10 հարց սեռական դաստիարակության մասին

1. Ինչու՞ ենք վախենում սեռական դաստիարակությունից:

Ոչ ոք չի ուզում խոսել իր երեխայի հետ սեռականության և սեռական հարաբերությունների մասին: Ոչ ոք իրեն հարմարավետ չի զգում այս թեմայի շուրջ խոսելիս կամ դրա անհրաժեշտությունից: Նույնիսկ նրանք, որոնք համարում են իրենց պարտականությունը երեխայի հետ սրա մասին խոսելը, մեկ է, հաճույքով ու ուրախությամբ չեն անում դա: Որովետև թեման վերաբերում է մեր կյանքի ամենաթաքուն և անձնական ոլորտին: Մենք նաև ինտուիտիվ զգում ենք, որ էդ թաքուն լինելը, մարմինը հագուստի տակ թաքցնելը, երբեմն նույնիսկ տաբուները հենց հմայք են հաղորդում մեր կյանքի այդ նուրբ ոլորտին: Հետևաբար հասկանալի և բնական է, որ բոլորս որոշակի դիմադրություն ունենք այս հարցերի շուրջ խոսելիս:
Սակայն պետք է քննարկել, թե՞ ինչու է հիմա անհրաժեշտ այս հարցի շուրջ տեղեկացվածությունն ու երեխաների պաշտպանությունը: Նաև անհրաժեշտ է քննարկել, թե ինչ ենք հասկանում սեռական դաստիարակություն ասելով:

2. Ինչու՞ է պետք սեռական դաստիարակությունը:

Ժամանակակից աշխարհում երեխաների համար տարաբնույթ տեղեկությունները, պոռնոգրաֆիան, համացանցային հալածանքը և հետապնդումները, սեքսուալ բնույթի տեղեկատվությունը սովորական առօրյա է դարձել: Երեխաներն 1-ին դասարանից, երբեմն ավելի վաղ հասակից ունեն սմարթֆոններ, նրանք շփվում են նաև իրենցից մեծ երեխաների հետ, իրենց հասակակից այլ երեխաների հետ, բակ են դուրս գալիս, համեմատաբար անկախություն ունեն և կարող են այդ ճանապարհով ստանալ ցանկացած տեղեկություն:
Երեխաները շատ հետաքրքրասեր են և եթե մեկն ու մեկն իրենց առաջարկում է ինչ-որ հետաքրքիր բան տեսնել, ինչ-որ հետաքրքիր տեղ գնալ, ինչ-որ թաքուն բան անել, նրանք սովորաբար համաձայնվում են: Ոչ այն խատճառով, որ ունեն վատ դաստիարակություն կամ խնամքից դուրս են մնացել, այլ այն պատճառով, որ վտանգների մասին տեղյակ չեն, և ճանաչողական հետաքրքությունները շատ ակտիվ են: Մենք ինքներս էլ երեխաներին դաստիարակում ենք այդպիսին՝ ակտիվ, հետաքրքրասեր, խելացի, հետազոտող, երբեմն անվախ, խիզախ: Եվ այս դրական որակները կարող են պատճառ դառնալ նաև, որ երեխան զոհ դառնա ավելորդ տեղեկացվածության կամ, ինչն ավելի վտանգավոր է՝ սեքսուալ չարաշահման: Ինձ թվում է բոլորը հիշում են, որ դասարանում տղաները փորձում էին ինչ-որ աղջկա շրջազգեստ բարձրացնել, կամ հայելի էին դնում ոտքին ու մոտեցնում շրջազգեստի տակ աղջկա, տրանսպորտում տարբեր մարդիկ փորձում էին քսմսվել աղջիկներին, հատկապես փոքր տարիքի և այլն: Այս երևույթները հիմա ծիծաղելի են թվում, հնացած, բայց ոչ վերացած, հակառակը համալրված նոր մեթոդներով, նկարահանումներ, ինֆորմացիայի տարածման նոր մեթոդներ և այլն: Մեր երեխաներն ապրում են այս ինֆորմացիոն փոթորիկի մեջ:

3. Կարո՞ղ է պաշտպանել երեխային ծնողի խստապահանջությունը:

Շատ ծնողներ կարծում են, որ իրենց երեխաներին արգելելով կամ նախազգուշացնելով, վախեցնելով կարող են հետ պահել վտանգներից: Երբեմն իհարկե դա շատ օգտակար է լինում, բայց ոչ միշտ: Անգամ մեծահասակները քաջ գիտակցելով անկանոն և անպաշտպան սեռական հարաբերությունների վտանգների մասին չեն պաշտպանում իրենց առողջությունը: Էլ չենք խոսում երեխաների ու դեռահասների մասին, որոնք առանձնապես պատասխանատվությամբ և խոհեմությամբ աչքի չեն ընկնում։ Բայց խստապահանջ ծնողներին ցանկալի է մի բան զգուշացնել, որ խստապահանջ և ավտորիտար ծնողների երեխաներն ավելի ենթարկվող են լինում ու շատ արագ են ընկնում ազդեցության տակ: Նրանց համար ենթարկվելը սովորական է: Ինչպես նաև ավտորիտար դաստիարակություն ստացող երեխաները ավելի շատ վախեր ունեն։ Իսկ բռնության կամ ոտնձգությունների դեպքում ավելի հավանական է, որ տանը չեն պատմի ոչինչ ծնողից ունեցած այդ վախի պատճառով:


4. Երբ է պետք սկսել սեռական դաստիարակությունը:

Սեռական դաստիարակությունը պետք է սկսել այն տարիքից, երբ երեխան արդեն մոտենում է այդ ինֆորմացիայի կիրառման տարիքին: Օրինակ սեռահասունացման մասին պետք է խոսել նախքան սեռահասունացումը, որպեսզի երեխան պատրաստ լինի, շոկ չապրի, հանգիստ և խաղաղ վերաբերվի իր մարմնի և հոգեկան աշխարհի փոփոխություններին:
Սեռական հարցերին վերաբերող տեղեկությւններ նաև պետք է երեխային տալ, երբ նա հարցնում է դրանց մասին կամ հատուկ ուշադրություն է ցույց տալիս, թեկուզև չի հարցնում:

5. Արդյո՞ք սեռական լուսավորումը և տեղեկացվածությունը ավելացնում է ուշադրությունը և սևեռում սեքսուալ թեմաների վրա:

Սա շատ տարածված թյուր պատկերացում է: Սեռական և սեռային հարցերի մասին տեղեկացվածությունը ոչ միայն չի ավելացնում ուշադրությունը, այլև դադարեցնում է անհաղթահարելի հետաքրքրությունն ու տենդագին կարիքը այդ հարցերի մասին խոսելու, այդ բնույթի նյութեր նայելու, լսելու ու կարդալու: Փորձեք փոքր համեմատություն անել, որ միջավայրում են տղամարդիկ անթաքույց սևեռվում կանանց բարեմասնությունների վրա և անպարկեշտ արտահայտություններ անում, ակնարկներ և այլն: Կամ ինչպիսի միջավայրում են կանայք ավելի բաց և շեշտված սեքսուալ հատկանիշներով հագնվում: Ճիշտ եք, ավելի հետամնաց, ցածր կրթական ցենզով, տեղեկացվածության շատ ցածր մակարդակ ունեցող հասարակություններում: Տեղեկացված և գրագետ մարդիկ սկսում են վերաբերել սեքսուալ հարցերին այնպես ինչպես կյանքի այլ ոլորտների, առանց ավելորդ ուշադրության: Ավելորդ ուշադրությունը գալիս է ինֆորմացիայի պակասից, ավելորդ միֆականացումից և անտեղյակությունից: Իրար հետ համբուրվող, երեխաների ներկայությամբ իրենց սերն արտահայտող ծնողների երեխաներն ավելի պաշտպանված ու հասուն են, այս հարցերի մասին թյուր պատկերացումներ ունենալուց պաշտպանված, ի դեպ։

6. Ինչու՞ պետք չէ վախենալ սեռական դաստիարակությունից:

Սեռական դաստիարակությունը, որը իրատեսորեն հնարավոր է դպրոցում, աշխարհի որևէ դպրոցում իրականացնել, մշտապես պարունակում է ավելի պարզունակ ու պրիմիտիվ տեղեկություններ, քան կարող է երեխան ստանալ մեկ մատի հարվածով համացանցից: Այս ինֆորմացիան ու դրա մատուցումը նպատակ ունի երեխաների համար գրագետ այլընտրանք ապահովելու այլ չստուգված, վտանգավոր և արատավոր աղբյուրների կողքին: Այսինքն սեռական դաստիարակությունը միևնույն է չի պաշտպանի երեխային ինֆորմացիոն աղբից, որ կարող է նա ստանալ դրսում, բայց կապահովի ընդամենը գրագետ այլընտրանք վնասակար ինֆորմացիային:

7. Ո՞վ պետք է իրականացնի սեռական դաստիարակությունը:

Մանկավարժը, որը ունի ցանկություն և պատրաստակամություն խոսելու այս հարցերի շուրջ, ինչպես նաև անցել է համապատախան վերապատրաստումներ և համապատասխանում է որոշակի չափորոշիչների, կարող է դասավադել սեռական դաստիաակության և, կամ սեռին վերաբերող հարցերի շուրջ թեմաներ:

Ինչու պետք չէ կենտրոնանալ հոգեբանների, կենսաբանների, բուժքույրերի կամ այլ մասնագետների վրա, որվհետև մասագիտությունը երբեք պարտադիր պայման չէ այս կամ այն հայացքներն ու հմտություններն ունենալու համար: Շատ բժիշկներ, հոգեբաններ ու մանկավարժներ ունեն հետադիմական հայացքներ և չեն ցանկանում, որ իրենց երեխան դպրոցում ստանա նվազագույն տեղեկություններ սեռական հարցերի վերաբերյալ, և թողնում են իրենց երեխային մենակ պոռնոգրաֆիայի և հարևանների երեխաների կրթության հույսին: Պիտի դասավանդի վերապատրաստված և գրագետ և բարձր էթիկական նկարագիր ունեցող մասնագետը:

8. Ինչպե՞ս է իրականացվել սեռական դաստիարակությունը ՀՀ-ում մինչ օրս:

(Հակիրճ, այստեղ շատ բան կա ասելու, չեմ կարող ծավալվել)

Նախկինում սեռական դաստիարակությունը միայն մեկ դաս էր «Մարդու անատոմիա» դասագրքում, որը շրջանցում էին գրեթե բոլոր կենսաբանության ուսուցիչները: Ինչը վկայում է, որ այսօր էլ այնպես չէ, որ նրանք ավելի ճիշտ են մոտենալու հարցին, քան առաջ: Այսինքն չի եղել կրթություն առհասարակ այս թեմաների շուրջ:

Հետագայում 2008 թվականից «Առողջ ապրելակերպ» դասընթացը մտավ դպրոց, այն չափազանց սեղմ և չափավոր տեղեկություններ էր պարունակում հիգիենայի, վաղաժամ սեռական կյանքի վտանգների, հոգեբանական և ֆիզիկական պաշտպանվածության, տարբեր վտանգների, չարաշահման և բռնության մասին: Դասընթացը շատ դժվար ճանապարհ անցավ և դեռ անցնում է, քանի որ հասարակությունն ու հատկապես մանկավարժական հանրությունը պատրաստ չէ այս թեմաներով խոսելուն: Վերջերս նաև պատրաստվեց դասընթացի վերարտադրողական առողջության թեմաների մասին օնլայն մոդուլը, որը հնարավորություն է տալիս սովորել առցանց: Դասընթացն ընդհանուր առմամբ ինտերակտիվ է և շատ հետաքրքիր: Ուսուցիչները դեռ առարկում են տարբեր քննարկումների ժամանակ, իսկ երեխաներն արդեն վաղուց իրենց չաթերում և շփումներում այս թեմաները ուսումնասիրել ու քննարկել են, սովորաբար բաց թողնելով վտանգների ու խնդիրների հատվածները:

Ինչևէ դասընթացը պարունակում է նաև առողջ սնունդ, վնասակար սովորություններ, թրաֆիքինգ, գենդերային հավասարություն, թմրամիջոցներ, ալկոհոլ, ծխախոտ, սեռավարակներ, հղիություն, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, վերջապես ժուժկալություն և այլ թեմաներ: Դասընթացը սկսվում է 8-րդ դասարանից, երբ երեխաները գիտեն ամեն ինչ պոռնոգրաֆիայից և ոչինչ իսկապես առողջության և իրենց պաշտպանելու մասին: Դուք կասեք, որ ուշ է, իհարկե ուշ է, բայց երբ դասընթացը մտավ դպրոց, նույնիսկ 8-րդ դասարանում դա հեղափոխության նման էր։ Հիմա վերանայվում է տարիքը և պետք է մի փոքր իջեցվի։

ՀՀ-ում սեռական դաստիարակության ցանկացած ծրագիր մշակելիս հաշվի են առնվում՝ երեխաների ինտելեկտուալ և տարիքային առանձնահատկությունները, գյուղաբնակ և քաղաքաբնակ լինելը, ուսուցիչների մանկավարժական հմտություններն ու կարողությունները, հասարակության մոտեցումներն ու վերաբերմունքը:

ՀՀ-ն չի իրականացնում համապարփակ սեռական դաստիարակություն և ամենայն հավանականությամբ չի իրականացնի, այն ունի միայն ռիսկերի և վտանգների նվազեցման և կանխարգելման նպատակ:

9. Ինչու՞ է հանրությունը խուճապի մատնվում:

Սեռական դաստիարակության մասին խոսելիս, տարբեր մասնագետներ, որոնք ամենայն հավանականությամբ ցանկանում են թեման սրել և մոլորեցել հանրությանը, առաջ են քաշում նույնասեռականության թեման, որը չափազանց ծայրահեղ ընկալումներ ունի, և այդպիսով հասարակության անհանդուրժող խավին լարում սեռական դաստիարակության նկատմամբ: Այնինչ, մինչ օրս անգամ 8-11-րդ դասարաններում սեռական դաստիարակության բաժնում նույնասեռականության մասին խոսք չի եղել: Վերջերս նաև շրջանառության մեջ մտավ հաճույքի թեման, որը կարծես ինչ-որ հեքիաթից լինի, քանի որ հաճույքի մասին անգամ դժվար է մտածել, թե ինչ կարելի է սովորեցնել բուհում, էլ ուր մնաց տարրական դպրոցում: Առաջիկայում որևէ դասընթացում չի պլանավորվում խոսել վերոնշյալ երկու թեմաներից որևէ մեկի շուրջ, առավել ևս և հատկապես տարրական դպրոցում: Դա պարզապես անհեթեթ կլիներ: Անգամ, եթե որևէ մեկը կարծի, որ պետք է դրա մասին ևս ինֆորմացիա տրամադրել երեխաներին, միևնույն է, չի գտնվի մեկ ուսուցիչ, որն այդ թեմայով կկարողանա կամ կխոսի դասարանում:

10. ԱՀԿ-ի ուղեցույցները որպես պարտադրանք:

Համացանցում շրջանառության մեջ են դրվել 2010 թվականի ԱՀԿ-ի ուղեցույցից մի հատված, որը վերաբերում է սեռական դաստիարակության չափորոշիչներին: Ճիշտ է, այդ ուղեցույցում նման չափանիշներ կան և դրա մասին գիտեն մասնագետները: Բայց ակադեմիական ազնվություն ունեցողները գիտեն նաև, որ կա դրանից հետո տպագրված 2018 թվականի ուղեցույց, որում սեռական դաստիարակության չափորոշիչը սկսվում է 5 տարեկանից, և առհասարակ բացակայում է 0-4 տարեկան հատվածը, բացի այդ, գլխավոր թեման ընտանիքն է այդ տարիքում: Բայց այս ամենը իրականում մեզ հետաքրքիր չէ, քանի որ մենք պարտադրված չենք օգտվել այդ ուղեցույցերից, բացարձակ դրա կարիքը չունենք: Մինչ օրս այդ ուղեցույցերը եղել են, բայց մեր դպրոցի ծրագիրը եղել է ուրույն և համապատասխան տվյալ տարիքին ու մեր մշակութային առանձնահատկություններին: ԱՀԿ-ի ուղեցույցերն ունեն խորհրդատվական բնույթ, ոչ երբևէ պարտադրող և ստիպող: Դրանք մեր կրթական համակարգի հետ որևէ կապ չունեն և չեն ունեցել:

Հեղինակ՝ Անուշ Ալեքսանյան

Երեխաների նկատմամբ սեռական բնույթի գործողություններ (բռնություն, ոտնձգություններ)

Այս թեմայի շուրջ քննարկումներ, մասնագիտական և ծնողական մտահոգություններ հայտնելիս՝ հարկ է հաշվի առնել.

1․ Երեխայի նկատմամբ սեռական բռնություն և ոտնձգություններ իրականացնում են հիմնականում և ավելի հաճախ երեխայի կողմից վստահելի և մտերիմ մարդիկ: Հաճախ կարող են լինել համադասարանցիները, բակի երեխաները, հաստատության աշխատակիցները, ծնողները կամ նրանց ներկայացուցիչները և օտար մարդիկ:

2․ Սեռական բռնության կարող են ենթարկվել ինչպես սոցիալապես անապահով խավի այնպես էլ սոցիալապես պաշտպանված և ապահովված խավի երեխաները: Սոցիալական վիճակի հետ այս խնդիրը կապելը թուլացնում է ծնողների զգոնությունն ու երեխաների պաշտպանությունը:

3․ Սեռական բռնության ամենավտանգավոր հետևանքը մեղքի զգացումն է տեղի ունեցածի համար, այսինքն բռնության զոհը բռնությունից հետո սկսում է իրեն մեղավոր զգալ իր նկատմամբ կատարվածի համար:

4․ Վերոնշյալը պատճառ է հանդիսանում, որ երեխաները լռում են կատարվածի մասին: Սեռական բռնության ենթարկված երեխաների ճնշող մեծամասնությունը չի խոսում իր հետ կատարված սեռական բնույթի գործողությունների մասին ծնողների հետ:

5․ Սեռական բռնության հետևանքներից և ախտանշաններից է նաև սեքսուալ վարքագիծը: Այսինքն երեխան սկսում է բռնությունից հետո սեքսուալ վարք դրսևորել, սեթևեթել, խոսել սեռական հարցերի մասին և այլն: Այս վարքը հոգեբանական և ֆիզիկական տրավմայի հետևանք է, որ շատ շահարկվում է բռնարարների կողմից, ապացուցելու համար, թե իբր զոհն ինքն է նախաձեռնել: Բայց սա պարզապես ախտանշան է:

6․ Սեռական բռնության կարող է ենթարկվել ինչպես շատ սիրված և խնամված, այնպես էլ մերժված երեխան: Ծնող-երեխա հարաբերություններն այստեղ սովորաբար դեր չեն խաղում:

7․ Սեռական բռնության ենթարկված նախադպրոցական տարիքի երեխան հնարավոր է չգիտակցի, թե ինչ գործողություններ են իրականացվում իր նկատմամբ: Հարկ եմ համարում հիշեցնել, որ սեռական բռնությունն ու ոտնձգությունը միայն սեռական ակտի միջոցով չի լինում, դա կարող է լինել շփման, երեխայի մարմինը շոյելու, հպվելու, սեփական սեռական օրգանները երեխային կպցնելու և այլ ճանապարհներով:

8․ Տարրական դպրոցի երեխաների համար արդեն հասանելի են պոռնոգրաֆիկ բնույթի համացանցային նյութերը: Եթե Դուք հետևում եք Ձեր երեխային, շատ լավ է, բայց նրան այդ նյութերը ցույց են տալիս այլ համադասարանցիներ, նրանցից մի քանի տարի մեծ դպրոցականներ: Նրան տարբեր նյութեր են ուղարկում համացանցով: Այդ պարագայում մենք վտանգ ունենք, որ երեխան հեռուստացույցից ու համացանցից կիմանա ավելին, քան մենք կարծում ենք:
Որքան էլ մտածենք ու քննարկենք սեքսուալ լուսավորութան հարցերը, երեխաներն ավելի շուտ են տեղեկանալու դրանցից, քան մենք կարծում ենք: Կրթության ոլորտն ավելի դանդաղ է ռեֆորմների ենթարկվում, քան զարգանում են ինֆորմացիայի միավորների երեխաներին հասնելու միջոցները:

9․ Գրեթե ՀՀ-ի բոլոր դպրոցներում տեղի են ունենում նման դեպքեր, երբ մի քանի տարի մեծ դպրոցականները որևէ տղայի, ավելի քիչ որևէ աղջկա ենթարկում են տարբեր տիպի բռնությունների վախեցնելով, գաղափարական տարբեր ճնշումներով և այլն: Իհարկե համատարած չեն, սակայն երեխան, մեկն է, թե տասը, էական չէ այս հարցում: Բավական է հաշվել, թե քանի դպրոց կա, քանի բակ, քանի հաստատություն և բազմապատկել գոնե 2-ով և կստանանք մի թիվ, որը միջինն է, բայց ամբողջ իրականությունը չէ:

10․ Ժամանակակից հասարակությունը չափազանց սեքսուալացված է, որի հետևանքով սեքսուալ ոտնձգությունների վտանգը մեծանում է, երեխաների հետաքրքրությունն ավելանում է սեռական հարցերի նկատմամբ:

11․ Երեխաների նկատմամբ բռնություններից խոսելը բոլորիս համար դժվար է, քանի որ չենք ցանկանում պատկերացնել, որ նման բան կարող է գոյություն ունենալ: Եվ դա նորմալ է, բոլորս մերժում ենք թեման, ուզում ենք հերքել: Ծնողները, որոնք տեսել են իրենց երեխայի նկատմամբ անթույլատրելի գործողության նշաններ, հաճախ այս պատճառով մերժել ու հերքել են իրողությունը:

12․ Դեպքերից շատերում ծնողները իրենք են իրենց կողմից վստահված մարդու մոտ մենակ թողել իրենց երեխային: Մի դեպքում դաշնամուրի ուսուցիչը, մյուս դեպքում ընկերուհու տղան, էն մյուս դեպքում հարազատ քրոջ որդիները, մյուս դեպքում բակի տղաներից մեկը, հանգստյան տան հյուրերից մեկը… Նշված դեպքերն իրական օրինակներից են և բոլորում ծնողներն այդպես էլ չեն իմացել դեպքի մասին:

13․ Բռնութան և անձի սահմանների մասին կրթության բացը, երեխաների վտանգների մասին տեղեկացվածության բացը նպաստում է դեպքերի քանակի ավելացմանն ու հատկապես դեպքը կոծկելուն և թաքցնելուն:

14․ Եթե բացահայտվում է Սեռական բռնության դեպքը, բռնության ենթարկված երեխաների և մեծահասակների նկատմամբ, հասարակության կողմից հետապնդումներ ու հալածանք է տեղի ունենում: Ինչը նպաստում է, որ մարդիկ լռեն և թաքցնեն դեպքերը:

15․ Որոշ երեխաներ ենթարկվում են շարունակական սեռական բռնության՝ իրենց հարևան երեխաների, բարեկամների, ծնողի կամ նրան փոխարինող անձի կողմից: Սեփական մասնագիտական պրակտիկայում եղել են նման պատմություններ, որոնք շարունակվել են տարիներ, մինչև զոհը պարզապես տեղափոխվել կամ հեռացել է ինչ-ինչ պատճառով բռնարարի համար հասանելի տարածքից: (Ներողություն եմ խնդրում այս օրինակների համար, բայց սրանք կան և պետք է հաշվի առնել):

Երեխաներին սեռական ոտնձգություններից կարող են պաշտպանել.

— Իրական դեպքերի մասին ծնողների և մանկավարժների տեղեկացվածությունը:

— Երեխաներին (նախադպրոցական և տարրական դպրոցական տարիքի) ոչ թե սեռական բռնության կամ սեքսի մասին, այլ իր մարմնի անձեռնմխելիության և օտար մարդկանց հետ շփման սահմանների մասին տեղեկացվածությունը:

— Ինչպես երեխաների, այնպես էլ ծնողների համացանցային ապահովության և պաշտպանվածության, համացանցային հալածանքի մասին տեղեկացվածությունը:

— Մշակույթի, արվեստի, բնության հետ երեխաների սերտ շփումը, կրթության ընթացքում երեխաների մեջ նրանց տաղանդների բացահայտումն ու խթանումը: Բռնությունը ագրեսիա է, որը անզորության ու խորը խնդիրների արտահայտում է, երեխաներին պետք է օգնել, որ ինքնաբավ լինեն:

— Հասարակության բռնարարին դատապարտող, պատժող և զոհին աջակցող, քաջալերող, սատարող վերաբերմունքը: Դա կօգնի, որ դեպքերը բացահայտվեն, զոհերը խոսեն: