Ինչպե՞ս հարաբերվել սեփական երեխաների ընկերների հետ (հոգեբանի կոչը ծնողներին)

Ծնողներին հաճախ հուզում է երեխայի` հասակակիցների հետ ընկերական հարաբերությունների խնդիրը: Նրանք հաճախ մտահոգվում են, որ իրենց երեխան կամ ոչ ոքի հետ ընկերություն չի անում, կամ ընկերություն է անում ոչ նրա հետ, ում հետ պետք է: Ընկերների հետ խնդիրներ սովորաբար առաջանում են ամաչկոտ երեխաների մոտ: Իսկապես, ամաչկոտ և վախկոտ երեխաներն ավելի հաճախ, քան ագրեսիվ երեխաները, տառապում են մեկուսացումից: Այդ պատճառով շատ ամաչկոտ և ներամփոփ երեխային անհրաժեշտ է մեծահասակների օգնությունը շփումը բարելավելու համար: Դասարանում բարենպաստ միջավայրի դեպքում այդպիսի երեխան աստիճանաբար իր համար ընկեր է գտնում և իրեն լիովին հարմարավետ է զգում:

Երբեմն շատ շփվող ծնողներին անհանգստացնում է, որ իրենց երեխան չի ձգտում ակտիվորեն շփվել հասակակիցների հետ, քիչ ընկերներ ունի: Սակայն մեկին պետք են շատ ընկերներ, որ իրեն երջանիկ զգա, իսկ մյուսին բավական է և մեկ ընկերը: Հոգեբանների հետազոտությունների համաձայն, դասարանում գոնե մեկ փոխադարձ կապվածությունը երեխային դարձնում է առավել ինքնավստահ և նպաստում կոլեկտիվում նրա առավել հարմարավետ գոյատևմանը այն երեխայի համեմատ, որին շատերն են ընտրում, բայց ոչ նրանք, ում ինքն է ընտրում: Ընկերների առկայությունը երեխայի հուզական բարեկեցության կարևոր բաղկացուցիչն է: Անկախ տարիքից երեխայի ընկերը նա է, ում հետ հետաքրքիր է, ով աջակցում է, ում հետ կարելի է ինչ-որ բան անել, ընկերությունն այն զգացումն է, որ դու մենակ չես և ինչ-որ մեկին հետաքրքիր ես: Մեծանալով երեխան ընկերություն հասկացությունն ընկալում է որպես առավել լուրջ և խորը հարաբերություն:

Ծնողները հաճախ վշտանում են, եթե նրանք, ում իրենց երեխան անվանում է ընկերներ, վիրավորում են նրան, արհամարհում են, չեն գնահատում ընկերությունը: Եթե ծնողներին դուր չեն գալիս իրենց երեխայի ընկերները, ապա հարկ չկա պնդելու դադարեցնել հարաբերությունները և անընդհատ քննադատել ընկերոջը կամ ընկերուհուն: Պետք է երեխայի ուշադրությունը հասակակցի բասացական կողմերի վրա հրավիրել և թողնել, որ նա որոշի` արդյոք պետք է պահել այդ հարաբերությունները:

Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, դասընկերների կողմից մերժված երեխաների մոտ սովորաբար չեն լինում կայուն ընկերական հարաբերություններ դպրոցից դուրս: Սակայն, եթե դասարանում չճանաչված երեխան հնարավորություն է ունենում շփվել հասակակիցների հետ դպրոցից դուրս` բակում կամ շրջապատում, որտեղ նրան ընդունում և գնահատում են, ապա դպրոցում ընդունված չլինելը նրան տրավմայի չի ենթարկում:

Անհրաժեշտ է ճանաչել երեխայի բոլոր ընկերներին, հատկապես, եթե դուք վախենում եք նրանց բացասական ազդեցությունից: Պետք է օգնել երեխային կազմակերպելու շփումը, ստեղծելու համապատսախան շրջապատ: Քիչ է ուղղակի տալ նրան համապատասխան կոլեկտիվ, երեխաներին տուն հրավիրեք, հնարավորության դեպքում ծանոթացեք նրանց ծնողների հետ: Ամենագլխավորը, ոչ ստիպողաբար երեխայի համար ստեղծեք շփման ընդունելի շրջանակ: Դա կարող են լինել ձեր ընկերների, դասընկերների երեխաները, ինչ-որ ակումբ, մեկ բառով ասած` հասարակություն, որը միավորում է նման հետաքրքրություններով և միմյանց բարյացակամ վերաբերվող մարդկանց: Ծնողների խնդիրն է` ոչ միայն աջակցել բարդ իրավիճակում հայտնված երեխային, այլև սովորեցնել նրան համագործակցել շրջապատողների հետ: Չպետք է փորձել լիովին պաշտպանել երեխային բացասական ապրումներից: Առօրյա կյանքում անհնար է խուսափել զայրույթից, վիրավորանքից կամ դաժանությանը բախվելուց: Կարևոր է սովորեցնել երեխային դիմակայել ագրեսորներին: Երեխան պետք է կարողանա ասել «ոչ», տեղի չտալ ընկերների պրովոկացիաներին, հումորով վերաբերվել անհաջողություններին, իմանալ, որ սեփական խնդիրները երբեմն ավելի ճիշտ է հանձնել ծնողներին, քան ինքնուրույն լուծել դրանք, և վստահ լինել, որ հարազատները չեն հեռանա նրանից, այլ կօգնեն և կաջակցեն դժվար պահին:

Կարդացեք նաև

Օգնել երեխային դառնալ ինքնավստահ

Հաճախ ոչ ճանաչված են դառնում այն երեխաները, ովքեր ունեն ինչ-որ ֆիզիկական թերություններ կամ առօրյա խնդիրներ, անինքնավստահ են:

Հկտ 31 2023

Կորուստը և երեխաները

Ստեղծված արտակարգ իրավիճակը անխուսափելիորեն ազդում է նաև երեխաների վրա և ցավոք, որոշ դեպքերում կտրուկ փոխում իրենց կյանքի ընթացքը:

Հկտ 08 2023

Արտակարգ իրավիճակը և երեխաները

Երեխաները հատկապես խոցելի են նմանատիպ իրավիճակներում, քանի որ հաճախ չեն կարողանում խոսքերով արտահայտել այն, ինչ զգում են:

Սպտ 28 2023