Դեռահասությանը հատուկ խնդիրներ

Դեռահասության ամենավառ առանձնահատկություններից մեկն անձնային անկայունությունն է: Դա առաջին հերթին դրսևորվում է տրամադրության հաճախակի տատանումներով, աֆեկտիվ «բռնկունությամբ», այսինքն` հուզական լաբիլությամբ, որը պայմանավորված է սեռական հասունացմամբ և օրգանիզմում տեղի ունեցող ֆիզիոլոգիական վերակառուցման գործընթացներով:

Պետք է ասել, որ անձնային անկայունությունն ավելին է, քան միայն հուզական ֆոնի տատանում: Ինչպես գրում է Լ. Ս. Վիգոտսկին, «… դեռահասի անձի կառուցվածքում չկա ոչ մի կայուն, վերջնական, ավարտուն բան»:  Դեռահասներին բնորոշ է բարոյական անկայունություն:  Ըստ Լ. Կոլբերգի` կրտսեր դպրոցական և դեռահասության տարիքում երեխաներն ունեն ձևավորված կոնվենցիոնալ բարոյականություն, որի դեպքում երեխան դեռ չունի իրական բարոյականություն, և բարոյական նորմերը նրա համար ինչ-որ արտաքին պահանջներ են: Այդ կանոններին և նորմերին դեռահասների մեծ մասը հետևում է, որպեսզի արդարացնի ինչ-որ նշանակալի մարդկանց սպասելիքները, նրանց հետ լավ հարաբերությունները պահպանելու և նրանց կողմից խրախուսվելու համար:  Շրջապատի սպասելիքներն արդարացնելը, խրախուսանք ստանալուն ձգտելը, հեղինակությունների կարծիքին հակված լինելը հանդիսանում է դեռահասի անձնային և վարքային անկայունության պատճառը: Նա ամբողջովին կախված է արտաքին ազդեցություններից: Քանի որ դեռահասներն իրենց համար ռեֆերենտային խմբեր են փնտրում հասակակիցների շրջանում և մտերիմ ընկերների կարիք ունեն, հաճախ վերջիններիս կարծիքը որոշիչ է լինում: Հաճախ ընկերների հետ միասին դեռահասները կարող են այնպիսի քայլեր կատարել, որոնք միայնակ երբեք չէին համարձակվի անել և ապագայում էլ կարող են զղջալ արածի համար: Ավտոնոմ բարոյականություն և խմբից բարոյական անկախություն է ունենում 16 տարեկան դեռահասներից միայն 10%-ը:

Դեռահասներին հատուկ է նաև անկայուն ինքնագնահատականը: Այնպես, ինչպես վարքը, ինքնագիտակցությունը ևս շատ բաներում կախված է արտաքին ազդեցություններից: Դասամիջոցին համադասարանցիներից մեկի սիրալիր հայաքցքը կարող է ամբողջությամբ փոխել վերաբերմունքը սեփական արտաքինի հանդեպ, սակայն տանը արված մեկ աննրբանկատ դիտողությունը կարող է հակառակ արդյունքին բերել մի քանի օրվա ընթացքում:

Դեռահասը փորձում է հասկանալ ինքն իրեն և իր մեջ նոր բաներ է բացահայտում: Նրա «ես»-ի տարբեր պատկերները («որքան ընդունակ, գեղեցիկ, շփվող և ուժեղ եմ ես») փոփոխական են և չեն ձուլվում ամբողջական, հարմոնիկ և կայուն համակարգին: Ինչպես նշվեց վերևում, անձի կայունացումը սկսվում է հենց դեռահասության տարիքի ավարտին, իսկ հաճախ՝ ավելի ուշ: Մոտավորապես 15-16 տարեկանում Ես-կոնցեպցիան պետք է արդեն ձևավորված լինի:

Դեռահասի անձնային անկայունության մասին կարելի է դատել նրա վարքում և անձի դրսևորումներում ծայրահեղ, իրարից տարբեր որակների առկայությամբ, նրա բնավորության և հավակնություններիի հակասականությունից: Դեռահասության տարիքում դեռահասի վարքում ուրիշների կողմից գնահատված և ընդունված լինելու ձգտումը կարող է դրսևորվել սեփական ինքնուրույնության և թերությունների արտահայտմանը զուգահեռ, ամաչկոտությունը` սանձարձակության, սենտիմենտալությունը` կոպտության, զգացմունքային երազկոտությունը` չոր փիլիսոփայելու հետ: Դեռահասը ցանկանում է լինել բոլորի նման` միևնույն ժամանակ ամեն կերպ փորձելով առանձնանալ բոլորից: Նա պայքարում է հեղինակությունների դեմ, համընդհանուր նորմերի, կանոնների և իդեալների դեմ, բայց միևնույն ժամանակ աստվածացնում է պատահական կուռքերին:

Դեռահասության անկայունության և հակասականության մասին շատ լավ է ասել Աննա Ֆրոյդը. «Դեռահասներն առանձնահատուկ եսասերներ են, իրենց տիեզերքի կենտրոնն են համարում, և ուշադրության արժանի միակ օբյեկտ, բայց միևնույն ժամանակ իր կյանքի հետագա ոչ մի փուլում նա ընդունակ չէ այդչափ ինքնանվիրման և ինքնազոհաբերման, որքան այս տարիքում: Նրանք կարող են ընկնել կրքոտ սիրային հարաբերությունների մեջ միայն նրա համար, որ հետո նույնքան անսպասելիորեն  ընդհատեն այդ հարաբերությունները: Մի կողմից՝ նրանք խանդավառությամբ ներգրավվում են կոլեկտիվի կյանքի մեջ, մյուս կողմից՝  ուժգնորեն մենակության են ձգտում: Նրանք եսասեր ու մատերիալիստ են, սակայն միևնույն ժամանակ լի են բարձրագոչ իդեալիզմով: Նրանք ժուժկալ են, բայց հանկարծակի կարող են սանձարձակ դառնալ: Նրանց վերաբերմունքն ուրիշների նկատմամբ կարող է շատ կոպիտ և աննրբանկատ լինել, չնայած որ իրենք շատ զգայուն և խոցելի են: Նրանց տրամադրությունը տատանվում է պայծառ լավատեսությունից մինչև գորշ հոռետեսություն»:

Անկայունությամբ, ծայրահեղությունների մեջ ընկնելու հակումով, արտաքին ազդեցություններով են պայմանավորված այս տարիքում հաճախ հանդիպող սոցիալական խնդիրները, որոնք նաև անվանում են դեռահասության խնդիրներ, վաղ ալկոհոլամոլությունն է, տոքսիկոմանիան, թմրամոլությունը, դելինկվենտ վարքը, ինքնասպանությունները:  Այս վատթարագույն հետևանանքներին հաճախ հանգեցնում են մեկուսացվածությունը, տանը և դպրոցում չհասկացվածության զգացումը, ասոցիալ խմբի կամ նմանատիպ փորձ ունեցող հասակակիցների հետ հանդիպումները:

Ոստիկանությունում կամ նարկոլոգիական դիսպանսերում հայտնված դեռահասներից բոլորը չեն անբարենպաստ ընտանքիներից: Պատահում է, որ «դժվար» են դառնում նաև սիրված երեխաները, որոնց տանը սերը չի պակասել, բայց նրանք բավարարված չեն հասակակիցների կամ մեծահասակների հետ հարաբերություններով, իրենց անհաջողակ են համարում կամ բավարար չափով չեն ծանրաբեռնված գործերով, ձանձրանում են և այլն: Դեռահասության խնդիրների պատճառները բազմազան են: Դրանցից մեկն ինքնահաստատվելու  և տարբերվելու ցանկությունն է` զուգորդված համընդհանուր նորմերի և օրենքների դեմ բողոքով:

Բողոքը դեռահասներին միավորում է մի շարք ոչ ֆորմալ խմբերի կամ շարժումների մեջ, որոնք տարբերվում են իրենց գաղափարախոսությամբ և խորհրդանշաններով: Ներկայում կան շատ տարբեր խմբեր և դեռահասների շարժումներ` պանկերը, էմոները, ռոքերները, ռեպերները, ֆաշիստներն, սկինհեդները և այլն: Բոլոր դեռահասները, ովքեր ընդգրկվում են նման խմբերում և հոսանքներում, սոցիալապես հարմարված չեն, նույնիսկ, եթե ուղղակի ագրեսիա չեն դրսևորում:

Բողոքը դեռահասներին դրդում է տնից փախուստի դիմելու, թափառաշրջիկության: Որոշ դեռահասներ ինչ-որ ռոմանտիկա են գտնում գիշերելու տեղ փնտրելու, սնունդ հայթայթելու և նմանատիպ այլ արկածների մեջ:

Առանձնահատուկ դժվար իրավիճակներում դեռահասները կարող են սուիցիդալ վարք դրսևորել, մահվան մասին մտքեր, սպառնալիքներ արտահայտել, ինքնասպանության փորձ կատարել։ Սակայն դեռահասների միայն 10%-ն է իսկապես ցանկանում մահանալ, մնացած 90%-ի սուիցիդալ վարքը միայն «օգնության ճիչ է»:

Կարդացեք նաև

Դեռահասներ

Հորինված հարաբերությունները դեռահասության շրջանում

Մյս 23 2023
Դեռահասներ

Դեռահասության տարիքում ինքնասպանության վտանգն ու պատճառները

Արտասահմանյան գրականության մեջ առանձնացնում են դեռահասների ինքնասպանության հետևյալ պատճառները՝

Սպտ 12 2020
Դեռահասներ

Եթե սիրում եք երեխային․․․

- Նորից սիրահարվեք նրա մորը/հորը։ - Եթե սիրել այլևս չի ստացվում, քանի ուշ չէ, հեռացեք, որ շարունակեք սիրել կյանքը։ - Եթե հեռանալ չի ստացվում, աշխատեք ընկեր լինել, հերիք է մեղարդեք, վերջ, ավարտվել է, ընդունեք։

Հնս 01 2020