Արդյո՞ք ձեր երեխան պատրաստ է դպրոցին․ գործնական խորհուրդներ

Որպեսզի ծնողներին օգնենք հասկանալ, թե ինչպես պետք է երեխային նախապատրաստել դպրոցին, մենք պատրաստել ենք այս հոդվածը։

Հիմնականում  անհրաժեշտ գիտելիքները և հմտությունները բաժանվում են 4 կարևոր ոլորտի․

—  Ընդհանուր զարգացում
—  Տրամաբանություն և մտածողություն
—  Խոսքի զարգացում
—  Մաթեմատիկա (տարրական գիտելիքներ)

Նախադպրոցականի ընդհանուր զարգացում․ «Շրջապատող միջավայր»

Նախադպրոցականին տրվող հարցեր

—  Ես և իմ ընտանիք
—  Բնություն
—  Ժամանակ և տեղանք
—  Մասնագիտություններ
—  Մշակույթ և սպորտ
—  Անվտանգության կանոններ
— Մոտիվացիա

Որպեսզի հասկանանք նախադպրոցական տարիքի  երեխան տիրապետում է  իր տարիքին համապատասխան բազային գիտելիքներին, երեխան պետք է կարողանա  պատասխանել այս հարցերին՝

1․ Ես և իմ ընտանիք

  • Ի՞նչ է քո անունը, ազգանունը և հայրանունը
  • Քանի՞ տարեկան ես։  Երբ  է քո ծննդյան օրը
  • Անվանիր մայրիկիդ, հայրիկիդ անունը
  • Ունե՞ս  եղբայր կամ քույրիկ։ Քանի՞ տարեկան են
  • Կարո՞ղ ես  ասել մայրիկի կամ հայրիկի  հեռախոսահամարը
  • Ո՞ր քաղաքում ես դու ապրում։

2․ Բնություն 

  • Կարո՞ղ ես ասել տարին քանի եղանակ ունի։ Փորձենք միասին պատմել տարվա եղանակների մասին,
  • Կարո՞ղ ես հիշել թե ինչ կենդանիներ գիտես (որոնք են ընտանի և վայրի, ինչու՞ ենք անվանում ընտանի կամ վայրի)։  Ի՞նչով են տարբերվում կենդանիները և թռչունները,  թռչունները և  ձկները։ Ի՞նչ միջատներ գիտես,
  • Ի՞նչպիսի միրգ, բանջարեղեն, հատապտուղ կարող ես ասել;  Ի՞նչով են միմյանցից տարբերվում։  Որտե՞ղ են նրանք աճում (հողի վրա, հողի մեջ, ծառի վրա, թփի վրա)։ Ինչպիսի՞ ծառեր  և թփեր  գիտես։

3․ Ժամանակ և տեղանք

  • Օրը քան՞ի մասից է բաղկացած։  Ի՞նչով  է տարբերվում ցերեկը գիշերից
  • Ո՞րն է  մեծ՝ րոպե թե ժամը, օրը թե շաբաթը, ամիսը թե տարին
  • Թվարկիր շաբաթվա օրերը։   Քան՞ի օր ունի շաբաթը, ամիսը
  • Ին չն է ցույց տալիս օրվա ժամերը
  • Կարո՞ղ ես ցույց տալ  որն է աջը և որն է ձախը

4․Մասնագիտություն

  • Ի՞նչ մասնագիտություններ գիտես
  •  Ո՞վ է երեխաներին սովորեցնում, մարդկանց բուժում, գրում բանաստեղծություն,  մարում կրակը, գրում երաժշտություն, կտրում մազերը, տուն կառուցում,  մեքենա վարում, հագուստ կարում, ուտելիք պատրաստում, խաղում ֆիլմում կամ թատրոնում։

5․ Մշակույթ և սպորտ

  • Սպորտի ի՞նչ տեսակներ գիտես
  • Ի՞նչ հայտնի գրողներ գիտես
  • Ի՞նչ հեքիաթ, բանաստեղծություն գիտես

6․ Անվտանգության կանոններ

  • Լուսացույցի ո՞ր լույսի տակ պետք է անցնել ճանապարհը, կանգնել
  • Ո՞ր հատվածով պետք է անցնել ճանապարհը
  • Ի՞նչ կանես դու, եթե  մոտակայքում չկա  լուսացույց

7․ Մոտիվացիա

Երեխայի պատկերացումը  դպրոցի  մասին

  • Քո կարծիքով ինչո՞ւ պետք է գնալ դպրոց
  • Ի՞նչու է անհրաժեշտ սովորել

 Տրամաբանություն և մտածողություն

Անհրաժեշտ է  մինչ դպրոց գնալը երեխայի մոտ  զարգացնել տրամաբանությունը և մտածողությունը։  Կարելի է կիրառել այնպիսի  տրամաբանական վարժություններ, որոնք կզարգացնեն  երեխայի  տրամաբանական մտածողությունը։

Դպրոց հաճախելուն պատրաստվող երեխան պետք է կարողանա՝

  • իմանա  իր անձնական տվյալները
  • առաջադրված երկու նկարներում կարողանա գտնել տարբերություն
  • առարկաների միջև գտնել նմանություններ և տարբերություններ
  • դասակարգել ըստ խմբերի (օր․ ձմեռային և ամառային  հագուստ և այլն)

Ձեզ  ենք ներկայացնում  լոգոպեդ Աննա Հոսեփյանի կողմից մշակված «Ի՞նչ  է ստացվում» տրամաբանական խաղը։

Խոսք և  հաշիվ

5-6 տարեկանում  երեխան  պետք  է կարողանա  հիշել և պատմել փոքրիկ հեքիաթներ, ինչպես   նաև  ինքնուրույն  կազմել  պատմություն  տրված սյուժետային նկարով։

Ցանկալի է  նաև, որպեսզի երեխան իմանա այբուբենը, կարողանա կատարել բառային վերլուծություն, տարբերակել  հնչյունը տառից, ձայնավորները բաղաձայնից․ գտնել համապատասխան  տառը  բառի մեջ (բառի սկզբում, մեջտեղում և վերջում), գտնել անհրաժեշտ բառեր  հանձնարարված հնչյուն- տառով, կարողանա վանկատել բառերը։

Ձեզ ենք առաջարկում նախադպրոցական տարիքի  երեխայի խոսքի զարգացման ուղղված այս քերականական տետրը (մշակում՝ Աննա Հոսեփյան)

Մաթեմատիկա

Կարևոր է որպեսզի նախադպրոցական տարիքի երեխան  ունենա  տարրական մաթեմատիկական գիտելիքներ։ Կարողանա հաշվել 1-10-ը և կատարել հետհաշվարկ, պատկերացում կազմել քանակի մասին, իմանալ երկրաչափական պատկերները, տարբերակել դրանք մեծ, փոքր հասկանցությունները։

Հեղինակ՝ լոգոպեդ Աննա Հոսեփյան։

Պրոկրաստինացիա․ ինչպես հաղթահարել

Ինչու՞ են ոմանք անընդհատ հետաձգում որոշ գործեր:

Եթե դա նույնպես և ձեր սովորությունն է, մտածե՞լ եք երբևէ դրա մասին: Ինձ շատ հաճախ ասում են. «ես ուղղակի ալարկոտ մարդ եմ»: Բայց երբ մենք ասում ենք. «ես այսպիսին եմ կամ այնպիսին», մենք զբաղեցնում ենք պասիվ դիրք այս կամ այն հայտկության նկատմամբ և կարծում ենք, որ ոչինչ չենք կարող անել, մինչդեռ կան բաներ, որ մեզ խանգարում են, և մեր ձեռքում է դրանք փոխելը:

Եկեք տեսնենք, թե ինչից է «բաղկացած» այսպես կոչված «ալարկոտությունը» կամ ինչն է ընկած դրա հիմքում:

Եվ այսպես, պրոկրաստինացիան (կամ գործերը հետաձգելու սովությունը) տարածված երևույթ է, երբ մարդը որոշում է անել այսինչ բանը, բայց «ձեռքը դրան չի հասնում», քանի որ գտնվում են մի շարք շեղող զբաղմունքներ, և մշտապես ինչ-որ բան խանգարում է: Հարկ է նշել, որ պարտականությունները հետաձգելը ուղեկցվում է մեղքի զգացմամբ, և մարդը, փորձելով թուլացնել այն, անում է քայլեր, որոնք էլ ավելի են հեռացնում նրան իր նպատակից: Դրան զուգահեռ աճում է անհանգստությունն անցանկալի հետևանքների համար: Այդպես առաջանում է փակ շղթա:

Ո՞րն է գործերը հետաձգելու պատճառը:

Դրանք մի քանիսն են.

  • Առաջին ծանրակշիռ պատճառը բարձր չափանիշներն են: Շատ բարձր չափանիշներին համապատասխանելը պահանջում է շատ ջանքեր: Եվ երբեմն էլ այդ ջանքերը նույնպես բավարար չեն հաջողության հասնելու համար, քանի որ միայն իդեալական արդյունքն է համարվում հաջողված: Եվ այսպես, կատարելապաշտությունը պրոկրաստինացիայի առաջին պատճառն է:
  • Կատարելապաշտության հետ անմիջականորեն կապված է վախը սխալվելուց կամ անհաջողությունից: Կարելի է ասել՝ դրանք մետաղադրամի երկու կողմերն են: Այս դեպքում հնարավոր անհաջողությունն այնքան ցավոտ է մարդու համար, որ նա, ջանքեր չգործադրելով, կարծես, ապահովագրում է իրեն անհաջողությունից, քննադատությունից և հասարակության կողմից չընդունվելուց:
  • Ցածր ինքնավստահությունը. ինքդ քեզ կոմպետենտ չհամարելը ևս պատճառ է հապաղելու համար:
  • Խնդիրը շատ բարդ պատկերացնելը: Երբ խնդիրը լուծելն ընկալվում է սեփական ուժերից վեր կամ շատ բարդ, դա նույնպես կարող է թևաթափ անել. մարդը չի կողմնորոշվում ինչից սկսել: Արդյունքում նա կարող է ոչինչ էլ չնախաձեռնել կամ սպասել «հարմար պահի»:
  • Մյուս պատճառը «պետք է»-ների գերակշռումն է «ուզում եմ»-ների նկատմամբ է, ինչն էլ բերում է նրան, որ «պետք է»-ները սկսում են շրջանցվել:

Խնդիրն այն է, որ երբ մարդն անվերջ հետաձգում է նախատեսած գործերը, նա նաև չի կարողանում հանգստանալ և գտնվում է մշտապես լարված, սթրեսային վիճակում:

Ի՞նչն է նպաստում այս սովորության ձևավորմանը:

Ուսումնասիրությունները սույց են տվել, որ նման սովորություն ունենում են հատկապես վերահսկող, խիստ, շատ բարձր չափանիշներ երեխային առաջադրող և միաժամանակ քննադատող ծնողների երեխաները: Կարևոր է, որ մենք՝ մեծահասակներս, գիտակցենք, որ մեղադրելով երեխային չսովորած դասի համար, քննադատելով նրան ցածր արդյունքների համար, որևէ կերպ չենք օգնում նրան, այլ հակառակը՝ նպաստում ենք ցածր ինքնգնահատականի ձևավորմանը, ինչն էլ հետագայում կարող է պրոկրաստինացիայի հիմք դառնալ:

Ի՞նչ անել, երբ արդեն ձևավորվել է նման սովորություն։

  • Նախ պետք է հիշել, որ պրոկրաստինացիան հետևանք է, և ոչ թե պատճառ, և չմեղադրել ինքդ քեզ դրա համար:
  • Թույլ տալ ինքդ քեզ հանգստանալ առանց խղճի խայթի:
  • Դնել փոքր նպատակներ: Օրինակ, եթե դուք վերջին անգամ գիրք կարդացել եք դպրոցական տարիներին, և հիմա ուզում եք կարդալ այս կամ այն գիրքը, ապա ձեր նպատակը պետք է լինի ընտրել ձեզ համար առավելագույնս հարմար ժամանակ օրվա ընթացքում և կարդալ մեկ էջ: Մեկ էջն արդեն հաջողություն է, և բոլոր այդպիսի հաջողությունները վստահություն են առաջացնում ինքներդ ձեր ուժերի նկատմամբ: Այլ կերպ ասած, երբ խնդիրը բարդ է թվում, այն պետք է պարզեցնել:   
  • Փնտրել գործոններ, որոնք կմոտիվացնեն ձեզ: Եթե ունեք աշխատանքային կամ ուսումնական պարտավորություններ, որոնց կատարումը ձեզ համար ձանձրալի է, ապա գտեք դրանցում մի բան, որ կբավարարի ձեր հետաքրքրությունները: Օրինակ՝ եթե դուք չեք սիրում համաշխարհային պատմություն առարկան, բայց շատ եք սիրում երաժշտություն և կերպարվեստ առարկաները, ապա կարող եք փնտրել և գտնել ուսումնասիրվող երկրի երգահանների ստեղծագործությունները և այն ամենն, ինչ կապված է դրանց հետ, իսկ պատմական իրադարձությունների տարեթվերը կարող եք նկարել յուրատիպ ձևով՝ դրանց կողքին նկարելով այդ իրադարձություններն այնպես, ինչպես պատկերացնում եք: Համոզված եղեք, որ եթե գտնեք մի քանի հետաքրքրող բան, բուն պարտականությունն այլևս չի լինի այդչափ ձանձրալի:

 Սրանք մի քանի խորհուրդներ են, որ կարող են ձեզ օգնել պրոկրաստինացիայի դեպքում:  

Հեղինակ՝ հոգեբան Մարիա Բաբայան։

2-3 տարեկան երեխայի խոսքի զարգացումը

2 տարեկանում երեխան ավելի լավ է ընկալում խոսքը, պարզ իմաստով փոքրիկ պատմությունները, մի քանի անգամ լսելուց հետո կարող է փորձել մի քանի բառով պատմել, անունին արձագանքում է հստակ, կատարում է պարզ հրահանգներ, (օրինակ՝ կոշիկդ բեր, գնդակը տուր քույրիկին, հացիկը կեր և այլն), մի քանի գործողություն պարունակող հրահանգներ (օրինակ՝ գնա լույսը անջատիր ու սենյակի դուռը փակիր, գնա պապային ասա, ջուր տա քեզ և այլն):

Կարողանում է արտասանել տարբեր վանկ ունեցող բառեր (եթե մինչ 2տարեկան արտաբերում էր հիմնականում նույն վանկի կրկնությամբ բառեր, ապա հիմա՝ վանկերը տարբեր են, օրինակ՝ կատու, գնդակ, սեղան), իրար է կապում բառերը, կարծես խոսում է բառակապակցություններով, խոսքը հիմնականում կազմված է գոյականներից, քիչ են բայերը, մնացած խոսքի մասերը դեռ բացակայում են:

2-2,6 տարեկանում բառապաշարն ընդլայնվում է արագորեն, ամեն ամիս ավելի շատ, քան նախորդ ամիս, սկսում է խոսել փոքրիկ նախադասություններով, նախադասությունները 2-3 բառից են կազմված, սկսում է տիրապետել մայրենի լեզվի քերականական տարրական կանոններին (սկսում է բառերը հոլովել, բայց ոչ լիարժեք, երբեմն խոսելիս համաձայնեցնում է դեմքն ու թիվը, խոսքում ի հայտ են գալիս այլ խոսքի մասեր՝ դերանուն, թվական, ածական, շաղկապ):

Առաջին բառերի արտասանությունը կարող է ուշանալ, բայց ոչ ուշ քան երեխայի 2,3տ հասակը: Տվյալ տարիքը վերաբերվում է միայն խոսքի արտաբերմանը, հստակ բառերի արտասանությանը, իսկ խոսքի ընկալումը, ձայնարկությունները, վանկային կրկնությունները ավելի վաղ տարիքում պետք է լինեն (տե՛ս 1֊2տ երեխայի խոսքի զարգացումը): Ըստ տարբեր աղբյուրների այս թվերը տատանվում են 2տ-2.6տ հասակը:

2,6տ-3տ հասակում երեխայի բառապաշարն ավելի է ընդլայնվում, խոսքում առկա են գրեթե բոլոր խոսքի մասերը, խոսելիս ավելի լավ է արտասանում բառերը, շատ են հնչյունավանկային տեղափոխումները (օրինակ՝ նապաստակին կարող է ասել պաստանակ, գիշերանոցին -գինաշոց), բարդ արտասանական դիրք ունեցող կամ կազմությամբ բարդ հնչյունները կարող է սխալ արտասանել (օրինակ՝ ռ-ն փոխարինում է լ-ով, գ-ն դ-ով, ց-ն չ-ով, կամ չ-ն ց-ով, նույն հնչյունն ավելի «փափուկ» հնչերանգով): Խոսքը ընդհանուր առմամբ հասկանալի է:

3տ մոտ երեխայի խոսքը հիշեցնում է կարճ պատմություն, նախադասությունները ընդարձակ են, կարող է պատմել իր հետ կատարվածը, իր տեսածը, լսած հեքիաթը: Խաղում է սյուժետային խաղեր և կազմում երկխոսություն, սկզբում դրանք ըստ սցենարի պարզ են, հետո ավելի մտածված (օրինակ՝ տիկնիկն իր բալիկն է, իր բալիկին քնացնում է, կերակրում, զբոսանքի տանում և ողջ ընթացքում խոսում է նրա հետ):

Այս տարիքում երեխան շատ հարցեր է տալիս և ինչպես գիտեք՝ անգամ այս տարիքն անվանում են «Ինչուիկ» շրջան: Այդ հարցերն անպատասխան չպետք է մնան և պետք է երեխայի տարիքին համապատասխան բացատրություն տալ: Շատ խոսեք երեխայի հետ, մեկնաբանեք իր հետ կատարվածն ու տեսածը: Խոսքի զարգացման այս փուլում շատ է նպաստում խոսքային միջավայրի ճիշտ ապահովումը, հասակակիցների հետ շփումը, երեխային այնպիսի հարցեր տալը, որի պատասխանը չի լինի այո կամ ոչ, հեքիաթներ ընթերցելն ու պատմելը, մանր մոտորիկան զարգացնելը և խաղալը, խաղալը, խաղալը։

Հեղինակ՝ լոգոպեդ Մարիամ Պետրոսյան

Ինչպես երեխային նախապատրաստել դպրոցին

Այս հարցը շատ է հետաքրքրում ծնողներին։ Վերջերս շատ ենք լսում տարբեր մասնագետներից, որ մինչ դպրոց գնալը երեխային տառ ու թիվ սովորեցնել պետք չէ, կձանձրանա։ Այո, ճիշտ են․ իսկ ինչպես օգնել երեխային նախապատրաստվել դպրոցին, որպեսզի դպրոցում ուսուցանվող նյութը հեշտ յուրացնի և ի սկզբանե դժվարություններ չառաջացնի։

Դպրոց հաճախող երեխայի մոտ պետք է զարգացնել մանր մոտորիկան, խոսքը, կոորդինացիան, ուշադրությունը, հիշողությունը, մտածողությունը, տրամաբանությունը, տարածական պատկերացումները, շփումն ու հաղորդակցումը հասակակիցների հետ, ինքնուրույնությունը և այլն: Առաջնահերթ պետք է զարգացնել մանր մոտորիկան, որպեսզի երեխան հեշտ կարողանա գրիչ բռնել և գրել: Նաև, այս կերպ զարգանում է աչք֊ձեռք համատեղ գործունեությունը, այսինքն հետևել իր ձեռքի աշխատանքին և կոորդինացնել իր շարժումները, իրեն «չլսող» ձեռքը դարձնել ավելի կառավարելի։ 

Մանր մոտորիկայի զարգացումը նպաստում է նաև խոսքի զարգացմանը, քանի որ գլխուղեղում այդ երկու կենտրոնները մոտ են միմյանց և մեկի զարգացումը նպաստում է մյուսի զարգացմանը: Դրա համար երեխայի հետ շատ խաղացեք պլաստիլինով, ավազով, նկարեք, ներկեք, մկրատով կտրեք և ապլիկացիաներ սարքեք, ուլունքներով աշխատեք, մանր լեգոներ հավաքեք, նպարեղենով կամ թելերով ապլիկացիաներ սարքեք: Որքան մանր են դետալները, այնքան լավ: Երեխային սովորեցրեք մանր դետալները բռնել 3 մատիկով, որպեսզի գրիչն էլ հետագայում հեշտ լինի բռնել երեք մատիկով (աքցանանման): 

Մի՛ վախեցեք մկրատ տալ երեխային. կան ոչ սրածայր մկրատներ, որոնք համեմատաբար ավելի ապահով են, իսկ դուք մշտապես եղեք իր կողքին: Որևէ ապլիկացիա պատրաստելիս, երեխան կարող է կտրել դետալները գունավոր թղթից: Թողե՛ք մի փոքր ինքնուրույն լինեն՝ իրենք գծեն, կտրեն, սոսնձեն, փակցնեն, որն առավելապես կնպաստի նաև կոորդինացված շարժունակությանը, ինքնուրույնությանը: Կարևորը ոչ թե գեղեցիկ ու կոկիկ ապլիկացիա ստանալն է, այլ երեխայի կատարած գործողությունները: Երբեմն ծնողներս ուղղում ենք, օգնում, շտկում, որ գեղեցիկ լինի: Բայց երեխան ինքը պետք է փորձի սարքել, երբեմն սխալվել, մտածել՝ ինչպես փակցնել, որ ճիշտ լինի: Եթե դիմում է ձեր օգնությանը, ուղղորդեք, օգնեք, բայց իր փոխարեն մի կատարեք։ 

Անհրաժեշտ է զարգացնել նաև ուշադրությունն ու հիշողությունը, մտածողությունն ու տրամաբանությունը: Դժվար չէ այս ամենն իրականացնել առօրյայում: Օրինակ՝ երեխային առաջարկեք նայել խաղալիքներին, հետո փակել աչքերը, իսկ դուք թաքցրեք որևէ խաղալիք, աչքերը թող բացի ու ասի՝ որը չկա: Սկզբում դրեք 3-4 խաղալիք, եթե հեշտությամբ է հիշում, ավելացրեք քիչ-քիչ: Կարող են լինել նկարներ, գույներ, կենդանիներ, ինչ ուզում եք: Կարող եք անվանել առարկաների անունները ու կսովորի նաև անվանումները գրական հայերենով, որը դպրոցում շատ պետք կգա: Կամ, առաջարկեք որևէ խնդրահարույց իրավիճակ (օրինակ՝ եթե լույս չլինի, ինչպես կկազմակերպենք մեր առօրյան)։ Ապա միասին երևակայեք, թե ինչն ինչպես կանեյիք։ Նմանատիպ աշխատանքները նպաստում են երևակայության, մտածողության զարգացմանը։ Կամ, հարցրեք մի քանի օր առաջ տեղի ունեցած որևէ դեպք, հիշեցրեք կարևոր դետալներ։ Ինքը կսկսի հիշելով պատմել, որը նաև կնպաստի խոսքի և հիշողության զարգացմանը, պատմելու կարողության զարգացմանը: Երբ հեքիաթ եք կարդում, ամենահետաքրքիր մասում մի պահ դադար տվեք և հարցեր տվեք, թե ինչ է կարծում, ինչ կլինի հետո: Հետո առաջարկեք կարդալ և տեսնել՝ արդյո՞ք գրքում էլ է այդպես գրված, ինչպես ինքն է մտածում: 

Դպրոց հաճախող երեխան պետք է կարողանա պարզ խոսել, բոլոր հնչյունները ճիշտ արտասանել (սխալ արտասանվող հնչյունները երբեմն սխալ էլ գրում են գրավոր աշխատանքներում, ու շտկելն ավելի բարդ է), խոսել ընդարձակ նախադասություններով, կիրառելով բոլոր խոսքի մասերը, կարողանալ միտքն արտահայտել, պատմել և վերապատմել, նկար պատմել, խոսելիս ճիշտ կիրառել դեմքը, թիվը, հոլովը (նախադասության անդամներն իրար համաձայնեցված խոսել, օրկինակ՝ չասի․ «ես գնացել էինք դպրոցների մեջ»: 

Կարևոր է նաև տեսատարածական պատկերացումը, որպեսզի տետրի մեջ ճիշտ կողմնորոշվի՝ որտեղ ից պետք է սկսի գրել, ինչ չափ պետք է ունենան տառերը, որ մասնիկն է պետք մեծ գրել, որը փոքր, մասնիկը դեպի աջ, թե ձախ թեքել: Դրա համար պետք է տալ երեխային գունավորել նկարներ և հետևել, որ սահմաններից դուրս չգա, գծիկներն իրար համեմատաբար զուգահեռ լինեն, ամբողջ դաշտը ներկված լինի։ Կարելի է կատարել որոշակի հանձարարություններով աշխատանքներ։ Օրինակ՝ գծով միացրու միմյանց հետ կապ ունեցող առարկաները (ասոցատիվ կապը), գտիր իրար նման պատկերները և միացրու գծիկով, շարունակիր կիսատ պատկերը, նկարիր նույն պատկերը, կետագծիկներով պատկերը ընդգծիր և այլն։ Թողեք երեխան հնարավորինս ինքնուրույն կատարի հանձնարարությունները, կարդացեք պահանջը և թողեք ինքնուրույն գլուխ հանի, եթե հարցնում է, ուղղորդեք, բայց թույլ տվեք ինքնուրույն մտածել։ 

Կարելի է երեխայի հետ խաղեր խաղալիս փորձեք դետալները միշտ շարել ձախից աջ՝ դրա մասին բացարձակ ոչինչ չասելով: Ուղղակի մշտապես այդպես շարելու արդյունքում երեխան գրելիս հեշտ է հասկանում, որ ուղղությունը ձախից աջն է: Հատկապես, որ հայերենում տառերի մասնիկների գրությունը ձախից աջ է: Լավ կլինի, եթե երեխային սովորեցնեք հնչյունային վերլուծություն կատարել: Կարող եք սկսել հետևյալ կերպ. հարցնել, թե իր անունն ասելիս առաջինը ինչ է լսում։ Սկզբում արտասանեք առաջին հնչյունը երկար և ուշադրությունը հրավիրեք այդ հնչյունի վրա (կարող եք սկզբում ձայնավորով սկսվող բառից սկսել, քանի որ ձայնավորներն ավելի երկար կարող եք արտասանել):

Այս փուլը կարող է երկար տևել՝ 1-2 ամիս, մի շտապեք ու երկար դադար տվեք, որ լիրաժեք յուրացնի ու հեշտ գործողություն դառնա իր համար։ Եթե լիաժեք կարողանում է առանձնացնել, ապա փորձեք հասկանալ վերջինը, երկրորդը, մեջտեղինը, ու այսպես սովորեցրեք հնչյունային վերլուծություն կատարել՝ չիմանալով տառերը. դրանք կսովորի դպրոցում: Նույնը կարելի է կատարել վանկերով։ Սովորեցրեք ծափերի միջոցով բառը վանկատել: Պետք է ուշադիր լինել գաղտնավանկը ուսուցանելիս: Եթե վստահ չեք, որ կարող եք լիարժեք ճիշտ կբացատրել, ավելի լավ է դրա մասին չխոսեք, ուղղակի շրջանցեք և սովորեք այն բառերի վրա, որտեղ չկա գաղտնավանկ: ՉՄՈՌԱՆԱՔ, այս ամենն ընդամենը խաղ է և պետք է կազմակերպել խաղի ձևով, որպեսզի և՛ հաճույքով սովորի, և՛ ուսման նկատմամբ ձանձրույթ չձևավորվի:

Երեխայի հետ փորձեք աշխատել սեղանի շուրջ, սովորեցրեք նստած ուտել, որևէ աշխատանքով զբաղվել, քանի որ դպրոցում մեծագույն խնդիր է երեխաների նստելը:

Հեղինակ՝ լոգոպեդ Մարիամ Պետրոսյան