1 տարեկանում երեխան բավականին հասկանում է առօրյա, կենցաղային խոսքը, անունին հստակ արձագանքում է։ Կարևոր է հաշվի առնել մի հանգամանք․ եթե երեխային միշտ չեք դիմում անունով, այլ ամեն անգամ մի փաղաքշական տարբերակով, ապա շատ հնարավոր է, որ անունը հաճախ չլսելու պատճառով չի էլ ճանաչում։ Երեխային կարելի է և պետք է փաղաքշական տարբերակներով դիմել, բայց անունով ևս դիմեք և ավելի շատ քան մնացած տարբերակներով։
Այս տարիքում երեխան հետաքրքրվում է շրջապատի մարդկանցով և իրերով, ճանաչում է ընտանիքի անդամներին, տարբերում է ծանոթներին անծանոթներից, ընդօրինակում է մեծերին (խոսքը, շարժուձևը, վարքը), հույզերն արտահայտում է դիմախաղով և վարքով, տարբերակված ուրախանում է կամ տխրում, նեղանում է և դա ցույց է տալիս վարքով (չի թողնում, որ նեղացնողը իրեն գրկի, խեթ֊խեթ նայում է, չի վերցնում ինչ առաջարկում է, թաթիկներով կարող է փակել դեմքը և այլն), կարողանում է կատարել պարզ հրահանգներ։
Օրինակ՝ ցու՛յց տուր լույսը, բարևի՛ր, թաթիկով ցտեսություն ասա՛ և այլն: Իհարկե վերը թվարկվածները կանի, եթե սովորեցրել եք, մի քանի անգամ ցույց եք տվել լույսը, ձեռքով ցտեսություն եք արել, անվանել եք հաճախ։ Երեխան ունի որոշակի խաղային գործունեություն, կարողանում է խաղալ միայնակ, դիմում է մեծի օգնությանն ըստ անհրաժեշտության, խաղերը պարզ են և ավելի շատ ընդօրինակում են մեծերին։
Խոսքի ընկալումը ակտիվ շարունակում է զարգանալ, երեխայի մոտ հարստանում է պասիվ բառապաշարը (երբ երեխան հասկանում է բառերի իմաստը, բայց դեռ չի արտաբերում):
Սովորաբար առաջին բառերն ի հայտ են գալիս 9 ամսականից 1 տարեկան 6 ամսական ընկած ժամանակահատվածում: Դրանք հիմնականում նույն վանկն ունենցող բառեր են։ Օրինակ՝ մամա, պապա, տատա, դադա, գագա և այլն։ Թոթովանքի շրջանում արտասանվող բառային շղթաները կոնկրետանում են ու ուղղվում մեկ անձի։ Երեխան հեշտ է ընդօրինակում ձայները, օրինակ կենդանիների՝ մու, մյաու, հաֆ-հաֆ, մեքենայի, գնացքի, ինքնաթիռի՝ վու՜: Կարող է արտաբերել բառի առաջին վանկը կամ բառի բարձր հնչեղություն ունեցող վանկը, օրինակ՝ ավտոմենքենայի դեպքում՝ ատո, կոնֆետի դեպքում՝ կա, հեռախոսի դեպքում՝ ալո, ջրի դեպքում՝ բվա, ուտել է ցանականում՝ ամ, կանչում է՝ այի, տուր՝ տույ, և այլն:
Այս վանկերը կոնկրետ իրավիճակում կոնկրետ նշանակություն ունեն, և դրանք այս տարիքի համար բառեր են։ Օրինակ՝ բվա ասում է, երբ ջուր է ուզում, հյութ կամ բաժակ է տեսնում, վու ասում է, երբ տեսնում է մեքենա, ինքնաթիռ կամ ձայն արձակող որևէ առարկա: Սրանք ուղղակի վանկեր չեն, սրանք բառի նախատիպերն են, որոնք հետո ավելի հստակ են արտասանվում և բոլորին հասկանալի բառեր դառնում: Սկզբնական շրջանում մեկ վանկը կարող է ընդհանրական նշանակություն ունենալ։ Օրինակ՝ բվա կարող է ասել, երբ ջուր է ուզում խմել, երբ հյութ է ուզում խմել, երբ որևէ մեկը ջուր է խմում, ցայտաղբյուր է տեսել և այլն:
Այս տարիքում փոքրիկները հաճախ մատիկով ինչ որ բան են ցույց տալիս ու ասում «ԸԸԸ….»։ Սա հրաշալի հնարավորություն է խոսքի զարգացմանը նպաստելու համար: Եթե հասկանում եք ինչ է ուզում, անվանեք առարկան մի քանի անգամ և տվեք, բայց ոչ թե ինքնաբերաբար մի քանի անգամ բառը կրկնեք, այլ կառուցեք երկխոսություն և կիրառեք այդ բառը։ Օրինակ՝ ի՞նչ ես ուզում, գնդա՞կ ես ուզում, գնդակը աթոռի մոտ է, ահա վերցրու գնդակը:
Մատիկով ցույց տալու և առարկան անվանելով տալու պրոցեսը՝ երեխային սովորեցնում է, որ յուրաքանչյուր առարկա ունի իր անվանումը, և երեխան սկսում է բառերը հասկանալ: Երբ պասիվ բառապաշարը հարստանում է, քիչ — քիչ այդ բառերը արտաբերում է (ակտիվ բառապաշար): Երբ մեկ տասնյակից ավելի բառ է ունենում, փորձում է կապել իրար, կարծես խոսում է բառակապակցություններով։ Օրինակ՝ մամա այի, ատո տու, ջու տու, կուբի դիյ և այլն: Կան երեխաներ, որ միանգամից ավելի պարզ են արտաբերում բառերը:
Հետո այդ բառակապակցությունները դառնում են փոքրիկ նախադասություններ, երբեմն մի քիչ թարս ու շիտակ, բայց շատ քաղցր ու անուշիկ։ Երբ երեխան հետաքրքրված ինչ որ առարկայի է նայում, մոտեցեք, եթե հնարավոր է մոտեցրեք առարկան, շոշափեք, մեկնաբանեք, խոսեք երեխային հասկանալի լեզվով, համեմատեք մեկ այլ առարկայի հետ: Առօրյայում ձեր կատարած գործողությունները մեկնաբանեք, բայց, ոչ թե ուղղակի խոսելով, այլ փորձելով երեխային ցույց տալ, հայացքով կոնտակտ հաստատելով, ձայնի էմոցիոնալ ելևէջներով:
Երեխայի խոսքի զարգացումը ամեն ամիս ավելի պիտի զարգանա՝ նախորդ ամսվա համեմատ։ Ավելի շատ բառեր պետք է հասկանա և արտաբերի: 2 տ մոտ երեխան պետք է ունենա 100֊200 բառ (երբեմն ավելի)։
Հեղինակ՝ լոգոպեդ Մարիամ Պետրոսյան
Կարդացե՛ք նաև․ 0-1 տարեկան երեխայի խոսքի և հաղորդակցման զարգացումը։
Ծնողները առաջին հերթին պետք է հիշեն, որ երեխան անհատականություն է, և միևնույն ընտանիքում երեխաները տարբեր են լինում. յուրաքանչյուրը ծնվում է իր անհատական առանձնահատկություններով, որոնք չեն կրկնվում:
Սպտ 21 2023