Գուշակի´ր, թե կարող ես
Այս խաղը նախատեսված է 3 տարեկանից բարձր երեխաների համար։ Այն կնպաստի զարգացնել կապակցված խոսքը, բառապաշարը, ուշադրությունը, հիշողությունը, տրամաբանությունը: Երեխան պետք է նկարագրի որևէ առարկա առանց այդ առարկայի անունը նշելու: Որպեսզի հեշտ լինի, սկզբից նկարագրում է մեծահասակը, ցանկալի է հեշտ գուշակելի առարկա լինի, որ երեխայի հետաքրքրությունը չմարի: Կարելի է որոշել ոլորտը, օրինակ՝ մտապահում ենք միայն միրգ կամ բանջարեղեն, կահույք կամ միայն սենյակում առկա իրերի անվանումները: Հնարավորություն ենք տալիս երեխային ընդարձակ նախադասություններով փորձել նկարագրել, եթե դժվարանում է օգնում ենք հարցերով: Հետագայում կարելի է ավելի բարդացնել հանձնարարությունները՝ չնշելով ոլորտը: Կրտսեր դպրոցականների հետ կարելի է խաղալ նաև օտար լեզվով:
Կրկնի´ր պատկերը
Այս խաղը կնպաստի զարգացնել երեխայի մտածողությունը, երևակայությունը, տարածական պատկերացումը, տրամաբանությունը, ուշադրության կենտրոնացումը, հիշողությունը և այլն:
Մեզ անհարժեշտ են հաշվեձողիկներ, որոնց օգնությամբ հասարակ պատկերներ ենք կառուցում, օրինակ՝ քառակուսի, եռանկյունի, հնգանկյուն, տուն, եղևնի, պատուհան և այլն: Առաջարկում ենք երեխային նայել ու հետո փակում ենք թղթով, ապա փորձի հիշելով կառուցել նույնը, եթե դժվարանում է և դիմում ձեր օգնությանը կամ հետաքրքրությունը մարում է, ապա կարող եք օգնել: Ի դեպ, բավականին բարդ է և միանգամից չի ստացվի, թողե´ք փորձի մի քանի անգամ, հետո օգնեք միայն մի քայլը, մի ձողիկը դնելով և առաջարկելով շարունակել, եթե էլի չի ստացվում, կրկին օգնեք: Վերջացնելուց հետո բացեք ձեր կառուցածն ու համեմատեք: Սկզբում միայն մի պատկերով փորձեք, եթե ստացվում է՝ բարդացրեք պատկերը կամ երկու պարզ պատկեր միանգամից առաջարկեք: Նախատեսված է նախադրպոցական տարիքի երեխաների համար:
Գուշակի´ր աչքերը փակ
Մեզ պետք կլինի մրգերի կամ բանջարեղենի խաղալիքներ, պարկ: Երեխային տալիս ենք բոլոր մրգերը հերթով՝ շոշափի, նկարագրի յուրաքանչյուր մրգի արտաքին առանձնահատկությունները և դնի պարկի մեջ: Բոլոր մրգերը հատ-հատ նկարագրելուց և պարկի մեջ գցելուց հետո պարկը լավ խառնում ենք և առաջարկում երեխային ձեռքը մտցնել պարկի մեջ, հանել մեկ միրգ ու աչքերը փակ փորձել նկարագրել ու հասկանալ՝ որ միրգն է իր ձեռքում:
Այս խաղը կզարգացնի երեխայի մի շարք հոգեկան գործընթացներ, հատկապես տակտիլային զգացողությունը, խոսքը, ուշադրության կենտրոնացումը, մանր մոտորիկան և այլն:
Ես թաքնվել եմ, հիշո՞ւմ ես ինձ
Երեխայի առջև դնում ենք մի քանի իրեն ծանոթ առարկաների նկարներ և առաջարկում ուշադիր նայել, անվանել, ապա փակել աչքերը: Թաքցնում ենք մի քարտ և երեխային առաջարկում նայել և փորձել հիշել՝ ո՞ր քարտը չկա: Եթե դժվարանում է, սկսում ենք 2 քարտով, հետո քիչ քիչ ավելացնում քարտերի քանակը, բայց ոչ միանգամից՝ այլ քիչ-քիչ: Նմանատիպ խաղերը հետաքրքրում են նախադպրոցական տարիքի երեխաներին, ինչը նպաստում է զարգացնել ուշադրությւոնը, հիշողությունը, խոսքը:
Սովորում ենք պատմել
Բոլոր ծնողներն էլ հեքիաթներ են կարդում երեխաների համար և իհարկե այն զարգացնում է կապակցված խոսքը, մտածողությունը, երևակայությունը, ընդլայնում աշխարհընկալումը, բառապաշարը և այլն: Իհարկե, այն կարելի է կազմակերպել ավելի նպատակային: Երբ որ կարդում եք հեքիաթը և շատ հետաքրքիր մասի եք հասել, մի պահ դադար տվեք ու հարցրեք երեխային՝ ինչ ես կարծում, ի՞նչ կլինի հետո: Համբերատար լսեք երեխային, օգնեք մտքերը շարադրել, ապա առաջարկեք լսել, թե ինչ է գրված գրքում:
2-3 անգամ նույն հեքիաթը կարդալուց հետո (պարտադիր չէ նույն օրը) հարցերի օգնությամբ օգնեք պատմել հեքիաթը: Երեխաները սիրով պատմում եմ մեկ այլ անձի, ով իբր չի լսել հեքիաթը: Եթե ընթացքում երեխան շատ է շփոթում դեպքերի զարգացումը կամ հորինում է, ապա պետք չի ասել, ոչ այդպես չի, այլ առաջարկել ևս մեկ անգամ կարդալ, գուցե ինչ-որ բան չենք հիշում, կարդանք ու վերհիշենք մեր պատմածը: Համեմատելիս էլ պետք չէ մատնանշել երեխայի այլ տարբերակով պատմելը, ուղղակի կարդալուն զուգահեռ երբեմն դադար տվեք ու նորից քննարկելով պատմեք: