխային․․․

- Նորից սիրահարվեք նրա մորը/հորը։ - Եթե սիրել այլևս չի ստացվում, քանի ուշ չէ, հեռացեք, որ շարունակեք սիրել կյանքը։ - Եթե հեռանալ չի ստացվում, աշխատեք ընկեր լինել, հերիք է մեղարդեք, վերջ, ավարտվել է, ընդունեք։

Հնս 01 2020