Պատերազմի մասին երեխաների ամենադժվար հարցերի պատասխանները

Երեխաների հետ պատերազմի մասին խոսելիս պետք չէ վախեցնել նրանց, բայց նաև պետք է հնարավորինս ազնիվ լինել, որպեսզի խուսափենք անորոշության պատճառով առաջացող տագնապից:

Փորձը ցույց է տալիս, որ երեխաները սովորաբար քննարկում և հարցեր են տալիս պատերազմի մասին։ Բնականաբար հստակ և ունիվերսալ պատասխաններ գոյություն չունեն: Պատասխանը պետք է համապատասխանեցնել երեխայի տարիքին, իրավիճակին և վերջինիս տված հարցի բնույթին:

Ամեն դեպքում մի քանի բան հստակ է.

• Պետք չէ ասել այն, ինչին դուք ինքներդ չեք հավատում, անգամ ամենափոքր տարիքի երեխաներն արագ զգում են կեղծիքը:

• Պետք չէ երեխային վախեցնող, սարսափ ներշնչող բառեր և արտահայտություններ օգտագործել:

• Պետք չէ հարցին պատասխանելիս ձեր սեփական քաղաքական հայացքներն ու պատկերացումները ներկայացնել, դրանք երեխային չեն հետաքրքրում և ավելորդ կծանրաբեռնեն նրան:

• Պետք չէ ասել երեխային բաներ, որոնք նա կարող է սխալ մեկնաբանել, օրինակ՝ սպանել կարելի է կամ պատերազմը սուրբ գործ է…

Ահա մի քանի օրինակ, թե ինչպես կարելի է պատասխանել երեխայի հարցերին․

1. Ի՞նչ է պատերազմը:

— Դու գիտես, որ մարդիկ երբեմն կռվում են։ Երեխաները, անգամ մեծահասակները վիճում են, երբ չեն կարողանում հանգիստ համաձայնության գալ որևէ խնդրի շուրջ։

Պատերազմի ժամանակ էլ կռվում են ոչ թե առանձին մարդիկ, այլ պետությունները։

Հաճախ մի մարդն ուզում է պայմանավորվել, իսկ մյուսը չի ուզում, քանի որ շատ բարկացած է կամ հարցը հանգիստ քննարկել չգիտի։ Նույն բանը երկրների հետ էլ է լինում։

Երբ երկրները համաձայնության են գալիս և հաշտվում են, խաղաղություն է տիրում։

2. Ինչու՞ են զինվորները սպանում իրար:

— Երբ պատերազմի ժամանակ հակառակորդը հարձակվում է, զինվորները ստիպված են պաշտպանել իրենց ընտանիքները, տները, հողը։ Լավ զինվորներն ուզում են, որ խաղաղությունը հնարավորինս շուտ վերահաստատվի։ Սակայն նրանք ստիպված են պատերազմել, որպեսզի ոչ ոք փոքրիկներին, թույլերին չվիրավորի։

3. Երբ որ ես մեծանամ, ե՞ս էլ եմ կռվելու:

— Պատերազմը շատ վատ է, բայց այն մի օր ավարտվում է: Հույս ունեմ, որ երբ դու մեծանաս՝ պատերազմ այլևս չի լինի։

4. Մեր հայրի՞կն էլ է գնալու կռիվ: Մենք նրան չենք թողնի:

— Հիմնականում պատերազմում են զինվորականները։ Սակայն եթե պատերազմը երկար է տևում, նրանց օգնում են բոլոր մեծ տղամարդիկ։ Դա պետք է, որպեսզի խաղաղությունը շուտ գա։ Եթե հայրիկը ստիպված լինի կռվել, մենք նրան հպարտությամբ կճանապարհենք։ Չէ՞ որ հայրիկը հերոս է և չի կարող թաքնվել տանը։ Նա էլ ամեն ինչ կանի, որ պատերազմը շուտ ավարտվի:

5. Իսկ սպանելը նույնպես աշխատա՞նք է։

— Ոչ, սպանելը սարսափելի է ու վատ։ Զինվորականները պատերազմ են գնում, որ փրկեն տները և պաշտպանեն թույլերին։ Նրանք ստիպված են սպանել հարձակվողներին այն դեպքում, երբ նրանց կանգնեցնելու այլ ելք չի մնում: Բայց ոչ մի լավ մարդ չի ուզում սպանել։

6. Ինչո՞ւ են պատերազմում միայն տղաները։ Աղջիկները վախենո՞ւմ են։

— Աղջիկներն էլ են երբեմն կռվում։ Բայց հիմնականում տղաները ֆիզիկապես ավելի ուժեղ ու պինդ են լինում: Պատերազմի ժամանակ աղջիկներեն էլ են կարևոր գործ կատարում, նրանք հոգ են տանում բալիկների ու ծերերի մասին այն ժամանակ, երբ տղաները կռվում են:

7. Իսկ մեր տունը չե՞ն պայթեցնի:

— Ոչ, պատերազմը մեր տնից շատ հեռու է: Մենք ապահով գոտում ենք: Բայց եթե հանկարծ պատերազմը մոտենա մեր տանը, մեզանից ոչ մեկը՝ ծնողներդ, տատիկդ, պապիկդ, թույլ չենք տա, որ քեզ հետ մի բան պատահի:

8. Մահանալը ցավո՞տ է։

— Երբ մարդը մահանում է, նրա մարմինը դադարում է աշխատել, և նա ոչ մի բան չի զգում, ոչ մի ցավ:

9. Իսկ ինձ մանկապարտեզից թշնամիները չե՞ն գողանա:

— Ոչ մի դեպքում, դա բացառվում է. ոչ դաստիարակներդ, ոչ մայրիկդ, ոչ էլ հայրիկդ թույլ չեն տա, որ որևէ մեկը քեզ վնասի:

10.Հերոսները միայն նրա՞նք են, ովքեր պատերազմում են:

— Ոչ, հերոսն այն մարդն է, որն օգնում է թույլերին ու անպաշտպաններին: Եթե ինչ-որ մեկը խեղդվում է ծովում , իսկ մյուսը՝ փրկում է նրան՝ նա հերոս է: Եթե զինվորը պաշտպանում է մարդկանց նրանցից, ովքեր հարձակվել են՝ նա հերոս է: Իսկ եթե պատերազմում են հենց այնպես՝ դա հերոսություն չէ, միայն վատ մարդիկ են ցանկանում պարզապես պատերազմել:

Հեղինակ՝ հոգեբան Անուշ Ալեքսանյան

Լոգոպեդ-ծնող փոխհամագործակցության կարևոր 6 խորհուրդ

Եթե երեխայի ներդաշնակ և առողջ զարգացումը կախված է ընտանիքից, ծնողից, այն միջավայրից, որում մեծանում է երեխան, ապա լոգոպեդական աշխատանքում երեխայի խոսքի զարգացումը կախված է ինչպես ճիշտ և գրագետ կազմակերպված  շտկողական աշխատանքից, այնպես էլ լոգոպեդ-ծնող փոխհամագործակցությունից։

Ձեզ ենք ներկայացնում մի քանի պարզ խորհուրդներ, որոնց պետք է ուշադրություն դարձնել, եթե երեխան հաճախում է լոգոպեդի մոտ։

  1. Որպեսզի լոգոպեդական աշխատանքի ընթացքում ուսուցանվող նյութը ամրապնդվի և հեշտ, արագ յուրացվի երեխայի կողմից, ապա անհրաժեշտ է տնային աշխատանքների մշտական կատարում (նախապես լոգոպեդի կողմից մշակված),
  2. Տանը ծնողի կողմից երեխայի հետ աշխատանքը (10-15ր.) պետք է կազմի  օրվա ռեժիմի մի մասը։ Նման ռեժիմի պահպանումը նպաստում է ոչ միայն ուսուցանվող նյութի ամրապնդմանը, այլ նաև ձևավորում և զարգացնում է երեխայի մեջ կարգապահությունը,
  3. Շատ կարևոր է որոշել ընտանիքի անդամներից ո՞վ է մշտական կատարելու լոգոպեդի կողմից տրված հանձնարարականներ։ Ընտանիքի անդամները պետք է մշակեն միասնական պահանջների շարք, որոնք կներկայացնեն երեխային, որպեսզի երեխայի համար  պարզ լինի, թե ինչ է իրենից  պահանջվում, ին՞չ պետք է անի և ին՞չպես: Ուստի միասնական մոտեցումն ու աջակցումը խրախուսվում է և գործում ի շահ ձեր երեխայի:
  4. Սիրելի ծնոնղներ առաջադրանքները ստանալիս ուշադիր ծանոթացեք բովանդակությանը, հստակ համոզվեք, որ այն ձեզ հասկանալի է։ Դժվարությունների առաջացման դեպքում անպայման խորհրդակցեք ձեր լոգոպեդի հետ։
  5. Կարևոր է ճիշտ ընտրել այն խաղային նյութը, որը ձեզ պետք կգա առաջադրանքը կատարելիս կամ կարող եք մտածել թե ինչ դիդակտիկ նյութ կպատրաստեք երեխայի հետ միասին տրված հանձնարարականի շրջանակում,
  6. Շատ կարևոր է լինել համբերատար երեխայի հետ, ուշադիր եղեք երեխայի նկատմամբ առաջադրանքը կատարելիս։ Աշխատանքի ընթացքում դուք ինքներդ պետք է ամբողջովին ներգրաված լինեք այդ գործընթացի մեջ,  ամբողջ ընթացքը պետք է հետաքրքիր լինի երեխային, միևնույն ժամանակ պետք է պահանջկոտ լինեք։ Երբեք մի մոռացեք խրախուսել, գովել երեխային իր հաջողություններ համար՝ լինեն փոքրիկ թե մեծ։

Հեղինակ՝ լոգոպեդ Աննա Հոսեփյան

1-2 տարեկան երեխայի խոսքի զարգացումը

1 տարեկանում երեխան բավականին հասկանում է առօրյա, կենցաղային խոսքը, անունին հստակ արձագանքում է։ Կարևոր է հաշվի առնել մի հանգամանք․ եթե երեխային միշտ չեք դիմում անունով, այլ ամեն անգամ մի փաղաքշական տարբերակով, ապա շատ հնարավոր է, որ անունը հաճախ չլսելու պատճառով չի էլ ճանաչում։ Երեխային կարելի է և պետք է փաղաքշական տարբերակներով դիմել, բայց անունով ևս դիմեք և ավելի շատ քան մնացած տարբերակներով։

Այս տարիքում երեխան հետաքրքրվում է շրջապատի մարդկանցով և իրերով, ճանաչում է ընտանիքի անդամներին, տարբերում է ծանոթներին անծանոթներից, ընդօրինակում է մեծերին (խոսքը, շարժուձևը, վարքը), հույզերն արտահայտում է դիմախաղով և վարքով, տարբերակված ուրախանում է կամ տխրում, նեղանում է և դա ցույց է տալիս վարքով (չի թողնում, որ նեղացնողը իրեն գրկի, խեթ֊խեթ նայում է, չի վերցնում ինչ առաջարկում է, թաթիկներով կարող է փակել դեմքը և այլն), կարողանում է կատարել պարզ հրահանգներ։

Օրինակ՝ ցու՛յց տուր լույսը, բարևի՛ր, թաթիկով ցտեսություն ասա՛ և այլն: Իհարկե վերը թվարկվածները կանի, եթե սովորեցրել եք, մի քանի անգամ ցույց եք տվել լույսը, ձեռքով ցտեսություն եք արել, անվանել եք հաճախ։ Երեխան ունի որոշակի խաղային գործունեություն, կարողանում է խաղալ միայնակ, դիմում է մեծի օգնությանն ըստ անհրաժեշտության, խաղերը պարզ են և ավելի շատ ընդօրինակում են մեծերին։

Խոսքի ընկալումը ակտիվ շարունակում է զարգանալ, երեխայի մոտ հարստանում է պասիվ բառապաշարը (երբ երեխան հասկանում է բառերի իմաստը, բայց դեռ չի արտաբերում):

Սովորաբար առաջին բառերն ի հայտ են գալիս 9 ամսականից 1 տարեկան 6 ամսական ընկած ժամանակահատվածում: Դրանք հիմնականում նույն վանկն ունենցող բառեր են։ Օրինակ՝ մամա, պապա, տատա, դադա, գագա և այլն։ Թոթովանքի շրջանում արտասանվող բառային շղթաները կոնկրետանում են ու ուղղվում մեկ անձի։ Երեխան հեշտ է ընդօրինակում ձայները, օրինակ կենդանիների՝ մու, մյաու, հաֆ-հաֆ, մեքենայի, գնացքի, ինքնաթիռի՝ վու՜: Կարող է արտաբերել բառի առաջին վանկը կամ բառի բարձր հնչեղություն ունեցող վանկը, օրինակ՝ ավտոմենքենայի դեպքում՝ ատո, կոնֆետի դեպքում՝ կա, հեռախոսի դեպքում՝ ալո, ջրի դեպքում՝ բվա, ուտել է ցանականում՝ ամ, կանչում է՝ այի, տուր՝ տույ, և այլն:

Այս վանկերը կոնկրետ իրավիճակում կոնկրետ նշանակություն ունեն, և դրանք այս տարիքի համար բառեր են։ Օրինակ՝ բվա ասում է, երբ ջուր է ուզում, հյութ կամ բաժակ է տեսնում, վու ասում է, երբ տեսնում է մեքենա, ինքնաթիռ կամ ձայն արձակող որևէ առարկա: Սրանք ուղղակի վանկեր չեն, սրանք բառի նախատիպերն են, որոնք հետո ավելի հստակ են արտասանվում և բոլորին հասկանալի բառեր դառնում: Սկզբնական շրջանում մեկ վանկը կարող է ընդհանրական նշանակություն ունենալ։ Օրինակ՝ բվա կարող է ասել, երբ ջուր է ուզում խմել, երբ հյութ է ուզում խմել, երբ որևէ մեկը ջուր է խմում, ցայտաղբյուր է տեսել և այլն:

Այս տարիքում փոքրիկները հաճախ մատիկով ինչ որ բան են ցույց տալիս ու ասում «ԸԸԸ….»։ Սա հրաշալի հնարավորություն է խոսքի զարգացմանը նպաստելու համար: Եթե հասկանում եք ինչ է ուզում, անվանեք առարկան մի քանի անգամ և տվեք, բայց ոչ թե ինքնաբերաբար մի քանի անգամ բառը կրկնեք, այլ կառուցեք երկխոսություն և կիրառեք այդ բառը։ Օրինակ՝ ի՞նչ ես ուզում, գնդա՞կ ես ուզում, գնդակը աթոռի մոտ է, ահա վերցրու գնդակը:

Մատիկով ցույց տալու և առարկան անվանելով տալու պրոցեսը՝ երեխային սովորեցնում է, որ յուրաքանչյուր առարկա ունի իր անվանումը, և երեխան սկսում է բառերը հասկանալ: Երբ պասիվ բառապաշարը հարստանում է, քիչ — քիչ այդ բառերը արտաբերում է (ակտիվ բառապաշար): Երբ մեկ տասնյակից ավելի բառ է ունենում, փորձում է կապել իրար, կարծես խոսում է բառակապակցություններով։ Օրինակ՝ մամա այի, ատո տու, ջու տու, կուբի դիյ և այլն: Կան երեխաներ, որ միանգամից ավելի պարզ են արտաբերում բառերը:

Հետո այդ բառակապակցությունները դառնում են փոքրիկ նախադասություններ, երբեմն մի քիչ թարս ու շիտակ, բայց շատ քաղցր ու անուշիկ։ Երբ երեխան հետաքրքրված ինչ որ առարկայի է նայում, մոտեցեք, եթե հնարավոր է մոտեցրեք առարկան, շոշափեք, մեկնաբանեք, խոսեք երեխային հասկանալի լեզվով, համեմատեք մեկ այլ առարկայի հետ: Առօրյայում ձեր կատարած գործողությունները մեկնաբանեք, բայց, ոչ թե ուղղակի խոսելով, այլ փորձելով երեխային ցույց տալ, հայացքով կոնտակտ հաստատելով, ձայնի էմոցիոնալ ելևէջներով:

Երեխայի խոսքի զարգացումը ամեն ամիս ավելի պիտի զարգանա՝ նախորդ ամսվա համեմատ։ Ավելի շատ բառեր պետք է հասկանա և արտաբերի: 2 տ մոտ երեխան պետք է ունենա 100֊200 բառ (երբեմն ավելի)։

Հեղինակ՝ լոգոպեդ Մարիամ Պետրոսյան

Կարդացե՛ք նաև․ 0-1 տարեկան երեխայի խոսքի և հաղորդակցման զարգացումը։

0-1 տարեկան երեխայի խոսքի և հաղորդակցման զարգացումը

Երեխայի խոսքի զարգացումը սկսվում է ծնված պահից, երբ երեխան առաջին ճիչն է արձակում։

Կյանքի առաջին 2 ամիսը երեխան մոր հետ հաղորդակցվում է լացի միջոցով, այդ կերպ մայրիկին հասկացնում իր կարիքներն ու ցանկությունները։ Լացն իր հերթին լինում է տարբերակված և մայրիկը՝ լացի տեսակից կախված, գիտի, թե երեխան ինչ է ուզում՝ սոված է, քնել է ուզում, թե փորիկն է անհանգստացնում։ Երբեմն լացի ժամանակ երեխան՝ կարծես լացի մեջ, ասում է՝ «ըգա՜», բայց,  իրականում,  ոչ թե ասում է «ըգա», այլ, ուժեղ լացելիս, լեզուն մի փոքր հետ է գնում և ստացվում է ետնալեզվային հնչյուն գ֊ն։ Մայրիկները հաճախ են նշում, որ լացելիս բառեր է ասում, բայց դրանք դեռ բառեր չեն 😊։

2-3 ամսականում երեխան սկսում է գղգղալ, որը խոսքի զարգացման առաջին փուլն է։ Երեխան սկսում է մեղեդիկ ձայներ արձակել՝ աղու՜, գղա՜, բղա՜ և այլն։ Այս ընթացքում նկատվում է «ակտիվության կոմպլեքսը», որի ժամանակ երեխան ակտիվ թափահարում է ոտիկներն ու թաթիկները, երբ ցանկանում է իր վրա ուշադրություն հրավիրել։ Երբ մայրն արձագանքում է երեխայի գղգղանքին, ավելի ինտենսիվ է թափահարում թաթիկներն ու ոտիկները։ 

Աստիճանաբար գղգղանքը մարում է և ի հայտ է գալիս թոթովանքը։

Այն սկսվում է 6-7 ամսականում (երբեմն կարող է ավելի վաղ սկսվել), երբ երեխան սկսում է նույն վանկը ռիթմիկ կրկնել մի քանի անգամ, կարծես նույն վանկից կազմված շղթա լինի, որը դեռ ուղղված չէ որևէ մեկին՝ դա-դա-դա-դա, մա-մա-մա, տա-տա-տա և այլն։

Աստիճանաբար, այս վանկերի շղթան դառնում է առաջին բառեր։ Երեխան առաջին բառերն ու ձայնարակությունները (դրանք նույնպես բառեր են և հիմնականում արտահայտում են հույզերը) սկսում է արտաբերել 9-11 ամսականում (մամա, պապա, դադա, տատա, ահա, ախ, օյ և այլն)։ Առաջին բառերը կարող են ուշանալ մինչև 1.3-1.6տարեկան։ Մինչև 1տ ակտիվ զարգանում է երեխայի պասիվ բառապաշարը՝ խոսքի ընկալումը, որը խոսքի հետագա զարգացման համար կարևոր նշանակություն ունի։

Երեխայի խոսքի զարգացմանը զուգահեռ կարևոր ցուցանիշներից են՝

✅ հարազատներին ճանաչելը, 

✅ ձայն լսելիս, ձայնի աղբյուրը փնտրելը, 

✅ խաղալիքներով, գրքերով, կենցաղային իրերով հետաքրքրվելը, 

✅ ընտանիքի անդամների հետ բաժանվելուց լացելը, 

✅ մայրիկի կամ հայրիկի վերադարձից ուրախանալը, 

✅ կենդանիների ձայները ընդօրինակելը և այլն։ 

Եթե երեխան 1տ, բայց դեռ բառեր չի ասում, անհանգստանալու կարիք չկա։ 

Այս տարիքում կարևոր է խոսքին արձագանքելը, պարզ հրահանգներ հասկանալը, անունին արձագանքելը և վերը թվարկվածները։

Հեղինակ՝ լոգոպեդ Մարիամ Պետրոսյան։ 

Կարդացե՛ք նաև․ 1-2 տարեկան երեխայի խոսքի զարգացումը։

12 խորհուրդ հետծննդյան թախծի և դեպրեսիայի ժամանակ

Հետծննդյան թախծի և դեպրեսիայի հետ բախվում են շատ մայրեր, հատկապես առաջին բալիկի դեպքում: Ըստ էության այն չի տարբերվում սովորական դեպրեսիայից ու թախծից, սակայն հաճախ անհիմն է թվում, քանի որ և մայրիկը, և նրան շրջապատող մարդիկ կարծում են, որ կինն այս փուլում միայն երջանկության զգացում պիտի ունենա: Սակայն լինում է նաև հակառակը:

Չխորանալով դեպրեսիայի գիտական նկարագրությունների մեջ՝ առաջարկում եմ հետևել որոշ կանոնների, որոնք կօգնեն այս բարդ, շատ նուրբ ու խոցելի վիճակում գտնվող մայրիկներին․

1. Վստահ եղեք և մի կասկածեք, որ դուք ձեր բալիկին սիրում եք բոլորից շատ:

2. Բոլոր մայրերն ունեն սխալվելու իրավունք, դուք նունպես: Եթե վախենում եք կամ համարում եք, որ սխալը մեծ էր, նայեք առաջին կետը և ավելի լավ է մի քիչ երկար:

3. Բացառեք մեղքի զգացումը, դուք իրավունք ունեք դեպրեսիա ունենալու, դա երեխայի նկատմամբ գործած մեղք չէ: Դուք տվել եք ձեզ ամբողջությամբ, ու հիմա հոգնել եք ու մի քիչ վերականգնվելու կարիք ունեք:

4. Եթե դեռ ձեր երեխայի նկատմամբ ձեր սիրո ու հոգածության մեջ եք կասկածում, հիշեք՝ երեխաներին չսիրող ծնողները դեպրեսիա չեն ունենում: Նայեք առաջին կետը:

5. Բոլոր նրանք ովքեր ասում են, որ դուք չեք կարողանում, որ դուք չգիտեք, որ չի ստացվի, սխալվում են:

6. Դուք իրավունք ունեք չիմանալ, չկարողանալ ու կարող եք հարցնել, բայց դա ձեզ չի զրկում ձեր երեխայի նկատմամբ որևէ իրավունքից:

7. Դուք պիտի հոգատար լինեք ձեր երեխայի կյանքում ամենակարևոր մարդու՝ ձեր բալիկի մամայի նկատմամբ: Ինքը շատ թանկ մարդ է և տվյալ ժամանակահատվածում առավել կարիք ունի խնամքի:

8. Դուք պարտավոր չեք լինել իդեալական, ձեր երեխան իդեալական մամայի կարիք չունի, ձեր երեխան հենց ձեր կարիքն ունի:

9. Ձեր խնդիրները չեն վնասում ձեր երեխային, դրանք նրան կյանքի փորձ են տալիս, օգնում են կյանքին պատրաստ և ուժեղ լինել: Դուք մեղավոր չեք նրա համար, որ խնդիրներ կամ վատ տրամադրություն ունեք: Երեխաները կարողանում են ներել

10. Աշխատեք մտովի արժեզրկել այն մարդկանց ովքեր ձեզ նեղացնում են: Մարդիկ ձեզ վրա ազդեցություն ունեն միայն այնքան ժամանակ, քանի դեռ նշանակություն ունեն ձեզ համար: Հենց նշանակությունը նվազեցնեք, ազդեցութունը ևս կնվազի: Դա իսկապես հնարավոր է:

11. Եթե կարող եք, գիտեմ որ դժվար է, բայց աջակցություն մի ակնկալեք նրանցից, ովքեր դա չեն կարողանում տրամադրել: Դուք չեք ձախողի, հավատացե՛ք, դուք թիմ ունեք, իսկ մացածը՝ ոչ: Դուք ձեր բալիկի հետ թիմ եք:

12. Իհարկե հետծննդյան թախծի և դեպրեսիայի ժամանակ ամենագրագետ ճանապարհը կլինի պրոֆեսիոնալ հոգեբանի կամ հոգեթերապևտի դիմելը:

Հեղինակ՝ Անուշ Ալեքսանյան։