Հաճույք. Պրակտիկ հոգեբանություն | Անուշ Ալեքսանյան

Մանկությունը զերծ չէ սթրեսներից: Թյուր կարծիք կա, որ մանկությունն անհոգ շրջան է մարդու կյանքում, և երեխաները սթրես չեն կարող ունենալ: Սակայն, սթրեսի բոլոր փուլերն ու դրսևորումները նույնքան են սպառնում երեխաներին, որքան մեծահասակներին: Երեխաները չեն կարող սթրեսին նույնքան դիմակայել, որքան մեծահասակները, քանի որ դեռևս չունեն կենսափորձ, ուստի ցանկացած փոփոխություն կարող է երեխայի համար սթրեսի աղբյուր դառնալ: Երեխաներին հաճախ չեն տեղեկացնում տեղի ունեցող փոփոխություններից, փորձում են զերծ պահել սթրեսածին տեղեկություններից, այնինչ երեխայի հետ պետք է առավել անկեղծ լինել: Անգամ եթե երեխան անկեղծությանը չարձագանքի, այն կօգնի հետագայում հաղթահարել սթրեսը: Երեխաները սթրեսին արձագանքում են վարքային և էմոցիոնալ փոփոխություններով, քնի, սննդի խանգարումներով, անգամ դիմադրողականության անկումով: Երեխան կարող է դառնալ ագրեսիվ, ինքնամփոփ, ունենալ անքնություն, գիշերամիզություն, մկանային կրճատումներ և այլն: Երեխայի պահվածքին, մասնավորապես՝ խաղին հետևելով կարելի տեսնել երեխայի սթրեսի մակարդակը: Միջավայրը հաճախ բացասական է արձագանքում երեխայի սթրեսային վիճակին. երեխայի վարքը վատանում է, և շրջակա մարդիկ սկսում են ավելի ու ավելի կոշտ արձագանքել երեխայի արարքներին, ինչն իր հերթին բերում է վարքի բարդացմանը: Երեխաներն ունենում են չհասկացվածության զգացողություն, որն իր արժեքը չի կորցնում մարդու ողջ կյանքի ընթացքում: Հատկապես վտանգավոր է առողջական խնդիրներից ծագող սթրեսը, որի հետևանքով երեխայի վարքը ևս կարող է փոխվել: Այդ դեպքերում դաստիարակչական կոշտ գործողությունները առանձնահատուկ ծանր հետևանքների են բերում: Երեխայի կյանքում բացասական փոփոխություններ նկատելու դեպքում իրավիճակի բարդացումը կանխելու նպատակով անհրաժեշտ է մասնագետի դիմել:

Տարիքային ճգնաժամեր. Պրակտիկ հոգեբանություն | Անուշ Ալեքսանյան

Տարիքը օբյեկտիվ, քանակական և պայմանական հասկացություն է: Այն իր մեջ ներառում է ֆիզիոլոգիական և հոգեբանական տարբեր առանձնահատկություններ և փոփոխություններ, որոնք պայմանավորված են տվյալ ժամանակաշրջանի սոցիալ-մշակութային համատեքստով:

  • Անցումային ճգնաժամային շրջաններից առաջինը նորածնության շրջանն է՝ երեխայի ծնունդից մինչև երկու-երեք ամսական շրջանը:

Ճգնաժամային շրջաններ են նաև մեկ տարեկանի, երեք տարեկանի և վեց/յոթ տարեկանի շրջանները, որոնց հաջորդում է ամենաբարդ ճգնաժամային շրջանը՝ դեռահասությունը:

Բոլոր անցումային փուլներն ունեն միանման բնութագրականներ. փոփոխություններ են տեղի ունենում բոլոր ոլորտներում և սրանք երեխաների կողմից դժվար հաղթահարվող խոշոր, լայնամասշտաբ փոփոխությունների շրջաններ են: Ներքին փոփոխություններից բացի տեղի են ունենում մի շարք փոփոխություններ՝ կապված արտաքին միջավայրի հետ: Փոխվում է երեխայի հանդեպ վերաբերմունքը, փոխվում են նրա հանդեպ պահանջները և ակնկալիքները: Այս փոփոխություններից անմասն չեն նաև երեխայի ծնողները:

  • Հաջորդ ճգնաժամային տարիքը երեք տարեկանի շրջանն է՝ կախված երեխայի զարգացման տեմպից:

Այս ճգնաժամը շատ յուրահատուկ և գեղեցիկ ճգնաժամ է, որովհետև այս փուլում ծնվում է երեխայի կամքը և երեխան սկսում է այն փորձարկել: Նա հասկանում է, որ որոշ բաներում կարող է չենթարկվել, հակառակվել, կարող է ինչ-որ բաներ անել ճիշտ հակառակը, կարող է չանել այն, իրենից պահանջում են և երեխայի մոտ այս նոր որակի ակտիվ փորձարկումների շրջան է սկսվում:

Հաջորդ կարևոր որակը, որ դրսևորվում է երեք տարեկանում, «ես»-ի տարանջատումն է շրջակա միջավայրից: Մինչև երեք տարեկանը երեխան ինքն իրեն սովորաբար դիմում է երրորդ դեմքով, իսկ այժմ նա ինքն իրեն սկսում է դիմել առաջին դեմքով: Ի հայտ է գալիս երեխայի «ես»-ը: Երեխան, ինքն իրեն առանձնացնելով շրջակա միջավայրից, սկսում է իր ուժն ու ազդեցությունը զգալ այդ միջավայրի վրա: Այս տարիքում ձևավորվում են ինքնագիտակցության առաջին տարրերը: Երեք տարեկանի ճգնաժամը դժվար հաղթահարելի է նաև ծնողների համար, քանի որ երեխան դառնում է դժվար կառավարելի և չենթարկվող:

  • Հաջորդ ճգնաժամային փուլը վեցից յոթ տարեկանի շրջափուլն է:

Այս շրջանում ձևավորվում է երեխայի սոցիալական «ես»-ը: Փոխվում է երեխայի սոցիալական դերը, որովհետև նա արդեն աշակերտ է: Այս տարիքում տեղի են ունենում նաև մեծ ֆիզիոլոգիական փոփոխություններ:

  • Հաջորդ տարիքային ճգնաժամը դեռահասության ճգնաժամն է:

Այս ճգնաժամը, նախորդ ճգնաժամերի համեմատ, բոլորի կողմից նկատելի է լինում: Դեռահասության ճգնաժամը 10-15 տարեկանի շրջանն է, որը ներքին և արտաքին լուրջ փոփոխությունների շրջան է: Երեխայի օրգանիզմում լուրջ փոփոխություններ են տեղի ունենում. երեխան ձեռք է բերում հասուն մարդու ներքին և արտաքին կառուցվածք: Կարևոր է հաշվի առնել, որ այս փուլում երեխայի զարգացման համար շատ կարևոր է ծնողներից տարանջատումը՝ էմանսիպացիան: Սա շատ կարևոր է դեռահասի կայացման և ինքնուրույն դառնալու համար: Դեռահասության ճգնաժամից ելքը ընթանում է երկու ճանապարհով՝ ենթարկվելու ճանապարհ կամ ըմբոստության ճանապարհ: Պետք է ընդունել, որ ըմբոստության ճանապարհը երեխայի զարգացման ճանապարհն է, իսկ ենթարկվելու ճանապարհն ընտրող երեխաներն իրենց զարգացման մեջ հետընթաց են ապրում:

Երեխաները և սթրեսը. Պրակտիկ հոգեբանություն | Անուշ Ալեքսանյան

Մանկությունը զերծ չէ սթրեսներից: Թյուր կարծիք կա, որ մանկությունն անհոգ շրջան է մարդու կյանքում, և երեխաները սթրես չեն կարող ունենալ: Սակայն, սթրեսի բոլոր փուլերն ու դրսևորումները նույնքան են սպառնում երեխաներին, որքան մեծահասակներին: Երեխաները չեն կարող սթրեսին նույնքան դիմակայել, որքան մեծահասակները, քանի որ դեռևս չունեն կենսափորձ, ուստի ցանկացած փոփոխություն կարող է երեխայի համար սթրեսի աղբյուր դառնալ: Երեխաներին հաճախ չեն տեղեկացնում տեղի ունեցող փոփոխություններից, փորձում են զերծ պահել սթրեսածին տեղեկություններից, այնինչ երեխայի հետ պետք է առավել անկեղծ լինել: Անգամ եթե երեխան անկեղծությանը չարձագանքի, այն կօգնի հետագայում հաղթահարել սթրեսը:
Երեխաները սթրեսին արձագանքում են վարքային և էմոցիոնալ փոփոխություններով, քնի, սննդի խանգարումներով, անգամ դիմադրողականության անկումով: Երեխան կարող է դառնալ ագրեսիվ, ինքնամփոփ, ունենալ անքնություն, գիշերամիզություն, մկանային կրճատումներ և այլն: Երեխայի պահվածքին, մասնավորապես՝ խաղին հետևելով կարելի տեսնել երեխայի սթրեսի մակարդակը: Միջավայրը հաճախ բացասական է արձագանքում երեխայի սթրեսային վիճակին. երեխայի վարքը վատանում է, և շրջակա մարդիկ սկսում են ավելի ու ավելի կոշտ արձագանքել երեխայի արարքներին, ինչն իր հերթին բերում է վարքի բարդացմանը: Երեխաներն ունենում են չհասկացվածության զգացողություն, որն իր արժեքը չի կորցնում մարդու ողջ կյանքի ընթացքում: Հատկապես վտանգավոր է առողջական խնդիրներից ծագող սթրեսը, որի հետևանքով երեխայի վարքը ևս կարող է փոխվել: Այդ դեպքերում դաստիարակչական կոշտ գործողությունները առանձնահատուկ ծանր հետևանքների են բերում:

Երեխայի կյանքում բացասական փոփոխություններ նկատելու դեպքում իրավիճակի բարդացումը կանխելու նպատակով անհրաժեշտ է մասնագետի դիմել:

Պատասխանատվություն. Պրակտիկ հոգեբանություն | Անուշ Ալեքսանյան

Կյանքի ցանկացած խնդիրների նկատմամբ մարդու վերաբերմունքը կարելի է պայմանականորեն երկու տեսակի բաժանել: Առաջին մոտեցումը մեղադրանքն է: Խնդրին բախվելով մարդ մեղադրում է արտաքին գործոնները, այլ մարդկանց, ճակատագիրը, ինքն իրեն: Այս տեսակի մեղադրանքը որոշ չափով ագրեսիայի դրսևորում է, իսկ ագրեսիան չի կարող որևէ կերպով նպաստել իրավիճակի դրական լուծմանը և բերում է անձի դեգրադացիայի: Մասնագիտական ոլորտի սթրեսը բերում է հուզական սպառման համախտանիշի, որը ևս հաճախակի արտահայտվում է մեղադրանքի տեսքով: Մեղադրանքի տեսքով ագրեսիայի դրսևորումը ապարդյուն է սթրեսի կառավարման տեսակետից: Տարբեր կրոններում ձևավորված «Մի՛ դատիր» պատվիրանը ակտուալ է այս տեսակի խնդիրների լուծման համար և դրական է ազդում անձնային արդյունավետության վրա:
Մի թյուրըմբռնում գոյություն ունի, ըստ որի ինքնամեղադրանքը դրական արդյունքի է բերում, և մարդն առաջին հերթին պիտի մեղքը փնթրի իր մեջ: Այնուամենայնիվ, ցանկացած մեղադրանք, անկախ նրանից, թե ում է այն ուղղված, հանգեցնելու է անձի դեգրադացիայի: Ինքնամեղադրանքն, իր հերթին, հանգեցնում է ինքնագնահատականի անկմանը, որն իր հերթին բացասական հետևանքների է բերում:

Ի տարբերություն մեղադրանքի, սթրեսադիմացկունությանն ու կայունությանը նպաստում է պատասխանատվության ստանձնումը: Այն էապես տարբերվում է ինքնամեղադրանքից, քանի որ պատասխանատվությունը միշտ կիսվում է կողմերի միջև: Պատասխանատվության ստանձնումը նշանակում է գիտակցել սեփական անձի ազդեցությունը իրավիճակի վրա: Ազդեցությունը կարող է կախված լինել տարատեսակ գործոններից՝ մարդու սեռից, տարիքից, տեսքից և այլն: Երբ մարդ գիտակցում է այդ գործոնների ամբողջության ազդեցությունն իրավիճակի վրա և ստանձնում է պատասխանատվությունը դրա համար, նա նաև կարողանում է որոշակի ձևով կառավարել այն: