1 տարեկանի համար զարգացնող խաղեր

Մեր կենտրոնի լոգոպեդ Մարիամ Պետրոսյանն առաջարկում է խաղեր, որոնք կնպաստեն զարգացնել մանր մոտորիկան, խոսքը, ուշադրությունը, մտածողությունը,  կոորդինացիան, հետևողականությունը, հույզերի արտահայտումը կյանքի առաջին տարում։ 

1. Կարելի է զարգացնել երեխայի մանր մոտորիկան, մտածողությունը, կոորդինացիան և ուշադրությունը` սկսած 4 ամսականից։ 

Երբ երեխան սկսում է ակտիվ թափահարել թաթիկներն ու ոտիկները (զարգանում է ակտիվության կոմպլեքսը), ապա կարելի է երեխային մոտեցնել վառ գույնով փուչիկ (քիչ փչած), որպեսզի ուսումնասիրի։ Եթե հետաքրքրում է փուչիկը, ապա փուչիկը դնել երեխայից մի քիչ հեռու, բայց երեխայի համար տեսանելի հատվածում և ծայրին կապել գունավոր ժապավեն, իսկ ժապավենի մյուս ծայրը դնել երեխայի թաթիկի մեջ, մի քանի անգամ ժապավենից քաշել և ցույց տալ, որ ժապավենը շարժելով փուչիկը շարժվում է։ 

Այս խաղը կարելի է խաղալ ավելի մեծ տարիքի երեխայի հետ, եթե հետաքրքրում է։ 

2․ Կարող եք վերցնել հաստ ժապավեն, վրան անց կացնել առարկաներ, որոնք մեջտեղում անցք ունեն (օղակներ, անգամ կարող եք չորաբլիթներ օգտագործել (бублик))։ Եվ երեխային տեսանելի կերպով դանդաղ հանեք օղակներից մեկը, ապա փոքրիկին առաջարկեք մեկ-երկուսը հանել միասին, հետո մի փոքր սպասեք և թույլ տվեք երեխան ինքնուրույն փորձի։ Օգնեք, եթե բարկանում է կամ դիմում ձեր օգնությանը, բայց միանգամից մի միջամտեք, ժամանակ տվեք թող մտածի։ Բոլորը  հանելուց հետո միասին նորից շարեք ժապավենի վրա։ Երբ մինչև վերջ հանում է կամ շարում, խրախուսեք, գովեք, շոյեք նրան, որպեսզի ճիշտ կատարած աշխատանքը դրական հույզեր արթնացնի երեխայի մոտ և փորձի միշտ գործն ավարտին հասցնել։ 

Նմանատիպ խաղեր կարելի է խաղալ 8-9 ամսականից սկսած, որը կնպաստի մանր մոտորիկայի, մտածողության, ուշադրության զարգացմանը։ 

3․ Այս խաղը կարելի է խաղալ 6-7 ամսականից սկսած, որը կզարգացնի երեխայի մանր մոտորիկան, ուշադրությունը և խոսքը։ Երեխայի սիրելի խաղալիքը փաթաթել մի քանի շերտ գունավոր թղթի մեջ և տալ նրան։ Օգնել դանդաղ բացել առաջին շերտը, որպեսզի երեխան տեսնի՝ ինչ է անհրաժեշտ անել։ Շարունակել բացել հաջորդ շերտերը, եթե երեխան ինքնուրույն չի բացում։ Երբ բացվում է վերջին շերտը՝ ասել խաղալիքի անվանումը։ Կարելի է փաթաթել նաև տիկնիկ և տիկնիկի որևէ մարմնի մասը երևալուց ասել անունը, նույն մարմնի մասը ցույց տալ երեխայի մոտ, մայրիկի մոտ և անվանել։

4․ Վերցրեք երկու տարա (պարտադիր չէ խաղալիք), մեկի մեջ լցրեք տարբեր ձև ունեցող մանր առարկաներ՝ գնդակ, խորանարդիկ, լոբի, կոճակ, փոքրիկ խաղալիքներ, և երեխային սովորեցրեք 3 մատիկով (բթամատ, ցուցամատ, միջնամատ) առարկաները բռնել և տեղափոխել մյուս տարայի մեջ։ Յուրաքանչյուր առարկա կարելի է անվանել, բայց ոչ թե միայն առարկայի անվանումը ասել, այլ խոսել «կենդանի» խոսքով։

-Տե´ս, փոքրիկ գնդակ է։
-Օ՜յ, մի հատ էլ կոճակ։

Ուշադրություն, քանի որ խաղի դետալները մանր են, անհրաժեշտ է միշտ ուշադիր հետևել խաղին, ոչ մի րոպե չհեռանալ կողքից։ Կարելի է գդալ տալ, որպեսզի հատիկ-հատիկ գդալով տեղափոխի։ Այն կհեշտացնի գդալի կոորդինացված շարժելը, ինքնուրույն ուտելը, կենտրոնանալը, ուշադիր լինելը, կզարգացնի մանր մոտորիկան։ 

5․ Խաղը կհետաքրքրի 8-9 ամսականից սկսած և կնպաստի զարգացնել մանր մոտորիկան, խոսքի ընկալումը, հետևողականությունը, հույզերի արտահայտումը, ուշադրությունը։ 

Գրկեք փոքրիկին այնպես, որ  երեխային առավելապես հարմար լինի և որևէ բանաստեղծություն արտասանելով մատիկները հերթով ծալել, ապա միասին բոլոր մատիկները բացել։ Ճիշտ կլինի եթե բանաստեղծության սկիզբը և վերջը համապատասխանի մատիկների ծալելուն և ավարտվի մատիկները բացելով։  

Կարող եք ինքներդ հորինել, դժվար չէ, օրինակ՝ 

Ապա փոքրիկ մի մատիկ (սկսում ենք ճկույթից)

Իսկ նրա կողքին քույրիկ,

Նրանց կանչեց մայրիկը

Ում սպասում էր հայրիկը։

Իսկ մեր հաստլիկ բութիկը 

Լավն է ասեց  ընտանիքը։ 

Մտահոգ է մեր գառնուկը, 

Չունի ընկեր, բարեկամ

Բայց ուզում է դաշտ գնալ

Էնտեղ վազել ու խաղալ։

Իսկ մայրիկը խոստացավ

Ու նրան ընկեր գտավ։

Ո՞վ է իսկական ընկերը․ դեռահասություն

Եթե վաղ տարիքում ընկերների ընտրությունը կատարվում է պատահական կամ հանգամանքների բերումով (հարևան, համադասարանցի, ազգական և այլն), ապա դեռահասության տարիքում ընկերությունը ստանում է ավելի խորը և լուրջ բնույթ։ Դեռահասության տարիքում ընկերները չեն ներում դավաճանությունը, սուտը, գաղտնիք չպահելը։ Այս տարիքում ընկերությունն արդեն դառնում է ավելի կայուն և ավելի շատ հիմնվում է տվյալ դառահասների բարոյական կոդեքսի, փոխադարձ պարտականությունների և վստահության վրա։

Ընկերության մասին դեռահասների հետ խոսելը ոչ թե ընկերության մասին տեսությունը վերլուծելն է, այլ օգնելը, որ տարբերեն իրական ընկերությունը այլ հարաբերություններից։

  • Իրական ընկերը երբեք չի մոռանում ընկերոջ մասին, անգամ եթե շատ զբաղված է ու չի հասցնում հաճախակի զանգահարել կամ այցելել։ Իսկական ընկերը պահպանում է կապն ու տեղեկությունների փոխանակումը։ 
  • Իրական ընկերը կարող է լսել։ Նրան չեն ձանձրացնում ընկերոջ զրույցներն ու դժվարությունները։ Նա պատրաստ է կիսել դրանք։ Ընկերը այն մարդն է, ով անտարբեր չէ քո խնդիրների նկատմամբ, ու ում անհանգստացնում են քո դժվարությունները։ 
  • Ընկերները կարողանում են ներել։ Ընկերները նրանք չեն, ովքեր չեն նեղացնում ու վիրավորում։ Ընկերները կարողանում են այդ բոլորը ներել ու մոռանալ։ Ընկերները գնահատում են քո կարծիքը ու քննարկում այն։ 
  • Ընկերությունը գնահատող և խորը, վստահելի հարաբերություններ նախընտրող դեռահասները սովորաբար շփվում և մտերմություն են անում սահմանափակ թվով հասակակիցների՝ 2-3 հոգում հետ։ Ավելի հաճախ նրանք նախընտրում են շփվել այդ ընկերների հետ, ոչ թե մեծ հավաքույթների ու խմբային հանդիպումների ժամանակ, այլ առանձին։

Երբեմն դեռահասները ստեղծում են շատ մեծ շրջապատ ու ընկերական կապեր։ Նրանք կարող են թվալ մարդամոտ ու շատ ընկերասեր, սակայն իրականում ճիշտ հակառակը կարող է լինել։ Մեծ շրջապատում դժվար է ամուր ու խորը ընկերական հարաբերություններ ստեղծել և այդ կապերը մնում են մակերեսային, ժամանցային շփումների մակարդակում։  Ընկերներին հաճախակի չեն փոխում, իրական ընկերությունը դիմանում է ժամանակի փորձությանը և կարող է մի ողջ կյանք տևել։ Լավագույն ընկերները սովորաբար նման են լինում նախասիրություններով, հետաքրքրություններով, արժեհամակարգով։ Դա օգնում է իրար հասկանալուն։

Երբեմն դեռահասության տարիքում դժվար է լինում տարբերել իրական ընկերությունը մակերեսային հարաբերություններից։ Այդ պատճառով պետք է զգուշանալ այն հասակակցից, ով՝

  • Պահանջում է չափից դուրս զոհաբերություն
  • Հաճախակի պահանջում է գումար
  • Խնդրում է հանուն ընկերության անթույլատրելի գործողությունների մասնակցել
  • Հորդորում է կատարել ձեզ համար անհասկանալի քայլեր
  • Խնդրում է ձեզ համար անծանոթ իրեր փոխանակել ինչ-որ մեկին։

Ցանկալի է դիմել մեծահասակների օգնությանը, հատկապես մտերիմ ու վստահելի մեծահասակի, հոգեբանի, երբ ձեր ընկերը կամ հասակակիցը՝

  • Չարաշահում է ալկոհոլը
  • Թմրամիջոցներ է օգտագործում
  • Ապրում է անկանոն սեռական կյանքով
  • Ունի վատ հարաբերություններ հասակակիցների ու մեծահասակների հետ
  • Հաճախակի խոսում է ինքնասպանության մասին
  • Կասկածելի հարաբերություններ ունի իրենից տարիքով մեծ մարդկանց, ոչ դպրոցականների հետ

Եթե ընկերդ ավելի հաճախ է քեզանից աջակցություն և նվիրում պահանջում, փոխարենը ոչինչ չտալով, ապա ամենայն հավանականությամբ նա նույն զգացմունքները չի տածում քո հանդեպ, ինչ դու՝ իր։ Եթե ընկերոջ հետ շփվելիս ավելի ու ավելի անվստահ եք դառնում, ապա ամենայն հավանականությամբ նրա հետ ընկերություն անել պետք չէ։ 

Հեղինակ՝ հոգեբան Անուշ Ալեքսանյան

Նախապատրաստե՞լ դպրոցին

Երեխային դպրոցին նախապատրաստել ասելով՝ շատ ծնողներ ու նույնիսկ մանկավարժներ հասկանում են նրան գիտելիքներով (գրելու, կարդալու, թվաբանական հմտություններով) զինելը: Սակայն, դպրոցին նախապատրաստել ասելով՝ առաջին հերթին հասկանում ենք.

Ինքնուրույնություն

 Երեխան դպրոց հաճախելուց առաջ արդեն պիտի լիարժեք տիրապետի ինքնուրույն հագնելու-հանվելու, իր անկողինը՝ թեկուզև անփույթ, հավաքելու, ուտելու, իր պայուսակը դասավորելու, զուգարանից կոկիկ

օգտվելու, իրեն հուզող հարցերը տալու, խնդրանք արտաբերելու և այլ նմանատիպ տարրական հմտությունների։ Առաջին թվացող հատկություններն ամենաշատն են ճնշվում մեր ընտանիքներում,

որտեղ երեխային ամեն քայլափոխի կա՛մ ծառայում են, կա՛մ թելադրում։ Ինքնուրույնության պակասը ամենաշատն է խանգարելու երեխային ուսուցման գործընթացում։

Ուշադրությունը կենտրոնացնելու կարողություն

 Ծնողների մեծ մասը գիտի, որ փոքրիկ երեխաները դժվարանում են իրենց ուշադրությունը երկար ժամանակով կենտրոնացնել միևնույն գործի

կամ դասի վրա: Սա անհանգստության առիթ չէ, և ոչ մի դեպքում պետք չէ երեխայի մեջ ինչ-որ շեղումներ փնտրել: Նմանատիպ խնդիրներն այս տարիքի երեխաների համար միանգամայն բնական են: Բազմաթիվ ծնողներ բողոքում են, որ երեխան դժվարանում է իր տեղում նստել երկար ժամանակ։ Պատճառը կարող է լինել երեխայի ֆիզիկական կամ մտավոր խիստ ծանրաբեռնվածությունը: Հնարավոր է, որ նա բավարար չի քնում կամ հանգստանում, կամ օրվա ընթացքում սթրեսային իրավիճակներում է հայտնվում: Այս խնդիրներն անպայման պիտի ծնողների ուշադրության կենտրոնում լինեն: Երեխայի վարքի ցանկացած տևական և կայուն փոփոխություն պիտի ուշադրության արժանանա: Պետք է անպայման պարզել

երեխայի դժվարությունների պատճառները:

Խոսքի զարգացում

 Ծնողները կարող են նպաստել երեխայի խոսքի զարգացմանը` բառերը ճիշտ արտասանելով, երեխայի սխալ արտասանություններն ուղղելով:

Դպրոց գնալուց առաջ երեխան պիտի տիրապետի բանավոր խոսքին՝ ճիշտ արտասանի իրեն ծանոթ բառերը, ազատ և անկաշկանդ խոսի, ըստ անհրաժեշտության բարձր կամ ցածր՝ սեփական մտքերն արտահայտել կարողանա, հեքիաթների ու պատմությունների մասին հարցերին պատասխանի, հարցեր տա, եթե ինչ-որ բան պարզ չէ իրեն, անգիր հիշի կարճ բանաստեղծություններ և այլն։

Լսելու կարողություն

 Լսել կարողանալը շատ կարևոր հմտություն է, որը պիտի օգնի նրան գիտելիքներ ձեռք բերել, որպես անձ ձևավորվել բազմազան իրավիճակներում ողջ կյանքի ընթացքում: Երեխային լսել սովորեցնելու մի քանի միջոց

կա, սակայն դրանցից ամենակիրառականը մեկն է: Նախադպրոցական տարիքի երեխայի համար պետք է ոչ փոքր տեքստերով շատ հեքիաթներ կամ զանազան պատմություններ կարդալ: Խոսքի զարգացումը, գրագիտությունն անմիջականորեն կախված են երեխային շրջապատող միջավայրի գրագետ խոսքի հագեցածությունից: Երեխայի միջավայրը գրագետ խոսքով առավել հագեցած դարձնել կարող են ձայնասկավառակները, ծնողների ճիշտ ու հարուստ բառապաշարը:

Գիտելի՞ք, թե զարգացում

Մի քանի սկզբունք, որ գուցե օգնեն ծնողներին իրենց երեխաների զարգացմամբ զբաղվելիս:

1. Գիտելիքը պիտի երեխայի տարիքին համապատասխան լինի: Ո՞ր գիտելիքը կարող է համապատասխանել երեխայի տարիքին։ Երեխայի տարիքին համապատասխանում են իրեն շրջապատող իրականության և իրեն հասանելի նյութերի ու հարաբերությունների մասին գիտելիքները։ Այն ամենը, ինչի հետ երեխան չի առնչվում իր կյանքում, կենցաղում և առօրյայում, չի կարող զարգացնող լինել:

2. Գիտելիքը դեռ զարգացում չէ: Գիտելիքով հարուստ երեխաները հա­ճախ սոցիալապես տհաս են, հուզականորեն անկայուն և զուրկ ինքնուրույնությունից: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ երեխան մի բանի հաշվին մեկ այլ բան է ձեռք բերում: Այսինքն, երբ երեխային, զրկելով խաղից ու ինքնաբուխ լինելու հնարավորությունից, պարտադրում ենք գիտելիքներ սերտել և տեղեկություններ կուտակել, կորցնում ենք նրա անձնային զարգացման և ինքնուրույնության ձևավորման հնարավորությունը:

3. Գիտելիքը պիտի «կենդանի» լինի: Այսինքն, երեխան պիտի կարողանա շոշափել, զգալ, համտեսել, լսել ու տեսնել այդ գիտելիքը: Այսինքն, երեխան պիտի առնչվի դրան: Ծաղկի, մրգի, բանջարեղենի, ավազի, հողի, ջրի, մետաղի ու փայտի, հեղուկ և պինդ մարմինների, շոգի ու ցրտի, բույսերի ու կենդանիների, եղանակի, բարու ու չարի, սպորտի, մարմնի, ընտանիքի, սեռերի մասին գիտելիքները կարող են յուրացնել փոքր տարիքի երեխաները: Բայց վստահ եմ, որ շատ ծնողներ դրանց մասին շատ չեն խոսում երեխաների հետ, իսկ ահա լրացուցիչ լիքը բան են սովորեցնում՝ տարբեր լեզուներով հաշվել, ճանաչել գույները և այլն:

4. Նախադպրոցական տարիքի երեխային պետք է մանկապարտեզում սովորեցնեն ուղղորդված և հստակ ծրագրով, որը մշակել և պատրաստել են մասնագետները: Տանը պետք չէ ուղղորդված ուսուցանել երեխային: Դա ճնշում է նրա ինքնուրույնությունը: Մանկապարտեզում նույնպես չպետք է դա մատուցվի հրամայական երանգներով. սա էլ մի առանձին թեմա է:

5. Եթե ձեր երեխան դեռ չի կարողանում ինքնուրույն ուտել, հագնվելհանվել, սանրվել, հագնել կոշիկները, օգտվել զուգարանից, շփվել հասակակիցների հետ, լսել և ենթարկվել կանոններին, խաղալ կանոններով խաղեր, ապա նրան այլ բաներ, «անկենդան» գիտելիքներ տալ պետք չէ: Այն, ինչը երեխան չի օգտագործելու ու չի տեսնելու, պետք չէ սովորեցնել նրան: Փողոցում վարքի կանոններ սովորեցրեք, խանութից օգտվել սովորեցրեք, մրգային աղցան պատրաստել սովորեցրեք, իսկ աշխարհագրություն և ֆիզիկա կսովորի դպրոցում, երբ արդեն կմտածի ճամփորդելու ու աշխարհի չորս ծայրերի մասին:

6. Նախադպրոցական տարիքում երեխայի մտածողությունն ԱԿՆԱՌՈՒ ԳՈՐԾՆԱԿԱՆ և ԱԿՆԱՌՈՒ ՊԱՏԿԵՐԱՎՈՐ Է: Զարգացում մի ակնկալեք, եթե ձեր երեխային սովորեցնում եք մի բան, որը հասկանալու համար նրան պետք է վերացական մտածողություն, իսկ վերացական մտածողությամբ նա կօժտվի շատ ավելի ուշ՝ միջին դպրոցական տարիքում: Իհարկե, այս տարիքում երեխաները հավատում են հրաշքների ու հեքիաթների, բայց դրանց մասին ևս ակնառու պատկերավոր պատկերացումներ են ձևավորվում, ինչի հետևանքով էլ հավատում են, որ գայլը կգա կտանի իրենց, իսկ ահա անտառում էլ կախարդներ են ապրում:

3 տարեկանի ճգնաժամի առանձնահատկությունները

Երեք տարեկանում երեխայի կյանքում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունենում։ Առհասարակ բոլոր տարիքային ճգնաժամերը, որոնք կոչվում են նաև «անցումային» փուլեր, կապված են որակական փոփոխությունների հետ։ Այսինքն, այս տարիքում ծնվում են նոր որակներ ու կարողություններ, որոնք չկային մինչ այդ։ Այդ նոր որակները բոլոր ճգնաժամային տարիքներում, այստեղ ևս առնչվում են և՛ երեխայի ֆիզիոլոգիական, և՛ հուզական ու ինտելեկտուալ ոլորտներին։

Առաջին հերթին սեփական «ես»-ի տարբերակման ճգնաժամ ն է: Այս տարիքում երեխան սկսում է իրեն առանձնացնել շրջապատող իրականությունից, երբ ասում է՝ ես ինքս, արդեն իսկ իրեն զգում է ակտիվ, շրջապատի վրա ազդող սուբյեկտ։

Հաջորդ նոր որակը, որը երեք տարեկանը ձեռք է բերում այս շրջանում՝ կամքն է, դրա գիտակցումը։

Երեխան կամքի աղբյուր է զգում իրեն և սկսում է այս նոր որակն օգտագործել այն հաճախականությամբ, որով մենք սիրում ենք զմայլվել մեզանով հայելու մեջ, երբ նոր զգեստ ենք հագած լինում։
Եթե ծնողները չեն կարողանում հմտորեն կառավարել երեխայի մոտ ձևավորվող նոր որակներն ու դրանց ծայրահեղ դրսևորումները, երեխան դառնում է դժվար կառավարվող։

Այս տարիքին բնորոշ է նեգատիվիզմը, երբ երեխան բացասական է արձագանքում ամեն ինչին՝ հենց այնպես, պարզապես հակառակվելու համար։ Դե, պատկերացրեք, որ դուք շատ փոքրիկ եք, այնքան փոքրիկ, որ ոչ մի կերպ չեք կարողանում ազդել ձեզ շրջապատող իրավիճակի վրա։ Մեկ էլ դուք հայտնաբերում եք մի միջոց, որով կարելի է բարկացնել, հունից հանել, ուրախացնել, մի խոսքով՝ ազդել իրավիճակի վրա։ Եթե պատկերացրիք, ապա կհասկանաք երեք տարեկան երեխային։ Գրեթե բոլոր ծնողների գնահատմամբ, սա շատ բացասական փոփոխություն է երեխայի զարգացման ընթացքում, սակայն սա վկայում է այն մասին, որ երեխան կարողանում է գործել իր ցանկություններին հակառակ, բոլորին հակառակ, նշանակում է՝ ձեռք է բերում իր գործելու սեփական մոտիվներն ու անկախանում է շրջապատողներից. սա պարզապես հրաշալի է։

Այս իրավիճակը կառավարելու համար ծնողներից համբերատարություն է պահանջվում։

Այս տարիքում երեխան նաև դառնում է քմահաճ, պնդում է իր ցանկությունները միայն այն պատճառով, որ ինքն արդեն դրա մասին հայտարարել է, և պահանջում է իր ցանկությունների լուռ կատարում՝ նույնիսկ այն դեպքում, երբ այդ ցանկությունն արդեն կորցրել է իր արդիականությունը։ Այստեղ ծնողներից մի քիչ հաստատակամություն է պահանջվում պնդելու իրենց կամքը և չկատարելու, եթե դա անհնարին է։

Հաջորդ նշանը կամակորությունն է: Այս որակն այնքան առանցքային տեղ է զբաղեցնում ճգնաժամի մեջ, որ այս տարիքը նաև անվանում են կամակորության ճգնաժամ: Ի տարբերություն նեգատիվիզմի, որն ուղղված է մեծահասակների դեմ, կամակորությունն անդեմ է և ուղղված է ուղղակի երեխայի համար նախատեսված դաստիարակության բոլոր նորմերին, կյանքի ձևին:

Ճգնաժամը բնութագրող չորրորդ հատկությունն  է: Դրսևորվում է երեխայի ինքնուրույնությամբ: Սա նախկինում չկար, իսկ հիմա երեխան ցանկանում է ամեն ինչ ինքնուրույն անել: Այստեղ երեխային պետք է տալ սահմանափակ ընտրության հնարավորություն և այդ սահմաններում ընտրելու ազատություն։ Եթե երեխան պահանջում է հագնել այս կամ այն վերնաշապիկը, նրան պետք է առաջարկել երեք վերնաշապիկ, որպեսզի դրանցից ընտրի մեկը։ Բնականաբար, առաջարկելիս պետք է ընտրել այն երեքը, որոնք ընդունելի են այդ օրվա համար։

Նման երևույթներից ոչ միայն չպետք է անհանգստանալ, այլև պետք է ուրախանալ, քանի որ դրանց առկայությունը վկայում է երեխայի բնականոն զարգացման և անձի ձևավորման մասին: