Դեռահաս տարիքի երեխա ունեցող ծնողներին մասնագետները խորհուրդ են տալիս անկախ դեռահասի վարքից, բնավորությունից, իրավիճակից, դեռահասի համար ապահովել.
Սեր․ առանց ծնողների սիրո դեռահասը չի կարող ձեռք բերել վստահության, սեփական արժանապատվության և ինքնավստահության զգացում: Սիրո պակասը դառնում է այն հիմնական պատճառը, որի հետևանքով դեռահասները դիմում են անմտածված, անպատասխանատու քայլերի, վտանգավոր վարքագիծ են դրսևորում:
Տարածություն․ դեռահասին անհրաժեշտ է իր սենյակն ունենալ, որտեղ նա կհասունանա, կմտածի, կսովորի, և սխալներ կգործի։ Ծնողական գերխնամքն ու չափից ավելի ուշադրությունը դեռահասի մեջ չեն կարող դաստիարակել անկախության և վստահության զգացում, ինչը հնարավոր է ձեռք բերել միայն ինքնուրույն թռիչքի մեջ։
Կարող է թվալ` ինչ-որ հակասություն կա նախորդի և երկրորդի միջև, սակայն պետք է հիշել, որ սերը ապրում է միայն ազատության և անկախության մեջ, իրական հարգանքի և ինքնուրույնության պայմաններում կարելի է իրապես սիրել:
Ընկերներ․ նրանք թեթևացնում են ծնողների տնից «դուրս գալու» ընթացքը, փոխարենն առաջարկելով հարմարավետություն, հուսալիություն և կարեկցանք։ Պետք չէ մոռանալ, որ դեռահասությունը իսկապես նախորդում է հասուն կյանքին, և դեռահասը պիտի սովորի ապրել առանց ծնողական խնամքի և հսկողության: Դրան օգնում են ընկերները, միջավայրը, որում դեռահասը հարստացնում է իր գիտելինքերը և ինքնուրույն որոշումներ է կայացնում:
Ավանդույթներ․ լինեն դրանք կրոնական, թե էթնիկ կապեր, դպրոցական տոների կամ ընտանեկան հանդիսությունների անցկացման արարողություններ, ավանդույթները դեռահասին ամրացնում են իր արմատներին և տալիս են ներկան նշանակալի դարձնելու հնարավորություն։ Ավանդույթը կարող է լինել ընտանեկան արարողություն, կիրակի օրը ընտանիքով միասին ճաշելը, կամ շաբաթվա ընթացքում մեկ օր միասին քաղաքից դուրս գնալը: Այդ օրերը հիշեցնում են մեզ մեր արմատների մասին և օգնում են թևերն ամրացնել թռիչքից առաջ
Սահմաններ․ յուրաքանչյուր դեռահասի անհրաժեշտ է որոշակիորեն սահմանափակել՝ այդ ձևով նրան սովորեցնելով իրական աշխարհում իրեն պահել կարողանալուն։ Կանոններն ապահովում են հիմք և անվտանգություն։ Միայն պետք է հիշել, որ կանոնները դեռհասի անվտանգության համար են, ոչ ծնողների քմահաճույքները բավարարելու համար: Դրանք պիտի լինեն քիչ, տրամաբանական, դեռահասի համար հասկանալի և հնարավորինս ընդունելի:
Մեծահասակներ․ ծնողներից և ուսուցիչներից, հասարակական և կրոնական առաջնորդներից և սիրելի հարազատներից բացի, դեռահասին երբեմն անհրաժեշտ է շփում իմաստուն և հասկանալու ընդունակ որևէ մեծահասակի հետ։ Այս տարիքում դեռահասներին երբեմն դժվար է լինում հարազատների հետ անկեղծ և անկաշկանդ խոսել իրենց հուզող հարցերի շուրջ: Օտար, իրեն չքննադատող մեծահասակի հետ շփումն ու ընկերությունը կարող է շատ օգտակար լինել:
Մասնագետները համոզմունք են հայտնում նաև, որ դեռահասին անհրաժեշտ է սեփական գործն ունենալ, հետաքրքրությունը (սպորտ, խմբակ), ինքնաարտահայտման սեփական ձև և տարեկիցների ուշադրությունը գրավելու միջոց։