Ձեր երեխայի խառնվածքը

Խառնվածքը նյարդային համակարգի՝ արտաքին գրգռիչներին պատասխանելու բնածին ոճն է: Այն մարդուն տրվում է ժառանգաբար: Երբ երեխան դեռ փոքր է, նրա մեջ ավելի վառ դրսևորվում է հենց խառնվածքը: Որպեսզի ծնողները չվնասեն երեխայի նյարդային համակարգը, պետք է ճանաչեն նրա խառնվածքը: Ըստ խառնվածքի՝ մարդկանց բաժանում են չորս խմբի` սանգվինիկներ, խոլերիկներ, մելանխոլիկներ և ֆլեգմատիկներ:

Սանգվինիկ

Սանգվինիկն աչքի է ընկնում լավատեսությամբ և կենսասիրությամբ: Նա ընդունակ է փոխզիջումների, հաճախ ռիսկի է դիմում: Հեշտությամբ է հարմարվում նոր միջավայրում: Տրամաբանող է, ակտիվ, հավաքված: Նա սովորաբար խմբի լիդեր է լինում, և բոլորը սիրում են նրան: Սանգվինիկ երեխաները բազմակողմանի զարգացած են լինում: Նրանք արագ են տարվում և ոգևորվում որևէ նախաձեռնությամբ, սակայն նույն արագությամբ էլ հոգնում են և կիսատ թողնում սկսած գործը: Սանգվինիկ երեխային պետք է սովորեցնել համբերատար և համառ լինել դրված նպատակին հասնելու գործում:

Խոլերիկ

Խոլերիկն օժտված է մեծ էներգիայով, որը դրսևորվում է աղմկոտ խաղերում, հասակակիցների հետ հաճախակի կոնֆլիկտներում: Նրանք անվախ և կռվարար են: Սակայն անկանխատեսելի, անորոշ իրավիճակներում տագնապում են: Նրանք շատ զգայուն են ֆիզիկական պատժի նկատմամբ: Դրանով կարող եք լուրջ հոգեկան վնաս հասցնել նման երեխաներին: Պետք է նրանց հետ և, առհասարակ, սահմանափակվել դիտողություններով:

Խոլերիկ երեխան արագ է հարմարվում նոր միջավայրում: Սիրում է լինել ուշադրության կենտրոնում: Խոսում է արագ և բարձր: Նույն արագությամբ ընկալում և սովորում է ամեն ինչ: Խոլերիկ տիպի երեխաները սովորաբար դժվարությամբ են քնում և վատ տրամադրությամբ են արթնանում:

Ծնողները պետք է օգնեն նրանց զսպել իրենց ակտիվությունը և ուղղել այն նպատակային, օգտակար գործի կատարմանը: Պետք է հնարավորին չափով կենտրոնացնել նրաց ուշադրությունը որոշակի գործունեության վրա, սովորեցնել լինել համբերատար և զուսպ:

Ֆլեգմատիկ

Նա շատ հանգիստ է, դանդաղաշարժ և խելամիտ: Լիդեր չի լինում, չի սիրում ռիսկի դիմել, զուսպ է: Նախընտրում է կայունություն, փոփոխություններ չի սիրում և դժվարությամբ է հարմարվում նոր պայմաններին: Ֆլեգմատիկ երեխան հեշտությամբ քուն է մտնում, սակայն դժվարությամբ է արթնանում: Դանդաղ է յուրացնում նոր ինֆորմացիան, բայց նրա գիտելիքները հիմնավոր են և կայուն: Որպեսզի ծնողներն օգնեն իրենց ֆլեգմատիկ երեխային ամրացնել բնավորության թույլ կողմերը, պետք է նրան զբաղեցնեն ուրախ և աշխույժ խաղերով, նրա համար վառ արտահայտված հուզականությամբ մարդու օրինակ լինեն, քանի որ երեխաները հակված են կրկնօրինակել ծնողների պահվածքը: Դա օգտակար կլինի նրանց համար:

 Մելանխոլիկ

Մելանխոլիկները սովորաբար չեն սիրում աղմկոտ միջավայրում լինել: Այդ պատճառով նրանք մեծ դժվարությամբ են հաճախում մանկապարտեզ կամ ընդհանրապես հրաժարվում են այնտեղ գնալ: Մելանխոլիկ են համարվում ինքնամփոփ, երկչոտ, անվճռական երեխաները, ովքեր ամենաչնչին առիթներից մտահոգվում են: Նրանք դժվարությամբ են յուրացնում նոր ինֆորմացիան, արագ հոգնում են և կորցնում հետաքրքրությունը: Նրանք խոսում են շատ ցածր, բայց արտահայտիչ: Այս խառնվածքի երեխաները դժվարությամբ են քուն մտնում, բայց խնդիրներ չեն ունենում, երբ անհրաժեշտ է լինում վաղ արթնանալ:

Մելանխոլիկ երեխաների ծնողները պետք է շատ զգույշ վերաբերվեն նրանց, բացասական գնահատականներ չտան նրանց վարքին: Միշտ պետք է ուշադրության արժանացնեն նրանց դրական դրսևորումները: Նրանց հետ հարկավոր է երկար զրուցել, սովորեցնել լինել ինքնուրույն և համարձակ: Ամեն ինչ պետք է անել նրբանկատ ձևով:

Կարդացեք նաև

Զարգացում

Երջանիկ երեխա

Հունիսի 1-ը ևս մեկ լավ առիթ է հիշելու, թե ինչ է իսկապես պետք երեխային երջանիկ լինելու համար։

Հնս 01 2023
Զարգացում

ՀԵՔԻԱԹ. Ինչպե՞ս փոքրիկ կենգուրուն դարձավ ինքնուրույն

Հեքիաթը նախատեսված է նախադպրոցական երեխաների համար, ովքեր ունեն մայրիկից բաժանվելու և մենակ մնալու վախ: Կար-չկար մի մեծ մայրիկ-Կենգուրու կար: Մի օր նա դարձավ աշխարհի ամենաերջանիկ Կենգուրուն, քանի որ փոքրիկ Կենգուրու ունեցավ:

Հկտ 19 2021
Զարգացում

Մայրության բերկրանք և մայրական տագնապներ. ինչպես լինել ոչ կատարյալ մայր

Մայրությունը, որքան էլ որ հաճելի է և առաջացնում է բերկրանքի զգացում, նաև ծնում է բազմաթիվ տագնապներ, հատկապես մեր` կատարելապաշտական ժամանակներում: Ինչպե՞ս ճիշտ գրկել երեխային, որպեսզի նա իրեն զգա ապահով և միաժամանակ ազատ, ինչպե՞ս ճիշտ դաստիարակել երեխային, որպեսզի

Ապր 07 2021