Ռիթմը, որով ապրում ենք շատերս, հանգիստ և ներդաշնակ համարել չենք կարող: Ժամանակի թվացյալ պակասը, դրանից առաջացած անհանգստությունն ու հուզական ծանրաբեռնվածությունը նվազեցնում են աշխատանքի արդյունավետությունը՝ միաժամանակ հանգեցնելով հոգնության, սթրեսային լարվածության, սպառվածության և անտարբերության:
Ժամանակն ինքնին մարդու համար ռազմավարական ռեսուրս է, որ անհրաժեշտ է հաջողության հասնելու կամ ընդհանրապես կայուն զարգացման համար: Այն կարելի է դասել այնպիսի ռեսուրսների շարքին, ինչպիսին մարդիկ են կազմակերպության համար, դրամը, ինֆորմացիան, տեխնոլոգիաները և այլն: Այդ պատճառով էլ պետք է սովորել կառավարել սեփական ժամանակը:
Ինչպե՞ս: Ահա մի քանի հուշում.
1. Բոլոր տիպի աշխատանքները բաժանվում են 4 խմբի.
ա. Հրատապ և կարևոր: Սրանք այն առաջնային անելիքներն են, որոնց հետաձգումն անցանկալի խնդիրների կհանգեցնի: Պետք է ինքնուրույն և անվարան գործի անցնել:
բ. Կարևոր, բայց ոչ հրատապ: Այս տիպի անելիքները կարող եք և հետաձգել, սակայն պետք է հաշվի առնել, որ հետագայում դրանք վերածվելու են հրատապ և կարևոր գործերի:
գ. Հրատապ, բայց ոչ կարևոր: Այս տեսակի գործերով զբաղվելով՝ ոչ մի լավ արդյունքի չեք հասնի, դրանք խլում են ձեր ժամանակի մեծ մասը և անդրադառնում աշխատանքի որակի վրա: Սրանք հենց այն աշխատանքներն են, որ կարող եք հանձնարարել ուրիշին կամ նվազեցնել դրանց հատկացված ժամանակը:
դ. Ոչ հրատապ, ոչ էլ կարևոր: Տրամաբանական կլինի եզրակացնել, որ ոչ հրատապ, ոչ էլ կարևոր գործերը սկզբունքորեն ոչ մի նշանակություն չունեն, և դրանք չանելը ոչ մի հետևանք էլ չի ունենա: Այսպիսի գործերը կարող եք պարզապես ջնջել ձեր ցուցակից:
Մի քանի հարց, որոնք կօգնեն ձեզ զբաղվել միայն կարևոր գործերով:
Իմ խնդիրներից ո՞րն է ամենակարևորն ու հրատապն այսօր:
Ինչի՞ համար են ինձ աշխատավարձ վճարում:
Իմ առջև դրված խնդիրներից ո՞րն է ամենաարժեքավորը:
Ի՞նչն է, որ կարող եմ անել միայն ու միայն ես, և որի լավ կատարումն իսկապես կանդրադառնա իմ կյանքի վրա:
Միշտ հիշեք, որ եթե կենտրոնանաք միայն մեկ գործ կատարման վրա, ապա արդյունքում կխնայեք դրա կատարման համար անհրաժեշտ ժամանակի 80%-ը:
2. Ինչպե՞ս «ուտել փղին»։
Մանր-մունր անելիքներից բացի շատ հաճախ ունենում ենք նաև մեծ ու ժամանակատար գործեր` «փղեր»: Ինչպե՞ս կուտեիք փղին: Տրամաբանական պատասխանը կլինի` մաս առ մաս: Առանձնացրեք ձեր բարդ և ծավալուն գործերն ու դրանք բաժանեք մի քանի մասի`մանր գործերի` յուրաքանչյուր օր կատարելով մեկը: Ընդ որում` «փղին» պետք է բաժանել այնպիսի մանր կտորների, որոնք ուտելը ձեզ ավելի կմոտեցնի ամբողջ փղին ուտել վերջացնելուն: Օրինակ` ձեր խնդիրը վարորդական իրավունք ստանալն է: Մանր կտորները կլինեն «պատասխանել այսքան հարցի», «մեքենա վարել այսքան ժամ», «սերտել ճանապարհային երթևեկության կանոնները», «մտապահել ճանապարհային նշանները» և այլն։
3. «Մի կողմ թողեք զզվանքը և կուլ տվեք գորտին»
Երբեմն լինում են այնպիսի գործեր, որոնք կատարելու համար քիչ ժամանակ են պահանջում, սակայն տհաճ են, մեզ դուր չեն գալիս` «գորտեր են»: Դրանք այն կարևոր խնդիրներն են, որոնց լուծման հարցում չեք կողմնորոշվում և հակված եք դանդաղկոտության: Լուծման համար 5 րոպե պահանջող առաջադրանքները շաբաթներով հետաձգվում են և դառնում մեծ խնդիրներ, որոնք արդյունքում ավելի շատ ժամանակ են խլում: Իսպանացիները մի ասացվածք ունեն. «Ամեն առավոտ մի գորտ կուլ տվեք»:
«Եթե ամեն առավոտ ստիպված եք լինում գորտ ուտել, ապա ամբողջ օրն անցնում է այն մտայնությամբ, որ հավանաբար դրանից վատ այլ բան արդեն չի պատահի ձեզ հետ: Եթե պետք է երկու գորտ ուտեք, առաջինը կուլ տվեք ամենագարշելին:» (Բ. Թրեյսի): Համառ եղեք և մի հանձնվեք, քանի դեռ մինչև վերջ չեք կատարել առաջադրանքը: Կազմեք ձեր «գորտերի» ցուցակը և որոշեք` ինչ հերթականությամբ եք ուտելու:
«Ձեր առջև ծառացած խնդիրները վերահսկողության տակ վերցնել, նշանակում է դադարել ուշադրություն դարձնել ոչ նշանակալի բաներին և սկսել ավելի շատ ժամանակ հատկացնել այն ամենին, ինչն իսկապես կարևոր է ձեզ համար:» (Բ. Թրեյսի):
Սննդային վարքագիծը մարդու արժեքային վերաբերմունքն է սննդի և վերջինիս ընդունման ձևերի հանդեպ։
Հնս 05 2023Սոցիալականացումը մի պրոցես է, որի միջոցով անհատը դառնում է հասարակության անդամ՝ յուրացնելով ընդունված նորմերն ու արժեքները, կրելով այս կամ այն սոցիալական դերը:
Մյս 18 2023Դեռ ոչ շատ վաղ անցյալում քաղցկեղը մի հիվանդություն էր, որ գրեթե միշտ ավարտվում էր մարդու մահով: Հիմա, թեև պատկերն այլ է, և մարդիկ շատ դեպքերում բարեհաջող հաղթահարում են այն, այնուամենայնիվ այս հիվանդության մասին լուրն առաջացնում է բուռն ապրումներ թե՛ տվյալ մարդու, թե՛ նրա մերձավորների մոտ:
Փտր 04 2021