Բնավորությունը դեռահասության շրջանում

Դեռահասության շրջանում սկսում են ձևավորվել և ամրապնդվել բնավորության գծերը: Բնականաբար բնավորության ձևավորումը չի սկսվում և ավարտվում այդ տարիքում, այն ձևավորվում է մարդու ամբողջ կյանքի ընթացքում: Այնուամենայնիվ, դեռահության տարիքը, ի տարբերություն նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի, այն տարիքն է, երբ բնավորության ձևավորումը մեծ տեղ է զբաղեցնում զարգացման ընդհանուր գործընթացում:
Դեռահասներին առավել բնորոշ առանձնահատկություններից մեկը կապված է նրանց ինքնագիտակցության բարձրացման հետ: Այն արտահայտվում է ինքնուրույնությամբ, իրենց «հասունությունը» ցույց տալու ձգտմամբ, յուրահատուկ «հասունության զգացման» առկայությամբ:
Դեռահասն իրեն բավականաչափ հասուն է համարում, պնդում է իր հայացքները և դատողությունները` հասնելով նրան, որ մեծերը հաշվի առնեն իր կարծիքը: Նրա ցանկանում է, որ շրջապատողները վերաբերվեն իրեն հավասարը հավասարի նման, ընդ որում` ոչ միայն խոսքով, այլև գործով:
Վերագնահատելով իրենց հնարավորությունների մեծացման նշանակությունը` դեռահասները գալիս են այն համոզմանը, որ իրենք արդեն ոչ մի բանով (կամ գրեթե ոչ մի բանով) չեն տարբերվում մեծահասակներից: Այստեղից էլ բխում է նրանց ինքնուրույնության և անկախության ձգտումը, նրանց հիվանդագին ինքնասիրությունը և նեղացկոտությունը, սուր արձագանքը մեծահասկների կողմից իրենց իրավունքների և հետաքրքրությունների թերագնահատմանը:
Դեռահասները շատ զգացմունքային են դառնում իրենց «հասունության» մասին տրված գնահատականների և մեծերի կողմից իրենց նկատմամբ վերաբերմունքի հանդեպ: Նրանց պահանջների բարձրացումն իրենց հասունության և ինքնուրույնության նկատմամբ վկայում է, որ նրանց կարծիքով մեծերը բավարար չափով հաշվի չեն առնում իրենց արդարացի պահանջներն ու ցանկությունները:
Դեռահասը չի կարողանում անգործ նստել, նա չի սիրում «պարզապես հանգստանալ»: Նա մշտապես ցանկանում է ինչ-որ բան իմանալ, ուսումնասիրել, յուրացնել, ձեռք բերել այս կամ այն հմտությունը: Եթե նրա էներգիան ճիշտ ելք չի գտնում, ապա արտահայտվում է չարաճճիությամբ, խենթությամբ, իրարանցում ստեղծելով և հաճախ նաև կարգապահության ծանր խախտումներով:
Հարկ է նշել նաև դեռահասության տարիքին բնորոշ գրգռվածությունը, բնավորության որոշակի անկառավարելիությունը, տրամադրության արագ և կտրուկ փոփոխություններն ու վարքի ձևերը:
Դեռահասի համառությունն ու վճռականությունը կարող են արագ փոխվել ամաչկոտության, անգամ երկչոտության, սեփական ուժերի նկատմամբ անվստահության: Դեռահասը կարող է մեկ շատ ուրախ լինել և լի շփման պատրաստակամությամբ, մեկ՝ պարփակված և մտածկոտ, մեկ՝ բարեհամբույր, նուրբ և մեղմ, մեկ՝ կտրուկ և անհարգալից: Առանց որևէ լուրջ առիթի նա կարող է զայրույթից պոռթկալ, կոպտել, դառնալ ամբարտավան և անհամբեր: Առանց որևէ պատճառի ինչ-որ բանի նկատմամբ առկա հետարքրությունն ու ակտիվությունը կարող են վերածվել անտարբերության:

Աղբյուր՝ Палагина Н.Н., Психология развития и возрастная психология

Կարդացեք նաև

Դեռահասներ

Հորինված հարաբերությունները դեռահասության շրջանում

Մյս 23 2023
Դեռահասներ

Դեռահասության տարիքում ինքնասպանության վտանգն ու պատճառները

Արտասահմանյան գրականության մեջ առանձնացնում են դեռահասների ինքնասպանության հետևյալ պատճառները՝

Սպտ 12 2020
Դեռահասներ

Եթե սիրում եք երեխային․․․

- Նորից սիրահարվեք նրա մորը/հորը։ - Եթե սիրել այլևս չի ստացվում, քանի ուշ չէ, հեռացեք, որ շարունակեք սիրել կյանքը։ - Եթե հեռանալ չի ստացվում, աշխատեք ընկեր լինել, հերիք է մեղարդեք, վերջ, ավարտվել է, ընդունեք։

Հնս 01 2020