Այսօր ավելի շատ են խոսում սթրեսի մասին, սակայն ոչ բոլորը գիտեն, թե ինչ է սթրեսն իրականում: Հասարակության մեջ կան գործող կարծրատիպեր, որոնք խանգարում են ճիշտ ընկալել իրականությունը, հետևաբար նաև ճիշտ ժամանակին օգնել մեր մտերիմներին կամ ինքներս մեզ: Ահա այդ թյուր պատկերացումներից մի քանիսը և դրանց հերքումը:
Թյուր պատկերացում 1 . Սթրեսը չի կարող լուրջ վնաս հասցնել առողջությանը, քանի որ այն կա միայն մարդու երևակայության մեջ:
Հերքում. սթրեսն ազդում է ոչ միայն հոգեբանական, այլև ֆիզիոլոգիական գործընթացների վրա: Սթրեսի արդյունքում զարգացող հիվանդությունները և ախտաբանական վիճակները (ստենոկարդիան, հիպերտոնիան, իմունային անբավարարությունը) կարող են լրջորեն վտանգել առողջությունը:
Թյուր պատկերացում 2. Սթրեսից տառապում են միայն թույլ մարդիկ:
Հերքում. ավելի ճիշտ` լրիվ հակառակը: Ավելի սուր սթրեսներ սովորաբար ապրում են ուժեղ կամքով անձինք, ովքեր իրենց առջև դժվար նպատակներ են դնում` ձգտելով հնարավորինս կարճ ժամանակամիջոցում հասնել դրանց: Հավակնությունների բարձր մակարդակը մեծ ծանրաբեռնվածություն է առաջացնում, ինչն էլ կարող է բերել սթրեսի:
Թյուր պատկերացում 3. Կյանքում առկա սթրեսն անձով պայմանավորված չէ, քանի որ սթրեսը մեր ժամանակներում անխուսափելի է, և մենք բոլորս դրա զոհն ենք:
Հերքում. սթրեսների ճնշող մեծամասնությունն առաջանում է հոգեբանական պատճառներով, որոնցից յուրաքանչյուրն ունի երկու բաղադրիչ: Մեկն իրավիճակն է, որը սթրես է առաջացնում, երկրորդը` մարդու վերաբերմունքն այդ իրավիճակին: Սթրեսային արձագանք առաջացնում է ոչ այնքան իրավիճակը, որում հայտնվում է մարդը, որքան այն, թե մարդն ինչ է մտածում, ինչպես է վերաբերվում դրան, այսինքն` ավելի հաճախ սթրեսի պատճառ են դառնում հենց մարդու մտքերը:
Թյուր պատկերացում 4. Ես միշտ գիտեմ, թե երբ եմ չափից շատ սթրես ապրում:
Հերքում. ոչ միշտ: Սթրեսի առաքելությունն էքստրեմալ պայմաններում մարդու գոյատևումն ապահովելն է, երբ պետք է գործել, այլ ոչ մտածել կամ զգալ: Այդ պատճառով որքան ուժեղ է սթրեսը, այնքան դժվար է մարդն այն զգում: Շատ ուժեղ սթրեսների պարագայում սթրեսի ախտանշաններն առաջ են գալիս այն ժամանակ, երբ վտանգը նվազում է և լարվածությունը պակասում:
Թյուր պատկերացում 5. Սթրեսի պատճառները հայտնաբերելը դժվար չէ:
Հերքում. այս պատկերացումը ճիշտ է թեթև սթրեսի համար, երբ ախտանշաններն առաջ են գալիս անմիջապես սթրեսորի ազդեցությունից հետո: Սակայն ուժեղ սթրեսի պարագայում, ինչպես արդեն ասվեց վերևում, ախտանշաններն առաջ են գալիս այն ժամանակ, երբ դրանց առաջացման պատճառն արդեն բացակայում է: Նման իրավիճակներում սթրեսի պատճառների բացահայտումը բավական դժվարանում է:
Թյուր պատկերացում 6. Բոլորն էլ սթրեսին միևնույն կերպ են արձագանքում:
Հերքում. բացարձակ սխալ է: Ամեն մարդ յուրահատուկ է, յուրաքանչյուրն ունի սթրեսի իր սեփական պատճառները, արձագանքելու միջոցները, ախտանշանները, հաղթահարելու ձևերը և այլն: Թեև սթրեսային արձագանքը զարգանում է որոշակի` բոլորի համար ընդհանուր կանոնների համաձայն, սթրեսի դրսևորումները, այնուամենայնիվ, յուրաքանչյուրի մոտ տարբեր են:
Թյուր պատկերացում 7. Ուժեղ սթրեսի ժամանակ միակ բանը, որ պետք է անել` հանգիստն է:
Հերքում. եթե մարդը չկարողանա թոթափել ավելորդ լարվածությունը, ազատ օրերն ու արձակուրդը մեծ օգուտ չեն տա: Ուժեղ սթրեսն արդյունավետ հաղթահարելու համար հաճախ անհրաժեշտ է լինում դիմել հոգեբանի կամ անցնել ռելաքսացիայի և սթրեսի կառավարման եղանակների դասընթաց:
Թյուր պատկերացում 8. Երջանիկ է այն կյանքը, որը զերծ է սթրեսներից:
Հերքում. երջանկությունը ենթադրում է, որ մարդը պիտի հասնի իր առջև դրված նպատակներին: Նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է մի շարք դժվարություններ հաղթահարել, իսկ ցանկացած պայքար սթրես է: Ուստի երջանիկ կյանքը չի կարող սթրեսներից զերծ լինել: Երջանիկ է այն մարդը, ով կարողանում է կառավարել օրգանիզմում առկա լարվածությունը և ուղղորդել այն նպատակներին հասնելու ուղղությամբ:
Թյուր պատկերացում 9. Եթե մարդը բավարար ջանք թափի, միշտ կարող է հարմարվել դժվար իրավիճակներին:
Հերքում. ոչ միշտ: Մի շարք դեպքերում մարդն ինքն իր սեփական գործողություններով է (կոնֆլիկտային վարքագիծ, անհանդուրժող վերաբերմունք, սթրեսածին մտքեր) պահպանում սթրեսի բարձր մակարդակը: Այս դեպքերում ակտիվության նվազեցումը կբերի նաև սթրեսի նվազման: Բայց քանի որ մարդու հնարավորությունները սահմանափակ են, որոշ դեպքերում բոլոր՝ նույնիսկ ամենաինտենսիվ գործողությունները, կարող են ոչ մի արդյունքի չբերել: Երբ իրավիճակն ավելի ուժեղ է, հաճախ ճիշտ է նահանջել, քան անիմաստ վատնել ուժերն ու ժամանակը:
Թյուր պատկերացում 10. Որքան սթրեսները քիչ, այնքան լավ:
Հերքում. պարտադիր չէ: Մի կողմից` երկար ժամանակ սթրեսների բացակայությունը իջեցնում է անձի սթրեսադիմացկունությունը, ինչի արդյունքում նույնիսկ թեթև սթրեսը կարող է անտանելի դառնալ: Մյուս կողմից` սթրեսի չափազանց ցածր մակարդակն ինքին կարող է սթրեսի պատճառ դառնալ, քանի որ նորմալ, լիարժեք մարդկային կենսագործունեության համար անհրաժեշտ է լարվածության որոշակի օպտիմալ մակարդակ:
Թյուր պատկերացում 11. Սթրեսի կառավարման նպատակը սթրեսի լիարժեք վերացումն է:
Հերքում. սթրեսը հնարավոր չէ ամբողջովին վերացնել: Ինչպես ասում էր սթրեսի մասին ուսմունքի հիմնադիր Հ. Սելյեն՝ սթրեսից զերծ կարող է լինել միայն մահը: Լարվածությունը կյանքի մաս է կազմում: Սթրեսի կառավարման նպատակը սթրեսի մակարդակի վերահսկումն է, լարվածության ուղղորդումն այնպես, որ օրգանիզմին ժամանակին հնարավորություն տրվի ուժեր հավաքել և վերականգնվել և թույլ չտալ, որ երկարատև սթրեսը լուրջ խնդիրներ առաջացնի:
Թյուր պատկերացում 12. Յուրաքանչյուր սթրես վնասակար է:
Հերքում. նույնիսկ ուժեղ սթրեսը կարող է լինել և օգտակար, և վնասակար: Ինչ վերաբերում է չափավոր սթրեսին, ապա այն ավելի հաճախ մեզ օգնում է հարմարվել նոր պայմաններին, հաղթահարել դժվարությունները, աշխատանքում և ուսման մեջ հասնել լավագույն արդյունքների, աշխատանքը ժամանակին կատարել և այլն:
Թյուր պատկերացում 13. Սթրեսից տառապում են միայն մեծահասակները:
Հերքում. երեխաների, դեռահասների և մեծահասակների` սթրեսին հակազդման մեխանիզմները նույնն են: Եթե սթրեսի պատճառները մանկական տարիքում կարող են այլ լինել, ապա հետևանքները չեն տարբերվում: Երեխաներն ու դեռահասները նույնքան ենթակա են սթրեսի հետ կապված խանգարումների առաջացման, որքան և մեծերը:
Թյուր պատկերացում 14. Ֆիզիկական ակտիվությունն ու վարժությունները վատնում են այն էներգիան, որը կարող էր ծախսվել սթրեսի հաղթահարման վրա:
Հերքում. այս պատկերացումն իր հիմքում ոչ մի ֆիզիոլոգիական հիմնավորում չունի: Սթրեսը փախուստի կամ պայքարի արձագանք է: Ֆիզիկական ակտիվությունն ու վարժությունները կուտակված լարվածության պարպման առավել արդյունավետ միջոցներ են: Եթե սթրեսից խուսափել չի հաջողվում, շարժվեք և ձեզ ավելի լավ կզգաք` սթրեսի մակարդակը կընկնի, իսկ ուժերը կավելանան:
Թյուր պատկերացում 15. Մարդկանց համար, ովքեր սթրեսի հակվածություն ունեն, անիմաստ է դրա դեմ պայքարելը:
Հերքում. իսկապես որոշ գենետիկական, կենսաբանական և սոցիալական գործոններ պայմանավորում են սթրեսի բարձր մակարդակ: Օրինակ` գեներով փոխանցված խոլերիկ խառնվածքի տիպը (գենետիկ գործոն), հորմոններով բուժվելու անհրաժեշտությունը (կենսաբանական գործոն), մեծ քաղաքում ապրելու անհրաժեշտությունը (սոցիալական գործոն) անխուսափելիորեն ավելացնում են սթրեսի քանակը, ուժն ու տևողությունը: Սակայն դա չի նշանակում, որ նման պայմաններում անիմաստ է պայքարել սթրեսի դեմ: Այդ պարագայում շատ կիրառելի և նպաստավոր կարող են լինել սթրեսի կառավարման մասնագետների կողմից առաջարկվող միջոցները:
Մասնագետները խորհուրդ են տալիս հետևել մի շարք կանոնների վիշտը և կորուստը ապրելու, դրանից առողջ դուրս գալու և հրաժեշտ տալու համար:
Հկտ 31 2023Այս օրերին մեր հասարակությունը փորձում է դիմակայել ծանրագույն սթրեսային իրավիճակների՝ պատերազմական լարվածություն, կորուստներ, ծանր ֆիզիկական վնասվածքներ ստացած հայրենակիցներ, բռնի տեղահանում:
Հկտ 21 2023