Երեք քայլ առողջ երեխաներ մեծացնելու համար

Մեր երեխաներն ապրում են այնպիսի ժամանակներում, երբ մանկամտությունը, կախվածություններն ու ալարկոտությունն ավելի լուրջ խնդիրներ են, քան սովն ու գրագիտության պակասը: Հետևաբար, մենք պիտի օգնենք նրանց ճիշտ և առողջ սովորություններ ձևավորել:

Ընդամենը 3 սովորություն է պետք ձևավորել, եթե ուզում եք, որ երեխան առողջ լինի լայն իմաստով:

Սովորեցրեք նրան ամեն օր.

1. Խնամել գլուխը,
2. Խնամել մարմինը,
3. Խնամել տունը, որտեղ ապրում է:

1. Խնամել գլուխը

Ամեն օր անհրաժեշտ է գործի դնել մտածողությունը և որևէ բան սովորել, մի բան անել մեր ինտելեկտուալ զարգացման և գիտելիքների հարստացման համար: Այսինքն զագացնել կոգնիտիվ ոլորտը, նոր գիտելիքներ և փորձ ձեռք բերել, զարգացնել և բավարարել ինտելեկտուալ հետաքրքրությունները: Կարճ ասած, պետք է ամեն օր մի նոր բան սովորել, եթե երկուսը, ավելի լավ: Եթե երկար ժամանակ չենք օգտագործում մի իր, ժամանակի ընթացքում փչանում է: Նույն բանը տեղի է ունենում մեր մտածողության հետ: Ավելորդ չեմ խտացնում գույները: 13-14 տարեկանից սկսած գրեթե անհնար է լինում շտկել կոգնիտիվ ոլորտի զարգացման խնդիրները:

2. Խնամել մարմինը
Երեխան պիտի սովորի սիրել, հարգել և խնամել սեփական մարմինը: Դա կարելի է անել մշտապես սպորտով զբաղվելու, հիգիենային հետևելու և առողջ սնվելու, առողջ ապրելակերպի միջոցով: Մենք սովորեցնում ենք հարգել մեծերին, փոքրերին, ուրիշներին և այլն: Սակայն հազվադեպ ենք ենք սովորեցնում հարգել ինքներս մեզ, մեր մարմինը, մեր հանգիստը, մեր առողջությունն ու պահանջմունքները, ցանկությունները: Սա անչափ կարևոր է:

3. Խնամել տունը, որտեղ ապրում ես
Յուրաքանչյուր երեխա, օրվա ընթացքում, բացի իր դասերից, սենյակը հավաքելուց և այլն, պիտի որևէ ձևով մասնակցի տան խնամքի գործերին: Պարտադիր չէ, որ երեխան բարդ և ժամանակատար գործեր անի: Պարտադիր է, որ նա պարզապես անի մի բան, որը պետք է իր շրջապատին, մարդկանց, միջավայրին, բնությանը: Երեխան պիտի իմանա, որ տունը, որտեղ ձմռանը տաք է, ամռանը զով, միշտ համեղ ուտելիք կա, քաղցրավենիք կա, հագուստ կա, մաքուր է, որը փափուկ ու հարմարավետ է, գեղեցիկ է հաճախ ու հյուրընկալ, ստեղծվում է մի քանի հոգու կողմից: Այդ տունը ստեղծելն ու պահելը ժամանակ ու ջանք է պահանջում: Եթե տան խնամքով զբաղվում է մի քանի հոգի, ոչ բոլորը, ապա առավել ծանրաբեռնվածը հոգնում է, հաճախ հիվանդանում: Դեպրեսիան ևս հիվանդություն է:

Որպեսզի տանն առողջ լինեն բոլորը, մենք պիտի յուրաքանչյուրս ներդնենք մեր ուժերը տան խնամքի հարցում: Սա քայլ է, որ ձևավորում է պատասխանատու մարդ:

Արդյունքում ունենում ենք առողջ մտքով, մարմնով և պատասխանատու մարդ: 
Այլևս ոչինչ անել պետք չէ երեխաների համար:

Հեղինակ՝ Անուշ Ալեքսանյան

Արդյոք ձեր երեխան ունի լոգոպեդի աջակցության կարիք

Յուրաքանչյուր տարիքում երեխան  պետք է տիրապետի  որոշակի խոսքային  կարողությունների։ Եթե հետևենք երեխայի խոսքային զարգացման տարիքային օրինաչափություններին, ապա յուրաքանչյուր տարիքում կարելի է առանձնացնել մի քանի  անհանգստանող նշաներ, որոնց առկայության դեպքում պետք  է  խորհրդակցել լոգոպեդի հետ։ 

Ձեզ ենք ներկայացնում այն անհանգստացնող նախանշաները, որոնց դեպքում  կարելի է  դիմել լոգոպեդի խորհրդատվության։

—  Եթե մինչև 1տ․ հասակը երեխայի մոտ բացակայել է գղգղանքը և թոթովանքը, երեխան չի արտաբերում  այդ տարիքին բնորոշ ձայնարկություններ, հնչյուններ, վանկեր,

—  Եթե երեխան 2տ․ է և ամեն ինչ հասկանում է, սակայն ոչինչ չի փորձում  արտաբերել։ Սեփական ցանկությունները արտահայտում է  հաղորդակցման այլընտրանքային տարբերակներով՝  ժեստերի միջոցով, լացով, բղավոցով, մեծահասակին ուղղորդում է դեպի ցանկալի առարկան կամ վայրը։

—  Եթե երեխան 3տ․ է, սակայն շարունակում է խոսել իր կողմից ստեղծված լեզվով, որը հասկանալի է միայն ընտանիքի անդամներին և անհասկանալի  շրջապատի մարդկանց համար։  Անգամ եթե  երեխան շատ  ակտիվ  «բլբլում է», սակայն  պարզ հասկանալի բառերը  քիչ  են, ապա  այս ցուցանիշը պետք է լինի անհանգստացնող ազդակ,

—  Եթե երեխան 3․5-4տ․ է, սակայն բառերը փոխարինում է  ձայնարկություններով․ օրինակ՝ մեքենա՝ «վու-վու»,  ջուր՝ «բու-բու», ուտել՝ «ամ-ամ», գնդակ՝ «գոլ», տիկնիկ՝ «կու-կու» և այլն։  Հասկանալի է, որ նման  ձայնարկություններով երեխան անվանում է  հստակ առարկաններ, սակայն  չի կարողանում  այդ առարկաների ճիշտ անվանումը տալ,

—  Եթե երեխան 5տ․ է, սակայն խոսքում  առկա  են  շատ հնչյունների կամ հնչյունախմբերի  սխալ արտաբերում փոխարինում (գ-կ, դ-տ, ս-շ, ռ-լ, ր), որի հետևանքով երեխայի խոսքը դառնում է անհասկանալի և աղավաղված,

—  Երեխայի խոսքում սկսել եք նկատել կրկնություններ, դադարներ, դժվարությամբ է կարողանում ավարտել  բառի  արտաբերումը,

—  Երեխան 6տ․ է, սակայն  չի կարողանում հիշել փոքրիկ բանաստեղծություններ,  դժվարանում է պատմել  կարճ պատմվածք, բառերի մեջ նկատվում են վանկերի աղավաղումներ, բաց թողում, տեղափոխություններ, օրինակ՝ սպիտակ-սիպտակ, նապաստակ- նապակ,

—  Եթե  երեխան ուսումնական գործընթացում դժվարություններ է ունենում կարդալու և գրելու գործընթացում։  Չի կարողանում յուրացնել տառերը, դժվարություններ է ունենում ընթերցելիս՝ կարդում է տառերով, չի կարողանում տառերը միացնելով կարդալ ամբողջ բառը, կարդում է կամ  բառի առաջին վանկը, կամ՝ վերջին։  Դժվարությամբ է գրում տառային, վանկային, բառային թելադրություն, չի հասցնում  ավարտել  թելադրությունը (հետ է մնում)։  Եթե նման դժվարությունները  կրում են կայուն բնույթ և արտահայտվում են տևական ժամանակ, ապա այս դեպքում պետք  է դիմել լոգոպեդի։

Հեղինակ՝ լոգոպեդ Աննա Հոսեփյան

Ինչ է թմրամիջոցից կախվածությունը

Ի՞նչ է կատարվում թմրամիջոցներից կախվածության մեջ գտնվող մարդու հետ

Թմրամիջոցի միանգամյա օգտագործումն առաջացնում է տրամադրության բարձրացում, ընդարմություն (ռելաքսացիա): Միաժամանակ առաջանում են ընդհանուր թուլություն, շոգի զգացում, բերանի չորություն, գլխացավ և քրտնարտադրություն: Եթե թմրամիջոցները կանոնավոր են օգտագործվում, առաջանում է կախվածություն:
Առաջանում է թմրամիջոց ընդունելու շարունակական պահանջ` լավ զգացողության հասնելու կամ վատ զգացողությունից խուսափելու համար: Եթե թմրամոլը չի կարողանում թմրամիջոց հայթայթել, շատ վատ է զգում: Նա ցավ է զգում, կարծես ոսկորները ջարդվում են: Առաջանում են վախի զգացում, սրտխառնոց, փսխում, լուծ, անքնություն« դողերոցք: Կախված թմրամիջոցի տեսակից, այդ վիճակը կարող է տևել մի քանի օրից մի քանի շաբաթ: Որոշ ժամանակ անց թմրամոլը սկսում է թմրամիջոց օգտագործել ոչ թե հաճույք ստանալու համար, այլª որպեսզի խուսափի այդ վիճակում հայտնվելուց: Նրա գլխավոր հոգսը դառնում է թմրամիջոցի նոր բաժինների հայթայթումը:

Ի՞նչ արագությամբ է կախվածություն առաջանում թմրամիջոցների նկատմամբ

Թմրամիջոցների որոշ տեսակներից կախվածություն կարող է առաջանալ փոքր չափաքանակներից և շատ արագ: Թմրամոլը սկսում է օգտագործել ավելի ու ավելի մեծ չափաքանակներ, որպեսզի ցանկալի ազդեցության հասնի: Հերոինային կախվածությունը կարող է առաջանալ նույնիսկ միանգամյա ընդունումից հետո:

Ինչպե՞ս են թմրամիջոցները փոխում մարդուն

Թմրամոլությունը շատ արագ փոխում է մարդուն: Ուրախ, անհոգ պատանիները կամ հմայիչ աղջիկները դառնում են դժբախտ, հիվանդ, տառապող էակներ: Նրանք կորցնում են իրենց հին ընկերներին, որոնց փոխարինում են նորերը` թմրամոլները: Հետաքրքրությունների շրջանակը սահմանափակվում է միայն թմրամիջոցների նոր չափաքանակների հայթայթումով: Նրանք չեն կարողանում սովորել, աշխատել, առաջանում են հիշողության և ուշադրության հետ կապված խնդիրներ: Թմրամոլներն ավելի հաճախ են հիվանդանում, քանի որ նրանց օրգանիզմի բոլոր պաշտպանական մեխանիզմները խաթարված են: Ներարկային թմրամոլները իրենց վտանգում են արյան միջոցով փոխանցվող մի շարք հիվանդություններով, այդ թվում ՄԻԱՎ-ով վարակվելու: Դա այլևս կյանք չէ, ընդամենը գոյատևում է:

ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ԱՄԵՆԱՀՈՒՍԱԼԻ ՁԵՎԸ ԵՐԲԵՔ ՉՓՈՐՁԵԼՆ Է:

Լ.Ալեքսանյան, Ն. Թորոսյան, Ա. Մուրադյան
Ուսուցչի ձեռնարկ, Առողջ ապրելակերպ
(Դասընթաց 8-9-րդ դասարանների համար)

Խորհուրդներ ծնողներին․ ինչպես զարգացնել երեխայի խոսքը

Խոսքը համարվում է բարձրագույն հոգեկան գործընթաց, որի շարժիչ ուժը հաղորդակցումն է։

Ձեզ ենք ներկայացնում մի քանի պարզ խորհուրդներ, որոնց հետևելը և կիրառումը ծնողների կողմից կնպաստի երեխայի խոսքի զարգացման բարդ գործընթացին՝

— ՀԻՇԵՔ գործողության յուրաքանչյուր տեսակի (ինչպիսիք են ուտելիք պատրաստելը, սենյակ հավաքելը, հանվել-հագնվելը, խաղալը, զբոսանքը և այլն) ժամանակ անհրաժեշտ է խոսել երեխայի հետ: Պատմեք թե դուք ինչ եք անում, ինչ եք տեսնում, ինչ է անում, ինչ է տեսնում ձեր բալիկը, ինչ են անում երեխային շրջապատող մարդիկ:

— Երեխայի հետ խոսեք՝ կիրառելով միայն ՃԻՇՏ և ՀՍՏԱԿ ձևակերպված բառակապակցություններ, նախադասություններ: Ձեր կողմից կիրառված նախադասությունը պետք է լինի միայն 1-2 բառով ավել՝ երեխայի կազմած նախադասությունից: Եթե ձեր երեխան իրավիճակը, գործողությունը բացատրում է դեռևս 1 բառով, ապա ձեր բառակապակցությունը պետք է կազմված լինի առնվազն 2 բառից,

— Երեխային տալ «ԲԱՑ» հարցեր: Օրինակ՝ երբ երեխան խաղում է, կարելի է հարցնել «Ի՞նչ ես դու անում», որպեսզի երեխան կարողանա 2-3 բառից կազմված նախադասությամբ պատասխանել հարցին, այլ ոչ թե տալ հաստատական հարց, որի պատասխանը կազմում է 1 բառ, օրինակ՝ հարց․ «Դու խաղու՞մ ես», պատասխան՝ «այո»:

— Պահպանեք հարցի և պատասխանի միջև «ժամանակավոր դադար», որպեսզի երեխան հնարավորություն ունենա խոսել և պատասխանել հարցին:

— Երեխայի ուշադրությունը կենտրոնացրեք իր շրջապատող միջավայրի յուրաքանչյուր հնչյունին և ձայնին: Ձևակերպեք հարցը հետևյալ տեսքով․ օրինակ՝ «Ի՞նչ ձայն է»: Դա կարող է լինել որևէ կենդանու, քամու, մեքենայի ձայն և այլն:

— Պատմեք կարճ պատմվածք կամ հեքիաթ: Եվ օգնեք երեխային պատմել այդ հեքիաթը ձեզ կամ ընտանիքի որևիցե անդամին։

Հեղինակ՝ լոգոպեդ Աննա Հոսեփյան

Եթե սիրում եք երեխային․․․

— Նորից սիրահարվեք նրա մորը/հորը։
— Եթե սիրել այլևս չի ստացվում, քանի ուշ չէ, հեռացեք, որ շարունակեք սիրել կյանքը։ 
— Եթե հեռանալ չի ստացվում, աշխատեք ընկեր լինել, հերիք է մեղարդեք, վերջ, ավարտվել է, ընդունեք։
— Մի խնայեք առողջության վրա ծախսվող գումարն ու ժամանակը։ 
— Սիրեք ժամանցն ու լավ ֆիլմերը։
— Ունեցեք ընտանիքից դուրս որևէ տարվածություն, աշխատանք, հոբբի։ 
— Կիսվեք կարդացած գրքերով, մի դաստիարակեք, կիսվեք։
— Պատմեք ձեր մանության ու ձեր դժվարությունների մասին, աշխարհում որևէ բան այդքան չի հարստացնում մեզ, որքան անկեղծությունը։ 
— Մեղքի զգացումով մի ծանրացրեք ձեր հոգին, երեխաները ներողամիտ են։ 
— Մի արեք զոհաբերություններ, սիրեք ինքներդ ձեզ։
— Ամեն առավոտ համեղ նախաճաշ պատրաստեք նաև ձեզ համար։
— Արձակուրդներից մեկը պլանավորեք առանց երեխաների, նրանք արժանի են ազատության))) 
— Սիրեք ձեր ծնողներին, և հոգատար եղեք նրանց նկատմամբ, ներեք, մոռացեք, ժպտացեք։ 
— Մի աշխատեք լինել անթերի, դա ոչինչ չի սովորեցնում։
— Զրուցեք, լսեք, ունկնդրեք, դիտեք ակտիվ դաստիարակելու փոխարեն։
— Եթե երեխան վշտացրել է ձեզ, վիրավորել, ցավ պատճառել, մի վախեցեք ասել դրա մասին, ցույց տալ ձեր իրական զգացմունքները։
— Դադարեք մրցել առհասարակ և ցույց տվեք երեխային անշտապ ապրելու արվեստը, չկա ստարտ և չկա ֆինիշ, որին պետք է ավելի շուտ հասնել։

Հեղինակ՝ Անուշ Ալեքսանյան