Հոգևոր դաստիարակությունը մանկական տարիքում շատ կարևոր է արժեքային համակարգի ձևավորման համար, մշակութային ժառանգությունը փոխանցելու համար: Սակայն այս կարևորությունը գիտակցելով հոգևոր ժառանգություոնը փոխանցելու համար, երեխային քրիստոնյա մեծացնելու համար պետք է իմանալ երեխայի զարգացման առանձնահատկությունների մասին, հաշվի առնել առաջին հերթին նրա.
— մտածողության,
— երևակայության,
— բարոյական ընկալումների զարգացման առանձնահատկությունները:
Վաղ մանկական և նախադպրոցական տարիքում երեխայի մտածողությունն ունի ակնառու պատկերավոր և ակնառու գործնական բնույթ: Սա նշանակում է, որ երեխան առավել հստակ կարող է հասկանալ լուծել որևէ խնդիր, եթե նա տեսնի կամ կարողանա գործողություններ կատարել այդ առարկաների կամ խնդրի հետ, լուծում գտնելու, հասկանալու համար: Այսինքն, երբ մենք երեխային փորձում ենք որևէ բան բացատրել պետք է կամ ցույց տանք, կամ իր ձեռքը տանք, կամ պատկերավոր բացատրենք, որն ավելի դժվար է: Մեծահասակներն այդպես չեն մտածում, նրանք կարող են մտապատկերների միջոցով, կամ մտքում իրականացնել գործողություններ և լուծումներ գտնել՝ վերացարկվելով ակնառու իրավիճակից: Այս տարիքում ակնհայտ է նաև երեխայի երևակայության վառ արտահայտվածությունը, առավել վառ քան մեծահասակների մոտ: Մանկական տարիքում յուրահատուկ է երեխայի բարոյական ընկալումները, որոնք առավել էգոցենտրիկ են քան հասուն տարիքում: Երեխաները դժվարանում են պատկերացնել, որ կա մի համընդհանուր համամարդկային բարոյականություն, նրանք ունեն իրենց սեփականը: Այն ինչ ցավեցնում է, վախեցնում վատ է երեխայի համար, համարվում է սխալ ու վատ: Նման ձևով երեխան պատիժներն ընկալում է որպես վիրավորանք, կամ իրեն չսիրելու ապացույց: Երեխան չի կարող դեռևս գնահատել երևույթները տարբեր տեսանկյուններից, նա դիտում է իր տեսանկյունից: Սա բնական է և նորմալ այս տարիքի համար, բնորոշ է գրեթե բոլոր երեխաներին:
Հոգևոր դաստիարակությունը փոխանցում է մեծապես բարոյական արժեքներ և իրականում դրա նպատակն է բարոյական արժեքների սերմանումն ու յուրացումը: Սակայն կարևոր է մեծահասակի սեփական նպատակը այդ ընթացքում: Երբեմն մենք երեխային փորձում ենք վախեցնել կամ նրա վարքի վրա ազդել Աստծո գաղափարով, կամ Աստծո պատիժներով:
Դրանք իրականում կապ չունեն հոգևոր դաստիարակության հետ, քանի որ երեխայի վրա վախի միջոցով ազդելու ձևեր են, այնպես ինչպես վախեցնում են «Մեշոկ Պապի»-ով, կամ ոստիկանով:
Նմանատիպ օրինակ է նաև, երբ ծնողները երեխային ասում են, որ Աստված քեզ տեսնում է միշտ և ամենուր, ու եթե դու քիթիկդ փորես նա քեզ կպատժի: Նախ սա նույն օրինակն է ինչ նախորդը, այնպես ինչպես երեխային ասում են Ձմեռ պապիկի մասին, որը նվեր չի բերի եթե քեզ չար պահես: Այս օրինակները որևէ կապ չունեն հոգևոր դաստիարակության հետ, մշակութային արժեք չեն պարունակում և երեխային ոչինչ չեն սովորեցնում, հակառակը անգամ խեղաթյուրում են հոգևոր արժեքները: Երեխայի երևակայության առանձնահատկությունները երբեմն կարող են նրան տանել շատ ավելի խորը քան մենք սպասում ենք: Երեխայի մոտ կարող են վախեր առաջանալ, ամենուր իրեն հսկող, կամ տեսնող այդ աչքի հանդեպ: Բարոյական ծանր բեռ կարող են դառնալ երեխայի համար մեծահասակների շատ արտահայտություններ, որոնք մեծահասկաների ընկալումներն են ավելի շատ, քան իսկապես հոգևոր արժեք են: Երեծաների արարքների մեծ մասը մանկական չարաճճիություն են, և Աստծահաճ են: Մենք երեխաներին հրամցնում ենք այն ընկալումները, որոնք մենք ունենք կրոնի, Աստծո և նրա պատժի մասին:
Երեխաներն ավելի լավ ընկալում են մեր վարքն ու պահվածքը, քան մեր հրահանգներն ու խրատները: Այդ պատճառով այս տարիքում հոգևոր դաստիարակությունը պետք է իրականացվի ոչ առանձին և ոչ հատուկ պլանավորված: Եթե տանը լինի մանկական Աստվածաշունչ, նկարազարդումներով և երեխայի համար հասանելի, ապա այն հաստատ հետաքրքրություն կառաջացնի երեխայի մոտ:
Ի վերջո պետք է հիշել, որ ավելի լավ է մտածել սեփական հոգևոր արժեքների մասին, մեր հոգևոր կյանքի մասին, նախքան երեխաների մեջ այդ արժեքները սերմանելու: Երեխաները կրկնօրինակում են մեր վարքը, և եթե մենք ապրում ենք բարոյական և քրիստոնեական արժեքների ներքո, ապա մեր երեխան կմեծանա որպես դրանց կրող մարդ:
Ի վերջո հոգևոր դաստիարակությունը և հավատքը պետք չէ օգտագործել որպես վախի և դաստիարակության միջոց: Հոգևոր դաստիարակությունը ոչ թե մեզ սահմանափակելու և վախեցնելու համար է, այլ մեզ հույս, ուժ, բարություն, ձգտում և կյանքի իմաստավորում և արժևորում փոխանցող միջոց է:
Անուշ Ալեքսանյան
«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոն
Հունիսի 1-ը ևս մեկ լավ առիթ է հիշելու, թե ինչ է իսկապես պետք երեխային երջանիկ լինելու համար։
Հնս 01 2023Հեքիաթը նախատեսված է նախադպրոցական երեխաների համար, ովքեր ունեն մայրիկից բաժանվելու և մենակ մնալու վախ: Կար-չկար մի մեծ մայրիկ-Կենգուրու կար: Մի օր նա դարձավ աշխարհի ամենաերջանիկ Կենգուրուն, քանի որ փոքրիկ Կենգուրու ունեցավ:
Հկտ 19 2021Մայրությունը, որքան էլ որ հաճելի է և առաջացնում է բերկրանքի զգացում, նաև ծնում է բազմաթիվ տագնապներ, հատկապես մեր` կատարելապաշտական ժամանակներում: Ինչպե՞ս ճիշտ գրկել երեխային, որպեսզի նա իրեն զգա ապահով և միաժամանակ ազատ, ինչպե՞ս ճիշտ դաստիարակել երեխային, որպեսզի
Ապր 07 2021