Դեռահասություն. հոգեբանական փոփոխություններ (Մաս 1)

Այս տարիքում հոգեբանական փոփոխությունները մեծապես կախված են ֆիզիկական փոփոխություններից: Դեռահասները շատ անկայուն հուզական վիճակում են գտնվում, արագ փոփոխվող տրամադրությունը խնդիրներ է առաջացնում և´ ինքնազգացողության, և´ ակտիվության, և´ հարաբերությունների ոլորտում: Ծնողները հաճախ բողոքում են դրանից: Նրանց երբեմն անհասկանալի է, թե ինչու են իրենց երեխաները մի պահ շատ ակտիվ և եռանդուն, իսկ հաջորդ պահին տխուր, հոգնած և շատ պասիվ: Դրա պատճառը, կրկին, հորմոնալ տատանումներն են:

Դեռահասության տարիքում ամեն ինչ անկայուն է: Հայացքները, տեսակետները, ճաշակը, մոտեցումները կարող են շատ արագ փոխվել: Բայց միևնույն ժամանակ դեռահասը կարող է իր նոր տեսակետները պաշտպանել նույնքան բուռն, որքան նախորդները: Սա է պատճառը, որ ծնողները հաճախ չեն վստահում ձեր տեսակետներին և նախընտրություններին, վիճում են, ցանկանում են համոզել, որ իրենց տեսակետն է ճիշտ: Իրենք կարծում են, որ դուք չգիտեք, թե ինչ եք ուզում, և երբեմն գուցե և ճիշտ են, չէ՞ որ դուք հաճախ եք տեսակետներ փոխում: Սա ևս կանցնի, և, ի վերջո, դեռահասության ավարտին, պատանին կունենա հստակ ձևավորված տեսակետ, հայացքներ և հետաքրքրություններ:

Արտաքին տեսքի, հարաբերությունների փոփոխությունների հետևանքով դեռահասների ինքնագնահատականը շատ ցածր կամ անկայուն է լինում: Այդ է պատճառը, որ այս տարիքում ամենափոքր դիտողությունը շատ խորը խոցում է, մեկ հայացքը կարող է վիրավորել, մեկ դրական խոսքը կարող է երջանկություն պարգևել:

Մի փոքր վտանգավոր է դեռահասության տարիքի բարոյական անկայունությունը: Ինչպե՞ս է դա դրսևորվում: Յուրաքանչյուր մարդ ունի բարոյականության իր սահմանումները: Այսինքն յուրաքանչյուրս գիտենք, թե ինչն է մեզ համար ընդունելի, ինչը` ոչ: Օրինակ, ոմանք գտնում են, որ շահից ելնելով, կարելի է ստել: Մյուսները կարծում են, որ սուտն անընդունելի է ցանկացած պարագայում: Դեռահասների արժեքային համակարգը դեռ լիովին ձևավորված չի: Այդ տարիքում ընկերների տեսակետները, սիրված հերոսի կարծիքն ինչ-որ հարցի վերաբերյալ կարող է որոշիչ լինել, իսկ հաջորդ պահին դառնալ լրիվ անիմաստ: Դեռահասը դառնում է անընդհատ ենթակա ազդեցությունների և կարճ ժամանակամիջոցում կարող է իրեն տարբեր կերպ դրսևորել: Երբեմն դեռահասները կարող են անգամ հայտնվել հանցագործ միջավայրում և անել գործողություններ, որոնց համար հետո կարող են զղջալ:

Այս արարքների պատճառները բազմազան են` և´ ցածր ինքնագնահատականը, և՛ հասակակիցների և խմբի ազդեցությունը, և´ տարիքին բնորոշ ռիսկային վարքագծի դրսևորումները, արագ, չմտածված որոշումները և արարքի հետևանքները չգիտակցելը, սուր զգացողությունների ծարավը, ուրիշից տարբերվելու ձգտումը , և´ մեծերին, հատկապես ծնողներին, հակառակվելու ցանկությունը: Այսպիսի դեռահասներն ավելի հաճախ ցանկանում են որևէ բան ապացուցել իրենք իրենց, սիրած աղջկան կամ տղային, իրենց ընկերներին, մեծերին: Նման դեպքերում պետք է հիշել, որ դեռահասության տարիքի շատ ընկերներ հասուն տարիքում սկսում են չհետաքրքրել, և մենք այլ ճաշակ ենք ձեռք բերում, հետևաբար, արժե՞ արդյոք այդքան ժամանակ ծախսել նրանց սերը վայելելու համար:

Անկախ նրանից, թե որքան կտևի ընկերությունը, միևնույն է, ընկերական հարաբերությունները շատ կարևոր դեր ունեն յուրաքանչյուրի կյանքում: Ընկերները բոլորիս օգնում են ճանաչել ինքներս մեզ, փարատել մենակության զգացումը, մտերմության և իրական սիրո նուրբ և խոր ապրումներ ունենալ: Ընկերները օգնում են տեսնել սեփական սխալներն ու բացթողումները, երբեմն օգնում են հետ կանգնել սխալ քայլերից և անվտանգ վարքագիծ դրսևորել: Ընկերներն օգնում են դժվար իրավիճակներում և ստիպում են վստահ զգալ այն պահերին, երբ կոտրվում ենք, հուսահատվում: Ընկերական հարաբերությունները, որոնք սկսվում են դեռահասային տարիքում, այնուամենայնիվ, կարող են պահպանվել ողջ կյանքի ընթացքում:

Կարդացեք նաև

Աղջիկների սեռական հասունացումը

Դեռահասությունն անցումային շրջան է, երբ երեխայի մարմինն աստիճանաբար ձեռք է բերում չափահասությանը բնորոշ ձևեր:

Օգս 25 2023

Այս հակասական դեռահասները

Դեռահասության շրջանում փոխվում են սիրո և ընկերության մասին պատկերացումները:

Օգս 07 2023

Տղաների սեռական հասունացումը

Դեռահասությունն անցումային շրջան է, երբ երեխայի մարմինն աստիճանաբար ձեռք է բերում չափահասությանը բնորոշ ձևեր:

Հլս 04 2023