3 տարեկանի ճգնաժամ

3 տարեկանի ճգնաժամը կապված է առարկաների աշխարհում երեխայի` ինքն իրեն որպես ակտիվ սուբյեկտի ընկալման հետ: Արտասանելով «ես ինքս»` երեխան ձգտում է ազդել շրջապատող աշխարհի վրա, փոխել այն: 3 տարեկանը վաղ մանկության և նախադպրոցական տարիքի սահմանն է, երեխայի կյանքի դժվարագույն պահերից մեկը: Սա նախկին սոցիալական հարաբերությունների փլուզման, դրանց վերանայման շրջան է, սեփական «ես»-ի տարբերակման ճգնաժամն է:

Երեխան, առանձնանալով մեծահասակներից, փորձում է նրանց հետ այլ, ավելի խորը հարաբերություններ ստեղծել: Երեխայի դիրքի փոփոխությունը, նրա ինքնուրույնության և ակտիվության ավելացումը, երեխային շրջապատող մեծահասակներից հարաբերությունների փոփոխություն է պահանջում: Եթե այս տարիքում երեխայի ինքնուրույնությունն ու ակտիվությունը չեն խրախուսվում, նրա մոտ դիտվում են հենց ճգնաժամին բնորոշ երևույթներ:

Լ. Ս. Վիգոտսկին Է. Կյոլլեռին հետևելով առանձնացնում է 3 տարեկանի ճգնաժամին բնորոշ 7 հատկանիշ:

Դրանցից առաջինը նեգատիվիզմն է: Երեխան բացասական է արձագանքում ոչ թե այն գործողությանը, որ նա չի ցանկանում կատարել, այլ մեծահասակների պահանջին: Ընդհանրապես նեգատիվիզմը ընտրողական է, երեխան կարող է չկատարել մեծահասակներից որևէ մեկի պահանջը, իսկ մնացածների հետ շատ ենթարկվող լինել: Նրա վարքի հիմնական մոտիվը, դրդապատճառը ամեն ինչ ճիշտ հակառակն անելն է: Առաջին հայացքից կարող է թվալ, թե այդպես է իրեն պահում յուրաքանչյուր տարիքի չենթարկվող երեխա: Բայց մնացած տարիքներում երեխան չի ցանկանում կատարել հենց տվյալ գործողությունը` բակից տուն գալ, կամ ատամները լվանալ: Այստեղ երեխան ուղղակի չի ցանկանում անել մեծահասակի պահանջները: Ճիշտ է նեգատիվիզմը ճգնաժամին հատուկ դրսևորում է և պիտի անցնի ժամանակի ընթացքում, բայց այն որ երեխան արդեն կարողանում է գործել իր ցանկություններին հակառակ, մեծ քայլ է իր զարգացման մեջ: 3 տարեկանում երեխան առաջին անգամ կարողանում է գործել իր անմիջական ցանկություններին հակառակ:

Ճգնաժամի երկրորդ բնորոշ հատկանիշը քմահաճությունն է: Սա այն վարքն է, երբ երեխան պնդում է իր ցակությունը և խոսքը, ոչ այն պատճառով, որ նա դա շատ ուզում է, այլ նրա համար, որ նա դրա մասին ասել է և մեծահասակներից պահանջում է կատարել իր խոսքերը: Քմահաճությունը համառությունը չէ, որով երեխան փորձում է ստանալ այն ինչ ցանկանում է: Քմահաճ երեխան պահանջում է իրեն տալ այն ինչ նա այնքան էլ չի ուզում, կամ այլևս չի ուզում:

Երրորդ նշանը կամակորությունն է: Այս որակն այնքան կենտրոնական տեղ է զբաղեցնում ճգնաժամի մեջ, որ այս տարիքը նաև անվանում են կամակորության ճգնաժամ: Ի տարբերություն նեգատիվիզմի, որն ուղղված է մեծահասակների դեմ, կամակորությունը անդեմ է, այն ուղղված է ուղղակի երեխայի համար նախատեսված դաստիարակության բոլոր նորմերին, կյանքի այն ձևին:

Ճգնաժամը բնութագրող չորրորդ հատկությունը ինքնակամությունն է: Այն դրսևորովում է երեխայի ինքնուրույնության մեջ: Սա նախկինում չկար, իսկ հիմա երեխան ցանկանում է ամեն ինչ ինքնուրույն անել:

Ճգնաժամի մնացած բնորոշ նշաններն ավելի երկրորդական նշանակություն ունեն: Դրանցից առաջինը բողոք-ըմբոստություն  է: Երեխայի վարքում ամեն ինչ, բացի կոնկրետ պահերից, սկսում է կրել բողոքի բնույթ: Կարծես երեխան պատերազմի մեջ լինի իրեն շրջապատող մարդկանց հետ: Սրա հետ կապված է նաև արժեզրկումը: Երեխայի ծնողները կարող են ապշահար լինել, երբ իրենց երեխան իրենց «հիմար» ասի, այն դեպքում, երբ նախկինում նա նույնիսկ այդ բառը չէր ասի: Երեխան կարող է դեն նետել իր սիրելի խաղալիքը: Նրա բառապաշառում ավելանում են բացասական երանգավորում ունեցող բառերը:

Այս տարիքում նաև դրսևորվում է երկակի գիծ, որը տարբեր ընտանիքներում տարբեր կերպ է դրսևորվում: Մեկ երեխա ունեցող ընտանիքներում երեխայի մոտ բռնատիրություն է դիտվում: Երեխան փորձում է բռնատիրական իշխանություն հաստատել իրեն շրջապատողների վրա: Մայրն իրավունք չունի տանից դուրս գալու, նա պիտի նստի տանը այնպես ինչպես ինքն է ցականում: Երեխան ցանկանում է լինել իրավիճակի տերը, վերադառնալ ավելի վաղ շրջանի իր կարգավիճակին, երբ իր բոլոր ցանկություններն անխտիր կատարվում էին: Մի քանի երեխա ունեցող ընտանիքներում այս որակն արտահայտվում է խանդի ձևով: Այստեղ այդ նույն բռնատիրությունը դրսևորվում է, բայց մյուս երեխաների հանդեպ խանդի ձևով:

Այս բոլոր հատկություններն ընդհանուր առմամբ երեխային դարձնում են դժվար դաստիարակվող: Ծնողի համար այս երևույթների հետ բախվելը կարող է բազմաթիվ դժվարություններ առաջ բերել, շատ ծնողներ ընկնում են անելանելի իրավիճակի մեջ, չգիտեն ինչպես վարվել: Նման երևույթներից ոչ միայն չպետք է անհանգստանալ, այլև պետք է ուրախանալ, քանի որ դրանց առկայությունը խոսում է երեխայի նորմալ զարգացման և անձի ձևավորման մասին:

Կարդացեք նաև

Զարգացում

Երջանիկ երեխա

Հունիսի 1-ը ևս մեկ լավ առիթ է հիշելու, թե ինչ է իսկապես պետք երեխային երջանիկ լինելու համար։

Հնս 01 2023
Զարգացում

ՀԵՔԻԱԹ. Ինչպե՞ս փոքրիկ կենգուրուն դարձավ ինքնուրույն

Հեքիաթը նախատեսված է նախադպրոցական երեխաների համար, ովքեր ունեն մայրիկից բաժանվելու և մենակ մնալու վախ: Կար-չկար մի մեծ մայրիկ-Կենգուրու կար: Մի օր նա դարձավ աշխարհի ամենաերջանիկ Կենգուրուն, քանի որ փոքրիկ Կենգուրու ունեցավ:

Հկտ 19 2021
Զարգացում

Մայրության բերկրանք և մայրական տագնապներ. ինչպես լինել ոչ կատարյալ մայր

Մայրությունը, որքան էլ որ հաճելի է և առաջացնում է բերկրանքի զգացում, նաև ծնում է բազմաթիվ տագնապներ, հատկապես մեր` կատարելապաշտական ժամանակներում: Ինչպե՞ս ճիշտ գրկել երեխային, որպեսզի նա իրեն զգա ապահով և միաժամանակ ազատ, ինչպե՞ս ճիշտ դաստիարակել երեխային, որպեսզի

Ապր 07 2021