Ե՞րբ և ինչպե՞ս խոսել երեխայի հետ Ցեղասպանության մասին

Թեման բավական բարդ է և զգայուն։ Իսկ պե՞տք է, արդյոք, խոսել այդ մասին։ Եթե խոսել, ապա ի՞նչ պատմել երեխային։ Բաներ, որոնք անգամ մեծահասակի գիտակցությունը դժվարանում է հասկանալ, ինչպե՞ս կարելի է երեխաներին ներկայացնել։ Անկախ այս հարցերից, յուրաքանչյուրն իր ներսում ունի պատմության՝ իր ուրույն ընկալումը և իր սեփական վերաբերմունքը։

Բայց չկա որևէ հայ, որն անտարբեր լինի այս հարցի նկատմամբ։ Մարդիկ կան, ովքեր գտնում են, որ պետք է մոռանալ և նորովի սկսել ապրել, առանց զոհի հոգեբանության և ներքին դիրքորոշման, մյուսները կարծում են, որ պետք է արդարություն և փոխհատուցում պահանջել, վրեժխնդիր լինել, մի մասն էլ ինքնաքննադատաբար են մոտենում խնդրին եւ մեղադրում հենց զոհերին՝ զոհաբերվելու համար:

Բնականաբար, որևէ մեկը` մասնագետ լինի, թե պարզապես քաղաքացի, չի կարող խորհուրդ տալ մյուսներին` որ դիրքորոշումն է ճիշտ այս պարագայում։ Այդ պատճառով ես կուզեի քննարկել այս մոտեցումներից յուրաքանչյուրի դեպքում երեխաներին տրամադրվող տեղեկությունների ազդեցությունն ու հետևանքը երեխաների հոգեկան առողջության և խաղաղության վրա։

Եթե երեխային մեծացնում ենք այն գաղափարներով, որ պետք է վրեժխնդիր լինել, որ մեզ կոտորել են, դաժանաբար ոչնչացրել և այլն, բնականաբար երեխան սկսում է մեծանալ կամ վրեժխնդրության ոգով, կամ զոհի հոգեվիճակով՝ կախված իր սեփական բնավորության և հոգեբանական առանձնահատկություններից։

Նրանք ովքեր համարում են, որ պետք է մոռանալ այդ ամենի մասին և սկսել նորովի ապրել, ամենից հաճախ չեն կիսվում այս տեղեկություններով երեխաների հետ, փորձում են խուսափել այս թեմաներից, նյութերից, հաղորդումներից, և կարծես մոռացության են տալիս երևույթը։ Այս պարագայում, ամենայն հավանականությամբ, երեխայի մոտ օտարացման զգացում կառաջանա պատմության այդ հատվածի նկատմամբ։

Նրանք, ովքեր գտնում են, որ մենք ինքներս ենք մեղավոր, որ ցեղասպանության ենք ենթարկվել, իրենց երեխաների ներսում կսերմանեն որոշակի թշնամանք և անհանդուրժողականություն սեփական ազգի նկատմամբ։ Հետևաբար դա կանդրադառնա ազգային ինքնագիտակցության վրա, կառաջացնի այնպիսի խնդիրներ ինքնորոշման և կայացման հարցերում, որոնք անձի համար ինքն իրեն չեն գիտակցվի և հետևաբար լուծման առումով բարդ կլինեն։

Այս մոտեցումներից ցանկացածի դեպքում, ամենայն հավանականությամբ, երեխայի մոտ կառաջանան դժվարություններ, երբ հետագայում սկսի ձևավորել սեփական վերաբերմունքն ու աշխարհայացքը՝ սեփական ազգի պատմության այդ փուլի նկատմամբ։

Ցանկացած մոտեցման դեպքում պետք է հիշել երեխայի տարիքային զարգացման մի քանի առանձնահատկությունների մասին։ Մահվան մասին պատկերացումները մոտենում են մեծահասակների պատկերացումներին 5-7 տարեկանում։ Այս տարիքում են երեխաները գիտակցում մահվան անդառնալիությունը։ Մահվան մասին տեղեկություններն աստիճանաբար են ընդունվում երեխայի գիտակցության կողմից, և դեռ ժամանակ է պահանջվում՝ նաև հասկանալու և գիտակցելու, որ լինում են նաև բռնի մահեր, մարդկային դաժանության և ագրեսիայի տարբեր ծայրահեղ դրսևրումներ։

Այնուամենայնիվ ծնողներին հաճախ հուզում է պարզ գործնական մի հարց՝ ինչպե՞ս երեխային ներկայացնել ապրիլի 24-ի երթի իմաստը, ծաղիկներ տանելու և զոհերի հիշատակը պատվելու մեր սովորույթը։ Չէ՞ որ մենք գնում ենք Ծիծեռնակաբերդ ընտանիքներով, մեծից փոքր միասին։ Այս դեպքում բնականաբար երեխայի տարիքը հաշվի առնելով՝ կարելի է պատմել, որ պատերազմ է եղել, որի արդյունքում շատ հայեր, մեր տատիկներն ու պապիկները մահացել են, մենք էլ հիմա գնում ենք, նրանց գերազմաններին ծաղիկներ ենք դնում՝ ցույց տալու համար, որ հիշում ենք իրենց։ Երբ երեխաները կսկսեն հասկանալ տեռորիզմ, ցեղասպանություն և այլ նմանատիպ բառերի իմաստը, այդ ժամանակ էլ կարիք կլինի խոսել այս մասին իրական տեղեկություններով։

Մինչև դեռահասության տարիքը՝ այսինքն միջին դպրոցական տարիքը, երբ երեխաներն սկսում են ուսումնասիրել պատմություն, այնքան էլ ունակ չեն ընկալելու նման բարդության հարցեր։ Նմանատիպ թեմաների շուրջ վաղաժամ զրույցները կարող են ավելորդ վախեր և տագնապ առաջացնել երեխայի ներսում։ Երբեմն հայկական ավանդական դաստիարակության մեջ կարևոր բաղադրիչ է տղաներին կռվելու, պայքարելու և ագրեսիվ լինելու հորդորները։ Արդյունքում՝ այդ ագրեսիայից տուժում են հենց իրենք՝ տղաները, նրանց առողջությունը, շատ դեպքերում անձնական կյանքը։

Ուժեղ, համարձակ և ինքն իրեն պաշտպանելու ունակությունն ամենևին կապ չունի ագրեսիայի հետ, և ուժեղ լինելու համար ագրեսիվ լինել պետք չէ։ Նույնիսկ հակառակը, ուժը բացառում է ագրեսիայի առկայությունը։ Անկախ ամենից պետք է հիշել, որ ցանկացած դիրքորոշում՝ ազգության, անվան, կրոնի և ինքնագիտակցությանը վերաբերող այլ հարցի նկատմամբ, ձևավորում է մարդու վերաբերմունքն իր անձի նկատմամբ։ Հետևաբար երեխաներին որևէ բան իր, իր ազգի, իր պատմության մասին պատմելիս պետք է առաջնորդվել միայն երեխայի ներսում դրական ինքնագնահատական սերմանելու և ձևավորելու սկզբունքով։ Հիշեք՝ միայն սեփական անձի նկատմամբ ներքին վստահություն ուենցողները կարող են հաղթանակող լինել:

Հեղինակ՝ Անուշ Ալեքսանյան

Հոգևոր դաստիարակությունը մանկական տարիքում

Հոգևոր դաստիարակությունը մանկական տարիքում շատ կարևոր է արժեքային համակարգի ձևավորման համար, մշակութային ժառանգությունը փոխանցելու համար: Սակայն այս կարևորությունը գիտակցելով հոգևոր ժառանգություոնը փոխանցելու համար, երեխային քրիստոնյա մեծացնելու համար պետք է իմանալ երեխայի զարգացման առանձնահատկությունների մասին, հաշվի առնել առաջին հերթին նրա.
— մտածողության, 
— երևակայության, 
— բարոյական ընկալումների զարգացման առանձնահատկությունները:

Վաղ մանկական և նախադպրոցական տարիքում երեխայի մտածողությունն ունի ակնառու պատկերավոր և ակնառու գործնական բնույթ: Սա նշանակում է, որ երեխան առավել հստակ կարող է հասկանալ լուծել որևէ խնդիր, եթե նա տեսնի կամ կարողանա գործողություններ կատարել այդ առարկաների կամ խնդրի հետ, լուծում գտնելու, հասկանալու համար: Այսինքն, երբ մենք երեխային փորձում ենք որևէ բան բացատրել պետք է կամ ցույց տանք, կամ իր ձեռքը տանք, կամ պատկերավոր բացատրենք, որն ավելի դժվար է: Մեծահասակներն այդպես չեն մտածում, նրանք կարող են մտապատկերների միջոցով, կամ մտքում իրականացնել գործողություններ և լուծումներ գտնել՝ վերացարկվելով ակնառու իրավիճակից: Այս տարիքում ակնհայտ է նաև երեխայի երևակայության վառ արտահայտվածությունը, առավել վառ քան մեծահասակների մոտ: Մանկական տարիքում յուրահատուկ է երեխայի բարոյական ընկալումները, որոնք առավել էգոցենտրիկ են քան հասուն տարիքում: Երեխաները դժվարանում են պատկերացնել, որ կա մի համընդհանուր համամարդկային բարոյականություն, նրանք ունեն իրենց սեփականը: Այն ինչ ցավեցնում է, վախեցնում վատ է երեխայի համար, համարվում է սխալ ու վատ: Նման ձևով երեխան պատիժներն ընկալում է որպես վիրավորանք, կամ իրեն չսիրելու ապացույց: Երեխան չի կարող դեռևս գնահատել երևույթները տարբեր տեսանկյուններից, նա դիտում է իր տեսանկյունից: Սա բնական է և նորմալ այս տարիքի համար, բնորոշ է գրեթե բոլոր երեխաներին:

Հոգևոր դաստիարակությունը փոխանցում է մեծապես բարոյական արժեքներ և իրականում դրա նպատակն է բարոյական արժեքների սերմանումն ու յուրացումը: Սակայն կարևոր է մեծահասակի սեփական նպատակը այդ ընթացքում: Երբեմն մենք երեխային փորձում ենք վախեցնել կամ նրա վարքի վրա ազդել Աստծո գաղափարով, կամ Աստծո պատիժներով:

Դրանք իրականում կապ չունեն հոգևոր դաստիարակության հետ, քանի որ երեխայի վրա վախի միջոցով ազդելու ձևեր են, այնպես ինչպես վախեցնում են «Մեշոկ Պապի»-ով, կամ ոստիկանով:

Նմանատիպ օրինակ է նաև, երբ ծնողները երեխային ասում են, որ Աստված քեզ տեսնում է միշտ և ամենուր, ու եթե դու քիթիկդ փորես նա քեզ կպատժի: Նախ սա նույն օրինակն է ինչ նախորդը, այնպես ինչպես երեխային ասում են Ձմեռ պապիկի մասին, որը նվեր չի բերի եթե քեզ չար պահես: Այս օրինակները որևէ կապ չունեն հոգևոր դաստիարակության հետ, մշակութային արժեք չեն պարունակում և երեխային ոչինչ չեն սովորեցնում, հակառակը անգամ խեղաթյուրում են հոգևոր արժեքները: Երեխայի երևակայության առանձնահատկությունները երբեմն կարող են նրան տանել շատ ավելի խորը քան մենք սպասում ենք: Երեխայի մոտ կարող են վախեր առաջանալ, ամենուր իրեն հսկող, կամ տեսնող այդ աչքի հանդեպ: Բարոյական ծանր բեռ կարող են դառնալ երեխայի համար մեծահասակների շատ արտահայտություններ, որոնք մեծահասկաների ընկալումներն են ավելի շատ, քան իսկապես հոգևոր արժեք են: Երեծաների արարքների մեծ մասը մանկական չարաճճիություն են, և Աստծահաճ են: Մենք երեխաներին հրամցնում ենք այն ընկալումները, որոնք մենք ունենք կրոնի, Աստծո և նրա պատժի մասին:

Երեխաներն ավելի լավ ընկալում են մեր վարքն ու պահվածքը, քան մեր հրահանգներն ու խրատները: Այդ պատճառով այս տարիքում հոգևոր դաստիարակությունը պետք է իրականացվի ոչ առանձին և ոչ հատուկ պլանավորված: Եթե տանը լինի մանկական Աստվածաշունչ, նկարազարդումներով և երեխայի համար հասանելի, ապա այն հաստատ հետաքրքրություն կառաջացնի երեխայի մոտ:

Ի վերջո պետք է հիշել, որ ավելի լավ է մտածել սեփական հոգևոր արժեքների մասին, մեր հոգևոր կյանքի մասին, նախքան երեխաների մեջ այդ արժեքները սերմանելու: Երեխաները կրկնօրինակում են մեր վարքը, և եթե մենք ապրում ենք բարոյական և քրիստոնեական արժեքների ներքո, ապա մեր երեխան կմեծանա որպես դրանց կրող մարդ:

Ի վերջո հոգևոր դաստիարակությունը և հավատքը պետք չէ օգտագործել որպես վախի և դաստիարակության միջոց: Հոգևոր դաստիարակությունը ոչ թե մեզ սահմանափակելու և վախեցնելու համար է, այլ մեզ հույս, ուժ, բարություն, ձգտում և կյանքի իմաստավորում և արժևորում փոխանցող միջոց է:


Անուշ Ալեքսանյան
«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոն