Երեխաներ կան, որոնք ազատվում են տակդիրներից արդեն ինն ամսական հասակում, սակայն դա չափանիշ չէ բոլոր երեխաների համար: Հատկապես դա չի կարող դառնալ պատճառ երեխային պատժելու, ամոթանքի ենթարկելու կամ ավելորդ անհանգստանալու: Նորմալ ժամանակահատվածը տակդիրներից ազատվելու և կառավարելու այդ գործողությունները համարվում է 18 ամիսը: Այս տարիքում միայն երեխան կարողանում է լիարժեք կառավարել իր զուգարանային հարցերը, այն էլ ցերեկը: Երբ երեխան սովորում է օգտվել գիշերանոթից և չոր մնալ ցերեկվա ժամերին, արդեն կարելի է սկսել նրան սովորեցնել քնել առանց տակդիրի: Գիշերը չոր մնալու համար նախնական շրջանում պետք է խուսափել քնելուց առաջ շատ հեղուկ օգտագործելուց: 1-2 տարեկան հասակում երեխաներն արդեն հասկանում են մեծահասակների բացատրությւոնները և իրենք էլ փորձում են կառավարել իրենց գործողությունները: Բնական է, որ սկզբնական շրջանում երբեմն երեխան տակը կթրջի: Դա ևս օգնում է, երեխան անհանգստանում է, արթնանում, լաց լինում, և աստիճանաբար սկսում է կառավարել իրեն:
Այստեղ անչափ կարևոր է մայրիկի և երեխային խնամող մեծահասակների պատրաստակամությունը: Սա ալարելու տեղ չէ: Պետք է նրբորեն զգալ այն պահը, երբ երեխան նշան է անում, որ ուզում է անել: Դա զգում է յուրաքանչյուր դիտողունակ մայրիկ: Ամեն անգամ, երբ մենք նկատում ենք և երեխային գիշերանոթին նստեցնում կամ անգամ պահում, որ նա անի, մենք օգնում ենք երեխային ֆիքսել և նկատել այդ պահերը, ձևավորել կամային կարգավորման համակարգ:
Նախքան տակդիրներից ազատվելը պետք է իմանալ, ինչով կարող են դրանք վնասել, կամ ինչ հետևանքներ կարող է ունենալ երկար ժամանակ տակդիրներից օգտվելը: Տակդիրը երեխային զրկում է թրջված, կամ տակը կեղտոտած լինելու տհաճ զգացումներից: Երեխան սովորում է դրան: Տակդիրից ազատելը օգնում է երեխային, սեփական անհարմարավետությունից դրդված, սովորել օգտվել գիշերանոթից: Այդ անհարմարավետությունը զգալը, դրանից նեղվելը խոսում է երեխայի զարգացման նորմալ և բնականոն ընթացքի մասին: Երեխաները ունեն բնական ցանկություն նմանվելու մեծահասակներին, նրանք անգամ ուզում են օգտվել զուգարանակոնքից, ինչպես մեծահասկաները: Այդ պատճառով գիշերանոթը պետք է պահել զուգարանում: Երեխաները այդպիսով հասկանում են, որ մեծահասկաները ևս այդպես են վարվում, ցանկանում են նմանվել նրանց: Այնպես որ, եթե ճիշտ ենք հետևում երեխայի զարգացման բնականոն ընթացքին, խնդիրներ և դժվարություններ չենք ունենա: Իսկ այն դեպքերը, երբ երեխան իրեն անհարմարավետ չի զգում, թաց կամ կեղտոտ լինելիս, խոսում է երեխայի զարգացման և հոգեբանական որոշակի խնդիրների առկայության մասին:
Այնուամենայնիվ, երեխային ժամանակին տակդիրներից հետ վարժեցնելու համար անհրաժեշտ է.
- Հետևել երեխայի միզելու ցանկությանը, ժամերին:
- Ժամանակին գիշերանոթին նստեցնել, կամ ավելի վաղ շրջանում պահել զուգարանակոնքին կամ որևէ ամանի մեջ:
- Այդ անգամների միջև ընկած ժամանակահատվածում հանել տակդիրը:
- Խրախուսել բոլոր անգամները, երբ երեխան տակդիրի մեջ չի անի, կանի գիշերանոթին:
- Խրախուսել մեծահասակին հատուկ նրա վարքի բոլոր դրսևորումները:
- Թույլ տալ երեխային դատարկել գիշերանոթը և բաց թողնել զուգարանակոնքի ջուրը: Դա նրանց ուրախացնում է:
- Գիշերանոթը պահել զուգարանում: Դա նրանց օգնում է հասկանալ, որ մեծահասակները ևս այդպես են վարվում (Երբեմն այս տարիքի երեխաները ցանկանում են տեսնել մեծահասակներին զուգարանում: Ծայրահեղ խիստ արգելել պետք չէ, այս տարիքում դա միայն ճանաչողական նշանակություն ունի, մեծանալով նրանք կմոռանան այդ մասին:):
- Համբերատար լինել, չպատժել տակը թրջելու համար: Նման դեպքեր կարող են պատահել ընդհուպ մինչև յոթ տարեկան հասակը: Խոսքը հազվադեպ դեպքերի մասին է:
- Հետևողական լինել տակդիրը հանելու հարցում: Չի կարելի մի շրջան տակդիր չհագցնել, իսկ ինչ-որ ժամանակ (երեխայի հիվանդանալու կամ մեկ այլ պատճառով) նորից սովորեցնել տակդիրին:
- Հիշել, որ մեկ տարեկան հասկանում երեխան արդեն ունակ է զգալու և կառավարելու իր միզելու և կեղտոտելու գործողությունները, երկու տարեկան հասակում երեխան արդեն պետք է ազատված լինի տակդիրից: