Մարիա Մոնտեսսորի․ 19 պատվիրան ծնողներին

Մարիա Մոնտեսսորին իտալացի բժիշկ, մանկավարժ, փիլիսոփա է։ Նա հայտնաբերել և կատարելագործել է մանուկներին կրթելու մեթոդը, որն ընդգծում է երեխայի մեջ անկախության զարգացումը և կրճատում մեծահասակների միջամտությունը:
Մարիա Մոնտեսսորին ծնվել է 1870 թվականին, սկզբում ցանկացել է դառնալ ինժեներ, բայց հրաժարվել է այդ մասնագիտությունից բժիշկ դառնալու նպատակով։ Մոնտեսսորին Իտալիայի պատմության մեջ առաջին կինն է, ով ավարտել է բժշկական ամբողջական դասընթացը և առաջիններից մեկն է, որ կրել է բժշկական գիտությունների թեկնածուի կոչումը։

Մոնտեսսորիի մանկավարժական համակարգի սրտում հենց ինքը երեխան է, իր անկրկնելի  բնությամբ, իրեն բնորոշ հատկանիշներով՝ ֆիզիկական, հոգեբանական և հոգեկան զարգացման յուրահատուկ ունակություններով, կարիքներով, մղումներով և առանձնահատկություններով:
Մ.Մոնտեսորիի մանկավարժական համակարգը նախ և առաջ առանձնանում է իր բարձր մարդասիրությամբ, ամբողջ համակարգը ուղղված է երեխայի բնույթի բացահայտմանը, ազատության և ցանկացած տիպի ավտորիտարիզմի բացակայությանը: Իր համակարգի հիմքում նա մի կենսաբանական նախապայման է դրել՝ կյանքը ազատ, ակտիվ ինքնության գոյությունն է:
Մոնտեսորիի մեթոդի իմաստը խրախուսելն է, որ երեխան ինքնադաստիարակվի, ինքնազարգանա և ինքնակազմակերպվի: Դաստիարակի խնդիրն է օգնել երեխային կազմակերպել իր անելիքները, իրացնել սեփական անձը և բռնել սեփական յուրահատուկ ու չկրկնվող ուղին:

Նա կազմել է պատվիրան-հիշեցումների ցանկ ծնողների համար, պատվիրաններ, որ լավագույնս կօգնեն դաստիարակել ու մեծացնել ինքնուրույն անհատականություն։

1․ Երեխային ուսուցանում է իրեն շրջապատող միջավայրը:
2․ Եթե երեխային հաճախ քննադատում են, նա  սովորում է դատապարտել:
3․ Եթե երեխային հաճախ են գովում, նա սովորում է գնահատել:
4․ Եթե երեխային վերաբերվում են թշնամաբար, նա սովորում է կռվել:
5․ Եթե երեխայի հետ ազնիվ են, նա սովորում է արդար լինել:
6․ Եթե երեխային հաճախ են ծաղրում, նա վախկոտ լինել է սովորում:
7․ Եթե երեխան ապրում է ապահովության զգացումով, նա սովորում է հավատալ:
8․ Եթե երեխային հաճախ են պախարակում, նա սովորում է մեղավոր զգալ:
9․ Եթե երեխային հաճախ են հավանություն տալիս, նա սովորում է ինքն իրեն լավ 10․ վերաբերվել:
10․ Եթե երեխայի նկատմամբ հաճախ են հանդուրժող լինում, նա սովորում է համբերատար լինել:
11․ Եթե երեխային հաճախ են ուրախացնում, նա ինքնավստահություն է ձեռք բերում:
12․ Եթե երեխան ապրում է համերաշխ մթնոլորտում և իրեն պիտանի է զգում, նա սովորում է սեր գտնել այս աշխարհում:
13․ Երեխայի մասին վատ մի խոսեք նրա ներկայությամբ կամ առանց նրա:
14․ Կենտրոնացեք երեխայի մեջ լավի զարգացմանն այնքան, որ վատի համար տեղ չմնա:
15․ Միշտ լսեք և պատասխանեք Ձեզ դիմող երեխային:
16․ Հարգեք երեխային, որ սխալ է գործել և կարող է հիմա կամ քիչ անց ուղղել դա:
17․ Պատրաստ եղեք օգնելու այն երեխային, ով փնտրում է, և աննկատ մնացեք այն երեխայի համար, որ արդեն գտել է:
18․ Օգնեք երեխային յուրացնելու չյուրացրածը: Արեք դա՝ շրջապատը լցնելով հոգատարությամբ, զսպվածությամբ, խաղաղությամբ և սիրով:
19․ Երեխայի հետ շփման ժամանակ մշտապես դրսևորեք լավ վարքագիծ, փոխանցեք նրան ձեր մեջ եղած դրականը:

1988 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Մարիա Մոնտեսսորիին ճանաչել է 20-րդ դարում դաստիարակության մեջ հեղափոխություն իրականացրած 4 ամենահայտնի մանկավարժներից մեկը։

Կարդացեք նաև

Զարգացում

Երջանիկ երեխա

Հունիսի 1-ը ևս մեկ լավ առիթ է հիշելու, թե ինչ է իսկապես պետք երեխային երջանիկ լինելու համար։

Հնս 01 2023
Զարգացում

ՀԵՔԻԱԹ. Ինչպե՞ս փոքրիկ կենգուրուն դարձավ ինքնուրույն

Հեքիաթը նախատեսված է նախադպրոցական երեխաների համար, ովքեր ունեն մայրիկից բաժանվելու և մենակ մնալու վախ: Կար-չկար մի մեծ մայրիկ-Կենգուրու կար: Մի օր նա դարձավ աշխարհի ամենաերջանիկ Կենգուրուն, քանի որ փոքրիկ Կենգուրու ունեցավ:

Հկտ 19 2021
Զարգացում

Մայրության բերկրանք և մայրական տագնապներ. ինչպես լինել ոչ կատարյալ մայր

Մայրությունը, որքան էլ որ հաճելի է և առաջացնում է բերկրանքի զգացում, նաև ծնում է բազմաթիվ տագնապներ, հատկապես մեր` կատարելապաշտական ժամանակներում: Ինչպե՞ս ճիշտ գրկել երեխային, որպեսզի նա իրեն զգա ապահով և միաժամանակ ազատ, ինչպե՞ս ճիշտ դաստիարակել երեխային, որպեսզի

Ապր 07 2021