Սա մի փոքրիկ հատված է Վիկտոր Կարանդաշևի «Ապրել առանց մահվան վախի» գրքից։
Ահա և գալիս է ծերությունը: Վաղ, թե ուշ գալիս է, դրանից, ցավոք, ոչ մի տեղ չես փախչի, չնայած թվում է`փորձում ես հետաձգել դրա գալուստը:
Ծերությունը սկսվում է այն ժամանակ, երբ նրան ներս ես թողնում քո հոգեկան աշխարհ, երբ մարդը սկսում է զգալ, որ այլևս առաջ շարժվելու տեղ չկա, և սկսում է նահանջել:
Երիտասարդությունն ու ծերությունն ավելի շուտ հոգեբանական հասկացություններ են: Այդ պատճառով էլ մարդը կյանքում բազմիցս ծերանում և երիտասարդանում է: Ընդհանրապես մեր կյանքը ճամփորդություն է, սակայն գալիս է պահը, երբ հստակ զգում ես, որ ճամփորդությունը հետևում է մնացել, բոլոր գլխավոր բարձունքներն արդեն հետևում են, և այն սարը, որից իջնում ես, վերջինն է: Հենց դա է ծերությունը: Այն կարող է սկսվել և´ 30, և՛ 50, և՛ 80 տարեկանում: Այստեղ ժամանակագրությունը կարևոր չէ, անգամ անհնար է: Հոգու ծերությունը չի ենթարկվում կենսաբանական փոփոխությունների:
Հոգեբանական տարիքն ունի իր հաշվարկը: Ինչո՞վ կարելի է բացատրել այն փաստը, որ ծեր մարդն իրեն երիտասարդ է զգում: Ի՞նչն է ընկած այն բանի հիմքում, որ ժամանակագրական տարիքը երբեմն լիովին կորցնում է իր արժեքը մարդու ներքին աշխարհում, երբ 60 տարեկանում ինքն իրեն 30 տարեկան է զգում և, ապրելով այդ զգացումով, 60 և 30 տարեկանների միջև ներքին տարբերություններ չի գտնում: Հոգեպես ծերանալով, սակայն, մարդիկ կարող են անգամ 30 տարեկանում իրենց 60 տարեկան զգալ:
Քանի դեռ աճում ես, քանի դեռ առաջ ես գնում ու ինչ-որ բանի ես ձգտում, ժամանակն անվերջանալի է թվում: Միայն այն ժամանակ ես զգում, թե ինչպես է ժամանակը խտանում ու սկսում չբավել, երբ հասկանում ես ու սկսում տեսնել բնավորության այն գիծը, որը խանգարում է քեզ ինքնաիրացման հարցում:
Երիտասարդ մնալու սուբյեկտիվ պահանջմունքն արդարացված է և բավականին տարածված: Դա երևացել է, օրինակ, մի հոգեբանական հետազոտության մեջ: Տարբեր տարիքի մարդկանց խնդրել են պատկերացնել, թե իրենք չգիտեն իրենց իրական օրացուցային տարիքը և պատասխանել հետևյալ հարցին. «Քանի՞ տարեկան եք»: Հարցվածների մեծամասնությունը (55%) իրեն ավելի երիտասարդ է համարել, քան իրականում կա: Միայն հարցվածների 21%-ն է իրեն ավելի մեծ զգացել: Ինչպես և հավանաբար սպասելի էր, տարիքի հետ նշանակալիորեն մեծանում է այն անձանց թիվը, ովքեր իրենց ավելի երիտասարդ են համարում, քան իրականում կան: Այսպես, մինչև 30 տարեկանների տարիքային խմբում այդպիսի անձինք կազմում են 47%-ը, իսկ 30 տարեկանից բարձր խմբում` 73%: Իսկ եթե մինչև 30 տարեկանների տարիքային խմբում միջինում իջեցրել են տարիքը 3,6 տարով, ապա 30 տարեկանից բարձր տարիքային խմբում այն իջել է 8,3 տարով:
Ինչպես տեսնում ենք, շատերն են ուզում երիտասարդ մնալ, սակայն ոչ բոլորին է դա հաջողվում: Ապրած տարիների բեռը թույլ չի տալիս իր մասին մոռանալ: Այդ պատճառով էլ տարիքին զուգընթաց ավելի դժվար է դառնում ինքդ քեզ երիտասարդ զգալը: Ժամանակը, սակայն, հոսում է, գնում ու անցնում և որքան հեռու, այնքան շատ, այնքան արագ և այնքան անողոք: Որքան շատ ես ծերանում, կարճ է թվում կյանքը: Տարիքին զուգընթաց, հատկապես ծերության ժամանակ, մարդն ավելի խորն ու սուր է ապրում ժամանակի հոսքը, և ժամանակի խնդիրը, նրա արագընթացությունը մեծ նշանակություն է ձեռք բերում: Ժամանակի սուբյեկտիվ ընթացքն արագանում է: Առօրյա հոգսերից ավելի հազվադեպ են ծնվում վառ տպավորություններ, քան երիտասարդ տարիքում, որոնք հետք են թողնում հիշողության մեջ, և կյանքում ինչ-որ նոր բանի հասնելու հավանականությունը քչանում է: Այդ պատճառով օրերը, շաբաթները, ամիսներն ու տարիները փոխվում են աճող արագությամբ: Ծերության ժամանակ կենսական պլանների մեծամասնությունն արդեն իրականացված է կամ կորցրել է իր հրատապությունը, իսկ կյանքի առավել արդյունավետ ժամանակաշրջանը մնացել է անցյալում: Այդ պատճառով հենց անցյալն է առավել մեծ արժեք ձեռք բերում: Ծերության ժամանակ աֆեկտիվ կյանքի թուլացումը զրկում է նոր տպավորությունների գունեղությունից, այստեղից էլ ծագում են անցյալին կապվածությունն ու հիշողությունների իշխանությունը:
Որոշ գիտնականներ, ելնելով մահվան` որպես կենսագործունեության անհրաժեշտության անխուսափելիության համոզումից, կարծում են, որ մարդը պետք է ինքն իր մեջ դաստիարակի խելամիտ վերաբերմունք դրա նկատմամբ: Այդպիսի վերաբերմունքի նախադրյալները նրանք դիտարկում են արդեն կենդանիների մոտ` նրանց վերագրելով համապատասխան «բնազդ»` մահվան բնազդը: Ռուս հայտնի կենսաբան Իլյա Մեչնիկովը եղել է մահվան բնազդի զարգացման կրքոտ կողմնակիցը, որի տակ հասկանում էր ծեր մարդկանց` մահանալու դրական ցանկությունը, որը նման է հոգնածության հետևանքով առաջացող քնելու ցանկության: Նրա կարծիքով յուրաքանչյուր մարդկային մահ առաջանում է հիվանդության տեսքով բռնությունից: Այդ պատճառով էլ այդ պոտենցիալ բնազդը չի ստանում հնարավոր դրսևորումներ: Մեչնիկովի կարծիքով իդեալ է համարվում «օրտոբիոզը», այսինքն` մարդկային կյանքի զարգացումը, որի ժամանակ նա ամուր առողջությամբ անցնում է ակտիվ ծերության ժամանակաշրջանի միջով` մոտենալով վերջին շրջանին, որում մարդը զգում է հագեցածություն կյանքից և ունենում մահանալու ցանկություն: Մեչնիկովն այս հարցի վերաբերյալ իր լայն և հանգամանալից հետազոտություններում հանդիպել է երկու դեպքի, երբ ծերերի մոտ` նրա տեսության համաձայն, մահվան բնազդը հասել է նշանակալի զարգացման: Կիրականանա՞ արդյոք երբևէ մահվան զարգացած բնազդի կատարելատիպը: Դժվար է ասել:
Մասնագետները խորհուրդ են տալիս հետևել մի շարք կանոնների վիշտը և կորուստը ապրելու, դրանից առողջ դուրս գալու և հրաժեշտ տալու համար:
Հկտ 31 2023Այս օրերին մեր հասարակությունը փորձում է դիմակայել ծանրագույն սթրեսային իրավիճակների՝ պատերազմական լարվածություն, կորուստներ, ծանր ֆիզիկական վնասվածքներ ստացած հայրենակիցներ, բռնի տեղահանում:
Հկտ 21 2023