Մենք հաճախ ենք լսում մեր կյանքում անձնական սահմաններ դնելու կարևորության մասին։ Բայց առողջ սահմաններ ունենալու մասին խոսելը շատ ավելի հեշտ է, քան այն կառուցելը։ Եկեք փորձենք բացահայտել, թե ինչ է դա։
Սահմաններ ունենալը նշանակում է լինել անհատականություն՝ սեփական կարիքներով, ցանկություններով ու պահանջներով, որոնք էլ զանազանում են մարդկանց իրարից։ Առանց առողջ սահմանների ապրելը թույլ է տալիս ուրիշներին անտեսել մեր զգացմունքներն ու ցանկությունները։ Մեզ կարող են ողջ-ողջ «ուտել» այն մարդիկ, ովքեր հստակ գիտեն՝ ինչ են ուզում։ Ըստ էության՝ սահմաններ ունենալը նշանակում է տարբերակել, թե ինչ են մեզանից ուզում ուրիշները և թե ինչ ենք մենք ուզում մեզանից։ Սահմանը արտաքին նշանն է մեր ներքին էության, այն բանի, թե ինչն է մեզ համար առավել կարևոր։ Առաջին հերթին մենք պետք է հասկանանք ու վերլուծենք մեր փորձը։ Մենք բարկանո՞ւմ կամ ամաչո՞ւմ ենք ուրիշների՝ մեր հասցեին արված վիրավորող մեկնաբանությունից։ Ուզո՞ւմ ենք գնալ մեր զուգընկերոջ ծնողներին այցի, թե նախընտրում ենք այլ կերպ անցկացնել արձակուրդը։
Երբեմն համաձայնում ենք կատարել ընկերների խնդրանքը, հանդիպել, երբ վատ են զգում իրենց, խոսել ու լսել։ Միևնույն ժամանակ կարող ենք խիստ զբաղված լինել մեր իսկ գործերով ու պարտականություններով ու ժամանակ չունենալ ուրիշների համար, կամ չուզենալ անել բաներ, որոնք մեզ չեն երջանկացնում։ Ժամանակ է անհրաժեշտ հասկանալու, թե ինչն է մեզ համար «ճիշտ», իսկ ինչը՝ «սխալ»։ Սեփական կարիքները հասկանալու համար պետք է մի պահ կանգ առնել, գնալ մեր ներսը ու ուսումնասիրել ու հասկանալ մեր իրական մտահոգությունները։ Հոգեբան Թառա Բռաչը սրան անվանում է՝ «գաղտնի դադար», դանդաղեցնել ու ներկա լինել այն ամենին, ինչը փորձառում ես տվյալ պահին, լինել միշտ ներկայում՝ այստեղ և հիմա։ Սահմանները սեփական եսի հաստատման արտահայտություններ են, որը գիտակցում ես երկար դադարից հետո՝ նկատելու համար, թե ինչն է ռեզոնանս առաջացնում, ինչը՝ ոչ։ Մեր պատասխանները՝ «այո», «ոչ», «երևի», մեծ ազդեցությունն ունեն ուրիշների վրա, բայց պետք է նաև հստակ գիտակցել, որ մեր պատասխանները նաև մեծ ազդեցություն ունեն նաև մեր վրա։
Մենք այնքան ենք կապված այն ցանկությանը, որ մեզ հավանեն, որ երբեմն խուսափում ենք ինքնարտահայտման որևէ ձևից, որը հնարավոր է առաջ բերի անհամաձայնություն կամ կոնֆլիկտ։ Խաղաղություն պահելու համար մենք հաճախ անտեսում ենք մեր կարիքները, որն էլ առաջ է բերում չարտահայտված վրդովմունք ու կապվածության թուլացում։ Անձերի մեջ ներքին կապը թուլանում է ինքնադավաճանման ու ինքնամերժման մթնոլորտում։ Մյուս ծայրահեղությունն էլ այն է, որ մենք այնքան կենտրոնացած ենք մեր վրա, որ մեզ չի հետաքրքրում այն, թե ինչպես ենք ազդում ուրիշիների վրա։ Կամ գուցե մենք զգում ենք մեզ ավելորդ ու վիրավորված, քանի որ այդքան ժամանակ մերժում ենք մեր ցանկությունները, որի փոխարեն մենք գծում ենք մեր սահմանները ու թաքնվում ագրեսիվ պահվածքի տակ։ Խիստ սահմաններ դնելը գալիս է նաև չհասկանալուց, թե մարդիկ ինչ են ուզում քեզանից։ Մարդկանց մասին հոգ չտանելը մեզ դարձնում է մեկուսացած։ Չոր սահմանները առաջանում են հաճախ ներքին ոչ կառուցողական պահանջներից ինքներս մեզանից, պահանջներ, որ չենք կարող իրականացնել ու որոնք իրականում մեզ պետք էլ չեն։ Ագրեսիվ ձևով ամեն ինչին ոչ ասելը մեզ դարձնում է զրահապատ, մեկուսացած ու միայնակ։ Նման իրավիճակներում մենք մեզ ցավալիորեն զրկում ենք հուզական պարգևներից, որը կարող էր մեզ տրվել, եթե մենք պարզապես լսեինք մարդկանց ու կարողանալու դեպքում փորձեինք օգնել նրանց։ «Սահման» բառը գուցե շատ կոպիտ ու խիստ հնչի, բայց այն պարզապես նուրբ արվեստ է այն մասին, թե ինչպես լինել ուշադիր այլոց ցանկությունների ու զգացմունքների նկատմամբ՝ չկորցնելով սեփականը։ Մենք կարող ենք մեր «ոչը» պահել ետևի գրպանում՝ ծավալելով հարգալից երկխոսություն։ Մենք կարող ենք մեզ թույլ տալ ազդեցություններ կրել՝ առանց մեզ ստորացնելու, պարզապես լողալով մեր և ուրիշների արանքում եղած տարածության մեջ՝ հարգելով երկու կողմերի իրավունքներն ու ցանկությունները։ Այսպիսի միջին մի բան գտնելը գալիս է փորձի արդյունքում, սրան անվանում են չափահասության նվեր․ այն օգնում է հասկանալ, թե մինչև որտեղ կարող ենք զիջել։ Միայն փորձի միջոցով, հարաբերվելով մարդկանց հետ, հարգելով նրանց զգացմունքները ու նաև արտահայտելով սեփականը, մենք կարող ենք ստեղծել իրապես ջերմ, մտերմիկ, ինտիմ հարաբերություն։ Առողջ սահմաններ ստեղծելու ճանապարհը բաղկացած է մարդկանց հետ համագործակցել սովորելուց։ Խելամտորեն ունենալով ճկուն սահմաններ, մենք կարող ենք ստեղծել նոր, զարգացնող կապեր ու խորը հարաբերություններ։
© Ջոն Ամադեո
Սննդային վարքագիծը մարդու արժեքային վերաբերմունքն է սննդի և վերջինիս ընդունման ձևերի հանդեպ։
Հնս 05 2023Սոցիալականացումը մի պրոցես է, որի միջոցով անհատը դառնում է հասարակության անդամ՝ յուրացնելով ընդունված նորմերն ու արժեքները, կրելով այս կամ այն սոցիալական դերը:
Մյս 18 2023Դեռ ոչ շատ վաղ անցյալում քաղցկեղը մի հիվանդություն էր, որ գրեթե միշտ ավարտվում էր մարդու մահով: Հիմա, թեև պատկերն այլ է, և մարդիկ շատ դեպքերում բարեհաջող հաղթահարում են այն, այնուամենայնիվ այս հիվանդության մասին լուրն առաջացնում է բուռն ապրումներ թե՛ տվյալ մարդու, թե՛ նրա մերձավորների մոտ:
Փտր 04 2021