Ինչպես խուսափել դեռահասությանը բնորոշ վտանգներից

Դեռահաս տարիքի երեխա ունեցող ծնողներին մասնագետները խորհուրդ են տալիս անկախ դեռահասի վարքից, բնավորությունից, իրավիճակից, դեռահասի համար ապահովել.

Սեր առանց ծնողների սիրո դեռահասը չի կարող ձեռք բերել վստահության, սեփական արժանապատվության և ինքնավստահության զգացում: Սիրո պակասը դառնում է այն հիմնական պատճառը, որի հետևանքով դեռահասները դիմում են անմտածված, անպատասխանատու քայլերի, վտանգավոր վարքագիծ են դրսևորում:

Տարածություն դեռահասին անհրաժեշտ է իր սենյակն ունենալ, որտեղ նա կհա­սու­նանա, կմտածի, կսովորի, և սխալներ կգործի։ Ծնողական գերխնամքն ու չափից ավելի ուշադրությունը դեռահասի մեջ չեն կարող դաստիարակել անկախու­թյան և վստահության զգացում, ինչը հնարավոր է ձեռք բերել միայն ինքնուրույն թռիչքի մեջ։

Կարող է թվալ` ինչ-որ հակասություն կա նախորդի և երկրորդի միջև, սակայն պետք է հիշել, որ սերը ապրում է միայն ազատության և անկախության մեջ, իրական հարգանքի և ինքնուրույնության պայմաններում կարելի է իրապես սիրել:

Ընկերներ նրանք թեթևացնում են ծնողների տնից «դուրս գալու» ընթացքը, փոխարենն առաջարկելով հարմարավետություն, հուսալիություն և կարեկցանք։ Պետք չէ մոռանալ, որ դեռահասությունը իսկապես նախորդում է հասուն կյանքին, և դեռահասը պիտի սովորի ապրել առանց ծնողական խնամքի և հսկողության: Դրան օգնում են ընկերները, միջավայրը, որում դեռահասը հարստացնում է իր գիտելինքերը և ինքնուրույն որոշումներ է կայացնում:

Ավանդույթներ լինեն դրանք կրոնական, թե էթնիկ կապեր, դպրոցական տո­ների կամ ընտանեկան հանդիսությունների անցկացման արարողություններ, ավան­դույթ­ները դեռահասին ամրացնում են իր արմատներին և տալիս են ներկան նշանակալի դարձնելու հնարավորություն։ Ավանդույթը կարող է լինել ընտանեկան արարողություն, կիրակի օրը ընտանիքով միասին ճաշելը, կամ շաբաթվա ընթացքում մեկ օր միասին քաղաքից դուրս գնալը: Այդ օրերը հիշեցնում են մեզ մեր արմատների մասին և օգնում են թևերն ամրացնել թռիչքից առաջ

Սահմաններ յուրաքանչյուր դեռահասի անհրաժեշտ է որոշակիորեն սահմանափակել՝ այդ ձևով նրան սովորեցնելով իրական աշխարհում իրեն պահել կարողանալուն։ Կանոններն ապահովում են հիմք և անվտանգություն։ Միայն պետք է հիշել, որ կանոնները դեռհասի անվտանգության համար են, ոչ ծնողների քմահաճույքները բավարարելու համար: Դրանք պիտի լինեն քիչ, տրամաբանական, դեռահասի համար հասկանալի և հնարավորինս ընդունելի:

Մեծահասակներ ծնողներից և ուսուցիչներից, հասարակական և կրոնական առաջնորդներից և սիրելի հարազատներից բացի, դեռահասին երբեմն անհրաժեշտ է շփում իմաստուն և հասկանալու ընդունակ որևէ մեծահասակի հետ։ Այս տարիքում դեռահասներին երբեմն դժվար է լինում հարազատների հետ անկեղծ և անկաշկանդ խոսել իրենց հուզող հարցերի շուրջ: Օտար, իրեն չքննադատող մեծահասակի հետ շփումն ու ընկերությունը կարող է շատ օգտակար լինել:

Մասնագետները համոզմունք են հայտնում նաև, որ դեռահասին անհրաժեշտ է սեփական գործն ունենալ, հետաքրքրությունը (սպորտ, խմբակ), ինքնաարտա­հայտման սեփական ձև և տարեկիցների ուշադրությունը գրավելու միջոց։

Որտեղից են հայտնվում երեխաները

Գրեթե ցանկացած ծնողի համար խնդիր է, երբ և ինչպես ասել երեխային, թե ինչպես են հայտնվում երեխաները։ 2.5-5 տարեկանն ընկած ժամանակահատվածում երեխան ամենայն հավանականությամբ տալիս է ձեզ այդ հարցը և դրան պատրաստ լինելը շատ կարևոր է: Այդ տարիքի երեխաները ցուցաբերում են հետաքրքրություն հղիության և տեսակի շարունակության մասին: Հոգեբանների կարծիքով մոտավորապես 4 տարեկանում երեխաները սկսում են գիտակցել, որ նորածինները պարզապես չեն հայտնվում ոչ մի տեղից, այլ կատարվում է ինչ-որ բան, որը նպաստել է այդ գործընթացին:

Փոքրիկ երեխաները մտածում են կոնկրետ և ուղիղ: Բացատրությունները՝ երեխան աճում է մայրիկի փորում, կարող է վախեցնել այն երեխաներին, որոնք փորը հիմնականում ասոցացնում են ուտելիքի հետ, ինչու հայրիկը, որը ևս ունի փոր, չի ծնում երեխա:

Այս հարցը կարծես թե մարտահրավեր է․ ինչպե՞ս պատասխանել։

Առաջին հերթին պարզեք, թե ինչ գիտի երեխան այդ մասին։ Այստեղ տեղին կլինի մի կատակ. Տղան գալիս է տուն և հարցնում հորը. ‹‹Որտեղի՞ց եմ ես հայտնվել››․ հայրը 15 րոպե բացատրում է անատոմիան և տեսակի շարունակման ընթացքը, այդ ժամանակ տղան անհամբերությամբ ընդհատում է հորը հետևյալ հարցով. ‹‹Հայրիկ մեր դասարանից մի տղա ասում է, որ նա այսինչ շրջանի այսինչ գյուղից է, իսկ ես որտեղից եմ››: Այլ կերպ ասած՝ համոզվեք, որ ճիշտ եք հասկացել ձեր երեխայի հարցը: Կարելի է ճշտել հետևյալ կերպ. ‹‹Ի՞նչ ես ինքդ մտածում, ինչպես ես հայտնվել›› կամ ‹‹Նկատի ունես, թե որտեղ ենք մենք ապրել միչև քո ծնվելը››, կամ ‹‹Ուզում ես լսել պատմությունը այն մասին, թե ինչպես ես դու ծնվել››:

Երկրորդը՝ հիշեք այն արժեքները, որոնք դուք ցանկանում եք փոխանցել ձեր երեխային: Օրինակ՝ կարևո՞ր է արդյոք ձեզ համար ասել երեխային, որ սեռական հարաբերությունը կարող է լինել միայն ամուսնության ժամանակ, կամ հասանելի է միայն մեծերին: Երեխայի հետաքրքրասիրությունը տալիս է ձեզ այդ հնարավորությունը նման արժեքներով կիսվելու համար:

Երրորդը՝ սկսեք շատ պարզ հարցերից և տեսեք, հետաքրքիր է արդյոք երեխային շարունակել խոսակցությունը:

Օրինակ՝

Երեխա: Որտեղի՞ց եմ ես հայտնվել:

Ծնող: Դու հարցնում ես, որտե՞ղ ես դու ծնվել, թե այն մասին ինչպե՞ս են հայտնվում երեխաները:

Երեխա: Ինչպե՞ս են հայտնվում երեխաները:

Ծնող: Ինչ լավ հարց տվեցիր: Նորածինները ապրում են հատուկ վայրում՝ մայրիկի ներսում, որը կոչվում է արգանդ:

Երեխա: Իսկ ի՞նչ է նշանակում արգանդ:

Ծնող: Դե դա հատուկ տեղ է կնոջ ներսում, փորի նեքևում: Արգանդ ունեն միայն կանայք, դրա համար միայն նրանք կարող են երեխա ունենալ: Բայց հայրիկները ևս ունեն շատ կարևոր դեր, քանի որ օգնում են երեխայի բեղնավորման ժամանակ:

Կյանքը ցույց է տալիս, որ 3-4 տարեկան երեխաների մեծամասնությանը այսքան ինֆորմացիան բավարար է: Չզարմանաք, եթե նրանք գնան, մտածեն դրա մասին և վերադառնան նոր հարցերով: Իրականում հիանալի է, հիանալի է, երբ նրանք շարունակում են հարցեր տալ:

Ինչպե՞ս խրախուսել երեխային

Ինչպե՞ս խրախուսել երեխային

Մենք բոլորս ուզում ենք, որ մեզ նկատեն և խրախուսեն: Իսկ ինչ եք կարծում, ի՞նչ է ուզում երեխան, երբ ցույց է տալիս հենց նոր իր նկարած նկարը և հարցնում՝ «գեղեցի՞կ է»։ Հնարավոր է՝ նա իրեն անպաշտպան է զգում, կամ ցածր ինքնագնահատական ունի, կամ ցանկանում է շփվել, կամ փնտրում է իր արարքների հաստատում։ Միգուցե պետք է ուղղակի ասել` «ապրես, շատ գեղեցիկ է»։ Շատ հաճախ հենց այսպես էլ ասում են: Բայց երբեմն պետք է այլ կերպ վարվել։

Ինչպե՞ս վարվել

Ենթադրենք երեխան ցույց է տալիս մի նկարը, որը նոր է նկարել: Դուք՝ ամենայն հետաքրքրվածությամբ և անկեղծությամբ և գոհ ձայնով ասում եք՝ «Այստեղ մեծ տուն ես նկարել, այստեղ խողովակից ծուխ է բարձրանուն, իսկ ներքևում տեսնում եմ ինչ-որ կապույտ բան, այստեղ ևս դատարկ տեղեր կան…»։ Երբեմն պետք է գնահատող բառեր ասելուց բացի ուղղակի ուշադրություն դարձնել առանձին դետալների վրա, ու պատմել երեխային, թե ինքը ինչ է արել։ Այդ ժամանակ երեխան, որպես կանոն, մոռանում իր տված հարցը և սկսում է մտածել, թե ինչ է արել: Կարելի է նաև խրախուսել ու դրդել, որ երեխան ինքը պատմի, թե ինչ է արել։ Հետաքրքրիր է հետևել, թե ինչպես է երեխան ընկալում մեծահասակների բառերը, մտնում խոսակցության մեջ և սկսում մեկնաբանել նկարը` «Այստեղ կա երեք պատուհան․ մեկը մայրիկի, երկրորդը հայրիկի, իսկ սա իմ և Տուզիկի համար: Իսկ այստեղ ես գետ եմ նկարել: Այստեղ կլինի մեքենան, որը ես դեռ չեմ նկարել բայց հիմա կնկարեմ…»։ Մտածեք այս խոսքերի մասին, զգացեք, թե ինչպես է փոխվում է երեխայի վիճակը: Եթե ամենասկզբում երեխան միայն կախվածություն ուներ մեծահասակի խոսքից, ապա զրույցի ընթացքում նա ոչ միայն ստացավ իր ցանկացած գովասանքը, այլև զգաց ոչ ֆորմալ հետաքրքրվածություն, հաստատեց իր հաջողությունները, մտավ շփման մեջ, տեսավ նաև իր գործողությունների զարգացումը: Հիմա երեխան ազատ է և ինքն է գնահատում իր աշխատանքը: Երբեմն կարելի է օգտագործել հետևյալ արտահայտությունները. «Շատ կարևոր չէ, թե ես ինչ եմ մտածում, կարևոր չէ, թե իմ կարծիքով սա գեղեցիկ է, թե ոչ, այլ կարևոր է այն, թե ինչ ես դու մտածում քո նկարի մասին»: