Կամակորություն. Պրակտիկ հոգեբանություն | Անուշ Ալեքսանյան

Կամակորությունը ծնողներին ամենահաճախ անհանգստացնող և ծնողների կողմից ամենադժվար կառավարելի երևույթներից մեկն է: Չնայած որ կամակորության դրսևորումը որոշ տարիքային շրջափուլերում բնական է, այնուամենայնիվ, շատ կարևոր է, որպեսզի ծնողները կարողանան ճիշտ վարվել այդ դրսևորումների հետ:

Չնայած որ կամակորությունը երբեմն դրսևորվում է երեխայի որևէ չբավարարված կարիք արտահայտելու համար, որոշ դեպքերում այն կարող է վերածվել ամրապնդվող վարքագծի: Կամակորությունը ռեգրեսիվ վարքի դրսևորում է: Այսինքն՝ մենք պետք է մեր դաստիարակչական մեթոդներով օգնենք երեխային զարգանալ և հասունանալ: Մենք պետք է հասնենք զարգացման այն մակարդակին, որ երեխան ոչ թե մեզնից որևէ բան պահանջի կամակորությամբ, այլ՝ խնդրի և պատրաստ լինի ընդունելու տրամաբանական մերժումները:

Ի՞նչ կարող ենք առաջարկել ծնողներին կամակորությունից ազատվելու համար.

Առաջին հերթին, կարևոր է, որպեսզի ծնողները չիրականացնեն երեխայի կամակորությամբ առաջ քաշված պահանջները: Այսինքն՝ անտեսել երեխայի պահանջը և կամակորությունը: Այս իրավիճակում ծնողների կողմից հաճախ թույլ տրվող սխալ մոտեցումներից մեկն այն է, որ նրանք անտեսում են ոչ թե երեխայի պահանջը կամ կամակորությունը, այլ անտեսում են հենց երեխային: Նման իրավիճակներում պետք է ոչ թե անտեսել երեխային, ինչը կարող է լրացուցիչ սթրեսային իրավիճակների պատճառ դառնալ, այլ պետք է երեխայի հետ շարունակել շփվել նույն կերպ, բայց անտեսել նրա պահանջը այնպես, ասես թե այդ պահանջը գոյություն չունի: Այսինքն՝ մենք պետք է անտեսենք ոչ թե երեխային, այլ նրա վարքագիծը:

Եթե մենք տեղի ենք տվել և ինչ-որ ժամանակ ամրապնդել ենք երեխայի կամակորությունը և կատարել ենք նրա ցանկությունները, պետք է իմանալ, որ ցանկացած պահից սկսած մենք կարող ենք երեխայի վարքը փոխել: Երեխայի վարքը կառավարելու և փոփոխության ենթարկելու համար մենք պետք է սկսենք անտեսել նրա կամակորությունները, բայց դրա փոխարեն ակտիվորեն խրախուսենք երեխայի ցանկալի վարքագծի ցանկացած դրսևորում:

Մանկական տագնապայնություն. Պրակտիկ հոգեբանություն | Անուշ Ալեքսանյան

Իրավիճակային տագնապայնությունը առաջանում է, երբ մենք բախվում ենք մեզ համար տագնապային որևէ իրավիճակի: Այս իրավիճակներում մեծ դեր ունի անորոշությունը, քանի որ տագնապը վախից տարբերվում է նրանով, որ տագնապի օբյեկտն անորոշ է:

Երբ մանկական տարիքում տագնապային իրավիճակները բազմաթիվ են և կրկնվող, սա վերածվում է անձնային հատկանիշի: Երեխայի մոտ տագնապայնության ձևավորմանը նպաստող առաջին հանգամանքներից է ծնողներից փոխանցված տագնապայնությունն ու վախերը:

Երեխաների մոտ տագնապայնությունը դրսևորվում է կպչուն, կրկնվող գործողություններով: Տագնապայնությունը կարող է արտահայտվել նաև երեխայի երկչոտությամբ, անինքնավստահությամբ և ամաչկոտությամբ: Տագնապային երեխան կարող է անհանգստանալ և լարվել այնպիսի իրավիճակներում, որոնք մյուս երեխաների համար տագնապային չեն կամ բնականոն են:

Տագնապայնությունը կարող է խորանալ և վերածվել հոգեկան բնույթի տագնապային խանգարման:

Տագնապայնությունը խորքային վստահության բացակայություն է՝ երեխան վստահ և ամուր կանգնած չէ սեփական ոտքերի վրա:

Մենք երեխաների դաստիարակության մեջ հաճախ շատ խստապահանջ ենք, երեխաների հանդեպ բազմաթիվ ավելորդ արգելքներ ենք դնում, որոնք բնականոն են մեծահասակների համար: Այս բոլոր երևույթները նպաստում են մեր երեխաների մոտ տագնապայնության ձևավորմանը:

Հիպերակտիվություն. Պրակտիկ հոգեբանություն | Անուշ Ալեքսանյան

Հիպերակտիվությունը վաղ մանկական տարիքում սկսվող վարքագծային խանգարում է, որը նյարդաբանական խնդիր է: Այսինքն՝ այս ախտորոշումը պետք է նյարդաբանի կողմից արվի: Այս ախտորոշումն արվում է վարքագծային դիտարկման միջոցով: «Հիպերակտիվություն» տերմինը շատ հաճախ ոչ տեղին շրջանառվող տերմիններից է, քանի որ հաճախ մենք երեխայի սովորական ակտիվ վարքագիծը բնորոշում ենք որպես հիպերակտիվություն:

Հիպերակտիվության համախտանիշը զարգացման նյարդաբանական-վարքային խանգարում է, որը հաճախ սկսվում է վաղ մանկական տարիքում և դրսևորվում է այնպիսի ախտանշաններով ինչպիսիք են ուշադրության կենտրոնացման խնդիրները, գերակտիվությունը և իմպուլսիվ վարքագիծը:

Հիպերակտիվ երեխաները դեռևս վաղ տարիքից տարբերվում են իրենց տարիքային խմբին պատկանող մյուս երեխաներից. այս երեխաների մոտ նկատվում են քնի խանգարումներ, նրանք ավելի հաճախ են լաց լինում, կարող են նկատվել խոսքի բնականոն զարգացման խանգարումներ: Վերջինս պայմանավորված է այն հանգամանքով, որ հիպերակտիվությունն արտահայտվում է ուշադրության դեֆիցիտով, իսկ ուշադրության դեֆիցիտը խանգարում է խոսքի յուրացման գործընթացին: Այսինքն՝ երեխան խոսքը յուրացնելու և իրեն շրջապատող միջավայրը ընկալելու ավելի քիչ հնարավորություններ ունի՝ իր տարեկիցների համեմատ:

Կարևոր է նկատի ունենալ այն հանգամանքը, որ հիպերակտիվությունը չի կարելի և հնարավոր չէ բուժել դաստիարակչական մեթոդներով, ինչպես նաև խորհուրդ է տրվում խոսափել մեծ տարածում ունեցող մի շարք թյուր և ոչ մասնագիտական մոտեցումներից: Օրինակ՝ հաճախ խորհուրդ է տրվում հիպերակտիվություն ունեցող երեխաներին ներգրավվել տարբեր ակտիվ խմբակներում՝ «…տարեք տարբեր խմբակներ, թող էներգիան սպառվի», սակայն հիպերակտիվ երեխան ավելի ակտիվ է լինում, երբ հոգնած է: Ստացվում է, որ այս ակտիվ խմբակները ավելի են շեղում երեխայի ուշադրությունը և նպաստում են նրա գերակտիվությանը: Նման ակտիվ միջավայրը երեխայի մոտ գերհոգնածություն է առաջացնում, իսկ գերհոգնածությունը մեծացնում է հիպերակտիվ երեխայի ակտիվությունը, թուլացնում է ուշադրության կենտրոնացումը և մեծացնում է իմպուլսիվությունը: Հակառակը, հիպերակտիվ երեխաներին պետք է ներգրավվել ավելի խաղաղ խմբակների մեջ. օրինակ՝ լողը:  

Մանկական ագրեսիա. Պրակտիկ հոգեբանություն | Անուշ Ալեքսանյան

Ագրեսիան վարքագծային այնպիսի դրսևորում է, որը հաճախ է դառնում ծնողների անհանգստության պատճառ: Կարևոր է հասկանալ ագրեսիայի առաջացման պատճառները. այսինքն՝ կարևոր է հասկանալ մեր այն վարքագծային դրսևորումները, որոնք կարող են երեխայի մոտ ագրեսիվ վարքագծի դրսևորման պատճառ դառնալ:

Ինչպե՞ս ենք մենք նպաստում ագրեսիայի ձևավորմանը. երեխայի մոտ ագրեսիայի ձևավորմանը նպաստող առաջին պատճառներից մեկը, բնականաբար, երեխայի հանդեպ կիրառվող ագրեսիվ դաստիարակության մեթոդներն են: Ագրեսիվ դաստիարակության մեթոդների օրինակներ են՝ կոպիտ պատիժները, վիրավորանքները, երեխայի հանդեպ կիրառվող հոգեբանական/ֆիզիկական բռնությունը և այլն: Ագրեսիվ վարքի ձևավորման մեկ այլ ճանապարհ կարող է լինել երեխայի կողմից ուղղակիորեն ագրեսիվ վարքագծի յուրացումը իր շրջակա միջավայրից՝ ծնողներից, ընտանիքի անդամներից, ֆիլմերից, էլեկտրոնային խաղերից և այլն:Հաճախ ծնողները հենց իրենք են դառնում երեխայի մոտ ագրեսիվ վարքի դրսևորման խրախուսողները՝ ոգևոելով և խորհուրդ տալով երեխային ճնշել իր տարեկիցներին: Ագրեսիան կարող է առաջանալ նաև էմոցիոնալ դեպրիվացիայի հետևանքով, երբ երեխայի հանդեպ պակասում է սերը, հոգատարությունը և ուշադրությունը: Եթե մենք ուշադիր լինենք, կնկատենք, որ շատ ագրեսիվ երեխաները շատ զգայուն են իրենց հանդեպ ցուցաբերված հոգատարության և սիրո նշանների հանդեպ:

Եթե մենք երեխայի վարքագծում ագրեսիայի դրսևորումներ ենք նկատում, ապա առաջին հերթին պետք է փորձենք հասկանալ երեխայի հանդեպ ցուցաբերած մեր վերաբերմունքի մեջ այն դրսևորումները, որոնք հանգեցնում են երեխայի մոտ ագրեսիվ վարքագծի առաջացմանը: Օրինակ՝ երեխայի մոտ ագրեսիայի առաջացման պատճառ կարող է լինել մեր դաստիարակության հակասական ոճը, երբ ծնողներից մեկը մի բան է ասում երեխային, մյուսը՝ այլ, մեկը մի բան է արգելում, մյուսը՝ այլ: Երեխայի մոտ ագրեսիվ վարքագծի առաջացման մեկ այլ պատճառ կարող է լինել ծնողների չափազանց խստապահանջությունը:

Ինքնագնահատական. Պրակտիկ հոգեբանություն | Անուշ Ալեքսանյան

Այն մարդիկ, ովքեր ավելի օբյեկտիվ և ռացիոնալ են գնահատում սեփական ունակություններն ավելի կենսունակ են իրենց կյանքում և գործունեության մեջ: Նրանք իրավիճակի նկատմամբ ավելի կառավարող են, որովհետև շատ լավ կարողանում են տեսնել սեփական ուժեղություններն ու թուլությունները: Նրանք կարողանում են այս երկուսի ճիշտ հարաբերակցության մեջ կյանքում հաջողել: Նրանք ավելորդ ջանքեր չեն թափում, որպեսզի թաքցնեն իրենց թույլ կողմերը և ոչ էլ ջանք են թափում, որպեսզի ցուցադրեն սեփական ուժեղ կողմերը: Նրանք, կարծես, ինքնաբավ են տվյալ ժամանակահատվածում իրենց ձեռքբերումների, վիճակի և կացության առումով:

Ի՞նչն է հանգեցնում ինքնագնահատականի անկմանը կամ դրա ձևավորման խափանմանը: Սովորաբար սա ծանր քննադատության կամ սուր քննադատության, պահանջկոտության, մաքսիմալիստական մթնոլորտում մեծացած մադրն է, ում նկատմամբ բարձր պահանջներ են ներկայացվել, և նա անընդհատ ունեցել է զգացողություն, որ ինքը չի կարողանում լիարժեք բավարարել շրջապատի պահանջները: